ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է «Կանանց և աղջիկների կրթություն» մրցանակ, որը շնորհվում է անհատներին, հաստատություններին կամ հասարակական կազմակերպություններին, որոնց կողմից իրականացվող (առնվազն երկու տարի) ծրագրերն ու նախաձեռնություններն ունեն երկարաժամկետ ազդեցություն աղջիկների և կանանց կրթության վրա:
Մրցանակն ուղղված է Կայուն զարգացման 4-րդ և 5-րդ նպատակների իրականացմանը, այն է՝ ապահովել ներառական ու որակյալ կրթություն բոլորի համար և ողջ կյանքի ընթացքում խթանել ուսման հնարավորություններ, հասնել գենդերային հավասարության և զորացնել բոլոր կանանց ու աղջիկներին։
Յուրաքանչյուր երկիր կարող է ներկայացնել առավելագույնը 3 թեկնածություն: Թեկնածությունների ներկայացումը հնարավոր է միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության կողմից, իսկ ինքնաառաջադրված հայտերը չեն ընդունվում։ Մրցանակի կանոնադրական պահանջներին և շնորհման չափանիշներին չհամապատասխանող հայտերը չեն ուսումնասիրվում:
Մրցանակի վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ կցված նյութից, ինչպես նաև կազմակերպության կայքից:
Փաստաթղթերի ամբողջական փաթեթը պետք է ուղարկել ՀՀ ԿԳՄՍՆ (էլ. փոստ՝ international@escs.am) մինչև 2024 թվականի ապրիլի 30-ը:
ՌԴ Դաշնային ժողովի և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի նախաձեռնությամբ 2024 թվականի հունիսի 20-ից հուլիսի 6-ը նախատեսվում է անցկացնել «Հիշողության գնացք» կրթամշակութային ծրագիրը:
Ծրագրին մասնակցելու պատրաստակամություն են հայտնել ԱՊՀ 9 երկրի, այդ թվում՝ ՀՀ ներկայացուցիչները: Ծրագրին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների 10-11-րդ դասարանի աշակերտները, ինչպես նաև համապատասխան տարիքային խմբում գտնվող նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողները:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական գրությամբ ծրագրի մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մարզպետարանների համապատասխան ստորաբաժանումներին:
Ծրագրի մասնակիցները պետք է լրացնեն համապատասխան հայտը, գրեն շարադրություն «Հիշողությունն իմ ընտանիքում» թեմայով /ռուսերեն, մինչև 3000 բառ/ և մինչև 1,5 րոպե տևողությամբ տեսանյութ պատրաստեն «Ինչու հենց ես պետք է դառնամ «Հիշողության գնացք» ծրագրի մասնակից» թեմայով:
«Հիշողության գնացք» ծրագրի մասնակիցների շրջանում անցկացվում է մրցույթ, որի արդյունքում կընտրվի 15 մասնակից: Ցանկության դեպքում անհրաժեշտ է մինչև ապրիլի 19-ը ԿԳՄՍ նախարարություն ներկայացնել մասնակցի ամբողջական փաթեթը:
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել ԿԳՄՍՆ հանրակրթության վարչություն հետևյալ հեռախոսահամարով՝ 010-599-610:
Հայաստանյան հրատարակիչների հինգ գրքեր Մոսկվայում կայացած «Գրքարվեստ» 20-րդ միջազգային մրցույթում արժանացել են մրցանակային պատվավոր տեղերի:
Մրցանակները հաղթող կառույցների ներկայացուցիչներին այսօր հանձնել է ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը:
«Այս մրցանակաբաշխությունը, որը ձևավորվել է ԱՊՀ շրջանակում, գրահրատարակչության զարգացման, նոր գրքերի հրատարակման, տվյալ ժողովրդի պատմության և ժառանգության հանրահռչակման առումով կարևոր դերակատարություն ունի: Մեր գրահրատարակիչները միշտ պատվով են ներկայացել այս հարթակում, և Հայաստանը մշտապես վերադարձել է մրցանակներով»,- ասել է Սվետլանա Սահակյանը:
«Գրքարվեստ» 20-րդ միջազգային մրցույթում ներկայացված էր 49 հրատարակություն՝ ԱՊՀ 6 երկրից: Հայաստանի մասնակցության աշխատանքները համակարգել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Միջազգային մրցույթի հանձնաժողովի հայաստանյան ներկայացուցիչը Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանն էր: Մինչև մրցույթի միջազգային փուլը Հայաստանի ազգային գրադարանը ստեղծել էր հայաստանյան հանձնաժողով, որն ընտրել էր մրցույթին ներկայացնելու գրականության ցանկը։ Մեր երկիրը ներկայացել է յոթ անվանակարգում: Հայաստանյան հրատարակիչների հինգ գրքեր արժանացել են մրցանակային պատվավոր տեղերի․
1․ «Իմ երկիրը» անվանակարգում առաջին մրցանակի է արժանացել «Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը» անգլերեն պատկերագիրքը, որը լույս է տեսել ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվերով («Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ, 2022):
2․ «Համագործակցություն» անվանակարգում երկրորդ մրցանակի է արժանացել «Ռուսական ազգագրության թանգարանի հայկական հավաքածուները» ռուսերեն-անգլերեն պատկերագիրքը, որը լույս է տեսել ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվերով (ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, 2022):
3․ «Մշակութային երկխոսություն» անվանակարգում երկրորդ մրցանակի է արժանացել Զավեն Բոյաջյանի և Ռուզաննա Բագրատունյանի «Համո Բեկնազարյան» անգլերեն պատկերագիրքը, որը Հայ կինոյի 100-ամյակի շրջանակում լույս է տեսել ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվերով («Անտարես» հրատարակչություն, 2022):
4․ «Մանկապատանեկան գիրք» անվանակարգում երկրորդ մրցանակի է արժանացել «Թումանյանը աշխարհի երեխաներին» հայերեն-անգլերեն պոեմների և բալլադների ընտրանին («Էդիթ պրինտ» հրատարակչություն, 2022):
5․ «Արվեստի գիրք» անվանակարգում երրորդ մրցանակի է արժանացել Գևորգ Բրուտյանի «Հայկական տարազ» հայերեն-անգլերեն պատկերագիրքը («Էդիթ պրինտ» հրատարակչություն, 2022):
Նշենք, որ «Համո Բեկնազարյան», «Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը», «Ռուսական ազգագրության թանգարանի հայկական հավաքածուները» գրքերը տպագրվել են ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագրով:
Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքում (հասցե՝ Ալ. Մանուկյան 1) ապրիլի 13-ին տեղի կունենա Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլը:
Մուտքն ազատ է. միջոցառմանը կարող են ներկա գտնվել բոլոր ցանկացողները, այդ թվում՝ դպրոցական տարբեր խմբեր:
Հիշեցնենք՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կազմակերպած փառատոնի նպատակն է դպրոցահասակների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության սերմանումը, խմբային աշխատանքի, նորարարական նախագծերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունների զարգացումը:
Փառատոնին մասնակցելու համար անհատական կամ հետազոտական խմբերը՝ գիտական ղեկավարի աջակցությամբ, ուսումնական տարվա ընթացքում իրականացրել են իրենց կողմից առաջադրված գիտահետազոտական նախագծերը: Եզրափակիչ փուլում նրանք կներկայացնեն հետազոտությունների արդյունքները:
«Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2024»-ի նախագծերը կարող են ներկայացվել ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում (Los Angeles Convention Center) կայանալիք «Regeneron միջազգային գիտական և ճարտարագիտական տոնավաճառ (ISEF-2024)»-ին, ինչպես նաև «Երիտասարդ գիտնականների համար ԵՄ մրցույթ (EUCYS)»-ին, որը տեղի կունենա Լեհաստանում։
«Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2024»-ին մասնակցելու համար ներկայացվել է շուրջ 80 նախագիծ:
ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա պետությունում գործող ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում աշխատող դիվանագետների ընտանիքների անդամների ընդունելության կարգում» փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում օտարերկրյա դիմորդների փաստաթղթերի ընդունելության նպատակով ստեղծված էլեկտրոնային համակարգի շահագործմամբ և այդ նպատակով համապատասխան օրենսդրական պայմանների ապահովմամբ:
Մասնավորապես՝ նախագծով առաջարկվում է.
Օտարերկրյա դիմորդների փաստաթղթերի ընդունելության էլեկտրոնային dev-fs.amis.am համակարգի կիրառումը հնարավորություն կընձեռի օտարերկրյա դիմորդներին ներգրավել ՀՀ ուսումնական հաստատություններ, ընդլայնել աշխարհագրությունը և ավելացնել օտարերկրյա ուսանողների թվաքանակը: Նույն համակարգում ՀՀ ուսումնական հաստատությունների մասին համապարփակ տեղեկությունը օտարերկրացիների համար գրավիչ կդարձնեն հայաստանյան բուհերը և տեսանելի կդարձնեն դրանց կողմից առաջարկվող ծառայությունները (կրթական աստիճաններ, մասնագիտություններ, ուսուցման եղանակներ և լեզուներ, ուսման վարձավճարներ և այլն): Արդյունքում՝ կբարձրանա ՀՀ կրթական համակարգի միջազգային գրավչությունն ու հեղինակությունը:
Քաղաքացիները և շահառու խմբերը կարող են իրենց առաջարկություններն ու դիտողությունները մինչև ապրիլի 20-ը ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն ու «LOGOS EXPO Center» ցուցահանդեսային ընկերությունն ապրիլի 10-12-ն անցկացնում են «Կրթություն և կարիերա EXPO 2024» ցուցահանդեսը, որի բացման արարողությանն այսօր մասնակցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:
Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող ավանդական 23-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի մասնակիցներն են Հայաստանում և արտասահմանում գործող ուսումնական հաստատությունները՝ բուհեր, քոլեջներ, դպրոցներ, ուսումնական կենտրոններ և միջազգային դոնոր կազմակերպություններ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը նախարար Ժաննա Անդրեասյանի անունից ողջունել է ներկաներին՝ իր խոսքն ուղղելով հատկապես դպրոցականներին. «ԿԳՄՍ նախարարության առանցքային քաղաքականությունն է կրթություն-գործատու կապի ամրապնդումը և կրթությունը ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին համապատասխանեցնելը, ինչի ուղղությամբ իրականացվում են տարաբնույթ ծրագրեր: «Կրթություն և կարիերա EXPO» ամենամյա ցուցահանդեսը լրացնում է այդ մոտեցումը՝ ուղղորդելով դպրոցականներին՝ ուսումնասիրելու ծանոթ ու անծանոթ մասնագիտություններ, որոշելու՝ որ ուղղությամբ պետք է գնալ, ինչ ոլորտ ընտրել, և ըստ այդմ՝ ինչպիսի քաղաքացի դառնալ»: Փոխնախարարը կոչ է արել դպրոցականներին լավ սովորել և դառնալ պահանջված մասնագետ:
Դանիել Դանիելյանը շրջել է տաղավարներում, զրուցել մասնակիցների հետ և ծանոթացել նրանց ներկայացրած նյութերին: Փոխնախարարը հետաքրքրվել է ուսումնական հաստատությունների կրթական ծրագրերով, հնարավորություններով և առկա խնդիրներով:
Ցուցահանդեսի հիմնական նպատակն է դպրոցականներին և ուսանողներին տրամադրել տեղեկություն ժամանակակից կրթության վերաբերյալ, նպաստել կրթօջախների և ձեռնարկությունների միջև գործնական հարաբերությունների կայացմանը, տեղեկացնել զբաղվածության շուկայում առավել պահանջարկ ունեցող մասնագիտությունների մասին, հանդիպումներ կազմակերպել աշխատանք փնտրողների և իրական գործատուների միջև, ինչպես նաև ծրագրում ներգրավել պետական, մասնավոր և հասարակական կազմակերպություններին՝ իրենց կրթական նոր ծրագրերով:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող կանադական գործարար առաքելության ներկայացուցիչներին:
Կանադայի Եվրասիական առևտրի պալատի տարածաշրջանային տնօրեն, «Edusie Learning Inc.» Յորքի համալսարանի ներկայացուցիչ Տատյանա Դոմիլովսկայայի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է գտնվում գործարար կապերի զարգացման նպատակով և այս համատեքստում հետաքրքրված է նաև կրթության և գիտության ոլորտի ծրագրերով:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ-ում Կանադայի դեսպան Էնդրյու Թերները, ներկայացուցիչներ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից, Երևանի պետական համալսարանից, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից, կանադական գործարար առաքելության այլ անդամներ, մասնավորապես՝ Saskatchewan Polytechnic և CyberPatient ընկերություններից:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է Կանադայի հետ տարբեր ոլորտներում համագործակցության մեծ ներուժը:
«Կարևորում ենք Կանադայի դեսպանության հետ անմիջական կապն ու Կանադայի հետ շփումների հաճախականության մեծացումը: Վստահ ենք՝ ունենք համագործակցության մեծ դաշտ՝ հատկապես գիտակրթական ոլորտում փոխգործակցությունը խորացնելու առումով»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը տեղեկացրել է ՀՀ կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին՝ մասնավորապես ներկայացնելով ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով բարձրագույն կրթության ոլորտում սահմանված նպատակներն ու թիրախները:
«Հավակնոտ նպատակներ ու խնդիրներ ունենք ձևակերպված հատկապես բուհերի միջազգայնացման, բարձրագույն կրթության և գիտության կապի առավել սերտացման առումով: Պետությունն էլ իր հերթին ակտիվ քայլեր է ձեռնարկում համակարգի զարգացման ուղղությամբ»,- ասել է Արթուր Մարտիրոսյանն ու այս համատեքստում կարևորել «Ակադեմիական քաղաք» ծրագիրը, որի նախագծային աշխատանքներն արդեն սկսված են:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է ծրագրի հայեցակարգը, համաձայն որի՝ մինչև 2030թ. նախատեսվում է խոշորացված բուհերի և միավորված գիտահետազոտական կազմակերպությունների համար ստեղծել նոր և ժամանակակից, լավագույն չափանիշներին համապատասխանող ֆիզիկական ենթակառուցվածքներ և միջավայր, որտեղ կլաստերների տեսքով կտեղակայվի և կգործի հաստատությունների մեծ մասը:
Նրա խոսքով՝ նախատեսվում են նաև պրոֆեսորադասախոսական կազմի և գիտաշխատողների կարողությունների զարգացման ծրագրեր, ինչպես նաև միջազգային համագործակցային կապերի ընդլայնում աշխարհի առաջատար բուհերի հետ՝ բարձրագույն կրթության ոլորտում լավագույն փորձի փոխանակման և ակադեմիական քաղաքի հայեցակարգի իրագործմանն աջակցելու նպատակով: Այս համատեքստում Արթուր Մարտիրոսյանն առաջարկել է դիտարկել Կանադայի բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համագործակցության հեռանկարները:
ՀՀ-ում Կանադայի դեսպան Էնդրյու Թերները շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել տարբեր ոլորտներում Հայաստանի հետ համագործակցության ընդլայնումն ու կանադական գործարար առաքելության առաջին այցը մեր երկիր: Դեսպանն ընդգծել է կրթության և գիտության ոլորտում ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների կարևորությունը՝ նշելով, որ կանադական կողմը պատրաստակամ է դիտարկելու այս ոլորտներում Հայաստանի հետ համագործակցության հեռանկարները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև միջբուհական համագործակցությունների հաստատման, վերապատրաստումների ու կրթական այլ ծրագրերի իրականացման հնարավորությունները, ինչպես նաև ՏՏ ոլորտում կապերի զարգացմանն ուղղված հարցեր:
Կանադական գործարար առաքելության ներկայացուցիչներն այցի շրջանակում հանդիպումներ են ունենալու նաև բուհերի պատասխանատուների հետ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Ազգային ժողովում Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների՝ գործուղման կարգով ՀՀ մարզերի հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատանքի անցնելու և հավելավճար ստանալու հարցին:
Նախարարը տեղեկացրել է՝ մարտի 31-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 330 ուսուցիչ գործուղվել է ՀՀ մարզերի դպրոցներ, սակայն հանրակրթության համակարգում ընդհանուր առմամբ ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 600 ուսուցիչ է աշխատում:
«ԼՂ-ից բռնի տեղահանված և ՀՀ մարզային դպրոցներ գործուղված բոլոր ուսուցիչները պետք է ստանան 30% հավելավճար, իսկ Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի որոշ բնակավայրերում աշխատանքի անցած ուսուցիչների համար նաև ամսական 50 հազար դրամ լրավճար է նախատեսված»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանն ու հավելել՝ եթե կան դեպքեր, երբ գումարները չեն տրվել, ուսուցիչները կարող են դիմել նախարարություն:
ԿԳՄՍ նախարարը նաև տեղեկացրել է՝ այժմ շրջանառվում է ՀՀ կառավարոսւթյան որոշման նախագիծ, ըստ որի ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների գործուղման ժամկետները կերկարաձգվեն, որպեսզի այն ուսուցիչները, որոնք դեռևս չեն դիմել գործուղման ծրագրին, հնարավորություն ունենան դիմելու:
Ազգային ժողովում Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ընթացքում Ժաննա Անդրեասյանին նաև հարց է ուղղվել դպրոց ընդունվելիս երեխաների բուժզննման տեղեկանք ներկայացնելու պահանջը պարտադիր դարձնելու անհրաժեշտության մասին:
«Դպրոց ընդունվելու գործընթացը պետք է լինի հնարավորինս պարզ ու մատչելի: Երեխաների պարբերական բուժզննման գործընթացները, կարծում եմ, որևէ կերպ պետք չէ կապել դպրոց ընդունվելու գործընթացի հետ: Ընդունելության պարագայում մենք փորձել ենք կրճատել անհրաժեշտ թղթաբանության ծավալները՝ գործընթացը հնարավորինս թվայնացնելով: Ընդունելության գործընթացում վարչարարության պարզեցման անհրաժեշտություն, միանշանակ, կար՝ հաշվի առնելով թե՛ տարատեսակ հերթերը, թե՛ կոռուպցիոն ռիսկերը: Բայց սա որևէ չի կարող անդրասառնալ երեխայի պարբերական բուժզննման անհրաժեշտության հետ»,- ասել է նախարարն ու հավելել, որ բուժզնմման տեղեկանքները շարունակում են ներկայացվել դպրոց, բայց ուսումնական տարվա ընթացքում՝ մինչև ուս.տարվա ավարտը:
«Բուժզննման տեղեկանքների ներկայացումը շարունակում է մնալ պարտադիր արդեն դպրոցում սովորելու ընթացքում, երեխայի բացակայության դեպքում»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինայի հետ:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:
Արայիկ Հարությունյանը ողջունել է Զեյնա Մինայի այցը մեր երկիր և կրկին շնորհակալություն հայտնել Հայաստանի հայտը հաստատելու և Ֆրանկոֆոնիայի հոբելյանական՝ 10-րդ խաղերի անցկացումը Հայաստանին վստահելու համար: Վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը կգործադրի բոլոր ջանքերը դրանք լավագույնս կազմակերպելու համար:
Զեյնա Մինան շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար:
Հանդիպմանը քննարկվել են հարցեր Ֆրանկոֆոնիայի խաղերի անցկացման նախատրաստական աշխատանքների վերաբերյալ: Այդ համատեքստում կարևորվել է նաև Հայաստանում ֆրանսերեն լեզվի տարածումը խթանելու անհրաժեշտությունը:
Նշվել է, որ հայկական կողմն արդեն վերջնականացրել է Խաղերի կազմակերպման Ազգային կոմիտեի ղեկավար կազմի ձևավորման գործընթացը: Ազգային կոմիտեի կազմում ընդգրկված են բոլոր շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները: Զրուցակիցներն ընդգծել են, որ Ազգային կոմիտեի գործադիր մարմնի ձևավորումն առաջնային կարևորություն ունի՝ Խաղերի կազմակերպման և ՖԽՄԿ և Հայաստանի միջև արդյունավետ աշխատանքն ապահովելու տեսանկյունից:
Սլովակիայի ակադեմիական տեղեկատվության գործակալությունը կրթաթոշակների ազգային ծրագրի շրջանակում ընդունում է հայտեր՝ 2024-2025 ուսումնական տարում այդ երկրի կրթական հաստատություններում սովորելու, դասավանդելու և մշակութային այցեր ֆինանսավորելու նպատակով։
Ընթացակարգի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն դիմորդները կարող են ստանալ http://www.scholarships.sk/ կայքում, որի միջոցով ներկայացվում են նաև դիմումները:
Դիմելու վերջնաժամկետներն ապրիլի 30-ն ու հոկտեմբերի 31-ն են՝ համապատասխանաբար ձմեռային և ամառային ուսումնական կիսամյակների համար:
Պորտալի նյութերը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ -ին (www.armedu.am) պարտադիր է:
Պորտալը շահագործում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ)
© Կրթական տեխնոլոգիաներին ազգային կենտրոն, 2007-2024