ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Կրթության ոլորտի բարեփոխումներն այլընտրանք չունեն». Ժաննա Անդրեասյան

Հունիսի 30, 2025
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի մասնաճյուղում մասնակցել է Հայ մշակութային և գիտական ընկերակցության (ASOF) ամենամյա չորրորդ ամենամյա համաժողովին՝ ներկայացնելով Հայաստանում կրթության ոլորտի բարեփոխումները:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ներկաներին, կարևորել է նմանօրինակ հարթակների ձևավորումը՝ կրթական համակարգում առկա խնդիրների բարձրաձայնման, տարբեր տեսակետների փոխանակման և համագործակցության խթանման առումով։ Նախարարը նշել է, որ Հայաստանի կրթական համակարգը գտնվում է ակտիվ բարեփոխումների փուլում, սակայն այդ գործընթացը լի է բազմաշերտ մարտահրավերներով:

«Հաճախ ամենատարբեր թեմաներով քննարկումները եզրափակվում են այն գաղափարով, որ ամեն ինչ սկսվում է կրթությունից, և մեր ամենատարբեր խնդիրների հիմքում ընկած է կրթական համակարգը: Սա մեծ պատասխանատվություն է, նաև մեծ խթան՝ փոփոխություն իրականացնելու և բարեփոխումների օրակարգն առաջ մղելու առումով: Բարեփոխումները բարդ գործընթացներ են՝ ցանկացած ժամանակահատվածում և ցանկացած երկրում: Այդուհանդերձ, փոփոխություններն այլընտրանք չունեն, և դրական արդյունքների ապահովման համար շատ կարևոր են կրթության ոլորտում իրականացվող ներդրումները»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ ավելացնելով, որ առանց համապատասխան միջոցների ամենակարևոր և գեղեցիկ գաղափարները կմնան անկատար։

Նախարարն ընդգծել է՝ կորոնավիրուսի համավարակի շրջանում, երբ մի շարք երկրներում կրթության ոլորտին ուղղվող ֆինանսավորումը նվազել է, Հայաստանում կրթական բարեփոխումների իրականացման գործընթացը ոչ մի րոպե կանգ չի առել: Անկախ բոլոր դժվարություններից և մարտահրավերներից՝ պետությունը տարեցտարի ավելացնում է ոլորտի ֆինանսավորումը:

«Պետք է ավելի շատ ներդրումներ անենք՝ ավելի բարձր որակ և հասանելիություն ունենալու համար: Դիմակայելով մի շարք մարտահրավերների՝ համավարակ, պատերազմ և այլն, պետությունն ամեն տարի մեծացնում է կրթության ոլորտի բյուջեն՝ վերջին 4-5 տարում այն նվազագույնը կրկնապատկելով: Սա նշանակում է՝ մենք կարող ենք անել ավելին և հասնել բարեփոխումների ցանկալի արդյունքի»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարը:

Կրթության ոլորտի բարեփոխումների իրականացման համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարևորել է միջազգային և տեղական գործընկերների հետ արդյունավետ համագործակցությունն ու ձեռնարկած պիլոտային ծրագրերը, որոնք փորձարկվում, ապա ներդրվում են ոլորտում՝ դառնալով համակարգային փոփոխությունների բաղադրիչ: Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ՀՀ կառավարության՝ գյուղական բնակավայրերում կրթահամալիրների հիմնման ծրագիրը, որոնք ծառայելու են որպես համայնքային զարգացման կենտրոններ:

«Այս կենտրոնները պետք է բարձրակարգ կրթություն ապահովեն բոլոր երեխաների համար, ինչպես նաև ծառայեն ընդհանուր համայնքին: Ռեսուրսների արդյունավետ օգտագործումը շատ կարևոր է, և խոսքն ինչպես ֆինանսական, այնպես էլ մարդկային ռեսուրսների, դպրոցներում անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովման և համապատասխան միջավայրի ձևավորման մասին է»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

Կրթության որակի բարձրացման համատեքստում Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների ուսուցիչների վերապատրաստման ծրագրին, որի շրջանակում ուսուցիչները ծանոթանում են բնագիտական նոր լաբորատորիաներում առկա սարքավորումների գործարկման և տեխնիկական սպասարկման կանոններին դրանց արդյունավետ օգտագործման նպատակով:

«Հանրակրթական դպրոցների շուրջ կեսն արդեն ապահովվել է ԲՏՃՄ լաբորատորիաներով, զուգահեռաբար նաև առանձին ծրագիր ենք իրականացնում ուսուցիչների մասնագիտական վերապատրաստումների համար: Հնարավոր չէ խոսել կրթության որակի բարձրացման մասին, եթե ԲՏՃՄ առակարներ դասավանդող ուսուցիչները դասապրոցեսն իրականացնեն միայն դասագրքերով՝ չունենալով համապատասխան միջավայր և սարքավորումներ գործնական աշխատանքների համար», - նշել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ նոր լաբորատարիաների ստեղծումը բարեփոխումների կարևոր ուղղություններից է:

ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է նաև Տավուշի մարզում փորձարկված հանրակրթության նոր չափորոշչի ներդրման ընթացքը: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ չափորոշչի ներդրումը ենթադրում է կրթության հայեցակարգի փոփոխություն՝ գիտելիքահեն կրթությունից անցում կատարելով կարողությունների, հմտությունների և գիտելիքի վրա հիմնված հանրակրթության համակարգի՝ ընձեռելով նաև նախագծային ուսուցման հնարավորություն: Ըստ այդմ՝ փոխվել է նաև քննությունների ձևաչափը: Մասնավորապես՝ Տավուշի մարզում «Հայոց պատմություն» և «Գրականություն» առարկաներից 9-րդ դասարանցիների համար անցկացվում է քննություն` միասնական էսսեի ձևաչափով:

«Էսսեների միջոցով նպաստում ենք երեխաների քննադատական մտածողության, վերլուծական կարողությունների զարգացմանը: Բարեփոխումներն ու համատեղ ջանքերն ամենօրյա շարունակական աշխատանք են»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ հաջորդ տարվանից միասնական էսսեի ձևաչափով քննությունն արդեն նախատեսված է լինելու ՀՀ բոլոր դպրոցների համար:

Պանելային քննարկմանն անդրադարձ է եղել նաև ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերին, կրթական ծրագրերում արհեստական բանականության ներդրմանն ու այլ հարցերի:

ASOF-ը միավորում է 361 գիտնականների և փորձագետների 35 երկրներից, որոնք մասնագիտացած են 126-ից ավել գիտական ուղղություններում՝ սկսած բնական գիտություններից մինչև հասարակական և հումանիտար գիտություններ։ Այս բազմազան համայնքը ներառում է ինչպես խոստումնալից երիտասարդ մասնագետների, այնպես էլ կայացած գիտնականների, այդ թվում՝ Նոբելյան մրցանակակիրների։ Ավելի քան 55 անդամներ ներկայում դասավանդում և հետազոտական գործունեություն են իրականացնում աշխարհի առաջատար 100 համալսարաններում։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: