Հայաստանի սամբոյի հավաքականները ներկայացրել են ապրիլի 4-5-ը Երևանում կայանալիք Աշխարհի գավաթի խաղարկության մասնակից մարզիկների անունները:
Մարզական սամբոյի տղամարդկանց պայքարում ելույթ կունենան Կարեն Սարգսյանը, Տիգրան Կիրակոսյանը (58 կգ), Նարեկ Դալլաքյանը, Արթուր Մանուկյանը (64 կգ), Դավիթ Աբրահամյանը, Կառլեն Մահինյանը (71 կգ), Բորիս Շատվերյանը, Արթուր Ակոպյանը (79 կգ), Վահագն Չալյանը, Գոռ Հարությունյանը (88 կգ), Արսեն Խանջյանը, Արման Եսայանը (98 կգ), Արման Մանուկյանը, Դավիթ Հարությունյանը (+98 կգ): Կանանց պայքարում հանդես կգան Արփինե Ամիրյանը, Աննա Այվազյանը (50 կգ), Մելինե Մամիկոնյանը, Անի Մարտիրոսյանը (54 կգ), Նանե Հակոբյանը (65 կգ), Նելլի Ավետիսյանը և Աննա Մկրտչյանը (+80 կգ):
Մարտական սամբոյի տղամարդկանց մրցումներում հանդես կգան Համլետ Սուքիասյանը, Նարեկ Գոգինյանը (58 կգ), Մայիս Ներսեսյանը, Սուրեն Թամրազյանը (64 կգ), Վաչիկ Վարդանյանը, Վազգեն Մարգարյանը (71 կգ), Ալբերտ Կարհանյանը, Սարգիս Վարդանյանը (79 կգ), Ավետիք Պողոսյանը (88 կգ), Արման Ավանեսյանը, Ժորա Թումանյանը (98 կգ), Էրիկ-Գոռ Համզոյանը, Նորիկ Խուրշուդյանը (+98 կգ): Կանանց պայքարում՝ Արփինե Մնացականյանը, Իրինա Պետրոսյանը (54 կգ), Սրբուհի Հովակիմյանը (59 կգ) և Ագապի Հարությունյանը (80 կգ):
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 4 սամբիստ էլ՝ Դավիթ Հովսեփյանը (58 կգ), Յուրի Ահարոնյանը (64 կգ), Դավիթ Գրիգորյանը (88 կգ) և Վասակ Բարսեղյանը (71 կգ), հանդես կգան միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո՝ փախստականների հավաքականի կազմում:
Երևանում կայանալիք Աշխարհի գավաթ խաղարկությանը, ընդհանուր առմամբ, կմասնակցի 17 երկրի շուրջ 300 մարզիկ: Մրցումները կկայանան «Գազպրոմ Արենա»-ում. մուտքն ազատ է:
ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմակերպում է «Գիտական արդյունավետության խթանման դրամաշնորհային ծրագիր - 2025» մրցույթը, որը մշակվել է նախկինում անցկացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի մրցույթի հիմքի վրա:
Մրցույթն իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառների մասնագիտություններով։
Այն նպատակ ունի.
√ բարելավել գիտական արդյունքների որակը,
√ նպաստել գիտական գործունեության արդյունքների միջազգայնացմանը,
√բարձրացնել երիտասարդ հետազոտողների և ասպիրանտների ներգրավվածությունը գիտական և գիտատեխնիկական գործունեության մեջ,
√ նպաստել նոր գիտական խմբերի ձևավորմանը և գործող գիտական խմբերի ամրապնդմանը՝ ներգրավելով սփյուռքի և արտերկրի գիտական ներուժը։
Գիտական արդյունավետության խթանման դրամաշնորհային ծրագիր - 2025» մրցույթին կարող են մասնակցել 3-5 անդամ ունեցող գիտական խմբերը՝ օտարերկրյա գործընկերոջ պարտադիր ներգրավմամբ՝ ներկայացնելով 36 ամիս տևողությամբ նախագծեր։
Խմբի ղեկավար կարող են լինել 1954 թ․ հունվարի 1-ից հետո ծնված, գիտական աստիճան ունեցող անձինք։
Եթե խմբի ղեկավարը ընդգրկված է ՀՀ պետբյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման որևէ ծրագրում, ապա հայտ պետք է ներկայացնի բազային ֆինանսավորման ծրագիր իրականացնող որևէ կազմակերպության կողմից։
Խմբի անդամները կարող են լինել ինչպես ՀՀ քաղաքացիներ, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիներ, սակայն, նախագծի իրականացման ընթացքում թե՛ խմբի անդամները, թե՛ ղեկավարը պետք է բնակվեն ՀՀ-ում՝ հանդիսանալով ՀՀ քաղաքացի կամ ռեզիդենտ։
Խմբի անդամներից առնվազն երկուսը պետք է ծնված լինեն 1989 թ․ հունվարի 1-ից հետո և կարող են լինել բակալավրիատի առնվազն երրորդ կուրսի ուսանողներ:
Խումբը նաև պետք է ունենա գիտական աստիճան ունեցող, նախագծին առնչվող մասնագիտությամբ արտերկրի որևէ հետազոտական կազմակերպությունում գիտահետազոտական աշխատանքով զբաղվող արտասահմանյան գործընկեր, որի համար վարձատրություն նախատեսված չէ։
Բացի այդ՝ նախագծի իրականացման ողջ ժամանակահատվածում գործընկերը և խմբի անդամները պետք է գումարային առնվազն 20 օր գտնվեն խմբի ղեկավարի կամ գործընկերոջ կազմակերպությունում:
Մրցույթին մասնակցելու հայտն անհրաժեշտ է լրացնել և ներկայացնել կոմիտեի հայտերի և հաշվետվությունների grants.hesc.am համակարգի միջոցով։
Մրցույթին դիմելու վերջնաժամկետը 2024 թ․ մայիսի 17-ն է: Հայտերի ուղարկման հնարավորությունը կարգելափակվի Երևանի ժամանակով ժամը 18:00-ին: Թղթային տարբերակով կոմիտե ներկայացվող փաստաթղթերի վերջնաժամկետը 2024 թ․ մայիսի 24-ն է:
Ֆինանսավորման երաշխավորված նախագծերի ֆինանսավորման մեկնարկը նախատեսվում է 2025 թվականի հունվար ամսից։
ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մենարկել են ՀՀ ուսանողական մարզական 25-րդ խաղերի գարնանային փուլը: Մինչ այս անցկացված մրցումներին շուրջ 14 համալսարանների ավելի քան 300 ուսանողներ են մասնակցել:
Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանի խոսքով՝ ամբողջ տարվա ընթացքում նախատեսվում է 20 բուհերի 1000-ից ավելի ուսանողների մասնակցություն:
Խաղերի շրջանակում Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան դահլիճում կայացել է արագ և բլից շախմատի առաջնությունը, որին 12 համալսարանների շուրջ 80 ուսանողներ են մասնակցել:
Արագ շախմատի մրցումներում մրցանակային տեղեր են զբաղեցրել Շանթ Սարգսյանը (1-ին տեղ, ՀՖԿՍՊԻ), Ալեն Երեմյանը (2-րդ տեղ, ՀՖԿՍՊԻ) և Ռոբերտ Մուրադյանը (3-րդ տեղ, ԵՊԲՀ): Կանանց պայքարում լավագույն եռյակն ունեցել է այս տեսքը՝ 1. Արփինե Գրիգորյանը (ԵՊԲՀ), 2. Աննա Խաչատրյան (Հայ-Ռուսական համալսարան), 3. Վերոնիկա Խաչատրյան (Հայաստանի ամերիկյան համալսարան):
Արագ շախմատի կանանց պայքարում թիմային առաջին տեղը զբաղեցրել է Ամերիկյան համալսարանը, իսկ տղամարդկանց պայքարում՝ ՀՖԿՍՊԻ թիմը:
Բլից շախմատի մրցումներում 7 տուրից հետո հաղթող են ճանաչվել Շանթ Սարգսյանը և Վերոնիկա Խաչատրյանը:
Ուսանողական խաղերի շրջանակում արդեն անցկացվել է նաև բազկամարտի առաջնությունը: Մրցաշարին 14 համալսարանների շուրջ 120 ուսանողներ են մասնակցել:
ԵՊՀ հրաձգարանում էլ կայացել է հրաձգության առաջնությունը, որին 13 համալսարանների շուրջ 90 ուսանողներ են մասնակցել: Աղջիկների պայքարում լավագույն եռյակը կազմել են Երևանի պետական համալսարանի, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի և ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտի թիմերը: Տղաների պայքարում լավագույն եռյակն ունեցել է այս տեսքը՝
1. ՀՖԿՍՊԻ
2. ԵՊՀ
3. ՀԱՊՀ
ՀՀ ուսանողական մարզական 25-րդ խաղերի շրջանակում մեկնարկել է նաև «Ֆուտզալի համալսարանական լիգա» մրցաշարը:
Խաղերը շարունակվելու են մինչև դեկտեմբեր: Գարնանային փուլում կայանալու են նաև 3X3 բասկետբոլի, սեղանի թենիսի, լողափնյա վոլեյբոլի մրցումները:
Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) այսօր ստորագրվել է համագործակցության հուշագիր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի, «Ֆաբ Լաբ Հայաստան» կրթական հիմնադրամի և Հայկական բարեգործական ընդհանուր միության (Հայաստան) միջև:
Հուշագիրը ստորագրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մկրտիչ Այվազյանը, Հայկական բարեգործական ընդհանուր միության հայաստանյան մասնաճյուղի գլխավոր տնօրեն Վասկեն Յակուբյանը և «Ֆաբ Լաբ Հայաստան» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Բաբկեն Չուգասզյանը:
Հուշագրի նպատակն է կայուն և արդյունավետ համագործակցությունը, ժամանակակից արվեստի ոլորտում հետագա համատեղ գործունեության ընդլայնումը, ինչպես նաև «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի շրջանակում Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում ստեղծարար Ֆաբ Լաբի (արտադրական լաբորատորիա) հիմնումը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի տեղեկացմամբ՝ սա վերջին օրերի ընթացքում ստորագրված արդեն 3-րդ հուշագիրն է, ինչն ապացուցում է այն հանգամանքը, որ ՀՀ կառավարությունը կարևորում է պետություն-մասնավոր համագործակցությունը:
«Պետական հստակ քաղաքականությամբ մասնավորի հետ համագործակցությունն առաջընթացի ճանապարհ է: Առավել ուրախալի է երիտասարդական, նորարար, աշխարհի հետ համահունչ քայլող կառույցների հետ համագործակցությունը, ինչպիսին այսօրվա հուշագիրն է: Այն բարելավելու և նոր հնարավորություններ է տալու մեր ստեղծագործ երիտասարդներին, քանի որ հենց նրանք են մեր ժամանակների այն ամենատես աչքը, որն ունակ է տեսնելու, զգալու, ցույց տալու ու նաև սովորեցնելու մերօրյա արվեստը: Մենք էլ՝ որպես պետություն, մշտապես պատրաստ ենք աջակցել և խրախուսել առաջընթացին միտված նորանոր գաղափարները»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:
Նշենք, որ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի տարածքում հիմնադրվող ստեղծարար Ֆաբ Լաբի (արտադրական լաբորատորիա) նպատակն է տեխնոլոգիաների և թվային արտադրանքի միջոցով ապահովել կրթվելու, նորարարության և հայտնագործությունների համար անհրաժեշտ գործիքների, գիտելիքի և ֆինանսական միջոցների հասանելիությունը: Այն կհանդիսանա արտադրական տարածք, որի միջոցով հասանելի կդառնան թվային արտադրանքի ժամանակակից գործիքները, դասավանդման նորարարական մեթոդաբանությունը և մուտքը դեպի համաշխարհային Ֆաբ Լաբի ցանց և ուսումնական համայնք:
Միջոցառման շրջանակում ներկաները ծանոթացել են նաև «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի շրջանակում իրականացվող «Տվյալներից անդին» ցուցահանդեսին: Այն ուղղված է Հայաստանի ստեղծարար և մշակութային ոլորտների տնտեսական զարգացմանը խոչընդոտող գործոնների ուսումնասիրությանը:
«Աուտիզմ» ազգային հիմնադրամն Աուիտիզմի իրազեկման միջազգային օրվա շրջանակում կազմակերպել է միջոցառում, որին ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և այլք:
Միջոցառումը կազմակերպվել է «Աուտիզմ» ազգային հիմնադրամի՝ Երևանում գործող «Իմ ուղին» սոցիալ-հաբիլիտացիոն, կրթական և մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնում, որը ներկայում ապահովում է 200 շահառուի վերականգնողական, կրթական, սոցիալականացման և մասնագիտական վերապատրաստման ծառայություններ:
Հաստատության սաները հանդես են եկել համերգային կատարումներով: Կազմակերպվել է նաև երեխաների ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք, որից ստացված հասույթը տրամադրվելու է ԼՂ-ից բռնի տեղահանված, աուտիզմ ունեցող երկու եղբայրների՝ ապահովելով նրանց ճանապարհածախսը «Իմ ուղին» հաճախելու և վերականգնողական շարունակական թերապիաները ստանալու համար:
Միջոցառման ընթացքում ընդգծվել է համընդհանուր ներառականության ապահովման կարևորությունը՝ որպես պետության գերակա ուղղություններից մեկը, որն արդեն իսկ իրականացվում է կրթական գրեթե բոլոր մակարդակներում: Նշվել է՝ համընդհանուր ներառականության ապահովումը հնարավորություն է տալիս ցանկացած երեխայի, անկախ իր զարգացման առանձնահատկություններից, հասակակիցների հետ կրթություն ստանալու և իր պոտենցիալն իրացնելու: Այս համատեքստում կարևորվել է նաև պետության հանձնառությունը՝ նպաստելու աուտիզմ ունեցող անձանց ձայնը լսելի դարձնելուն:
Մեկնարկում է 2024 թ. տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) բնագավառում ամենամյա կրթական պարգևների 18-րդ մրցանակաբաշխությունը ՀՀ ավագ և միջնակարգ դպրոցների 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանի աշակերտների համար։
Մրցանակաբաշխությունն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից: Մրցույթի հիմնական նպատակը ՏՏ բնագավառում լավագույն աշակերտներին ճանաչելն ու խրախուսելն է։
Մրցանակաբաշխությունը կանցկացվի երկու փուլով.
առաջին փուլում առցանց թեստային համակարգի միջոցով կորոշվեն եզրափակչի մասնակիցները,
եզրափակիչ փուլում մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամների հետ բանավոր հարցազրույցի արդյունքում կորոշվեն հաղթողները։
Առաջին փուլը կանցկացվի մայիսի 22-ին՝ ժամը 16:00-ին։ Մասնակցության համար https://shorturl.at/mTX37 հղմամբ նախ կիրականացվի մասնակցի գրանցումը (անուն, ազգանուն, դպրոց և այլն), որին անմիջապես կհաջորդի թեստային հարցումը։ Թեստային հարցման ընթացքում կտրվի 50 հարց, որոնցից յուրաքանչյուրը գնահատվում է 2 միավոր։
Գրանցման և թեստավորման համար տրամադրվում է 1 ժամ 30 րոպե։ 45-ից ավելի միավոր հավաքած աշակերտները կդառնան եզրափակչի մասնակից, ինչի վերաբերյալ թեստավորման համակարգի կողմից կստանան լրացուցիչ տեղեկատվություն։
Հաղթողները կստանան խորհրդանշական նվերներ, վկայական և դրամական պարգև:
2024 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության և Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության աջակցությամբ կիրականացվի «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» խորագրով մեծածավալ միջազգային ցուցադրությունը։
Հայաստանի պատմության թանգարանում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» մեծածավալ ցուցահանդեսի կազմակերպման աշխատանքների մեկնարկի և դրա շրջանակում Անահիտ աստվածուհու բրոնզե արձանից պահպանված գլխի ու ձեռքի՝ Բրիտանական թանգարանից փոխառության պայմանագրի կնքման վերաբերյալ։
Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը և Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը:
Ասուլիսի ընթացքում Անահիտ աստվածուհու բրոնզե արձանից պահպանված գլխի և ձեռքի փոխառության պայմանագիրը, որն արդեն հաստատված է Բրիտանական թանգարանի կողմից, հանդիսավորությամբ վավերացվել է Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի կողմից: Բրիտանական թանգարանի հետ կնքված փոխառության պայմանագրով մեկնարկելու է Ք․ ա․ II-I դդ․ թվագրվող Անահիտ աստվածուհու արձանից պահպանված և Բրիտանական թանգարանում պահվող ու ցուցադրվող բրոնզե գլխի և ձեռքի Հայաստան տեղափոխումը և 6 ամսով ժամանակավոր ցուցադրությունը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է կարևոր նախաձեռնության մեկնարկն ու կարևորել երկու երկրների թանգարանների միջև համագործակցությունը:
«Կարծում եմ՝ ցուցադրությունը պետք է մեծ հետաքրքրություն առաջացնի հանրության ամենատարբեր շերտերի՝ թե՛ դպրոցականների, թե՛ տարիքային տարբեր խմբերի ներկայացուցիչների շրջանում: Մեր թանգարանների միջև այս միջազգային համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու անդրադարձել Անահիտ արձանի՝ Արտաշատ պատմական մայրաքաղաքում գտնված նմուշին (կիսանդրուն), որն արդեն իսկ ցուցադրվում է Հայաստանի պատմության թանգարանում:
«Սա բացառիկ ու հիանալի հնարավորություն կլինի՝ տեսնելու երկու պատմական իրողությունների, պահպանված նմուշների հանդիպումը միևնույն միջավայրում: Սա մեզ համար ևս հեռանկարներ է բացում, քանի որ տեսնում ենք կապերն ու հասկանում ավելի լայն իրողությունները, որոնք մեր պատմության շատ կարևոր մասն են: Այսպիսի համագործակցությունները պետության կողմից միայն խրախուսվելու և շարունակվելու են: Ուրախ եմ, որ մեր թանգարանները շատ ակտիվ և նախաձեռնող են: Աշխարհի մյուս կարևորագույն թանգարանների հետ համագործակցությունը պետության շարունակական քաղաքականությունն է: Աջակցելու ենք այսպիսի ծրագրերի իրականացմանը, քանի որ թանգարանները շատ կարևոր նշանակություն ունեն հանրային կյանքում. դրանք դառնում են միջավայրեր, որտեղ թե՛ կրթական, թե՛ մշակութային կարևոր գործընթացներ են իրականացվում»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:
Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև անկախությունից ի վեր առաջին անգամ թանգարանների ոլորտը կարգավորող օրենսդրության՝ «Թանգարանների մասին» օրենքի ընդունմանը, որը նպաստելու է թանգարանային գործունեության առավել ընդլայնմանը:
«Կարծում եմ՝ ցուցադրության խորագիրը ևս շատ կարևոր է: Հաճախ ենք խոսում կանանց դերի արժևորման մասին, և այս ցուցադրությունը լինելու է դրա պրակտիկ հնարավորությունը, որի միջոցով նաև անդրադառնալու ենք կանանց հանրային դերակատարման կարևորությանը: Այդ խոսակցությունը կարող է սկսվել պատմական ժամանակներից և շարունակվել մինչև մեր օրեր՝ այդկերպ նաև ոգեշնչելով մեր կանանց ու աղջիկներին՝ նրանց մոտ ձևավորելով համապատասխան վարքականոն: Խորհրդանշական է նաև, որ այս տարի մեր երկրի անկախության օրը կարող ենք նշանավորել այսպիսի կարևորագույն իրադարձությամբ»,- ասել է նախարարը
Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ողջունելով ներկաներին, նշել է՝ այսօր ազդարարվում է կարևոր և ուշագրավ միջազգային ցուցահանդեսի աշխատանքների մեկնարկը: Տնօրենի դիտարկմամբ՝ այս ցուցադրությունը յուրօրինակ նվեր կարող է լինել հայ կանանց՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ, քանի որ ցուցադրությունն անցկացվում է «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» խորագրի ներքո:
Մանրամասնելով ցուցահանդեսի գաղափարը՝ Դավիթ Պողոսյանը նշել է. «Այս գաղափարն աշխարհի հեղինակավոր թանգարաններից մեկի՝ Բրիտանական թանգարանի հետ համագործակցության արդյունքում է ծնվել: 2023 թվականին Բրիտանական թանգարանում բացվել է «Շքեղություն և ուժ․ Պարսկաստանից Հունաստան» խորագրով միջազգային ցուցադրությունը, որին մասնակցել է նաև Հայաստանի պատմության թանգարանը՝ ներկայացնելով 3 բացառիկ մշակութային արժեքներ՝ Արմավիրից գտնված ոսկյա կրծքազարդը, կավե ցլակերպ ծիսանոթը (Ք․ա․ VI-V-րդ դդ․) և Արտաշատից գտնված կավե արջակերպ ծիսանոթը (Ք․ ա․ I դ․)։ Շատ հետաքրքիր ցուցադրություն էր. պատմական մայրաքաղաք Արտաշատից գտնված արջակերպ պրիտոններից մեկը համադրվեց պատմական Հայաստանից գտնված և Բրիտանական թանգարանում պահվող Անահիտ աստվածուհու արձանի բրոնզե դեմքի հետ: Հենց այդ ժամանակ էր, որ կազմակերպիչ-համակարգողների հետ փորձեցինք նաև հակառակը կազմակերպել, այսինքն՝ պատմական Հայաստանից գտնված այս արժեքների համատեղ ցուցադրությունը կազմակերպել նաև մեր երկրում՝ համադրելով Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ»: Դավիթ Պողոսյանի նշմամբ՝ 2024 թվականի սեպտեմբերի 21-ից մինչև 2025 թվականի մարտը Հայաստանի պատմության թանգարանը հնարավորություն է ունենալու ցուցադրել և պատմականորեն կազմակերպել այս առարկաների հանդիպումը:
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերն իր հերթին նշել է․ «Անչափ ուրախ եմ, որ Բրիտանական թանգարանն Անահիտ աստվածուհու բրոնզե կիսանդրին ժամանակավորապես տրամադրելու է Հայաստանի պատմության թանգարանին։ Բրիտանական թանգարանը հայտնի է իր ծավալուն հավաքածուով և իր գանձերն աշխարհի տարբեր երկրներում ցուցադրելու հանձնառությամբ։ Ամեն տարի տրամադրելով ավելի քան 5000 նմուշ՝ թանգարանը հանդիսանում է մշակութային փոխանակման համաշխարհային կենտրոն՝ սահմաններից անդին խթանելով երկխոսություն և փոխըմբռնում։ Ջերմորեն ողջունում եմ բրիտանական և հայկական թանգարանների միջև աճող համագործակցությունը։ Հայաստանում ակնկալվող ցուցադրությունը մշակութային փոխանակման կարևոր իրադարձություն է»։
Նշենք, որ ցուցահանդեսին կներկայացվի Հայաստանի պատմության թանգարանի հարուստ հավաքածուներից մայր աստվածությանը վերաբերող նշանակալի ընտրանի` սկսած հնագույն ժամանակներից մինչև Քրիստոնեություն և մեր օրերը։
Հայաստանի պատմության թանգարանը նախկինում համագործակցել է Բրիտանական թանգարանի հետ և իր հավաքածուները ժամանակավոր փոխառության տրամադրել տարբեր միջազգային ցուցահանդեսների շրջանակում: Հայաստանում, սակայն, այս հեղինակավոր թանգարանից առաջին անգամ են ցուցադրվելու նմուշներ՝ հատկապես նման խորհրդանշական և հայ ժողովրդի համար հատուկ նշանակություն ունեցող թանգարանային առարկաներ։
Պորտալի նյութերը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ -ին (www.armedu.am) պարտադիր է:
Պորտալը շահագործում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ)
© Կրթական տեխնոլոգիաներին ազգային կենտրոն, 2007-2024