ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Թանգարանային ոլորտում աշխատող մարդիկ իսկապես նվիրյալներ են». Ժաննա Անդրեասյան

Մայիսի 17, 2025
Մշակութային լուրեր Հարցազրույցներ, ելույթներ

Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ` Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս` նվիրված Թանգարանների միջազգային օրվան և «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը:

Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Ավետիսյանը և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանը:

Ներկայացվել են թանգարանների ոլորտում պետական քաղաքականությունը, իրականացված բարեփոխումները, «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակում իրականացվող ծրագրերը և այլն:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ արդեն ավանդույթ դարձած թանգարանային այս օրերի անցկացումը հնարավորություն է նաև ամփոփելու ոլորտում արված աշխատանքները, խոսելու անելիքների մասին, ինչպես նաև շնորհակալություն հայտնելու ոլորտի նվիրյալներին:

«Թանգարանային աշխատանքը՝ առկա խնդիրներով, պահանջում է սրտացավություն ու նվիրվածություն, և վստահաբար կարող ենք ասել, որ ոլորտում աշխատող մարդիկ իսկապես նվիրյալներ են: Նրանց աշխատանքը պետք է պատշաճ գնահատվի ոչ միայն խոսքով, այլև աշխատանքային պատշաճ պայմաններով: Սա է պետական քաղաքականության և մշակույթի զարգացման ռազմավարության առանցքում»,- ասել է նախարարը՝ նշելով, որ մշակույթը դիտվում է իբրև ինքնաբավ ոլորտ, որը հանրային և տնտեսական զարգացման գործում ունի էական նշանակություն:

Ոլորտում արվող աշխատանքները՝ տվյալներով

Ժաննա Անդրեասյանի իրազեկմամբ՝ 2024 թ. թանգարաններն ունեցել են ավելի քան 1 մլն 245 հազար այցելու, որի 50 տոկոսը զբոսաշրջիկներ են եղել: Նախարարը կարևորել է այս հանգամանքը թանգարանների՝ որպես զբոսաշրջության զարգացման էական դերակատարների տեսանկյունից:

Նախարարն առանձնակի շեշտադրել է օրենսդրական դաշտի ձեռքբերումները

«Նախորդ տարի ընդունվել է «Թանգարանների մասին» օրենքը, որից հետո մեծածավալ աշխատանքներ են արվել նաև ենթաօրենսդրական ակտերի մշակման ուղղությամբ. 24 տարբեր իրավական ակտեր հաստատվել են, որոնք թանգարանների աշխատանքը գործնականում կարգավորող հնարավորություն են ստեղծում: Սահմանվել են թանգարանային աշխատողների մասնագիտական որակավորման չափանիշները, պաշտոնի նկարագրերը, ատեստավորման գործընթացի կազմակերպումը»,- ներկայացրել է Ժաննա Անդրեասյանը: Մյուս ձեռքբերումը, որին անդրադարձել է նախարարը, էլեկտրոնային տոմսային համակարգն է: Այն այցելուների համար հեշտացնում է մի շարք ծառայություններից օգտվելու գործընթացը, մեծացնում թանգարանների հաշվետվողականությունը և այլն: Ընթացքի մեջ են հուշանվերների առցանց խանութների՝ առավել ակտիվ գործարկման աշխատանքները, որոնք ապահովում են մշակութային ժառանգության հասանելիությունը նաև առօրյայում՝ հանրահռչակելով նաև թանգարանը:

Մշակույթի զարգացման հիմնադրամի մասին խոսելիս Ժաննա Անդրեասյանն ասել է, որ այդ կառույցին պետք է պատվիրակվեն գնումների, հաշվապահության և մարքետինգի գործառույթները, իսկ թանգարանները կզբաղվեն իրենց բուն գործունեությամբ: Նախատեսվում է ընդլայնել թանգարանների ենթակառուցվածքները. մշակվում է թանգարանների խանութի զարգացման հայեցակարգը, թանգարաններին կից կլինեն սրճարաններ և այլն: «Ենթակառուցվածքների զարգացման նպատակն այն է, որ այցելելով թանգարան՝ մարդիկ կազմակերպեն լիարժեք օր: Արվեստին առնչվելը պահանջում է ժամանակ, խորհելու, հաղորդակցվելու հնարավորություն: Այսպիսով՝ ցանկանում ենք ստեղծել որակյալ միջավայր և տնտեսական ակտիվացման հնարավորություն»,-ասել է ԿԳՄՍ նախարարը:

Նրա իրազեկմամբ՝ 2023 թվականին վերականգնվել է թանգարանային հավաքածուները պետական միջոցներով համալրելու գործընթացը. արդեն 7 թանգարանից ներկայացվել են հայտեր՝ շուրջ 60 մլն դրամի շրջանակում:

Կապիտալ հատկացումներ

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ հատկապես կարևորվում է որակյալ ու արդիական թանգարանային միջավայր ունենալու հանգամանքը: «Արվեստի համաշխարհային օրը՝ ապրիլի 15-ին, վերաբացվեց Հայաստանի ազգային պատկերասրահը, որտեղ ներկայացված է հրաշալի ցուցադրություն: Աշխատանքներ են իրականացվել Հովհաննես Շարամբեյանի անվան ժողարվեստի թանգարանում՝ թե՛ Երևանի, թե՛ Դիլիջանի մասնաճյուղերում: Դիլիջանի մասնաճյուղն առաջիկայում մեծ շուքով կբացվի: Հաջորդաբար կապիտալ ներդրումներ են արվել Գրականության և արվեստի թանգարանում, Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում»:

9 տարբեր միջազգային ցուցադրություններ արտերկրում և Հայաստանում

Անդրադառնալով միջազգային համագործակցության կարևորությանը՝ որպես մշակութային դիվանագիտություն, Ժաննա Անդրեասյանն ընդգծել է. «Միջազգային համագործակցությունը հատկապես կարևոր է հանրային տեսանելիությունը բարձրացնելու տեսանկյունից: Այն նաև ապահովում է զարգացման, նոր մոտեցումների չափանիշներ: 2024 թ. ունեցել ենք 9 տարբեր միջազգային ցուցադրություններ արտերկրում և Հայաստանում: Բրիտանական թանգարանի հետ համագործակցությամբ կազմակերպված «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրությունը Հայաստանի Հանրապետության՝ մինչ այս ունեցած ամենաշատ այցելուներով ցուցադրությունն էր: Մեր նպատակը սահմանված այս նշաձողը գերազանցելն է»:

Նա անդրադարձել է նաև տարբեր թանգարանների՝ առաջիկայում պլանավորած միջազգային համագործակցություններին: Ամփոփելով խոսքը՝ ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել, որ վաղը՝ «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակում, ՀՀ թանգարաններն այցելուների պակաս չեն ունենա, ինչպես նախընթաց տարիներին:

Մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանի նշմամբ՝ Թանգարանների միջազգային օրը հիմք է դրվել 1977 թվականին՝ նպատակ ունենալով բարձրաձայնելու թանգարանների փոփոխվող դերն ու առաքելությունը:

«Յուրաքանչյուր տարի Թանգարանների միջազգային խորհուրդը ներկայանում է նոր խորագրով, որն ամփոփում է առավել արդիական թեմաները և թանգարանների նոր առաքելությունն այդ մարտահրավերներին դիմագրավելու ուղղությամբ: Այս տարի Թանգարանների օրն անցկացվում է «Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում» խորագրի ներքո՝ ուղենշելով, թե թանգարաններն ինչպես կարող են իրենց նպաստը բերել սոցիալ-տեխնոլոգիական և կլիմայական հիմնարար փոփոխությունների ենթարկվող աշխարհին: Հիմնական ուղերձ սահմանում են թանգարանները՝ որպես փոփոխության կատալիզատորներ: Հայաստանի Հանրապետությունում թանգարանների ոլորտն այս պահին հիմնարար փոփոխությունների է ենթարկվում՝ նորանոր բարեփոխումներով»:

Աստղիկ Մարաբյանի տեղեկացմամբ՝ այս տարի Դուբայում կայանալու է Թանգարանների միջազգային խորհրդի վեհաժողովը, որի հիմնական թեմաներից է ընտրվել ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը՝ որպես թանգարանների հիմնական առաքելություն: «Հաշվի առնելով, որ գլոբալ փոփոխությունների ենթարկվող աշխարհում ոչ նյութական մշակութային ժառանգության նշանակությունն էլ ավելի է կարևորվում, այս առումով թանգարանները հենց այն կարևոր կառույցներն ու հարթակներն են, որոնք իրենց առաքելությունը և դերակատարումը պետք է ստանձնեն այդ հավաքական ինքնությունը պահպանելու, մեր ժառանգությունը կենսունակ պահելու և այն սերունդներին փոխանցելու գործում»,- ասել է Աստղիկ Մարաբյանը:

Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական ծրագրեր

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Ավետիսյանն անդրադարձել է մեծն վարպետի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական ծրագրերին, ամփոփել է Լայպցիգում իրականացված միջոցառումները: Արմենուհի Ավետիսյանը տեղեկացրել է՝ մայիսի 17-ին՝ ժամը 17:00-ին, տեղի կունենա Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի գրական հատվածի նոր ցուցադրության բացումը՝ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագրի շրջանակում:

«20 տարի անց թանգարանը նոր ցուցադրություն է ունենալու, որտեղ նոր Իսահակյան ենք բացահայտելու՝ ավելի մտերիմ, ջերմ: Փորձել ենք այնպես անել, որ Վարպետն ընկալելի լինի թե՛ փոքրերին, թե՛ մեծերին, թե՛ զբոսաշրջիկներին, իսկ նրա թողած հսկայածավալ ստեղծագործական ժառանգությունը և հասարակական-քաղաքական կյանքում նրա ակտիվ գործունեությունը հասանելի լինեն բոլորիս»,- ասել է Արմենուհի Ավետիսյանը:

Անդրադառնալով տարվա ընթացքում սպասվելիք ծրագրերին՝ նա առանձնացրել է Փարիզի Ինալկո համալսարանի հետ իրականացվելիք միջոցառումները, որոնց շրջանակում կազմակերպվելու է իսահակյանական երկօրյա համաժողով, ներկայացվելու է թանգարանի կողմից ստեղծված «Վարպետը» անիմացիոն ֆիլմը, տեղի է ունենալու «Աբու-Լալա Մահարի» պոեմի ֆրանսերեն հրատարակության շնորհանդեսը: Միջոցառումների շարք է նախատեսվում նաև Վենետիկում:

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանն ընդգծել է՝ ոչ նյութական մշակութային ժառանգությունն այն կարևորագույն ոլորտներից մեկն է, որն անմիջականորեն կապվում է մեր ինքնության հետ:

«Ցանկանում ենք, որ յուրաքանչյուր այցելու թանգարանից հեռանա ոչ միայն գիտելիքով, այլև այն զգացողությամբ և տպավորությամբ, որը շատ երկար կրելու է: Ըստ մեր թանգարանի նոր ձևաչափի և հայեցակարգի՝ այն դառնում է մի հարթակ, որտեղ յուրաքանչյուր անհատ կարող է ակտիվացնել իր 5 զգայարանները: Սա բավական հետաքրքիր փորձառություն է: Այս ձևաչափով թանգարանն ամբողջությամբ այլ բովանդակություն է բերում իր բոլոր շահառուներին»,- ասել է Լուսինե Թորոյանն ու ներկայացրել թանգարանի կողմից իրականացվող մի շարք կրթական ծրագրեր:

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի տնօրենը կարևորել է նաև ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ յուրաքանչյուր տարի Սուրբ ծննդյան տոնավաճառներին մասնակցությունը. «Հազարավոր այցելուներ հնարավորություն են ունենում ծանոթանալու հայկական մշակույթին: Կարևորում եմ նաև մեր փառատոնային ակտիվ գործունեությունը: Առաջիկայում էլ՝ հունիսի 21-22-ին, անցկացվելու է «Արհեստների չորրորդ փառատոնը»»:

Մամուլի ասուլիսից հետո մի շարք թանգարանների աշխատակիցներ թանգարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի, մշակույթի բնագավառում անբասիր և երկարամյա աշխատանքային գործունեության համար պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով, պատվոգրերով և շնորհակալագրերով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում>> թեման և սիրով հրավիրում քննարկման: Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղծման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Արդյո՞ք խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Հարգելի ուսուցիչներ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «Գործողություններ բազմությունների հետ » և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին,կանեք մեջբերումներ ու առաջարկություններ : Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…