ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Փոփոխություններ հանրակրթական դպրոցների կանոնադրությունում

Ապրիլի 18, 2024
Պաշտոնական

ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների կանոնադրությունում:

Գործադիրի նիստում հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ այս փոփոխություններով ևս մեկ անգամ հստակեցվում են հանրակրթության ոլորտի բարեփոխումների գործընթացները:

«Խոսքը, մասնավորապես, վերաբերում է հանրակրթության ոլորտի կառավարման բարեփոխումներին: Օրենսդրական փոփոխությամբ արդեն իսկ առանձնացվել է վարչատնտեսական կառավարումը բովանդակայինից, որի արդյունքում ամբողջությամբ վերանայվել է տնօրենների նշանակման կարգը. այժմ գործում է նշանակման եռափուլ գործընթաց: Վարչատնտեսական կառավարման մասով առանձնացրել ենք վարչատնտեսական համակարգողների հաստիքը, և այժմ քննարկում ենք վարչատնտեսական գործառույթները պատվիրակված իրականացնելու հնարավորությունը: Ֆինանսների նախարարության գործընկերների հետ արդեն իսկ նախապատրաստել ենք գնումների և հաշվապահության գործընթացները պատվիրակված իրականացնելու փաթեթը»,-հարցի զեկուցման ժամանակ նշել է նախարարը:

Նրա խոսքով՝ նախագծով ամրագրվում է դպրոցների կառավարման ոլորտի տարանջատման գործընթացը թե՛ գործառույթների տեղաբաշխման, և թե՛ մի շարք հստակեցումների իրականացման առումով, որոնք թույլ կտան այս բարեփոխումները հասցնել իրենց տրամաբանական ավարտին:

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ մյուս կարևոր փոփոխությամբ ամրագրվում է կրթահամալիրները համայնքային զարգացման կենտրոնների վերածելու գաղափարը: Ըստ այդմ՝ կանոնադրությամբ հաստատության խորհրդին են վերապահվում մի շարք վերահսկողական գործառույթներ, մասնավորապես՝ այն պետք է հաստատի կրթահամալիրի մարզադահլիճի և հանդիսությունների սրահի միջոցառումների և մրցումների տարեկան պլանը: Խորհուրդը պետք է նաև քայլեր ձեռնարկի, որ նմանատիպ համայնքային դպրոց-կենտրոնում ապահովվի նախադպրոցական և դպրոցական կրթություն, ոչ ֆորմալ կրթություն, մարզաձևերով զբաղվելու հնարավորություն, իրականացվի շարունակական կրթություն մեծահասակների համար, ինչպես նաև համայնքի բնակիչներին լիարժեք ծառայություն տրամադրելու հնարավորություն ստեղծվի:

Հաջորդ կարևոր փոփոխությամբ սահմանվել են մասնագիտացված հանրակրթական դպրոցների առանձնահատկությունները, որոնք մինչ այժմ բավականին խնդիրներ էին առաջացնում այդ դպրոցների գործունեության համար: «Առանձին հաստատվում է հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների կանոնադրությունը, որը ներառական կրթության իրականացման համատեքստում հատուկ դպրոցների վերափոխման ևս մեկ քայլ է: Նպատակ ունենք դեռևս գործող հատուկ դպրոցները վերածել ռեսուրս կենտրոնների, որոնք կտրամադրեն մասնագիտական ծառայություններ և աջակցություն հանրակրթական դպրոցներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին և կվերապատրաստեն համապատասխան մասնագետներին»,-ընդգծել է նախարարը՝ փաստելով, որ նախագիծը հանրակրթության բարեփոխման գործընթացների հստակեցմանը միտված քայլ է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, թե արդյոք կա՞ն դպրոցներ, որտեղ արդեն ներդրված է կառավարման նոր մոդելը, և արվե՞լ է գնահատում, թե ինչ ազդեցություն է թողնում նոր մոդելը հանրակրթության համակարգի վրա:

ԿԳՄՍ նախարարը պարզաբանել է՝ վարչատնտեսական համակարգողները նշանակվում են այն դպրոցներում, որտեղ նախկին իրավակարգավորմամբ աշխատող տնօրենի պայմանագրային ժամկետն ավարտվում է, և հայտարարվում է ընտրություն՝ նոր ընթացակարգով, ըստ որի՝ նշանակվում է վարչատնտեսական համակարգող, որը պատասխանատու է դպրոցի ֆինանսատնտեսական կառավարման համար և տնօրեն, որը պատասխանատու է ուսումնական գործընթացի համար: 2023 թվականի վերջին շուրջ 170 դպրոցներում արդեն նշանակված են վարչատնտեսական համակարգողներ, 2024 թվականի ապրիլի դրությամբ՝ ևս 48 դպրոցներում կառավարման նոր մոդելի ներդրմամբ պայմանավորված՝ աշխատանքի են անցնելու վարչատնտեսական համակարգողները:

«Մենք հիմա առանձնացրել ենք տնօրենի և վարչատնտեսական համակարգողի գործառույթները, սակայն արդյունավետության և ազդեցության գնահատում կատարելու համար պետք է նաև պատվիրակման գործընթաց կազմակերպենք որոշակի ծառայությունների մասով»,- ասել է նախարարը՝ հստակեցնելով, որ խոսքը դպրոցներում սննդի, անվտանգության, մաքրման աշխատանքների, գնումների, հաշվապահության և տնտեսական սպասարկման կազմակերպման մասին է:

Առաջին փուլով նախատեսվում է իրավաբանական անձանց պատվիրակվել գնումների և հաշվապահության գործառույթները, որը հնարավորություն կտա դպրոցներում ունենալ այդ ծառայությունների միասնական ստանդարտ և ապահովել ծախսարդյունավետություն:

Ըստ ԿԳՄՍ նախարարի՝ զուգահեռաբար մշակվում են պատվիրակման գործընթացի ամբողջական կազմակերպման առաջարկները՝ համագործակցելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Ֆինանսների նախարարությունների և այլ պետական գերատեսչությունների հետ:

Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով հանրակրթական դպրոցների տնօրենի նշանակմանը, նշել է, որ գործընթացը եռափուլ է. տնօրենի պաշտոնին հավակնորդները նախ հավաստագրվում են, որով հավաստվում են նրանց՝ օրենսդրության ոլորտի իմացությունները: Հավակնորդը, մասնակցելով տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին, ներկայացնում է զարգացման ծրագիր, որը ենթարկվում է փորձաքննության: Զարգացման ծրագրի փորձաքննությունը կատարվում է մրցույթով ընտրված երկու անկախ կազմակերպության կողմից: Այն հավակնորդները, որոնց ներկայացրած զարգացման ծրագրերը հաղթահարում են փորձաքննության դրական շեմը, հրավիրվում են հարցազրույցի, որն իրականացվում է ԿԳՄՍ նախարարությունում՝ լիազոր մարմնի՝ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ կազմված հանձնաժողովի կողմից: Հարցազրույցի արդյունքում կայացվում է տնօրենի նշանակման որոշումը:

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ ներկայացված զարգացման ծրագրերի միայն 15 տոկոսն է հաղթահարում փորձաքննության դրական շեմը: Հարցազրույցի հրավիրվածների շուրջ 60 տոկոսը չի կարողանում հաղթահարել վերջին փուլը, ինչը նշանակում է, որ կարողությունների զարգացման լուրջ խնդիր կա, և այդ ուղղությամբ այժմ ծրագիր է մշակվում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…