Եղվարդի N3 հիմնական դպրոցում հերթական նախագծային աշխատանքի պաշտպանությունն էր Գրականություն առարկայից, որը ներկայացրին VII ա դասարանի աշակերտները (ղեկավար` Ա. Նարինյան)։
Աշխատանքի թեման էր «Հայոց երգի վեհափառը»։
Սովորողները ներկայացրին Կոմիտասի կյանքը, ստեղծագործությունը, խոսեցին մեծ հային նվիրված գրական֊մշակութային ժառանգության մասին։
Տեսանյութի միջոցով ներկայացվեց սովորողների այցը
Կոմիտասի թանգարան֊ինստիտուտ։
Նախագծային աշխատանքի վերջնարդյունքը սովորողների նախաձեռնությամբ և ձևավորմամբ պատրաստված գրքույկն էր` Կոմիտասի նկարներով, նրա երգերի QR կոդերով։
Պատրաստել էին նաև էջանշաններ, որոնց վրա գրված էին Կոմիտասի պատգամները և երգերի QR կոդերը։
Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա.Տեր Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ 9-րդԱ, 10-րդ Ա և 11-րդ Ա դասարանների աշակերտները դասղեկների և դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ծովինար Կարապետյանի ուղեկցությամբ մասնակցեցին «Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան» նվիրված պարբերական բնույթ կրող միջոցառմանը։ Աղբից, մացառներից մաքրեցին և բարեկարգեցին Սուրբ Հռիփսիմե եկեղեցու շրջակայքը և Արգիշտի Ա-ի սեպագիր արձանագրության տարածքը՝ բերելով պատշաճ տեսքի:
Ծովինար Կարապետյան
Սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեի Հայաստանի պաշտոնական տաղավարը, որը գտնվում է «Մագազինո դել սալե» հարթակում, պատրաստվում է ընդունել այցելուներին։
Տաղավարի բացման արարողությանը մասնակցելու նպատակով Վենետիկում են գտնվում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և Ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, որը նաև Հայաստանի պաշտոնական տաղավարի համակարգողն է:
Ապրիլի 17-ին նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը շրջել է տաղավարով, քննարկել կազմակերպչական մի շարք հարցեր։ Հայաստանի տաղավար է այցելել նաև Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեի ժյուրին՝ ներկայացված նախագծին ծանոթանալու նպատակով։
Տաղավարը լայն հանրության համար բաց կլինի ապրիլի 20-ից նոյեմբերի 24-ը:
Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտոնական տաղավարը ներկայացնում է ֆրանսահայ արվեստագետ Նինա Խեմչյանը՝ «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով, որի համադրողը Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ցուցադրության բաժնի տնօրեն Արմեն Եսայանցն է։
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների կանոնադրությունում:
Գործադիրի նիստում հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ այս փոփոխություններով ևս մեկ անգամ հստակեցվում են հանրակրթության ոլորտի բարեփոխումների գործընթացները:
«Խոսքը, մասնավորապես, վերաբերում է հանրակրթության ոլորտի կառավարման բարեփոխումներին: Օրենսդրական փոփոխությամբ արդեն իսկ առանձնացվել է վարչատնտեսական կառավարումը բովանդակայինից, որի արդյունքում ամբողջությամբ վերանայվել է տնօրենների նշանակման կարգը. այժմ գործում է նշանակման եռափուլ գործընթաց: Վարչատնտեսական կառավարման մասով առանձնացրել ենք վարչատնտեսական համակարգողների հաստիքը, և այժմ քննարկում ենք վարչատնտեսական գործառույթները պատվիրակված իրականացնելու հնարավորությունը: Ֆինանսների նախարարության գործընկերների հետ արդեն իսկ նախապատրաստել ենք գնումների և հաշվապահության գործընթացները պատվիրակված իրականացնելու փաթեթը»,-հարցի զեկուցման ժամանակ նշել է նախարարը:
Նրա խոսքով՝ նախագծով ամրագրվում է դպրոցների կառավարման ոլորտի տարանջատման գործընթացը թե՛ գործառույթների տեղաբաշխման, և թե՛ մի շարք հստակեցումների իրականացման առումով, որոնք թույլ կտան այս բարեփոխումները հասցնել իրենց տրամաբանական ավարտին:
Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ մյուս կարևոր փոփոխությամբ ամրագրվում է կրթահամալիրները համայնքային զարգացման կենտրոնների վերածելու գաղափարը: Ըստ այդմ՝ կանոնադրությամբ հաստատության խորհրդին են վերապահվում մի շարք վերահսկողական գործառույթներ, մասնավորապես՝ այն պետք է հաստատի կրթահամալիրի մարզադահլիճի և հանդիսությունների սրահի միջոցառումների և մրցումների տարեկան պլանը: Խորհուրդը պետք է նաև քայլեր ձեռնարկի, որ նմանատիպ համայնքային դպրոց-կենտրոնում ապահովվի նախադպրոցական և դպրոցական կրթություն, ոչ ֆորմալ կրթություն, մարզաձևերով զբաղվելու հնարավորություն, իրականացվի շարունակական կրթություն մեծահասակների համար, ինչպես նաև համայնքի բնակիչներին լիարժեք ծառայություն տրամադրելու հնարավորություն ստեղծվի:
Հաջորդ կարևոր փոփոխությամբ սահմանվել են մասնագիտացված հանրակրթական դպրոցների առանձնահատկությունները, որոնք մինչ այժմ բավականին խնդիրներ էին առաջացնում այդ դպրոցների գործունեության համար: «Առանձին հաստատվում է հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների կանոնադրությունը, որը ներառական կրթության իրականացման համատեքստում հատուկ դպրոցների վերափոխման ևս մեկ քայլ է: Նպատակ ունենք դեռևս գործող հատուկ դպրոցները վերածել ռեսուրս կենտրոնների, որոնք կտրամադրեն մասնագիտական ծառայություններ և աջակցություն հանրակրթական դպրոցներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին և կվերապատրաստեն համապատասխան մասնագետներին»,-ընդգծել է նախարարը՝ փաստելով, որ նախագիծը հանրակրթության բարեփոխման գործընթացների հստակեցմանը միտված քայլ է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, թե արդյոք կա՞ն դպրոցներ, որտեղ արդեն ներդրված է կառավարման նոր մոդելը, և արվե՞լ է գնահատում, թե ինչ ազդեցություն է թողնում նոր մոդելը հանրակրթության համակարգի վրա:
ԿԳՄՍ նախարարը պարզաբանել է՝ վարչատնտեսական համակարգողները նշանակվում են այն դպրոցներում, որտեղ նախկին իրավակարգավորմամբ աշխատող տնօրենի պայմանագրային ժամկետն ավարտվում է, և հայտարարվում է ընտրություն՝ նոր ընթացակարգով, ըստ որի՝ նշանակվում է վարչատնտեսական համակարգող, որը պատասխանատու է դպրոցի ֆինանսատնտեսական կառավարման համար և տնօրեն, որը պատասխանատու է ուսումնական գործընթացի համար: 2023 թվականի վերջին շուրջ 170 դպրոցներում արդեն նշանակված են վարչատնտեսական համակարգողներ, 2024 թվականի ապրիլի դրությամբ՝ ևս 48 դպրոցներում կառավարման նոր մոդելի ներդրմամբ պայմանավորված՝ աշխատանքի են անցնելու վարչատնտեսական համակարգողները:
«Մենք հիմա առանձնացրել ենք տնօրենի և վարչատնտեսական համակարգողի գործառույթները, սակայն արդյունավետության և ազդեցության գնահատում կատարելու համար պետք է նաև պատվիրակման գործընթաց կազմակերպենք որոշակի ծառայությունների մասով»,- ասել է նախարարը՝ հստակեցնելով, որ խոսքը դպրոցներում սննդի, անվտանգության, մաքրման աշխատանքների, գնումների, հաշվապահության և տնտեսական սպասարկման կազմակերպման մասին է:
Առաջին փուլով նախատեսվում է իրավաբանական անձանց պատվիրակվել գնումների և հաշվապահության գործառույթները, որը հնարավորություն կտա դպրոցներում ունենալ այդ ծառայությունների միասնական ստանդարտ և ապահովել ծախսարդյունավետություն:
Ըստ ԿԳՄՍ նախարարի՝ զուգահեռաբար մշակվում են պատվիրակման գործընթացի ամբողջական կազմակերպման առաջարկները՝ համագործակցելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Ֆինանսների նախարարությունների և այլ պետական գերատեսչությունների հետ:
Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով հանրակրթական դպրոցների տնօրենի նշանակմանը, նշել է, որ գործընթացը եռափուլ է. տնօրենի պաշտոնին հավակնորդները նախ հավաստագրվում են, որով հավաստվում են նրանց՝ օրենսդրության ոլորտի իմացությունները: Հավակնորդը, մասնակցելով տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին, ներկայացնում է զարգացման ծրագիր, որը ենթարկվում է փորձաքննության: Զարգացման ծրագրի փորձաքննությունը կատարվում է մրցույթով ընտրված երկու անկախ կազմակերպության կողմից: Այն հավակնորդները, որոնց ներկայացրած զարգացման ծրագրերը հաղթահարում են փորձաքննության դրական շեմը, հրավիրվում են հարցազրույցի, որն իրականացվում է ԿԳՄՍ նախարարությունում՝ լիազոր մարմնի՝ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ կազմված հանձնաժողովի կողմից: Հարցազրույցի արդյունքում կայացվում է տնօրենի նշանակման որոշումը:
ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ ներկայացված զարգացման ծրագրերի միայն 15 տոկոսն է հաղթահարում փորձաքննության դրական շեմը: Հարցազրույցի հրավիրվածների շուրջ 60 տոկոսը չի կարողանում հաղթահարել վերջին փուլը, ինչը նշանակում է, որ կարողությունների զարգացման լուրջ խնդիր կա, և այդ ուղղությամբ այժմ ծրագիր է մշակվում:
ՀՀ կառավարության որոշմամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի շրջանակում 2024 թվականին ուսուցիչներին լրավճարներ տրամադրելու նպատակով հատկացվել են միջոցներ:
Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նախարարը հիշեցրել է, որ նախորդ տարվա հոկտեմբերին Կառավարության որոշմամբ հաստատվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագիրը, որով այդ ուսուցիչներին հնարավորություն է տրվել արտամրցութային կարգով աշխատանքի անցնել մարզային դպրոցներում: Ըստ ծրագրի՝ հանրապետության բոլոր մարզերի դպրոցներում աշխատանքի անցնելիս ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները կստանան 30 տոկոս հավելավճար 2 տարվա ընթացքում, իսկ որոշ մարզերում՝ Սյունիքի, Վայոց ձորի հանրակրթական ուսհաստատություններում, Գեղարքունիքի մարզի որոշ համայնքներում աշխատանքի անցնելու դեպքում 30 տոկոս հավելավճարից բացի կունենան նաև 50 հազար դրամ լրավճար:
«Բավականին մեծ հետաքրքրություն կա ծրագրի նկատմամբ. այս պահի դրությամբ ծրագրի շրջանակում ունենք ԼՂ-ից բռնի տեղահանված 330 ուսուցիչ, որոնք գործուղվել են մարզեր, և դիմողների թիվը գնալով ավելանում է: Զուգահեռ շրջանառում ենք մեկ այլ նախագիծ, որով երկարացվում են դիմումների ընդունման ժամկետները, և ուսուցիչները կունենան այս ընթացակարգով աշխատանքի անցնելու հավելյալ հնարավորություն: Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ երբ մարդիկ երկարաժամկետ կտրվածքով կողմնորոշվում են բնակավայրի հարցում, նրանք ավելի մեծ պատրաստակամությամբ են օգտվում ուսուցիչների աջակցության ծրագրից»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ ընդունված որոշմամբ բաշխվում են անհրաժեշտ միջոցները՝ ըստ մարզերի:
Նշենք, որ ԼՂ ուսուցիչների աջակցության նպատակով ԿԳՄՍ նախարարությունը գործարկել է հարթակ. մարզերի դպրոցների թափուր աշխատատեղերը հրապարակված են https://kadrer.emis.am համակարգում, որտեղ գրացվելով՝ նրանք կարող են գործուղման հայտ ներկայացնել:
Ըստ նախարարի՝ հանրակրթական համակարգում այս պահին ներգրավված է ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 500 ուսուցիչ, որոնց մի մասն աշխատում է Երևանի դպրոցներում կամ ուղղակի մասնակցել է թափուր տեղի համար հայտարարված մրցույթներին և ընդհանուր հիմունքներով անցել աշխատանքի:
Ժաննա Անդրեասյանը նաև հայտնել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված գրեթե բոլոր երեխաները ներգրավված են հանրակրթական համակարգում. «Կրթությունից հիմնականում դուրս են մնացել այն երեխաները, որոնց ընտանիքները մի քանի բնակավայր են փոխել: Նման հատուկենտ ահազանգեր կան, որոնցից ամեն մեկի դեպքով մարզերի հետ աշխատել ենք ու հարցին արագ և օպերատիվ լուծում տվել»:
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել է «Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Դավիթ Գյուրջինյանի ընտրության արդյունքները:
Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ Կառավարության որոշման ընդունումը բխում է «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներից:
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի կանոնադրության համաձայն՝ համալսարանի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս ՀՀ կառավարության: Ըստ նույն կանոնադրության՝ ռեկտորի պաշտոնում կարող է ընտրվել գիտական աստիճան և առնվազն հինգ տարվա ակադեմիական և գիտական գործունեության ստաժ ունեցող քաղաքացին:
2024 թվականի մարտի 29-ին տեղի է ունեցել «Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ, որն ընթացել է ընտրության ընթացակարգին համաձայն: Նիստին մասնակցել է խորհրդի 20 անդամներից 18-ը: Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցած խորհրդի 18 անդամների «կողմ» քվեարկությամբ բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Գյուրջինյանն ընտրվել է Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում՝ 5 տարի ժամկետով:
«Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքը և այն փաստը, որ արդեն շուրջ մեկ տարի Դավիթ Գյուրջինյանն իրականացնում է ռեկտորի ժ/պ-ի պարտականությունները և այս ընթացքում հաջողությամբ է կատարել այդ աշխատանքները, առաջարկում եմ հաստատել ընտրության արդյունքները»,-նշել է Ժաննա Անդրեասյանը:
Դավիթ Գյուրջինյանը շնորհակալություն է հայտնել բուհի հոգաբարձուների խորհրդին՝ նշելով. «Կարծում եմ՝ առաջիկա տարիներին բուհը կվերադառնա իր նախկին կոչմանը, այն է՝ լեզվաբանական և լեզվահասարակագիտական կրթությունը, օտար լեզուների ուսուցումը»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդյունավետ աշխատանք է մաղթել ռեկտորին՝ նշելով, որ բարձրագույն կրթության ոլորտում իրականացվում է բարեփոխումների հավակնոտ ծրագիր, և անհրաժեշտություն կա օբյեկտիվորեն հասկանալու բուհական համակարգի կարիքները:
ՄԱԿ-ի գրասենյակում այսօր ամփոփվել են հանրակրթության պետական նոր չափորոշչի շրջանակում Տավուշի մարզում «Առողջ ապրելակերպ» խմբակի փորձարկման վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից իրականացված հետազոտական ուսումնասիրության արդյունքները:
Առողջապահական կրթության կարճաժամկետ և միջանկյալ արդյունքների վերաբերյալ հետազոտությունն իրականացվել է 2023 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Տավուշի մարզի երկու դպրոցների 9-րդ դասարանի աշակերտների շրջանում՝ պարզելու, թե ինչ գիտելիք, հմտություններ և վերաբերմունք են նրանք զարգացրել առողջ ապրելակերպի դասերի շնորհիվ: Կատարված ուսումնասիրությունը կարևոր է առողջ ապրելակերպի կրթության արդյունավետության բարձրացման տեսանկյունից։
Աշակերտները հաճույքով են մասնակցում «Առողջ ապրելակերպ» խմբակներին. հետազոտություն
Ուսումնասիրության ընթացքում իրականացված հարցմանը և քննարկմանը մասնակցած աշակերտները նշել են, որ հաճույքով են մասնակցում «Առողջ ապրելակերպ» խմբակին: Նրանք դասերի ժամանակ ազատ արտահայտում են սեփական կարծիքը, որը կարևորվում է: Խմբակի շրջանակում ստացած գիտելիքներն ու հմտությունները նպաստել են նաև ծնողների և հասակակիցների հետ հարաբերությունների լավարկմանը: Աշակերտները հետաքրքրված են ավելի շատ գիտելիք ստանալ առողջության բարելավման, բռնության կանխարգելման թեմաների վերաբերյալ, որոնք ընդգրկված են «Առողջ ապրելակերպ» խմբակի ծրագրում։
Հետազոտության ընթացքում ուսուցիչների հետ իրականացված հարցազրույցները ևս փաստել են, որ աշակերտները մեծ հետաքրքրությամբ են մասնակցում խմբակին: Նրանք նաև կարևորել են դասավանդումից առաջ ԿԶՆԱԿ-ի կողմից իրականացված վերապատրաստումները, որոնք կարողությունների զարգացման առումով օգտակար են եղել:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի առողջապահական կրթության տարածաշրջանային խորհրդատու Տիգրան Եպոյանը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի երիտասարդական ծրագրերի ղեկավար Աննա Բարֆյանը, «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի (ԿԶՆԱԿ) տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, ներկայացուցիչներ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամից, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամից, ինչպես նաև աշխատանքային խմբի անդամներ, դպրոցների ուսուցիչներ և տնօրեններ։
«Հանրակրթական ոլորտի հսկայածավալ բարեփոխումները դրական փոփոխություն են բերում»
Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը կարևորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և գործընկերների՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Պարենի համաշխարհային ծրագրի շարունակական և արդյունավետ համագործակցությունը՝ ուղղված Հայաստանի դպրոցներում առողջ ապրելակերպի կրթության բարելավմանը:
«Նմանօրինակ հետազոտությունները թույլ են տալիս համոզվել, որ կրթական ոլորտում իրականացվող հսկայածավալ բարեփոխումներն իսկապես դրական փոփոխություն են բերում: Հանրակրթության պետական նոր չափորոշչի՝ Տավուշում ներդրման փորձն ու մարզի դպրոցներում գրանցված հաջողությունները, ինչպես նաև արձանագրված խնդիրներն ու մարտահրավերները մեզ համար շատ կարևոր նշանակություն ունեն՝ հանրապետության մյուս դպրոցներում բացերը լրացնելու և խնդիրները լուծելու առումով»,- ասել է Արաքսիա Սվաջյանն ու ընդգծել՝ թեև նախարարության կողմից մշտապես իրականացվում են չափորոշչի ներդրման վերաբերյալ համապատասխան վերլուծություններ, տվյալների հավաքագրում և ուսումնասիրություններ, բայց անկախ փորձագիտական հետազոտություններն ունեն իրենց կարևոր նշանակությունը: Նա ընդգծել է անկախ փորձագիտական խմբերի հետազոտությունների կարևորությունը՝ հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների արդյունավետության իրական գնահատման տեսանկյունից:
ՀԲ հետազոտությունը ևս փաստում է՝ արձանագրվել է առաջընթաց
Այս համատեքստում՝ նախարարի տեղակալը ներկայացրել է նաև Համաշխարհային բանկի կողմից Հայաստանում ԲՏՃՄ ուղղություններով իրականացված կրթական բարեփոխումների և հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման գնահատման վերաբերյալ հետազոտության արդյունքները: «ՀԲ ուսումնասիրությունը, որի միջոցով գնահատվել են Հայաստանում իրականացվող կրթական բարեփոխումներն ու հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրումը Տավուշի մարզում, ցույց է տալիս, որ այն աշակերտները, որոնք փորձարարական ծրագրի շրջանակում սովորել են նոր չափորոշչով, զգալի հաջողությունների են հասել թե՛ մաթեմատիկայի, թե՛ բնագիտական առարկաների ուղղությամբ, ինչը համարժեք է վեց ամսվա լրացուցիչ ուսումնառության արդյունքի: Հատկանշական է, որ այդ արդյունքը ապահովվել մի ժամանակահատվածում, երբ ամբողջ աշխարհը քննարկում էր, թե համավարակի հետևանքով տարբեր երկրների դպրոցական համակարգերում քանի ամսվա կամ նույնիսկ տարվա կորուստ է արձանագրվել: Մենք արձանագրում ենք, որ նույն պայմաններում Հայաստանի կրթական համակարգում դրական առաջընթաց է եղել»,- նշել է Արաքսիա Սվաջյանը:
Անցկացվում են «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական մրցաշարեր տարբեր մարզաձևերից
Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, ողջունելով ներկաներին, ընդգծել է՝ առողջ ապրելակերպը շարունակում է մնալ բնակչության առաջնային մարտահրավերներից մեկն ու հանդիսանում ՀՀ կառավարության գերակա ուղղություններից:
Բնակչության շրջանում առողջ ապրելակերպի տարածման ու մասսայականացման նպատակով Կառավարության բարձր հովանու ներքո ԿԳՄՍ նախարարությունն ամեն տարի անցկացնում է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական մրցաշարերը տարբեր մարզաձևերից, որոնց մասնակցում են տարբեր տարիքային խմբերի մեծ թվով ներկայացուցիչներ:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի առողջապահական կրթության տարածաշրջանային խորհրդատու Տիգրան Եպոյանի ներկայացմամբ՝ առողջապահական կրթության կարճաժամկետ և միջանկյալ արդյունքների վերաբերյալ կազմակերպության կողմից իրականացված հետազոտության արդյունքները բավական հուսադրող են։
«Մենք շատ քննարկումներ ենք ունենում, և մեզ դուր է գալիս, որ ճիշտ ու սխալ պատասխան չկա: Մենք ազատ ենք արտահայտել մեր կարծիքն ու ուսուցիչների հետ քննարկել այս կամ այն հարցը: Բոլոր դասերը մասնակցային և ինտերակտիվ են»,- ներկայացնելով հարցմանը մասնակցած երեխաների կարծիքը՝ նշել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչը և հավելել, որ աշակերտների կարծիքով խմբակին պետք է ավելի շատ ժամանաքանակ հատկացնել:
«Առողջ ապրելակերպ» խմբակը գործում է բոլոր դպրոցներում
Միջոցառման ընթացքում նշվել է, որ Տավուշի մարզում 5-11-րդ դասարանների 8500 աշակերտ ձեռք է բերել «Առողջ ապրելակերպ» դասընթացով նախատեսված գիտելիքներ, հմտություններ, վերաբերմունք և արժեքներ: Տավուշի 80 դպրոցից 78-ում իրականացվել է մշտադիտարկում, մարզում այժմ փորձարկվում են 9-րդ դասարանի «Առողջ ապրելակերպ» պարտադիր խմբակի ուսումնական նյութերը:
ՀՀ շուրջ 1300 դպրոցների ուսուցիչների համար պետական ֆինանսավորմամբ վերապատրաստումներ են կազմակերպվել: «Առողջ ապրելակերպ» պարտադիր խմբակը սեպտեմբերից ներդրվել է Հայաստանի բոլոր մարզերի և Երևանի դպրոցների 5-րդ և 7-րդ դասարաններում: ԿԳՄՍՆ-ի կողմից հաստատվել և տպագրվել են 5-րդ և 7-րդ դասարանների «Առողջ ապրելակերպի» ուսուցչի ձեռնարկները՝ 3000 օրինակով:
Նշենք, որ «Առողջ ապրելակերպ» խմբակում ներառված են թեմաներ առողջ սննդի, անվտանգության ինքնաճանաչման, հակածխախոտային պայքարի, առողջ փոխհարաբերությունների կառուցման, բուլինգի մասին: Կան նաև թեմաներ, որոնք վերաբերում են բռնությանը, վերարտադրողական առողջությանը, որոնք խիստ համապատասխանեցված են տվյալ դասարանի երեխայի տարիքային առանձնահատկություններին:
Այսօր Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է։ Ի նշանավորումն օրվա՝ Գեղարքունիքի մարզի «Բերդկունք» («Սպիտակ բերդ») ամրոցում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը պատվոգրեր են հանձնել «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթի մասնակիցներին: Այցին ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:
Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առթիվ և ողջունել մրցույթի մասնակից աշակերտներին՝ նշելով, որ այն ևս մեկ առիթ է՝ շեշտելու, թե որքան կարևոր է ճանաչել և պահպանել պատմական ժառանգությունը, հոգածություն ցուցաբերել շրջապատում գտնվող հուշարձանների նկատմամբ:
Ըստ նախարարի՝ Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում անցկացված մրցույթը կարևոր է հայրենաճանաչության առումով. «Երեխաներից յուրաքանչյուրը գտել էր որևէ արտահայտչամիջոց՝ կոմիքս, լուսանկար, բանաստեղծություն՝ ներկայացնելու իր վերաբերմունքը հուշարձանի նկատմամբ: Երեխաներն իրենց մոտեցումներով փաստում են, որ մեր հուշարձանների մասին կարող ենք պատմել և խոսել տարբեր ժանրերով և ձևերով, ու դրանք բոլորը կարող են լինել հետաքրքիր: Երբեմն տեսնում ենք, որ հուշարձանների տարածքները հենց մեր համաքաղաքացիների ոչ պատշաճ վերաբերմունքի պատճառով աղտոտվում են: Այս առումով չափազանց կարևոր է, որ պատմական ժառանգության և հուշարձանների հանդեպ վերաբերմունքի ձևավորումը դառնա կրթական գործընթացի բովանդակային բաղադրիչ, որպեսզի երեխաները ճանաչեն և գիտակցեն հուշարձանների նշանակությունը»,- նշել է նախարարը:
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ «Բերդկունք» («Սպիտակ բերդ») ամրոցը շատ հետաքրքիր հուշարձան է նաև գեղագիտական պատկերի առումով՝ Սևանա լճի հիասքանչ տեսարանով. «Այս հուշարձանը պետք է ավելի ճանաչելի դարձնել և նպաստել, որ այցելություններն այստեղ ավելի շատ լինեն: Մեզանից յուրաքանչյուրը պետք է ինքն իր համար հայտնաբերի և վերարժևորի մեր երկրի 25 հազար հուշարձանները, որոնք մեր պատմության և քաղաքակրթական ժառանգության կարևորագույն մասն են: Մեր այցերն ու ճանաչողական էքսկուրսիաները հուշարձանների տարածքներում պետք է դառնան ավելի հաճախակի»,-ասել է նախարարը:
«Բերդկունք» ամրոցի տարածքում պեղումներ են ընթանում
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ «Բերդկունք» ամրոցի տարածքում ԿԳՄՍ նախարարության հատկացումներով իրականացվում են պեղումներ, որոնց հիման վրա պատվիրվել է ամրոցի վերականգնման նախագիծ. այն նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ։ Պեղումներն իրականացնում է «Պատմամշակութային արգել-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։ Պեղումների ավարտից հետո կիրականացվի նաև հուշարձանի հանրահռչակում:
Հուշարձանների ոլորտին հատկացվել է 1,3 մլրդ դրամ
«Պետության վերաբերմունքը հուշարձանների ոլորտին կոնկրետ փաստերով և ֆինանսական հատկացումների ծավալով է արտահայտվում. այս տարի հուշարձանների ամրակայման և վերականգնման ոլորտին հատկացվել է 1,3 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ՝ կրկնակի ավելի է: Սակայն եթե համեմատենք, օրինակ, 5-6 տարի առաջվա տվյալների հետ, ապա հուշարձաններին հատկացվող բյուջեն ավելացել է մի քանի անգամ: Միայն այս տարի 14 հուշարձանների նորոգման և ամրակայման աշխատանքներ են իրականացվում, ևս 9 հուշարձանների տարածքներում պեղումներ և նախագծման աշխատանքներ են ընթանում, և այս ամենը մեր ամենօրյա աշխատանքի կարևոր մասն է»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ հատուկ ուշադրություն է դարձվում պետականության խորհրդանիշ համարվող հուշարձանների հանրահռչակմանը:
«Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթն ուղղված է պատմամշակութային ժառանգության հանրահռչակմանը. այն ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ իրականացրել է Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը:
Մրցույթն իրականացվել է «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» համաեվրոպական հարթակի համատեքստում՝ «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում, որին Հայաստանը մասնակցել է առաջին անգամ։ Հայաստանը մրցույթին ներկայացել է 11-17 տարիքային խմբում, ներկայացվել է 41 աշխատանք. պատանեկան խմբերն ու անհատները մրցել են ազգային ժառանգության մասին իրենց պատկերացումներով՝ ներկայացնելով տեսասահիկներ, կոմիքսներ, անիմացիոն սյուժեներ, նկարչական աշխատանքներ, մինչև 5 րոպե տևողությամբ տեսանյութեր։ Ներկայացված աշխատանքներից 6-ն ընդգրկվել է եզրափակիչ փուլում: Հայաստանից և արտերկրից 21 հայազգի մշակույթի գործիչներից կազմված հանձնաժողովի գնահատման արդյունքում հաղթող է ճանաչվել ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքը ներկայացնող «ՀԱՅելիցներ» թիմը՝ «Գեղարդ» տեսանյութը:
Նախարար Ժաննա Անդրեասյանը և ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը զրուցել են մասնակից երեխաների հետ, հետաքրքրվել նրանց ներկայացրած նախագծերով։ ԵՄ դեսպանը նշանավորել է երեխաների բարձր մասնակցայնությունը և հետաքրքրվածությունը մշակութային ժառանգության պահպանման գործում։
Նախարարն ու ԵՄ պատվիրակության ղեկավարը, ինչպես նաև միջոցառման մյուս մասնակիցները շրջել են ամրոցի տարածքում, ծանոթացել պատմությանը, ընթացող աշխատանքներին։
Օրվա շրջանակում պատմական հուշարձանի՝ «Բերդկունք» («Սպիտակ բերդ») ամրոցի տարածքում տեղադրվել է տեղեկատվական ցուցանակ։
Պահպանության ավելի խիստ ռեժիմ արգելոցներում. Հայաստանում 15 արգելոց-թանգարան կա
ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանի խոսքով՝ Հայաստանում այսօր կան շուրջ 15 արգելոց-թանգարաններ։ Յուրաքանչյուր տարի նախարարության առաջարկով և Կառավարության որոշմամբ այդ թիվը կարող է ավելանալ։
«Այս տարի, օրինակ, նախատեսել ենք ներառել Նորատուսի խաչքարերը, Բերդկունք ամրոցը, որի ուսումնասիրությունն արդեն իսկ սկսված է։ Դա ենթադրում է պահպանության ավելի խիստ ռեժիմ՝ որպես արգելոցի տարածք։ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն ունենալու է հաստիքային աշխատակիցներ՝ հուշարձանի պահպանումն իրականացնելու համար,- ասել է Հարություն Վանյանը և հավելել,- նպատակն ամրոցի վերականգնումն է, ինչը կախված է պեղումների արդյունքից և ճարտարապետների ներկայացրած նախագծից։ Վերականգնումն ընդհանրապես հնարավոր է գիտական տվյալների հիման վրա. ինչքանով գիտականությունն ու աղբյուրները, բեկորները, առկա քարերը և չափագրությունները հնարավորություն տան այն իրականացնելու»։
«Բերդկունք» («Սպիտակ բերդ») ամրոցը բազմաշերտ հուշարձան է, թվագրվում է մ․թ․ա․ II–I հազարամյակով, վերակառուցվել և զարգացման բարձրակետին է հասել միջնադարում։ Ամրոցի դիրքն այնքան գերիշխող է շրջապատի նկատմամբ, որ միջնադարում կիկլոպյան ամրոցի փլատակների վրա կառուցվել է մի նոր` ամրակուռ ամրոց, որի անունով էլ այն կոչվում է «Սպիտակ բերդ» («Իշխանաց բերդ»):
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի /ԻԿՕՄՕՍ/ առաջարկությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1983 թվականից ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր։ Նպատակն է բարձրացնել մարդկության իրազեկվածությունը պատմամշակութային ժառանգության մասին, անհրաժեշտ ջանքեր գործադրել հուշարձանների պահպանության և հանրահռչակման համար։
Հնդկաստանի մշակութային կապերի խորհուրդը (ICCR) Հնդկաստանի կառավարության անունից օտարերկրյա ուսանողներին տրամադրում է կրթաթոշակներ:
Նշված կրթաթոշակներին դիմելու համար նախատեսված է (A2A https://a2ascholarships.iccr.gov.in/) հարթակը, որը գործելու է՝ համաձայն հետևյալ ժամանակացույցի.
31 մայիս 2024 թ.-հայտերի ներկայացման վերջնաժամկետ,
30 հունիս 2024 թ.-ընդունման (ծանուցում արտերկրում հնդկական դիվանագիտական առաքելություններին) կամ մերժման (ծանուցում ուսանողներին) մասին համալսարանի տեղեկացման վերջնաժամկետ,
15 հուլիս 2024 թ.-արտերկրում հնդկական առաքելությունների կողմից կրթաթոշակների հատկացման և համապատասխան նամակներով տեղեկացման վերջնաժամկետ,
25 հուլիս 2024 թ.-ուսանողների կողմից կրթաթոշակի առաջարկի ընդունումը հաստատելու/մերժելու վերջնաժամկետ,
10 օգոստոս 2024 թ.-ելնելով առաջին փուլի ընդունելությունների քանակից (եթե ընդունելությունները պակաս են հատկացված կրթաթոշակային տեղերից)՝ արտերկրում հնդկական առաքելությունը կարող է կրթաթոշակներ առաջարկել այն ուսանողներին, որոնք չեն դիտարկվել առաջին փուլում,
20 օգոստոս 2024 թ.-երկրորդ փուլի ուսանողներին ընդունման մասին տեղեկացնելու վերջնաժամկետ:
Կից՝ կրթաթոշակ ստանալու համար դիմելու աղյուսակային գծապատկերը:
Պորտալի նյութերը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ -ին (www.armedu.am) պարտադիր է:
Պորտալը շահագործում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ)
© Կրթական տեխնոլոգիաներին ազգային կենտրոն, 2007-2024