Ապրիլի 3-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մեկնարկել են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները, որին մասնակցել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը։
Միջոցառումների մեկնարկը տրվել է Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի ցուցադրությամբ, որին հաջորդել է քննարկում՝ նվիրված մեծանուն արվեստագետի ստեղծագործական ժառանգությանը:
Ֆիլմի դիտումից առաջ ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեն՝ արժևորելով Փարաջանով արվեստագետին և նրա թողած ժառանգությունը։
Շնորհակալություն հայտնելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությանն աջակցության և ներկաներին՝ մասնակցության համար, Ժաննա Անդրեասյանը նշել է. «Սերգեյ Փարաջանովը ստեղծագործ հանճարի մարմնացում է, մեծանուն վարպետ, որի ֆիլմերը խորապես հիացնում են ամբողջ աշխարհի հանդիսատեսին և համաշխարհային մշակութային ժառանգության անբաժանելի մասն են կազմում»։ ԿԳՄՍ նախարարն առանձնակի արժևորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի դերը մշակութային ժառանգության պահպանության և մշակութային բազմազանության խրախուսման գործում։
Ֆիլմի դիտումից հետո կայացել է քննարկում, որը վարել է ֆրանսահայ ռեժիսոր և դերասան Սերժ Ավետիքյանը։ Որպես բանախոսներ հանդես են եկել Վալերի Պոզները, Պատրիկ Կազալսը և Լևոն Աբրահամյանը։ Ելույթներում մեկնաբանվել է Փարաջանովի ֆենոմենը՝ արժևորելով նրա ստեղծագործական ժառանգությունը՝ ներկայացնելով Փարաջանով-ազգագրագետին, սցենարիստին և ռեժիսորին: Նրանք ընդգծել են Փարաջանովի հանճարը՝ ԽՍՀՄ-ում նման խորհրդավոր, ազատ և խորը մտածողությամբ ֆիլմ ստեղծելու առումով:
Հոբելյանական միջոցառումների շրջանակում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում ապրիլի 3-10-ը կգործի նաև Սերգեյ Փարաջանովին նվիրված լուսանկարչական ցուցահանդես և «Կինոյի տաճար» ինստալյացիան, որը կառուցված է «Նռան գույնը» ֆիլմի հիմքի վրա։
Փարիզ կատարած այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է նաև Քե Բրանլի Ժակ-Շիրակ թանգարան, որտեղ հանդիպել է թանգարանի նախագահ Էմանուել Կազարարեուի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ինչպես նաև Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինե Հակոբյանը և Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը։ Քննարկվել են Քե Բրանլի թանգարանում հայկական ցուցանմուշների ժամանակավոր ցուցադրության կազմակերպման, ինչպես նաև հնարավոր համագործակցության այլ ձևաչափերի՝ փորձի փոխանակումների, մասնագիտական վերապատրաստումների և գորգերի ցուցադրության կազմակերպման հետ կապված հարցեր։
Նշենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակության կազմում են նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, Ս. Փարաջանովի թանգարանի մի խումբ աշխատակիցներ՝ տնօրեն Անահիտ Միքայելյանի գլխավորությամբ, «Նռան գույնը» ֆիլմի դերակատար Լևոն Աբրահամյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինե Հակոբյանը։
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 5-12-րդ դասարանների սովորողների դասագրքերի ներդրումային գումարների ամբողջական փոխհատուցման նպատակով Կառավարության որոշմամբ հատկացվել է 97 մլն դրամ:
Որոշումն ընդունվել է գործադիրի այսօրվա նիստում:
Հաշվի առնելով, որ 1-4-րդ դասարանների բոլոր սովորողների դասագրքերի գումարները վճարվում են ՀՀ պետական բյուջեից` նշված փոփոխությամբ էլ կփոխհատուցվեն Լեռնային Ղարաբաղից բռնից տեղահանված 5-12-րդ դասարանների սովորողների դասագրքերի ներդրումային գումարները:
Այսպիսով՝ որոշման արդյունքում կապահովվի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 17 000 դպրոցականների՝ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթության հասանելիությունը, շարունակականությունը և մատչելիությունը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շարունակում է հանրակրթության պետական չափորոշչի ներդրման լավագույն փորձառության խրախուսմանն ուղղված նոր նախաձեռնության հայտերի ընդունումը:
Նախաձեռնության շրջանակում յուրաքանչյուր ամիս կընտրվեն հանրակրթության ուսումնական հաստատությունների լավագույն աշխատակիցները հետևյալ 10 անվանակարգերում.
Նախաձեռնությանը հայտեր կարող են ներկայացնել տվյալ պահին աշխատող տնօրենները, փոխտնօրենները, ուսուցիչները՝ իրենց լիազոր մարմին (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ) ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, տեղեկանք աշխատավայրից, ինչպես նաև անվանակարգերի համար պահանջվող նյութերը (տես՝ կից ներկայացվող ընթացակարգը):
Հավելյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 010-572-100 և 033-572-100 հեռախոսահամարներին («Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամ, Լիլիթ Մկրտչյան):
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մեկնարկել են 2025 թ. բյուջետային և 2025-2027 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտի հանրային քննարկումները։ Արդեն անցկացվել է սպորտի և երիտասարդության ոլորտների հայտի քննարկումը:
Սպորտի ոլորտում ֆինանսավորումը կավելանա
Սպորտի ոլորտային գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների՝ մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչների համար քննարկումը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը կարևորել է բյուջետային և միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտի հանրային քննարկումն ու ոլորտում գործունեություն ծավալող մասնագետների դիտարկումները:
Սպորտի ոլորտում ընթացիկ տարվա 7,5 մլրդ դրամ բյուջետային հատկացումներն առաջիկա երկու տարում կավելանան ևս 1,5 մլրդ դրամով, որոնք կուղղվեն գործող ծրագրերի ընդլայնմանը՝ մրցաշարերի անցկացում, անվանական թոշակ ստացողների թվի աճ, գույքի ձեռքբերում, մասսայական սպորտ, մասնավորապես՝ «Վարչապետի գավաթ» մրցաշարերի մասնակցության խրախուսում և այլն:
Նոր նախաձեռնությունների համար նախատեսվում է 5 մլրդ դրամի ֆինանսավորում:
Կարեն Գիլոյանը տեղեկացրել է, որ բյուջետային հայտում ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների ռազմավարությունից բխող նոր ծրագիր է ավելացվել՝ միջազգային ֆեդերացիաների տարբեր կոմիտեներում՝ մրցավարական, մարզչական, տեխնիկական, Հայաստանի ներկայացուցչությունը մեծացնելու նպատակով: Ծրագրով նախատեսվում է ապահովել ՀՀ մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչների՝ միջազգային կոնֆերանսներին և վերապատրաստումներին մասնակցությունը:
Բյուջետային և միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտում ներառված են առաջիկա տարիներին Հայաստանում նախատեսվող միջազգային մրցաշարերի անցկացման և գույքի ձեռքբերման ծրագրերը: Մասնավորապես՝ 2025 թվականին նախատեսվում է Երևանում անցկացնել կարատեի Եվրոպայի առաջնությունը, վոեյբոլի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը, բասկետբոլի Մ20 տարեկանների Բ դիվիզիոնի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը, սպորտային պարերի աշխարհի գավաթի խաղարկությունը: 2026 թվականին ծրագրավորված են հրաձգության Եվրոպայի առաջնությունը, սուսերամարտի Եվրոպայի առաջնությունը, դարձյալ սպորտային պարերի աշխարհի գավաթի խաղարկությունը և մի շարք այլ միջոցառումներ: 2027 թվականին նախատեսվում են սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը, Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերը, ծանրամարտի աշխարհի առաջնությունը և Համահայկական խաղերը:
Արձագանքելով ձմեռային մարզաձևերի զարգացմանն ուղղված ծրագրերին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ 2028 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերին նախապատրաստվելու և մասնակցելու համար նախաօլիմպիական երկու տարիներին՝ 2025-26 թվականներին, ձմեռային երեք մարզաձևերի՝ դահուկային սպորտի, հոկեյի և գեղասահքի համար պետությունը ֆեդերացիաների համար նախատեսում է լրացուցիչ ֆինանսական հատկացումներ: Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանն առաջարկել է բյուջետային հայտի՝ ադապտիվ սպորտին առնչվող ծառայություններին վերաբերող կետում ներառել նաև ձմեռային բաղադրիչը:
Ադապտիվ սպորտին առնչվող առաջարկներ է ներկայացրել նաև Հայաստանի պարալիմպիկ ֆեդերացիայի նախագահ Հակոբ Աբրահամյանը:
Ոլորտային գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների և ֆեդերացիայի ներկայացուցիչները փոխնախարարին ուղղել են մի շարք հարցեր, որոնց շուրջ ծավալվել է քննարկում:
Կստեղծվեն երիտասարդական կենտրոններ, կշարունակվի երիտասարդ ընտանիքների աջակցությունը
Երիտասարդության ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար 2025 թ. բյուջետային և 2027թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտի քննարկումը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նա տեղեկացրել է երիտասարդության պետական քաղաքականության շրջանակում իրականացվող միջոցառումների և ծրագրերի մասին` անդրադառնալով երիտասարդական մայրաքաղաք միջոցառմանը, երիտասարդ ընտանիքներին աջակցության և երիտասարդական կենտրոնների ստեղծման ծրագրերին։
Երիտասարդական ոլորտում այս տարվա 2,3 մլրդ դրամի հատկացումներն առաջիկա տարիներին նախատեսվում է 387 մլն դրամով ավելացնել, որը հիմնականում կուղղվի 8 երիտասարդական կենտրոնների ստեղծմանը և երիտասարդ ընտանիքների աջակցությանը։
Քննարկման ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակմանը, որը ՀՀ կառավարության ծրագրի իրականացման պահանջ է: Շեշտելով, որ մեր երկիրը երբեք չի ունեցել երիտասարդության ոլորտը կարգավորող օրենք, նախարարի տեղակալը նշել է, որ օրենքի հիմնական նպատակը երիտասարդության ոլորտում պետության կողմից վարվող քաղաքականության իրավական հենքի ստեղծումն է, ֆինանսավորման բաշխման հիմնական սկզբունքների ու պետական մարմինների և ոչ պետական կազմակերպությունների լիազորությունների և գործառույթների սահմանումը:
Քննարկմանը մասնակցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները փոխնախարարին ուղղել են մի շարք հարցեր, ներկայացրել իրենց առաջարկները:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2024 թ. ընթացքում իրականացնելու է «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրը:
Այդ նպատակով ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրին արվեստագետների մասնակցության հայտերի ընդունման մեկնարկը:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև 2024 թ. ապրիլի 10-ը ներառյալ:
2024 թվականի ընթացքում Երևանի և ՀՀ մարզերի հանրակրթական դպրոցներում նախատեսվում է կազմակերպել 50 հանդիպում-դասախոսություն, որոնց ընթացքում կներկայացվեն հայ արդի արվեստագետներն ու մշակութային գործիչները։ «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրի շրջանակում իրականացվելու են Հայաստանի անվանի մշակութային գործիչների, արվեստագետների կյանքի ու գործունեության ճանաչելիության բարձրացմանն ուղղված միջոցառումներ։
Հանդիպում-դասախոսությունները կունենան հատուկ ընտրված խորագրային թեմաներ, որոնց օգնությամբ կբացահայտվեն արվեստի պատմությանը, նպատակներին ու խնդիրներին առնչվող ուշագրավ փաստեր ու տեղեկություններ։ Թեմաների ընտրությունը կկատարվի հաշվի առնելով աշակերտների տարիքային խմբերի հետաքրքրություններն ու առանձնահատկությունները։ Հանդիպումները կզուգորդվեն շնորհանդեսներով, երաժշտական կատարումներով, ստեղծագործությունների հատվածային դիտումներով, գրական ընթերցումներով։ Հանդիպումների վերջին մասը կտրամադրվի հարցուպատասխանին, ինչը կնպաստի աշակերտ-արվեստագետ առավել անմիջական շփմանը և երեխաներին հետաքրքրող հարցերի պարզաբանմանը։
«Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրի նպատակն է լրացնել հանրակրթության ոլորտում «մշակութային կրթություն» բաղադրիչի բացը՝ մեծացնել հետաքրքրությունը ընթերցանության, երաժշտարվեստի, թատերարվեստի, պարարվեստի, մշակութային կրթության, կինոարվեստի և կերպարվեստի նկատմամբ: Խթանել կրթական հաստատություններում քննադատական, վերլուծական և ստեղծագործ մտքի զարգացումը արվեստի բնագավառներում, բարձրացնել դպրոցականների գեղագիտական ճաշակը, քաղաքացիական գիտակցությունը, ընդլայնել արվեստի ոլորտներում աշակերտների ճանաչողության սահմանները։
Արվեստագետների ընտրությունը կկատարվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից՝ հարցազրույցի միջոցով:
Հանդիպումներն անցկացվելու են հանրակրթական դպրոցների դահլիճներում:
«Քո արվեստը դպրոցում» ծրագրին մասնակից արվեստագետների ընտրության հիմնական սկզբունքներն են՝
արվեստագետի կայուն գործունեությունն ու նվաճումները,
արվեստագետի ներդրումը ազգային և միջազգային արվեստի կամ մշակույթի ոլորտի զարգացման, տարածման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում մշակույթի հանրահռչակման գործում,
արվեստագետի ներդրումը բարձրարժեք երկերի ստեղծման, արվեստի զարգացման, մշակույթի ոլորտում ակտիվ գործունեության ծավալման,
արվեստագետի ավանդը երիտասարդ սերնդի ձևավորման գործում,
արվեստագետի պետական պարգևներն ու պատվավոր կոչումները:
Ծրագրում կարող են ընդգրկվել ՀՀ քաղաքացիություն ունեցող արվեստագետները:
Նշենք, որ մրցույթի արդյունքում ընտրվելու է 50 արվեստագետ:
Հայտաձևը (կցված է) անհրաժեշտ է ուղարկել qoarvestydprocum@gmail.com էլեկտրոնային հասցեին: Հարցերի դեպքում զանգահարել՝ (+374) 95-11-22-92 Հռիփսիմե Ալեքյանին:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատանը գործող «Ճախրուկ» մշակութային կենտրոն։
Արդեն 3 տարի է՝ կենտրոնն անցկացնում է հատուկ կարիքներ ունեցող մարդկանց ազգային երաժշտության «Ճախրուկ» միջազգային փառատոնը, որն այս տարի նախատեսվում է իրականացնել ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:
ԿԳՄՍ փոխնախարարը «Ճախրուկ» միջազգային փառատոնի հիմնադիրների՝ Աննա և Անահիտ Մխիթարյանների հետ քննարկել է փառատոնի ծրագրի կազմակերպման վերաբերյալ հարցեր: Նախարարի տեղակալին ներկայացվել են «Ճախրուկ» մշակութային կենտրոնի գործունեությունը, իրականացվող միջոցառումները և առաջիկա ծրագրերը:
«Մենք այսօր գնում ենք համընդհանուր ներառականության ճանապարհով և շատ ենք կարևորում ներառականությունը նաև մշակույթում: Այս առումով ձեր ծավալած գործունեությունը խրախուսելի է նաև պետության կողմից: Որպես առաջնահերթություն՝ մենք պատրաստակամ ենք աջակցելու նման ծրագրերին»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:
Փառատոնին մասնակցում է մշակութային կենտրոնում գործող «Ճախրուկ» էթնո երաժշտախումբը, որում նվագում և երգում են մանկատան հատուկ կարիքներ ունեցող սաները: Նրանք հանդես են եկել երաժշտական կատարումներով՝ ներկայացնելով իրենց հմտությունները: Դանիել Դանիելյանը զրուցել է մասնակիցների հետ, հետաքրքրվել նրանց նախասիրություններով և մասնակցել կատարումներին:
Միջոցառումից հետո Դանիել Դանիելյանը Խարբերդի մասնագիտացված մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանի ուղեկցությամբ շրջել է հաստատությունում, ծանոթացել պայմաններին և զրուցել աշխատակազմի հետ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շարունակում է նախարարության 2025 թ. բյուջետային և 2025-2027 թթ. ՄԺԾԾ հայտի հանրային քննարկումները:
Կրթության ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների համար քննարկումը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Ներկա են եղել ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը, հանրակրթության, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչությունների ներկայացուցիչներ:
Կրթական ծրագրերի արդյունավետության բարձրացման պահանջ
Նա ընդգծել է՝ բավականին խոշորածավալ փոփոխություններ են իրականացվում և բավականին մեծ ֆինանսական ներդրումներ են նախատեսվում թե՛ հանրակրթության, թե՛ նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտներում:
Ներկայացնելով հանրակրթական ոլորտում նախատեսվող ծրագրերը՝ Արաքսիա Սվաջյանը նշել է՝ թե՛ գործող, թե՛ նոր նախաձեռնվող ծրագրերը բխում են ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի ռազմավարությունից:
«Հաշվի առնելով այն, որ հանրակրթության ոլորտում վերջին տարիներին շատ մեծ փոփոխություններ են տեղի ունեցել ինչպես կրթության բովանդակության, ֆինանսավորման, ներառական կրթության ներդրման, այնպես էլ ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացման ու ենթակառուցվածքների բարելավման տեսանկյունից՝ առաջիկա տարիների համար այս ոլորտում մեծ թվով նոր նախաձեռնություններ չունենք՝ ի տարբերություն մասնագիտական կրթության ոլորտի, որտեղ առաջիկայում ակնկալվում է նոր օրենքի ընդունում և հետևաբար՝ բազմաթիվ նոր նախաձեռնություններ»,- ասել է Արաքսիա Սվաջյանն ու տեղեկացրել՝ հանրակրթության ոլորտը բյուջեում ներկայացված է 7 հիմնական ծրագրերով:
Դրանցից առաջինը դպրոցական կրթությանն ուղղված բյուջետային ծրագիրն է, որը 2024 թվականին 2023 թ. համեմատ գրանցել է 6 մլրդ դրամից ավելի աճ: Նախարարի տեղակալի խոսքով՝ 2025 թվականին նախատեսվում է 13,5% աճ, 2026 թվականին՝ 13,7% աճ, իսկ 2027 թվականին՝ ևս 14,7% աճ:
«Աճը պայմանավորված է բազմաթիվ ծրագրերով, որոնք իրականացվում են այս ոլորտում, բայց, մասնավորապես, նաև հանրակրթության պետական չափորոշչի ներդրմամբ, որի շրջանակում ուսուցիչների շաբաթական ծանրաբեռնվածությունը 22 ժամից նվազում է 18 և 20-ական ժամերի: Ավագ դպրոցում եթե նույնիսկ մեկ երեխա ընտրի առանձին առարկայի խորացված ուսումնասիրություն, կձևավորվի առանձին դասարան: Այս և հանրակրթության ոլորտում իրականացվող բոլոր մյուս գործընթացները հանգեցնելու են ֆինանսավորման փոփոխության»,- նշել է Արաքսիա Սվաջյանը:
Արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորումը կընդլայնվի
Հաջորդ ծրագիրն արտադպրոցական կրթության ծրագիրն է, որի համար այս տարի ավելի քան 4 մլրդ 268 մլն դրամ կհատկացվի: Ընդ որում՝ նախատեսվում է, որ 2025 թվականին այս գումարը կաճի շուրջ 70%-ով, 2026 թվականին՝ 124 %-ով, իսկ 2027 թվականին՝ 144%-ով: Սա, ըստ նախարարի տեղակալի, պայմանավորված է կրթական ծրագրերի արդյունավետության բարձրացման պահանջներով: Մասնավորապես՝ նախորդ տարվանից մեկնարկել է արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման գործընթացը. այս տարի ավելացել են ատեստավորման ուղղությունները, իսկ հաջորդ տարի ցանկն առավել կընդլայնվի:
ՆԶՊ առարկայի շրջանակում մարզառազմական ճամբար կկազմակերպվի բոլոր դպրոցներում
Հանրակրթության նոր չափորոշչի շրջանակում նախատեսվում է ՆԶՊ առարկայի մարզառազմական ճամբարը ներդնել հանրապետության բոլոր դպրոցներում: Ծրագիրն արդեն փորձարկվել է Տավուշի մարզի դպրոցներում. 2024-ին ծրագրի համար 107 մլն դրամի հատկացում է արվել, 2025-ի և հետագա տարիների համար համար ծրագիրը կընդլայնվի՝ ներառելով բոլոր մարզերի և Երևանի դպրոցների 11-րդ դասարանները:
Նոր ծրագիր՝ «Դպրոցը գիտական միջավայրում»
Արաքսիա Սվաջյանի տեղեկացմամբ՝ ևս մեկ հետաքրքիր ծրագիր է «Դպրոցը գիտական միջավայրում» միջոցառումը, որն անցած տարվանից է սկսել իրականացվել: Դրա շրջանակում աշակերտները հնարավորություն ունեն Երևանի բուսաբանական այգում ինտերակտիվ ձևով ծանոթանալու բնագիտական առարկաներին: «Ծրագրի շրջանակում բուսաբանական այգում գիտության ինտերակտիվ թանգարան է կառուցվում: Նաև սրանով է պայմանավորված արտադպրոցական դաստիարակության ծրագրի բյուջեի աճը»,- պարզաբանել է նախարարի տեղակալը:
Հաջորդն «Ապահով դպրոց» ծրագիրն է, որին ևս նախորդ տարվա մոտ 6 մլրդ 776 մլն բյուջեի համեմատ այս տարի շատ ավելի մեծ գումար է հատկացվելու:
Որակի բարելավման ծրագրեր
«Կրթության որակի ապահովման ծրագիրն» իր մեջ ներառում է ԿԶՆԱԿ-ի և ՄԿՈՒԶԱԿ-ի գործունեության բարելավումը, ինչպես նաև կամավոր ատեստավորման գործընթացների կազմակերպումը և դրանից բխող բյուջետային գործողությունների իրականացումը:
Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ ՀՀ բոլոր դպրոցների՝ լաբորատոր սարքավորումներով հագեցումը նույնպես ծրագրի բաղադրիչ է, որի ուղղությամբ 2025 թվականին նախատեսվում է 114 %, 2026-ին՝ 178%, 2027-ին՝ 197% աճ:
«Համընդհանուր ներառականության ներդրում» ծրագրի շրջանակում մի նոր նախաձեռնություն կա՝ ուսուցիչների կամավոր ատեստավորմանը զուգընթաց. 2025-2026 թվականներին կամավոր ատեստավորում կիրականացվի նաև մանկավարժահոգեբանական ծառայություններ իրականացնող մասնագետների համար, որը նրանց աշխատավարձի բարձրացման հնարավորություն կապահովի:
«Կրթության ոլորտում տեղեկատվական հաղորդակցությունների տեխնոլոգիաների ներդրում» ծրագրի համար 2025 թվականին նախատեսվում է ֆինանսավորման 20 %, 2026-ին՝ 27% և 2027-ին՝ 35% աճ:
Հանրակրթության ոլորտում վերջինը նախադպրոցական կրթության ծրագիրն է, որտեղ ևս բավականին մեծ աճ կա. 2025 թվականին 141% աճ է նախատեսվում, 2026-ին՝ 148%, 2027-ին՝ 155% աճ: Նախարարի տեղակալի տեղեկացմամբ՝ սա պայմանավորված է նախադպրոցական կրթության հասանելիության ապահովման ծրագրի շրջանակի ընդլայնմամբ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը, անդրադառնալով առաջիկա տարիների համար պլանավորված մյուս հիմնական նախաձեռնություններին, նշել է, որ առանձնացվելու են ցածր և բարձր կատարողականներ ունեցող դպրոցները՝ հատկացնելով աջակցության ֆոնդ: Իսկ ուսուցիչների թափուր տեղերի համալրման նպատակով 30 կրեդիտի ծրագիրն է իրականացվելու:
Անդրադարձել է նաև միջին մասնագիտական կրթական ոլորտին, մասնավորապես ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ՝ ուսանողական նպաստների և կրթաթոշակի ծրագրին:
Անցյալ տարի ՄԿՈւ ոլորտում կրթաթոշակային քաղաքականության փոփոխություն է իրականացվել ըստ որի՝ գրեթե 10 անգամ ավելացել է պետության համար գերակա ուղղություն ճանաչված մասնագիտություններով սովորողների կրթաթոշակը: Այս տարվանից նաև մեկնարկում է գործընթաց՝ միտված մանկավարժական աշխատողների կարողությունների զարգացմանը. ՄԿՈւ համակարգում ևս կներդրվի կամավոր ատեստավորման գործընթացը:
Ֆինանսավորման նոր մոդելի ներդրում մշակույթի ոլորտում
Մշակույթի ոլորտում բյուջետային հիմնական ծրագրերն են՝ արվեստ, կինեմատոգրաֆիա, մշակութային ժառանգություն, գրահրատարակչություն, մարզերի մշակութային զարգացում և գեղագիտական կրթություն։
Որպես նոր նախաձեռնություններ՝ շուրջ 5 մլրդ դրամ կուղղվի մշակույթի գործիչների դրամական խրախուսմանը, համայնքային մշակութային-ժամանցային կենտրոնի ստեղծմանը, էլեկտրոնային հարթակի ներդրմանը և կինոարտադրության ներդրումների վերադարձի ծրագրին:
Գործող ծրագրերի ընդլայնմանը կհատկացվի շուրջ 3 մլրդ դրամ, որը կուղղվի ֆինանսավորման նոր մոդելի ներդրմանը և տեղեկատվական մոդուլային կենտրոնների ստեղծման աշխատանքներին։ Նորաստեղծ «Մշակույթի զարգացման հիմնադրամին» կտրամադրվի 340 մլն դրամ, իսկ հուշարձանների վերականգնման ծախսերը՝ 1․8 մլրդից կավելանան 330 մլն դրամով:
2025-2027 թթ. ՄԺԾԾ հայտի քննարկման շրջանակում անդրադարձ է կատարվել «Գրադարանային ծառայություններ» միջոցառմանը: Նշվել է, որ 2025-2027 թվականների միջնաժամկետ ծրագրերի մեջ նախատեսվում են համալրման, հնատիպ գրքերի վերականգնման, գրադարանավարների վերապատրաստման, «Ընտանեկան գրադարանավար», գրադարանների նյութատեխնիկական բազայի զարգացման ծրագրերի ընդլայնումներ:
2025 թվականին նախատեսվում է գրադարանային ոլորտին տրամադրել 1 մլրդ 603 մլն 539 հազար, 2026 թվականին՝ 1 մլրդ 656 մլն 763 հազար դրամ, 2027 թվականին՝ 1 մլրդ 656 մլն 763 հազար դրամ:
Պորտալի նյութերը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ -ին (www.armedu.am) պարտադիր է:
Պորտալը շահագործում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ)
© Կրթական տեխնոլոգիաներին ազգային կենտրոն, 2007-2024