Միավորված ազգերի կազմակերպության վեհաժողովն ապրիլի 6֊ը հայտարարել է Սպորտի միջազգային օր։
Օրվան ընդառաջ Մասիսի հ․3 հիմնական դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչներ` Լ.Սողոմոնյանը և Գ.Գրիգորյանը կազմակերպեցին Սպորտլանդիա 4ա,բ,գ և 5ա,բ դասարանների միջև, որը ընդգրկում էր շարժախաղեր, փոխանցումավազքեր, պարանի ձգում և այլն։ Առողջ մրցակցության արդյունքում հաղթող դարձավ 4ա դասարանը։ Սպորտը հզոր զենք է հաշտության, խաղաղության և մերձեցման համար։ Սպորտը պետք է ծառայի մարդկությանը՝ խրախուսելով խաղաղություն առողջ ապրելակերպի, մշակույթի և կրթության միջոցով։
Լինենք առողջ, մարզված և կրթված։
Մասիսի հ․3 հիմնական դպրոց
Մասիս քաղաքի հ․3 հիմնական դպրոցի գրադարանավար Մ. Խաչատրյանը կազմակերպել էր 4ա,բ,գ դասարանների համար հեքիաթի ընթերցում և մուլտֆիլմի դիտում՝ նվիրված մանկական գրքերի միջազգային օրվան և աշխարհահռչակ ու երեխաների կողմից անչա՜փ սիրված հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի ծննդյան տոնին։
Գրադարանավարը նախ ներկայացրեց օրվա խորհուրդը, խոսեց հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի կյանքի և ստեղծագործությունների մասին, այնուհետև դիտեցին մուլտֆիլմեր, իսկ ավարտելուն պես քննարկեցին։ Եվ այս տոնի նպատակն է՝ ևս մեկ անգամ մեզ հիշեցնել գրքի ու հատկապես մանկական գրքի կարևորության մասին:
Մասիս քաղաքի հ․3 հիմնական դպրոց
«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, շարունակում է «Սփյուռքը տոնում է…» համայնքային և դպրոցական տոնական միջոցառումների տեսահոլովակների մրցույթը: Այս անգամ մրցույթը նվիրված է մայիսյան փառահեղ տոներից մեկին՝ մայիսի 28-ի Հանրապետության տոնին:
Մրցույթի նպատակն է նպաստել սփյուռքի կրթօջախներում հայկական տոների և դրանց խորհրդի հետ կապված գիտելիքի զարգացմանը, ազգային ոգու բարձրացմանը, ինչպես նաև ներկայացնել սփյուռքում իրականացվող ազգանվեր աշխատանքը հայաստանյան հասարակությանը:
Տոնի խորհրդին առավել մոտ, ինչպես նաև ստեղծագործական առավել հետաքրքիր տեսահոլովակները կտեղադրվեն հրատարակչության Youtube ալիքում՝ դպրոցի մասին համառոտ տեղեկությամբ:
Հաղթանակի արժանացած դպրոցները կպարգևատրվեն «Էդիթ Պրինտ» հրատարակչության գրքերով:
Տեսահոլովակները պետք է լինեն 3-10 րոպե տևողությամբ:
Տեսահոլովակների ներկայացման վերջժամկետը 2024թ. հունիսի 16-ն է: Տեսահոլովակները պետք է ուղարկել spyurq@editprint.am հասցեին:
Նախորդ հոլովակը կարող եք տեսնել այստեղ. https://www.youtube.com/watch?v=vlg6XKiywNA
Գեղարքունիքի մարզում մեկնարկած «Թատերական երկամսյակ» ծրագիրը շարունակվում է: Ծրագրի ընթացքում Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում հանդես են եկել ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող տարբեր թատերահամերգային կազմակերպություններ։
Թատերական երկամսյակը, մասնավորապես, նշանավորվել է փոքրիկ հանդիսատեսի համար: Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը Լևոն Քալանթարի անվան թատրոնի բեմում հանդես է եկել «Բարեկենդանը» մանկական ներկայացմամբ: Փոքրիկ հանդիսատեսը դիտել է նաև Երևանի խամաճիկների պետական թատրոնի «Սպիտակաձյունիկը» գունեղ և տպավորիչ հեքիաթ-ներկայացումը: Ազգային տիկնիկային թատրոնն էլ ներկայացել է Հովհաննես Թումանյանի «Անխելք մարդը» բեմադրությամբ:
«Թատերական երկամսյակի» շրջանակում հերթական ներկայացումը նվիրված էր ապրիլի 7-ին՝ Մայրության և գեղեցկության տոնին: Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում էին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանները: Հանդիսատեսը դիտել է Նոդար Դումբաձեի «Կուկարաչա» դրաման՝ 1 գործողությամբ:
Գավառի թատրոնում երկամսյակը հընթացս կնշանավորվի նաև այլ թատրոնների ներկայացումներով:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է ՀՀ Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի Դեբետ բնակավայրում կառուցվելիք հանրակրթական դպրոցի հիմնարկեքի արարողությանը:
Միջոցառմանը ներկա են եղել նաև Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը, ՔՈԱՖ-ի ներկայացուցիչներ, պաշտոնյաներ, հյուրեր:
Դեբետի դպրոցը կառուցվում է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի «Գյուղական համայնքների համապարփակ զարգացման ծրագրերի» շրջանակում՝ COAF-ի բարերարներ Հարություն և Սյուզան Մանգոյանների ժառանգների հովանավորությամբ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է հանրակրթության ոլորտում պետական միջոցներով կատարվող ներդրումներին, մասնավորապես՝ 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու, վերանորոգելու և հիմնանորոգելու Կառավարության ծրագրերին, որոնց նպատակն է Հայաստանի բոլոր բնակավայրերում կրթական բարենպաստ պայմաններ ստեղծելով՝ կրթությունը դարձնել առավել հասանելի։
«Վստահ եմ, որ լավ միջավայրում կրթության հարուստ բովանդակությամբ և արհեստավարժ ուսուցիչներով նոր դպրոց կունենանք: Շնորհակալություն այն մարդկանց, որոնք իրենց ներդրումն են ուզում ունենալ մեր երկրի կրթության ոլորտի փոփոխություններին ուղղված ծրագրերում»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:
Դպրոցի կառուցման «Գիր հաստատման» հուշաթուղթը բարերարների ստորագրությամբ և դպրոցի կրտսեր աշակերտների ձեռքերով դրվել է շինության հիմքում, որով էլ տրվել է Դեբետի դպրոցի շինարարության պաշտոնական մեկնարկը:
Կառուցվելիք դպրոցը կլինի կրթության արդի չափանիշներին համապատասխան կրթօջախ. այն կունենա ժամանակակից դասարաններ, լաբորատորիաներ, ստեղծագործական տարածքներ, սպորտային խաղահրապարակներ՝ Դեբետում ստեղծելով նոր կրթական միջավայր: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ սերտ համագործակցության արդյունքում դպրոցի շենքը հագեցած կլինի գերժամանակակից սարքավորումներով, որոնք կխթանեն արդյունավետ ուսուցման գործընթացը։
Նոր դպրոցը կծառայի որպես հիմնական ուսումնական հաստատություն՝ ներառելով տարրական, միջնակարգ և ավագ դպրոցների ծրագրերը։ Շենքը կբավարարի շուրջ 190 աշակերտի ուսումնառության պահանջը: Դպրոցի բացումը նախատեսվում է 2025 թվականի սեպտեմբերին:
Դեբետի միջնակարգ դպրոցում այժմ սովորում է 114 աշակերտ, որոնց ուսումնառությունը ժամանակավորապես կազմակերպվում է «COAF ՍՄԱՐԹ» կենտրոնում և Դեբետի վարչական շենքում:
Հայաստանի պատմության թանգարանի 32 ուշագրավ ցուցանմուշներ ներկայացված են Վենետիկի հեղինակավոր թանգարաններից մեկում՝ Դոժերի պալատում բացված «Մարկո Պոլոյի աշխարհները․ 13-րդ դարի վենետիկյան վաճառականի ճանապարհորդությունը» խորագրով միջազգային ցուցահանդեսին։
Ցուցահանդեսը նվիրված է իտալացի հայտնի ճանապարհորդ, վաճառական Մարկո Պոլոյի մահվան 700-րդ տարելիցին: Ցուցահանդեսի շրջանակում ավելի քան 300 ցուցանմուշներ են համադրվել Հայաստանից, Իտալիայից, Հունաստանից, Գերմանիայից, Իսպանիայից, Դանիայից, Չինաստանից, Քաթարից և այլ երկրներից։ Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից ցուցադրված են այնպիսի հոյակերտ նմուշներ, ինչպիսիք են՝ Անիից պեղված 13-րդ դ․ փայտյա փորագրազարդ գրակալներից մեկը, վագրի և հովազի մենամարտը պատկերող ոսկեթել հյուսվածքով մետաքսե գործվածքի պատառիկը, Անիից և Դվինից պեղված տարբեր գեղազարդումներով և պատկերներով ջնարակապատ ափսեներ, անոթներ, գավաթներ, ապակե հետաքրքիր նմուշներ, Սպիտակավոր եկեղեցուց իշխան Ամիր Հասանի որսի տեսարանով բարձրաքանդակը, Կիլիկյան Հայաստանի Լևոն II և Լևոն III արքաների արծաթյա դրամները և այլ խորհրդանշական նմուշներ։
Ցուցանմուշներն ուղեկցվում են «Երկու Հայաստանները և Մարկո Պոլոյի մուտքը Ասիա» և «Հայաստան՝ արքայի, գործվածքի, առևտրի և մշակույթի երկիր» խորագրերով բացատրական տեքստերով ու քարտեզներով, որոնք հնարավորություն են տալիս այցելուներին ճանապարհորդելու Մարկո Պոլոյի ժամանակների միջնադարյան հայկական աշխարհով։
Ցուցահանդեսը գործելու է մինչև 2024 թ. սեպտեմբերի 29-ը։
Գերծանրքաշային հայ ծանրորդ Վարազդատ Լալայանը երկամարտի 463 կգ արդյունքով (210+253 կգ) ոսկե մեդալ է նվաճել Թաիլանդի Պհուկետ քաղաքում ավարտված ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում:
Պոկում վարժությունում Լալայանը գլխավերևում պահել է 210 կգ, իսկ հրում վարժությունում՝ 253 կգ ծանրաձողը՝ առանձին վարժություններում ևս արժանանալով փոքր ոսկե մեդալներին:
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը երկամարտում գրանցել է 440 կգ արդյունք և զբաղեցրել է 4-րդ տեղը: Պոկում վարժությունում գլխավերևում պահելով 195 կգ, իսկ հրում վարժությունում՝ 245 կգ ծանրաձողը՝ Մարտիրոսյանը դուրս է մնացել մեդալային պայքարից:
Ավելի վաղ աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի չեմպիոն Գարիկ Կարապետյանը դարձել էր արծաթե մեդալակիր, Անդրանիկ Կարապետյանը 0 էր ստացել, իսկ Սամվել Գասպարյանը հրաժարվել էր պայքարից:
Թաիլանդում ավարտված աշխարհի գավաթի խաղարկությունը հայ ծանրորդների վերջին վարկանիշային մրցաշարն է Փարիզի Օլիմպիական խաղերից առաջ: Աշխարհի գավաթով հայ ծանրորդները լրացնում են օլիմպիական վարկանիշների համար 6 պարտադիր մրցաշարերը, որոնց պետք է մասնակցեին համապատասխան օլիմպիական վարկանիշային միավորներ վաստակելու համար:
Հայաստանը Փարիզի Օլիմպիական խաղերին կմասնակցի 3 ծանրորդով, որոնց անունները դեռևս հայտնի չեն:
Կանանց մրցաշարում Հայաստանը ներկայացուցիչ չի ունենա:
Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կկայանան 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:
Այս տարի Ազգային գրադարանային շաբաթը կանցկացվի ապրիլի 15-22-ը՝ «Գրադարանը նորարարության հարթակ» կարգախոսով: Կարգախոսի խորհուրդը գրադարանների արժևորումն է՝ որպես մշակութային, նորարարական և սոցիալական հարթակ:
Միջոցառման նպատակն է կարևորել գրքի և գրադարանների դերն ու նշանակությունը հասարակության կրթամշակութային զարգացման գործում: Միաժամանակ, այն հարթակ է գրադարանային համակարգի արդի հիմնախնդիրների բացահայտման, դրանց լուծման և կարգավորման ուղիների որոնումների համար:
«Ազգային գրադարանային շաբաթ» միջոցառմանը հետաքրքիր և հագեցած ծրագրերով մասնակցում են ՀՀ պետական և համայնքային գրադարանները:
Ծրագրերում ներառված են մասնագիտական, նորարարական և տարվա հոբելյաններին նվիրված տարատեսակ միջոցառումներ, որոնք միտված են գրքի և ընթերցանության դերի բարձրացմանը, ընթերցող-գրադարան կապի սերտացմանը, ինչպես նաև գրադարանային ոլորտին առնչվող հիմնահարցերի կարևորմանը: Շաբաթը կնշանավորվի ՀՀ գրադարանների փոխայցերով:
Ավանդական դարձած Ազգային գրադարանային շաբաթը կազմակերպվում և անցկացվում է Հայկական գրադարանային ասոցիացիայի կողմից` սկսած 2002 թվականից:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի (ՖԽՄԿ) տնօրեն Զեյնա Մինայի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Դանիել Դանիելյանը:
Ողջունելով հյուրերին՝ ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանի հայտը հաստատելու և Ֆրանկոֆոնիայի հոբելյանական՝ 10-րդ խաղերի անցկացումը մեր երկրին վստահելու համար:
«Մեծ պատասխանատվությամբ ենք վերաբերվում խաղերի անցկացման այս կարևոր հանձնառությանը. կանենք հնարավորը, որպեսզի Հայաստանում 2027 թվականին կայանալիք խաղերը դառնան լավագույնը մրցաշարի անցկացման պատմության մեջ՝ կազմակերպման և որակի առումով: Այս գործում շատ կարևոր են նաև Ձեր աջակցությունը և ուղղորդումը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:
Հանդիպմանը քննարկվել են Ֆրանկոֆոնիայի խաղերի անցկացման նախապատրաստական աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր, որոնք, մասնավորապես, վերաբերել են խաղերի կազմակերպման նպատակով ազգային և տեխնիկական կոմիտեների ստեղծմանը, ինչպես նաև անհրաժեշտ ենթակառուցվածքներին: Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ 5-օրյա այցի շրջանակում այցելել են մարզական ու մշակութային մի շարք հաստատություններ, հանդիպել տարբեր մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ, քննարկել մարզաձևերի անցկացման կազմակերպչական հարցերը։
ՖԽՄԿ տնօրեն Զեյնա Մինան վստահություն է հայտնել, որ Հայաստանը պատվով կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի հոբելյանական 10-րդ խաղերը: Քննարկվել են մասնակիցների կեցությունը, տեղաշարժն ու անվտանգությունն ապահովելու, լրատվամիջոցների աշխատանքը կազմակերպելու համար անհրաժեշտ պայմանները, ինչպես նաև խաղերի հեռարձակմանը վերաբերող հարցեր։
Անդրադառնալով խաղերի նախապատրաստական աշխատանքներին՝ անդրադարձ է կատարվել նաև կամավորների ներգրավմանը` նշելով, որ այդ աշխատանքներում կընդգրկվեն բուհերի և ավագ դպրոցների ֆրանսախոս սովորողները: Այս համատեքստում կարևորվել է Հայաստանում ֆրանսերենի տարածումը խթանելու անհրաժեշտությունը, ինչպես նաև ֆրանսերենով ուսուցում իրականացնող կրթական հաստատությունների հետ սերտ համագործակցությունը:
Նշենք՝ հունիսի վերջին Փարիզում տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի 2027 թվականի մարզամշակութային խաղերի անցկացման վերաբերյալ համաձայնագրի ստորագրման արարողությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կազմակերպչական մի շարք այլ հարցեր:
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ներառված առաջատար ամսագրերում կամ հրատարակչություններում հրատարակությունների ծախսերը փոխհատուցելու համար մրցույթ կազմակերպելու և ֆինանսական միջոցներ տրամադրելու կարգը։
Ըստ կարգի՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն ֆինանսական փոխհատուցում է տրամադրելու «Web of Science» միջազգային գիտատեղեկատվական շտեմարանների կամ «Scimago Journal & Country Ranking» պորտալի`
- բնական գիտությունների, ճարտարագիտության և տեխնոլոգիաների, բժշկական գիտությունների, գյուղատնտեսական գիտությունների մասնագիտություններով Q1 քառորդում ընդգրկված,
- իսկ հասարակական գիտությունների, հայագիտության և հումանիտար գիտությունների մասնագիտություններով՝ առնվազն Q2 քառորդում ընգրկված բաց հասանելիության (open access) գիտական ամսագրերում գիտական հոդվածների հրատարակման ծախսերը փոխհատուցելու համար:
Մրցույթի շրջանակում չեն դիտարկվում MDPI, Frontiers և Hindawi հրատարակչություններում ընդգրկված ամսագրերում հրատարակված գիտական աշխատանքները, 50 և ավելի հեղինակներ ունեցող գիտական աշխատանքները:
Հրատարակման ծախսերը փոխհատուցելու համար ֆինանսական միջոցների տրամադրման առավելագույն չափը յուրաքանչյուր գիտական աշխատանքի համար 2,5 միլիոն դրամ է։
Փոխհատուցում կարող է տրամադրվել ամբողջությամբ, մասամբ՝ նշելով գումարի չափը, ինչպես նաև կարող է չտրամադրվել (կարգի 3-րդ և 5-րդ կետերի պահանջներին չբավարարելու դեպքում):
Հրատարակված յուրաքանչյուր գիտական աշխատանք մրցույթին կարող է ներկայացվել մեկ անգամ։ Հայտը ներկայացնում է orgs.hesc.am համակարգով։
Կարգի վերաբերյալ վերաբերյալ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության հետազոտական ծրագրերի բաժնից աշխատանքային օրերին՝ ժամը 14:00-18:00-ն, հեռ.՝ +374 10 210 140 (113):
Թաիլանդի Թագավորության բարձրագույն կրթության, գիտության, հետազոտությունների և նորարարության նախարարությունը հրապարակել է Թաիլանդի բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից 2024 թվականին միջազգային ուսանողների համար առաջարկվող կրթաթոշակների ցանկը։
Կից՝ համապատասխան տեղեկատվական նյութերը, որոնք հասանելի են նաև https://mhesi.e-office.cloud/d/ffeb26cc հղմամբ:
Լրացուցիչ տեղեկությունների և հայտերի ներկայացման համար անհրաժեշտ է կապ հաստատել Թաիլանդի համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատության հետ:
Պորտալի նյութերը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ -ին (www.armedu.am) պարտադիր է:
Պորտալը շահագործում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ)
© Կրթական տեխնոլոգիաներին ազգային կենտրոն, 2007-2024