Այսօր Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է։ Ի նշանավորումն օրվա՝ Գեղարքունիքի մարզի «Բերդկունք» («Սպիտակ բերդ») ամրոցում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը պատվոգրեր են հանձնել «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթի մասնակիցներին: Այցին ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:
Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առթիվ և ողջունել մրցույթի մասնակից աշակերտներին՝ նշելով, որ այն ևս մեկ առիթ է՝ շեշտելու, թե որքան կարևոր է ճանաչել և պահպանել պատմական ժառանգությունը, հոգածություն ցուցաբերել շրջապատում գտնվող հուշարձանների նկատմամբ:
Ըստ նախարարի՝ Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում անցկացված մրցույթը կարևոր է հայրենաճանաչության առումով. «Երեխաներից յուրաքանչյուրը գտել էր որևէ արտահայտչամիջոց՝ կոմիքս, լուսանկար, բանաստեղծություն՝ ներկայացնելու իր վերաբերմունքը հուշարձանի նկատմամբ: Երեխաներն իրենց մոտեցումներով փաստում են, որ մեր հուշարձանների մասին կարող ենք պատմել և խոսել տարբեր ժանրերով և ձևերով, ու դրանք բոլորը կարող են լինել հետաքրքիր: Երբեմն տեսնում ենք, որ հուշարձանների տարածքները հենց մեր համաքաղաքացիների ոչ պատշաճ վերաբերմունքի պատճառով աղտոտվում են: Այս առումով չափազանց կարևոր է, որ պատմական ժառանգության և հուշարձանների հանդեպ վերաբերմունքի ձևավորումը դառնա կրթական գործընթացի բովանդակային բաղադրիչ, որպեսզի երեխաները ճանաչեն և գիտակցեն հուշարձանների նշանակությունը»,- նշել է նախարարը:
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ «Բերդկունք» («Սպիտակ բերդ») ամրոցը շատ հետաքրքիր հուշարձան է նաև գեղագիտական պատկերի առումով՝ Սևանա լճի հիասքանչ տեսարանով. «Այս հուշարձանը պետք է ավելի ճանաչելի դարձնել և նպաստել, որ այցելություններն այստեղ ավելի շատ լինեն: Մեզանից յուրաքանչյուրը պետք է ինքն իր համար հայտնաբերի և վերարժևորի մեր երկրի 25 հազար հուշարձանները, որոնք մեր պատմության և քաղաքակրթական ժառանգության կարևորագույն մասն են: Մեր այցերն ու ճանաչողական էքսկուրսիաները հուշարձանների տարածքներում պետք է դառնան ավելի հաճախակի»,-ասել է նախարարը:
«Բերդկունք» ամրոցի տարածքում պեղումներ են ընթանում
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ «Բերդկունք» ամրոցի տարածքում ԿԳՄՍ նախարարության հատկացումներով իրականացվում են պեղումներ, որոնց հիման վրա պատվիրվել է ամրոցի վերականգնման նախագիծ. այն նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ։ Պեղումներն իրականացնում է «Պատմամշակութային արգել-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։ Պեղումների ավարտից հետո կիրականացվի նաև հուշարձանի հանրահռչակում:
Հուշարձանների ոլորտին հատկացվել է 1,3 մլրդ դրամ
«Պետության վերաբերմունքը հուշարձանների ոլորտին կոնկրետ փաստերով և ֆինանսական հատկացումների ծավալով է արտահայտվում. այս տարի հուշարձանների ամրակայման և վերականգնման ոլորտին հատկացվել է 1,3 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ՝ կրկնակի ավելի է: Սակայն եթե համեմատենք, օրինակ, 5-6 տարի առաջվա տվյալների հետ, ապա հուշարձաններին հատկացվող բյուջեն ավելացել է մի քանի անգամ: Միայն այս տարի 14 հուշարձանների նորոգման և ամրակայման աշխատանքներ են իրականացվում, ևս 9 հուշարձանների տարածքներում պեղումներ և նախագծման աշխատանքներ են ընթանում, և այս ամենը մեր ամենօրյա աշխատանքի կարևոր մասն է»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ հատուկ ուշադրություն է դարձվում պետականության խորհրդանիշ համարվող հուշարձանների հանրահռչակմանը:
«Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթն ուղղված է պատմամշակութային ժառանգության հանրահռչակմանը. այն ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ իրականացրել է Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը:
Մրցույթն իրականացվել է «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» համաեվրոպական հարթակի համատեքստում՝ «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում, որին Հայաստանը մասնակցել է առաջին անգամ։ Հայաստանը մրցույթին ներկայացել է 11-17 տարիքային խմբում, ներկայացվել է 41 աշխատանք. պատանեկան խմբերն ու անհատները մրցել են ազգային ժառանգության մասին իրենց պատկերացումներով՝ ներկայացնելով տեսասահիկներ, կոմիքսներ, անիմացիոն սյուժեներ, նկարչական աշխատանքներ, մինչև 5 րոպե տևողությամբ տեսանյութեր։ Ներկայացված աշխատանքներից 6-ն ընդգրկվել է եզրափակիչ փուլում: Հայաստանից և արտերկրից 21 հայազգի մշակույթի գործիչներից կազմված հանձնաժողովի գնահատման արդյունքում հաղթող է ճանաչվել ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքը ներկայացնող «ՀԱՅելիցներ» թիմը՝ «Գեղարդ» տեսանյութը:
Նախարար Ժաննա Անդրեասյանը և ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը զրուցել են մասնակից երեխաների հետ, հետաքրքրվել նրանց ներկայացրած նախագծերով։ ԵՄ դեսպանը նշանավորել է երեխաների բարձր մասնակցայնությունը և հետաքրքրվածությունը մշակութային ժառանգության պահպանման գործում։
Նախարարն ու ԵՄ պատվիրակության ղեկավարը, ինչպես նաև միջոցառման մյուս մասնակիցները շրջել են ամրոցի տարածքում, ծանոթացել պատմությանը, ընթացող աշխատանքներին։
Օրվա շրջանակում պատմական հուշարձանի՝ «Բերդկունք» («Սպիտակ բերդ») ամրոցի տարածքում տեղադրվել է տեղեկատվական ցուցանակ։
Պահպանության ավելի խիստ ռեժիմ արգելոցներում. Հայաստանում 15 արգելոց-թանգարան կա
ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանի խոսքով՝ Հայաստանում այսօր կան շուրջ 15 արգելոց-թանգարաններ։ Յուրաքանչյուր տարի նախարարության առաջարկով և Կառավարության որոշմամբ այդ թիվը կարող է ավելանալ։
«Այս տարի, օրինակ, նախատեսել ենք ներառել Նորատուսի խաչքարերը, Բերդկունք ամրոցը, որի ուսումնասիրությունն արդեն իսկ սկսված է։ Դա ենթադրում է պահպանության ավելի խիստ ռեժիմ՝ որպես արգելոցի տարածք։ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն ունենալու է հաստիքային աշխատակիցներ՝ հուշարձանի պահպանումն իրականացնելու համար,- ասել է Հարություն Վանյանը և հավելել,- նպատակն ամրոցի վերականգնումն է, ինչը կախված է պեղումների արդյունքից և ճարտարապետների ներկայացրած նախագծից։ Վերականգնումն ընդհանրապես հնարավոր է գիտական տվյալների հիման վրա. ինչքանով գիտականությունն ու աղբյուրները, բեկորները, առկա քարերը և չափագրությունները հնարավորություն տան այն իրականացնելու»։
«Բերդկունք» («Սպիտակ բերդ») ամրոցը բազմաշերտ հուշարձան է, թվագրվում է մ․թ․ա․ II–I հազարամյակով, վերակառուցվել և զարգացման բարձրակետին է հասել միջնադարում։ Ամրոցի դիրքն այնքան գերիշխող է շրջապատի նկատմամբ, որ միջնադարում կիկլոպյան ամրոցի փլատակների վրա կառուցվել է մի նոր` ամրակուռ ամրոց, որի անունով էլ այն կոչվում է «Սպիտակ բերդ» («Իշխանաց բերդ»):
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի /ԻԿՕՄՕՍ/ առաջարկությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1983 թվականից ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր։ Նպատակն է բարձրացնել մարդկության իրազեկվածությունը պատմամշակութային ժառանգության մասին, անհրաժեշտ ջանքեր գործադրել հուշարձանների պահպանության և հանրահռչակման համար։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ՝ «Տվյալների վերլուծություն և վիճակագրություն» վերնագրով թեման և հուսով եմ, որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կկատարեք մեջբերումներ ու առաջարկություններ: Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է՝…
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան