Կապանի N13 հիմնական դպրոցում շախմատի ուսուցիչ՝ Սամվել Ավանեսյանի նախաձեռնությամբ անցկացվեց ներդպրոցական շախմատի մրցույթ, որին մասնակցեցին դպրոցի II-VI դասարանի շախմատասերները: Մրցույթի հաղթողները կպարգևատրվեն պատվոգրերով:Դպրոցը կազմակերպում և անցկացնում է ներդպրոցական մրցումներ՝ դպրոցի հավաքական թիմ ընտրելու նպատակով, որը և կմասնակցի հաջորդ՝ համայնքային փուլին:
Խաղատախտակը նման է երկրագնդին, խաղաքարերը` բնության երևույթներին, խաղի կանոնները` մեր կյանքին, իսկ շախմատիստները` մեզ` մարդկանց:
ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան
Սեպտեմբերի 29-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը կազմակերպել էր այցելություն Հայաստանի ազգային պատկերասրահ՝ «Այվազովսկի-200» խորագրով ստեղծագործական մրցույթում հաղթած մասնակիցների և կենտրոնի շնորհալի սաների համար:
Հայաստանի խոշորագույն գեղարվեստական թանգարանում մասնակիցները դիտեցին «Արարում» խորագրով Այվազովսկու աշխատանքների բացառիկ ցուցահանդեսը: Էքսկուրսավարի ուղեկցությամբ դեռահասները շրջեցին պատկերասրահում, ծանոթացան աշխարահռչակ ծովանկարչի գեղարվեստական, գրաֆիկական և վավերագիր աշխատանքներին: Ստեղծագործող սաներին հատկապես հիացրեց և ոգեշնչեց Վենետիկի Մխիթարյան միաբանության հավաքածուի «Քաոս. Աշխարհի արարում» հռչակավոր կտավը: Սաները տպավորված ծովանկարչի ստեղծագործությամբ, բուռն քննարկում սկսեցին կտավի ստեղծման, կատարողական տեխնիկայի վերաբերյալ, որտեղ նկարիչը ներկայացրել էր Աստծո հոգին լույսի տեսքով։
Սաների գիտաճանաչողական այցը շարունակվեց Մատենադարանում: Դեռահասները հետաքրքիր տեղեկություններ ձեռք բերեցին նաև հայ բազմադարյա հարուստ պատմության և նյութական ժառանգության վերաբերյալ՝ ծանոթանալով բնագիր աշխատություններին, հին հայկական ձեռագիր մատյանների և փաստաթղթերի նմուշներին:
Օրը սաների համար ուսուցողական էր, տպավորիչ և բազմաբնույթ տեղեկություններով լի:
Վերադարձից հետո սաները մանկավարժների և հասակակիցների հետ կիսեցին իրենց տպավորությունները՝ կատարելով վերլուծություններ աշխարհահռչակ ծովանկարչի ստեղծագործական գործունեության վերաբերյալ:
Հ. Սարգսյան
ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը «Գյումրու օր» խորագրով ծրագրի շրջանակում հոկտեմբերի 1-ին իր ակտիվ մասնակցությունն ունեցավ քաղաքի օրվան նվիրված ամենամյա տոնակատարություններին:
Ծրագրի նպատակն էր բարձրացնել հետաքրքրությունն ազգային արհեստի ու արվեստի նկատմամբ, ցուցադրել սաների կատարած կիրառական արվեստի տարբեր ճյուղերի աշխատանքները, խթանել մշակութային համագործակցությունն այլ հաստատությունների հետ և կարևորել արտադպրոցական կրթության դերը:
<Ընտանիք> կենտրոնի նախաձեռնությամբ Անի թաղամասում, Սբ. Հ. Մծբնեցի եկեղեցու բակում քաղաքացիների համար կազմակերպվել էր տոնական համերգ՝ կենտրոնում գործող պարարվեստի, մարտական արվեստի, ազգագրական երգ ու պարի խմբակների սաների մասնակցությամբ։
Տոնական տրամադրությունը շարունակվեց նաև Քըրք Քըրքորյանի անվան ճեմափողոցում, որտեղ տեղի ունեցավ ավանդական դարձած Արհեստների փառատոնը։ Ցուցահանդեսին կենտրոնը ներկայացավ իր սաների ձեռագործ աշխատանքների և ռոբոտների ցուցադրմամբ։ Սաների աշխատանքներն արտացոլում էին սեփական նվիրումն ազգային մշակույթի ու ավանդույթների նկատմամբ և միտված էին դրանց վերականգնմանն և պահպանմանը: Ազգային արհեստով ու արվեստով հետաքրքրվող անձանց համար կենտրոնի սաների կողմից ցուցադրվեց գորգի, կարպետի, կավե իրերի և արծաթյա զարդերի պատրաստման աշխատանքային գործընթաց:
«Ընտանիք» կենտրոնի սաների մտքի և ձեռքի ստեղծած, ազգայինի ու ավանդականի համադրմամբ ինքնատիպ ստեղծագործություններն անտարբեր չթողեցին գյումրեցիներին, քաղաքային և մարզային իշխանությունների ներկայացուցիչներին և, իհարկե երկրի ղեկավարին: Նախագահ Սերժ Սարգսյանը հետաքրքրվեց <Ընտանիք> կենտրոնի սաների աշխատանքներով, հարցեր ուղղեց ցուցադրված նմուշների պատրաստման և կիրառելիության վերաբերյալ, առանձնակի ուշադրությամբ ուսումնասիրեց ռոբոտաշինության ոլորտը, խրախուսեց նրանց շարունակել ստեղծագործել և նպաստել քաղաքի մշակութային զարգացմանը։
Կենտրոնի տնօրեն Արթուր Մինասյանը հանրապետության ղեկավարին հանձնեց կրթօջախի հիմնադրման 25 ամյակի կապակցությամբ ստեղծված Երախտագիտության հուշակոթողի մանրակերտ, որը խորհրդանշում էր աղետյալ երկրաշարժ վերապրած ժողովրդի ցավը, աստվածային սերն ու մարդկային նվիրվածությունը, նոր կյանքի սկիզբը՝ լի հույսով, լույսով և գիտությամբ։
Հ. Սարգսյան
Սեպտեմբերի 25-30-ը տեղի է ունեցել Ֆրանսերենի 3-րդ միջազգային օլիմպիադան, որին մասնակցել են Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի 6 երկրների` Հայաստանի, Ալբանիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Մակեդոնիայի և Մոլդովայի 16-18 տարեկան ֆրանկոֆոն պատանիներ: Օլիմպիադայի բացմանը մասնակցել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, իսկ փակման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել նախարար Լևոն Մկրտչյանը: Շնորհավորելով օլիմպիադայի մասնակիցներին` նախարարը կարևորել է նմանատիպ միջազգային օլիմպիադաների անցկացումը` ընդգծելով, որ այս միջոցառումն անցկացվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությամբ: Ըստ Լևոն Մկրտչյանի` 2012 թվականին Քինշասայում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի ընթացքում Հայաստանը ձեռք է բերել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամի կարգավիճակ՝ դառնալով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 54-րդ անդամ-երկիրը: Նախարարի խոսքով` հաջորդ տարի Հայաստանում է անցկացվելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովը, հետևաբար 2018 թվականի ընթացքում մեր երկրում տեղի են ունենալու ֆրանկոֆոնիային նվիրված բազմաթիվ միջոցառումներ: Միջոցառման ավարտին Լևոն Մկրտչյանն առաջին տեղը զբաղեցրած մրցանակակիրներին հանձնել է պարգևներ:
Ֆրանսերենի 3-րդ միջազգային օլիմպիադային մասնակցել է 33 պատանի, ովքեր մրցել են լեզվի իմացության երկու մակարդակներում՝ B1 և B2։ Մրցույթն իրականացվել է գրավոր և բանավոր։ Գրավոր փուլի արդյունքում Հայաստանի ներկայացուցիչ Ռիտա Բոյաջյանն արժանացել է 2-րդ մրցանակի: Բանավոր փուլում պահանջվել է թիմային աշխատանք։ Օլիմպիադայի մրցութային հանձնաժողովը կազմվել է յուրաքանչյուր մասնակից երկրի ֆրանսերենի 1-ական մասնագետից:
Նշենք, որ ֆրանսերենի նախորդ օլիմպիադաներն անցկացվել են Ռումինիայում և Բուլղարիայում, իսկ հաջորդը տեղի կունենա Մակեդոնիայում: Օլիմպիադան նպատակ ունի ամրապնդել ֆրանսերենի գործածումը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի պատանիների շրջանում, խորացնել նրանց հետաքրքրությունը ֆրանսերեն լեզվի նկատմամբ, ինչպես նաև խրախուսել երկխոսությունը ֆրանկոֆոն գործընկերների միջև, զարգացնել պատանիների ստեղծագործական միտքը և նրանց թիմային աշխատանքի կարողությունները տարբեր մշակութային արժեքների համատեքստում:
Պորտալի նյութերը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ -ին (www.armedu.am) պարտադիր է:
Պորտալը շահագործում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ)
© Կրթական տեխնոլոգիաներին ազգային կենտրոն, 2007-2024