Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը՝ ապրիլի 18-ին, Գեղարքունիքի մարզի «Բերդկունք» («Սպիտակ բերդ») ամրոցում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը կպարգևատրեն «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթի մասնակիցներին:
Մրցույթն ուղղված է պատմամշակութային ժառանգության հանրահռչակմանը. այն ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ իրականացրել է Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը:
Մրցույթն իրականացվել է «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» համաեվրոպական հարթակի համատեքստում՝ «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում։ Հայաստանը մրցույթին ներկայացել է 11-17 տարիքային խմբում։ Մրցույթում ներկայացվել է 41 աշխատանք. պատանեկան խմբերն ու անհատները մրցել են ազգային ժառանգության մասին իրենց պատկերացումներով՝ ներկայացնելով տեսասահիկներ, կոմիքսներ, անիմացիոն սյուժեներ, նկարչական աշխատանքներ, մինչև 5 րոպե տևողությամբ տեսանյութեր։ Ներկայացված աշխատանքներից 6-ն ընդգրկվել է եզրափակիչ փուլում:
Հայաստանից և արտերկրից 21 հայազգի մշակույթի գործիչներից կազմված հանձնաժողովի գնահատման արդյունքում հաղթող է ճանաչվել ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքը ներկայացնող «ՀԱՅելիցներ» թիմը՝ «Գեղարդ» տեսանյութով:
Այցի շրջանակում պատմական հուշարձանի՝ «Բերդկունք» («Սպիտակ բերդ») ամրոցի տարածքում նախատեսված է տեղեկատվական ցուցանակի տեղադրում:
«Բերդկունք» («Սպիտակ բերդ») ամրոցը բազմաշերտ հուշարձան է, թվագրվում է մ․թ․ա․ II–I հազարամյակով, վերակառուցվել և զարգացման բարձրակետին է հասել միջնադարում։
Ամրոցի դիրքն այնքան գերիշխող է շրջապատի նկատմամբ, որ միջնադարում կիկլոպյան ամրոցի փլատակների վրա կառուցվել է մի նոր` ամրակուռ ամրոց, որի անունով էլ այն կոչվում է «Սպիտակ բերդ» («Աղկալա», «Իշխանաց բերդ»):
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի /ԻԿՕՄՕՍ/ առաջարկությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1983 թվականից ապրիլի 18-ը նշում է որպես հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր։ Նպատակն է բարձրացնել մարդկության իրազեկվածությունը պատմամշակութային ժառանգության մասին, անհրաժեշտ ջանքեր գործադրել հուշարձանների պահպանության և հանրահռչակման համար։
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի հինգերորդ նիստը:
Նիստում քննարկվել են Երևան քաղաքի, ՀՀ Արագածոտնի, Սյունիքի, Լոռու մարզերում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 6 էսքիզային նախագծեր:
Օրակարգում ընդգրկված հարցերից Երևանի Էրեբունի վարչական շրջան, Սասունցի Դավիթ 1 հասցեում գտնվող Երևանի Երկաթուղային կայարանի շենքի առաջին հարկում արվեստի կենտրոնի կազմակերպման, ինտերիերի արդիականացման և նորոգման, հարմարեցման (ադապտացիա), ՀՀ Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի Սբ Գևորգ եկեղեցու (պետ. ցուցիչ՝ 2.63.3, տեղական նշանակության) վերականգնման, ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Շիկահող գյուղի 19-րդ դարի կամրջի ամրակայման, ՀՀ Լոռու մարզի Քոբայր վանական համալիրի 3 մատուռների նորոգման և վերականգնման էսքիզային նախագծերը համարվել են ընդունելի:
Երևան քաղաքի Մ. Բաղրամյան պողոտայի h. 2 շենքի հ. 86 հասցեին հարակից տարածքում հանրային սննդի ծառայության կազմակերպման և Կենտրոն վարչական շրջան, Չարենցի փողոց հ.15 հասցեում վարչական շենքի (ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ, նորահայտ հուշարձան) ձեղնահարկի վերակառուցման էսքիզային նախագծերը վերադարձվել են լրամշակման:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել «Իրավունքներ, ծառայություններ և մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» եռամյա ծրագրի մեկնարկի միջոցառմանը։
Ծրագրի նպատակն է աջակցել հոգեկան առողջության ոլորտում իրավունքահեն մոտեցման ընդունմանը՝ ստեղծելով մատչելի, ներառական և ապացույցների վրա հիմնված հոգեկան առողջության ծառայությունների քաղաքականություն՝ նպաստելով հոգեկան առողջության խնդիրների նկատմամբ հասարակության բարենպաստ վերաբերմունքի ձևավորմանը:
Միջոցառմանը ներկա են եղել նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է միջազգային գործընկերների և միջգերատեսչական համագործակցության մակարդակում հոգեկան առողջության մասին իրազեկվածության բարձրացմանն ուղղված աշխատանքները և անդրադարձել կրթական համակարգում այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:
«Կրթական համակարգը պետք է դառնա այն միջավայրը, որը կարող է աջակցել հոգեկան առողջության խնդիրների բարձրաձայնմանը, ձևակերպմանը, մասնագիտական աջակցությանն ու ծառայությունների ապահովմանը: Հայաստանի բոլոր դպրոցներում 2023 թվականի սեպտեմբերից ներդրվել է հոգեբանի հաստիք, ինչը նշանակում է, որ կրթության կազմակերպման գործընթացում կարևորել ենք մասնագիտական ռեսուրսի հատկացումը: Պետությունը շարունակաբար աջակցելու է դպրոցի հոգեբաններին՝ նրանց տրամադրելով մասնագիտական զարգացման հնարավորություն, որը կնպաստի զգալու, նկատելու և բարձրաձայնելու կրթական միջավայրում հոգեկան առողջության վերաբերյալ խնդիրները: Կրթական համակարգն այն միջավայրն է, որտեղ պետք է սովորեցնել խոսել խնդիրների մասին և մասնագետների հետ աշխատելով՝ գտնել այս երևույթի հետ առնչվելու ճիշտ ձևերը,- ասել է նախարարը՝ կարևորելով ոլորտում գործող մասնագիտական կառույցների՝ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի դերը և ընդգծել,- ուրախ եմ, որ ծրագիրն այս օղակների հետ ևս նախատեսում է աշխատանք և կնպաստի այս ուղղությամբ կարողությունների զարգացմանը»:
Թեմայի համատեքստում որպես ոլորտում իրականացվող բարեփոխում նախարարը նշել է, որ առանձին ֆինանսավորում է տրամադրվում դպրոցներում խելամիտ հարմարեցումների ու ծառայությունների համար՝ տարորոշելով, թե որոնք են աջակցության ձևերը տվյալ դպրոցի համար: ԿԳՄՍ նախարարությունը, ըստ Ժաննա Անդրեասյանի, մշտապես լինելու է համընդհանուր ներառականությանը միտված կարևոր ծրագրերի կողքին:
Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը ևս ողջունել է ներկաներին և կարևորել ծրագրի շուրջ տարբեր գերատեսչությունների և քաղհասարակության համախմբումը:
«Բոլորիս նպատակն է, որ Հայաստանի բնակչությունն ավելի դիմակայուն լինի, Հայաստանում մարդու իրավունքների վրա հիմնված գործունեություն ծավալվի: Կրթության ներառականության և իրազեկվածության բարձրացման միջոցով պետք է հասնենք հոգեկան առողջության վերաբերյալ խնդիրների լուծմանը: Մենք պատրաստ ենք աշխատել միասնաբար, ուժեղացնել շահառու հաստատությունները՝ ևս մեկ անգամ հաստատելով մեր համագործակցության ամուր հիմքերը»,- ասել է Վասիլիս Մարագոսը:
Ելույթներով հանդես են եկել նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ներկայացնելով ծրագրի շրջանակում իրենց ոլորտներում իրականացվող աշխատանքները: Ծրագրի ընդհանուր նպատակները ներկայացրել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
«Իրավունքներ, ծառայություններ և մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» իրավապաշտպան ՀԿ-ի և Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի կողմից: Ծրագրի շրջանակում նախատեսվում է զարգացնել մասնագիտական ներուժը՝ իրականացնելով հոգեկան առողջության խնդիրների վաղ հայտնաբերման և ճիշտ ուղղորդմանն ուղղված վերապատրաստումներ: Կստեղծվի կայք՝ հոգեկան առողջության և խնամքի ծառայությունների վերաբերյալ մատչելի ու հասանելի տեղեկատվությամբ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է շվեյցարական «Glion/Les Roches» բարձրագույն կրթության ինստիտուտի գործադիր տնօրեն Յուլիա Տոկարևային՝ քննարկելու զբոսաշրջության և հյուրընկալության ուսուցման ուղղությամբ երկկողմ համագործակցության հնարավորությունները:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:
ԿԳՄՍ նախարարը, ողջունելով հյուրերին, նշել է, որ Հայաստանը բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումների ակտիվ շրջափուլում է գտնվում: Բարեփոխումների շրջանակում մեծապես կարևորվում են միջազգային բուհերի հետ համագործակցության խորացումը, միջազգային բարձր վարկանիշ ունեցող գիտական և կրթական հաստատությունների հետ գործնական կապերի հաստատումը: Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը ներկայացրել նաև «Ակադեմիական քաղաք» ծրագիրը, որի հատակագիծն այժմ մշակվում է:
Անդրադառնալով կրթական ծրագրերին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ զբոսաշրջության և հյուրընկալության ուսուցումը Հայաստանի համար ակտիվ զարգացող ուղղություն է, և այս ոլորտում, հաշվի առնելով նաև տնտեսության զարգացման առաջնահերթությունները, կրթական ծրագրերի բովանդակային բարելավումը կարևոր է:
«Glion/Les Roches» բարձրագույն կրթության ինստիտուտի գործադիր տնօրեն Յուլիա Տոկարևան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ներկայացրել զբոսաշրջության և հյուրընկալության ուղղություններով իրենց կողմից իրականացվող կրթական ծրագրերը:
Վերջին 4 տարիներին մի շարք հայ ուսանողներ կրթություն են ստացել «Glion/Les Roches» ինստիտուտում: Յուլիա Տոկարևայի խոսքով՝ հայ շրջանավարտների բացարձակ մեծամասնությունը կրթությունը ստանալուց հետո վերադառնում է Հայաստան՝ մասնագիտական գործունեություն ծավալելու նպատակով:
«Համագործակցում ենք տարբեր երկրների կառավարությունների հետ՝ կրթական ծրագրերի ռազմավարություն մշակելու նպատակով: Հայաստանը, իսկապես, մեծ հեռանկարներ ունի տուրիզմի և հյուրընկալության զարգացման առումով. ունեք գեղեցիկ երկիր, համեղ ուտելիքներ և հյուրասեր մարդիկ, որոնք հյուրընկալության զարգացած ոլորտ ունենալու կարևոր նախադրյալներ են: Մասնագիտական որակները հայրենիքի զարգացման գործում ներդնելու առումով հայ ուսանողները, իսկապես, օրինակելի են: Յուրաքանչյուր տարի շուրջ 20 ուսանող ենք ունենում Հայաստանից, որոնք ուսումնառության ավարտից հետո հիմնականում վերադառնում են Հայաստան»,- ասել է Յուլիա Տոկարևան:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է երիտասարդ մասնագետների մասնակցությունը երկրի ու տնտեսության զարգացման գործում՝ ընդգծելով, որ պետական քաղաքականությունը միտված է նրանց գործունեության համար նպաստավոր միջավայրի ապահովմանը:
Նախարարի խոսքով՝ ստեղծվել են համագործակցության և սոցիալական գործընկերության նոր ձևաչափեր, որոնք նպատակ ունեն կրթության կազմակերպման գործում ներգրավելով մասնավոր հատվածին՝ պատրաստել աշխատաշուկային անհրաժեշտ կադրեր:
ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանն առաջարկել է դիտարկել հյուրընկալության և զբոսաշրջության ոլորտում ուսումնական պլանների մշակման ուղղությամբ հնարավոր փոխհամագործակցությունը:
Կողմերը նաև պատրաստակամություն են հայտնել խթանել միջբուհական համագործակցության ընդլայնումը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Ուզբեկստանի հանրապետության Տաշքենդ քաղաքում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստին, ինչպես նաև Տաշքենդի՝ որպես ԱՊՀ առաջին երիտասարդական մայրաքաղաքի հռչակման պաշտոնական բացման արարողությանը։
Տաշքենդն ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք է հռչակվել՝ համաձայն ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի 2023 թվականի հունիսի 8-ի որոշման։
Պաշտոնական բացման արարողությունը տեղի է ունեցել Տաշքենդի երիտասարդների ստեղծագործական պալատում, որին մասնակցել են նաև ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի լիիրավ անդամները՝ ԱՊՀ 8 երկրից, ԱՊՀ գլխավոր քարտուղարը, Ուզբեկստանի Հանրապետության երիտասարդության հարցերով գործակալության տնօրեն Ալիշեր Սադուլաևը և Տաշքենդի փոխքաղաքապետ Դուրդոնա Շատուլաևան։
Միջոցառման շրջանակում ԿԳՄՍ նախարարի Արթուր Մարտիրոսյանը ներկա է եղել «Տաշքենդը՝ 2024 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» հուշարձանի բացման արարողությանը և հանդես եկել ողջույնի խոսքով:
Շնորհավորելով մասնակիցներին Տաշքենդի՝ որպես ԱՊՀ առաջին երիտասարդական մայրաքաղաք ճանաչվելու կապակցությամբ, փոխնախարարը կարևորել է համագործակցությունը ԱՊՀ շրջանակում երիտասարդական ոլորտում փորձի համադրման, ինչպես նաև Հայաստան-Ուզբեկստան երկկողմ ձևաչափով կապերի զարգացման առումով: Նա, մասնավորապես, շեշտել է երիտասարդական քաղաքականության և, ընդհանրապես, ԿԳՄՍ նախարարության համակարգման այլ ոլորտներում համագործակցության ընդլայնումը։ Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ այս միջոցառումներին ՀՀ ներկայացուցիչների մասնակցությունը շատ կարևոր է՝ 2026 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում իրականացվելիք միջոցառումներին պատշաճ նախապատրաստվելու համար։
Միջոցառման շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է նաև խորհրդանշական ծառատունկի, այցելել «Նոր Ուզբեկստան» հուշարձան, մանկական գրադարան, տեխնոպարկ և երիտասարդների ներուժի բացահայտմանն ու զարգացմանը միտված այլ հաստատություններ։
Միջոցառումները կշարունակվեն նաև վաղը:
Ապրիլի 16-ին նշվում է Հայ կինոյի օրը: Օրվա շրջանակում Հայաստանի կինոգործիչների միության «Ազգային սինեմատեք» կինոթանգարանում այսօր բացվել է ճանաչված նկարիչ, երգիծանկարիչ Գեորգի Յարալյանի բացառիկ երգիծանկարների ցուցահանդեսը:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը, Երևանի Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ուսանողներ, ստեղծագործողներ, կինոգործիչներ:
Ցուցահանդեսում ներկայացվել են անվանի երգիծանկարիչ Գեորգի Յարալյանի բնօրինակ ստեղծագործությունները՝ դիմանկարային կինոերգիծանկարներ կինոաշխարհի նշանավոր դեմքերի՝ Ֆրունզե Դովլաթյանի, Լաերտ Վաղարշյանի, Յուրի Երզնկյանի, Ալբերտ Մկրտչյանի և այլոց կերպարներով, յարալյանական օրիգինալ մակագրություններով:
Ընդհանուր առմամբ ցուցադրվել են 19 մեծ և 24 փոքր չափի ստեղծագործություններ:
Բացառիկ ցուցանմուշների մի մասը շուրջ մեկ տարի առաջ «Ազգային սինեմատեք» կինոթանգարանին է նվիրաբերել նկարիչ, անիմատոր Վահրամ Բաղդասարյանը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այսօր հանդիպել է Դանիայի մշակութային ինստիտուտի Արևելյան հարևանության երկրների տարածաշրջանային տնօրեն Հենրիետ Բորգ Ռայնհոլդտին:
Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Դանիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Թովթ Սորենսենը:
Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ողջունել է հյուրերին և կարևորել երկու երկրների բարեկամական կապերի զարգացումը՝ առաջարկելով դիտարկել մշակույթի և երիտասարդության ոլորտներում համագործակցային կապերի ամրապնդումը:
Դանիայի մշակութային ինստիտուտի Արևելյան հարևանության երկրների տարածաշրջանային տնօրեն Հենրիետ Բորգ Ռայնհոլդտը տեղեկացրել է՝ Դանիայի մշակութային ինստիտուտն ինքնակառավարվող հաստատություն է և զբաղվում է տարբեր երկրներում մշակութային կապերի հաստատմամբ: Այս համատեքստում կարևորվել է Հայաստանի հետ համագործակցության խորացումը՝ դիտարկելով մշակութային և մի շարք այլ փառատոների անցկացման հնարավորությունը:
Ներկայացնելով մշակույթի ոլորտի պետական քաղաքականությունն ու ընթացող բարեփոխումները՝ Ալֆրեդ Քոչարյանը նշել է, որ տարեսկզբից գործում է Մշակույթի զարգացման հիմնադրամը, որը մշակույթի ոլորտի հանրահռչակման, նաև թանգարանների միասնական կառավարման և ոլորտում բազմաթիվ այլ աշխատանքների իրականացման նպատակով ստեղծված կառույց է: Նախարարի տեղակալն առաջարկել է դիտարկել երկու երկրների թանգարանների միջև համագործակցության ամրապնդման, մասնագետների փոխանակման և վերապատրաստումների ծրագրերի իրականացման հնարավորությունը:
Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս՝ կարևորով հայ-դանիական կապերի զարգացումը:
Այսօր տրվել է Երվանդ Քոչարի 125-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների մեկնարկը՝ Երևանի Պուշկինի 62 հասցեում գտնվող բարձրահարկ շենքի կողային ճակատին վերարտադրված Քոչարի «Ընդվզում» (1933թ.) ստեղծագործության մուրալի և ցուցատախտակի բացման արարողությամբ:
Այն տեղի է ունեցել Երվանդ Քոչարի թանգարանի և City of the Future Yerevan Street Art Fest–ի հիմնադիր Դավիթ Խաչատրյանի հետ համագործակցությամբ իրականացվող «Արվեստն ապագայի քաղաքում» նախագծի շրջանակում:
Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո դի Ռիզոն, պաշտոնատար այլ անձինք, արվեստասերներ:
Նկարազարդումն իրականացրել է մուրալ ուղղության միջազգային ճանաչում ունեցող իտալացի հրավիրյալ նկարիչ Ֆաբիո Մարիա Ֆեդելեն:
Նախագիծն իրագործվել է Հայաստանում Իտալիայի դեսպանության և Երևանի քաղաքապետարանի, բարերարների հովանավորությամբ:
Բացման արարողությունից հետո հյուրերն այցելել են Երվանդ Քոչարի թանգարան, հանդես եկել ելույթներով:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել գործընկերներին հաջողված նախագծի համար:
«Նախագիծը հնարավորություն է տալիս այս ձևաչափով ևս հանրահռչակելու մեծանուն արվեստագետին՝ Երվանդ Քոչարին, որի 125-ամյակի կապակցությամբ ՀՀ կառավարությունը մի շարք միջոցառումներ է նախատեսել: Պետք է ընդգծել, որ Քոչարի «Ընդվզում» ստեղծագործության մուրալը յուրահատուկ գույն և նոր շունչ է հաղորդում մեր մայրաքաղաքին»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: ԿԳՄՍ փոխնախարարը նշել է, որ Իտալիայի դեսպանատան հետ կա համագործակցության ամուր հիմք, և բազմաթիվ կարևոր ծրագրեր են իրականացվում:
Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո դի Ռիզոն ևս բարձր է գնահատել Հայաստանի և Իտալիայի միջև համագործակցությունը:
Ըստ դեսպանի՝ գեղեցիկ աշխատանք է իրականացվել, որը պետք է վայելել առանց խոսքերի, քանի որ առանցքում Քոչարի արվեստն է: Նա նշել է, որ մուրալում օգտագործված է Մուրադ-Ռաֆայելյան վարժարանի շենքի ճակատից վերցված կամարը՝ ի նշանավորումն այն հանգամանքի, որ Քոչարը դասավանդել է վարժարանում:
Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը ևս շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և նշել. «Լիահույս ենք, որ այս նախագծի շնորհիվ Երվանդ Քոչարի արվեստը հանրությանը հասանելի կդառնա ոչ միայն թանգարան այցելելու կամ նրա մոնումենտալ արձաններին ծանոթանալու միջոցով, այլև մեր քաղաքը նրա արվեստով առավել ժամանակակից, տպավորիչ և գրավիչ ներկայացնելու արդյունքում»:
Կարինե Քոչարը թանգարանի անունից շնորհակալագրեր և նվերներ է հանձնել գործընկերներին:
Պորտալի նյութերը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ -ին (www.armedu.am) պարտադիր է:
Պորտալը շահագործում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ)
© Կրթական տեխնոլոգիաներին ազգային կենտրոն, 2007-2024