ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ռազմավարությունների և օրենքների մշակում, նոր դասագրքեր, մշակութային հիմնադրամի ստեղծում. Ժաննա Անդրեասյանն ամփոփել է 2023 թվականը

Դեկտեմբերի 27, 2023
Պաշտոնական Հարցազրույցներ, ելույթներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդես է եկել տարեվերջյան մամուլի ասուլիսով՝ ամփոփելով 2023 թվականին նախարարության համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքները:

Ոլորտային ռազմավարությունների մշակում և հաստատում

ԿԳՄՍ նախարարն անցնող տարում իրականացված աշխատանքներից կարևորել է հատկապես առանձին ոլորտների ռազմավարությունների հաստատումն ու հայեցակարգային աշխատանքները:

«Նախորդ տարվա վերջին Ազգային ժողովը հաստատեց «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը»: Այս տարի արդեն հաստատվեցին գործողությունների ծրագիրն ու այն կոնկրետ քայլերը, որոնց միջոցով իրականացվելու է կրթության ռազմավարությունը: Այս ուղղությամբ ամբողջ տարվա ընթացքում կատարվել է մեծ ծավալի աշխատանք»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղեկացմամբ` հաստատվել են նաև մշակույթի և սպորտի ոլորտների զարգացման ռազմավարությունները: Նրա խոսքով՝ այս ոլորտներում ևս սահմանվել են հստակ թիրախներ ու գործողությունների պլաններ, որոնց ուղղությամբ աշխատանքներ են տարվել դեռ մինչև ռազմավարությունների ընդունումը:

Մյուս կարևոր աշխատանքը, ըստ Ժաննա Անդրեասյանի, իրականացվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգի հաստատման շուրջ. տարվա ընթացքում ստեղծվել է նաև «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը:

Նախարարն առանձնացրել է նաև գիտության զարգացման ռազմավարության մշակումը, որը նախատեսվում է ամբողջացնել արդեն հաջորդ տարվա ընթացքում:

Օրենսդրական փոփոխություններ և լրամշակումներ

ԿԳՄՍ նախարարի տեղեկացմամբ՝ իրականացվել է նաև մեծ ծավալի օրենսդրական աշխատանք: Կրթության ոլորտում Ժաննա Անդրեասյանն առանձնացրել է հատկապես «Մասնագիտական կրթության և ուսուցման» մասին ՀՀ օրենքի նախագծի հաստատումը Կառավարության կողմից. «Սա օրենսդրական տարբեր փոփոխությունների փաթեթ է և, անկասկած, հեղափոխական նշանակություն է ունենալու մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի որակական փոփոխության տեսանկյունից՝ հատկապես աշխատանքի վրա հիմնված ուսուցումն ինստիտուցիոնալ մոտեցում դարձնելու և քոլեջներում կրթության որակը շեշտակիորեն բարձրացնելու ուղղությամբ: Միջին մասնագիտական կրթության համակարգում ներդնում ենք մասնագիտական զարգացման և վարձատրության բարձրացման նույն սկզբունքները, որոնք կիրառվում են հանրակրթության համակարգում: Եեկող տարվանից այս քաղաքականությունը կգործի. կարգերն արդեն ներկայացված են քննարկման»:

Օրենսդրական աշխատանքներից նախարարն առանձնացրել է նաև «Թանգարանների մասին» օրենքի նախագծի մշակումը: «Սա մի օրենսդրական նախաձեռնություն է, որը ոլորտում երբևէ չի եղել, և որի կարիքն ակնհայտորեն կար: Միջազգային գործընկերների մասնակցությամբ թանգարանների ոլորտը կարգավորող օրենքի նախագիծն արդեն պատրաստ է` հաստատվել է Կառավարության կողմից և արդեն իսկ Ազգային ժողովում է: Հույս ունեմ՝ եկող տարի այն կհաստատվի, ինչից հետո կքննարկենք թանգարանների աշխատակիցների վարձատրության բարելավման մոտեցումները, որը օրակարգային հարց է»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ տեղեկացնելով, որ նմանօրինակ օրենսդրական փոփոխություններ են նախաձեռնվել նաև գրադարանների համար:

Նախարարի խոսքով՝ տարվա ընթացքում գրեթե բոլոր ոլորտային օրենքները լրամշակվել են, և առկա են բազմաթիվ բարելավումներ, որոնք էականորեն ազդել են կառավարման սկզբունքների վրա:

«Օրինակ՝ «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում արվել են լրամշակումներ և փոփոխություններ, որոնք մեր երկրի հակադոպինգային քաղաքականությունը համապատասխանեցրել են միջազգային չափորոշիչներին: Վարում ենք մեր երկրում խոշոր միջազգային մրցաշարեր անցկացնելու քաղաքականություն: Այդ ստանդարտներին համապատասխանությունը նման մրցաշարեր հյուրընկալելու կարևորագույն նախապայման է»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:

Կառուցվածքային փոփոխություններ

ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև նախարարության ներսում իրականացված կառուցվածքային բարեփոխումները՝ ընդգծելով, որ 2023 թվականին այս ուղղությամբ ևս զգալի աշխատանքներ են արվել:

«Փոխել ենք վարչությունների առանձին գործառույթների, պաշտոնների նկարագրերի համակարգը՝ դրանք դարձնելով ավելի համահունչ առկա խնդիրներին: Այս առումով կառանձնացնեի Գիտության կոմիտեի վերակազմակերպումը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, որին վերապահվել են նաև Բարձրագույն որակավորման կոմիտեի, ինչպես նաև նախարարության Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության գործառույթները: Այսպիսով՝ ունենք ամբողջական ինստիտուցիոնալ համակարգ բարձրագույն կրթության և գիտության ոլորտի բարեփոխումներն ու քաղաքականությունը սպասարկելու համար»,- նշել է նախարարը:

Ակադեմիական քաղաքի հատակագիծը մշակվում է

Անդրադառնալով «Ակադեմիական քաղաք» նախագծին՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ վերջինիս հատակագիծը պատրաստ կլինի եկող տարեսկզբին:

«Պայմանագրերը կնքված են, և ներկայում մշակում ենք ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը, որը պատրաստ կլինի 2024 թվականին: Բովանդակային աշխատանքներ են տարվում նաև բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների միավորման ուղղությամբ: Մինչև փետրվարի 15-ն ընդունում ենք հայեցակարգային առաջարկներ»,- ընդգծել է նախարարը:

Կստեղծվի Մշակույթի զարգացման հիմնադրամ

Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև Մշակույթի զարգացման հիմնադրամի ձևավորումը, որը կգործի 2024 թվականի սկզբից. «Սա լինելու է մշակույթի ոլորտի հանրահռչակման, նաև թանգարանների միասնական կառավարման և ոլորտում բազմաթիվ այլ աշխատանքների իրականացման համար շատ կարևոր կառույց: Արդեն իսկ քննարկել ենք դրա հիմնական գործառույթները և անելիքները: Մյուս տարվա սկզբից հիմնադրամը կգործի և էական փոփոխություն կբերի մշակույթի ոլորտի կառավարման հարցերում»:

Հատուկ ուշադրություն ուսումնական գույքի որակին

ԿԳՄՍ նախարարը նաև խոսել է Կառավարության ծրագրից բխող ամենախոշոր միջոցառումների, այդ թվում՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի մասին: Նա նշել է, որ արդեն աշխատանքներն ավարտված են ավելի քան երեք տասնյակ դպրոցներում և 120 մանկապարտեզներում: Այժմ աշխատանքներ են ընթանում շուրջ 80 դպրոցներում: Նոր կառուցված բոլոր դպրոցներն ապահովվում են նոր գույքով, որին առանձնակի ուշադրություն է դարձվում` կարևորելով դրա որակական բնութագրիչները:

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև կապիտալ ծախսերի կատարմանը: Նրա խոսքով՝ 2024 թվականի համար ԿԳՄՍ նախարարության բյուջեն կազմելու է 345 մլրդ դրամ. 2023թ. համեմատ՝ 38%-ով ավելի: Եվ այստեղ կապիտալ ծախսերի մասնաբաժինն էական է՝ ավելի քան 120 մլրդ դրամ:

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սովորողների կրթության և ուսուցիչների մասնագիտական շարունակության ապահովում

Նախարարի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղից մեր հայրենակիցների բռնի տեղահանման հետևանքով առաջ են եկել մի շարք նոր խնդիրներ, որոնք հրատապ կարգավորման կարիք են ունեցել: Առաջին հերթին առկա է եղել դպրոցահասակ երեխաների կրթության շարունակականության ապահովման խնդիր:

«Ավելի քան 17 հազար երեխաներ սովորում են ՀՀ դպրոցներում, որոնց համար ապահովվում են անհրաժեշտ դասագրքեր և գրենական պիտույքներ: Բոլոր այն երեխաները, որոնք ունեն կրթության առանձնահատուկ պայմանների, հոգեբանների կարիք, մասնագիտական աջակցություն են ստանում: Հաջորդ ուղղությունը ուսանողների կրթության ապահովումն է, և շատ արագ՝ հոկտեմբերի 12-ին, Կառավարության որոշմամբ հատատվեց կրթաթոշակի կարգը, որը հնարավորություն է տվել Լեռնային Ղարաբաղի բուհերում և քոլեջներում սովորող ուսանողներին իրենց կրթությունը շարունակել ՀՀ համապատասխան հաստատություններում և կրթաթոշակի միջոցով փոխհատուցել նաև նրանց ուսման վարձը: Ավելի քան 1800 ուսանողներ իրենց կրթությունը շարունակում են ՀՀ բուհերում և ավելի քան 1000 ուսանողներ՝ քոլեջներում և ուսումնարաներում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարն անդրադարձել է նաև ԼՂ այն ուսանողներին, որոնք սովորում էին ՀՀ հաստատություններում. «Նրանց ուսման վարձը վճարվում էր կա՛մ ԼՂ իշխանությունների կողմից, կա՛մ իրենց ընտանիքների, որոնք նույնպես բռնի տեղահանվել են, և ֆինանսական աջակցության այդ հնարավորությունն այլևս չկա: Կառավարության վերջին նիստում ընդունված որոշումը վերաբերում էր այս խմբի ուսման վարձի փոխհատուցմանը. ծրագրի շահառու է դարձել ավելի քան 900 ուսանող: Արդեն իսկ հրապարակվել է հաստատությունների ցանկը, գումարները փոխանցված են բուհերին, քոլեջներին և ուսումնարաններին, որպեսզի այս ուսանողների ուսման վարձի համար փոխհատուցումներն արվեն: Այս աշխատանքները մենք շարունակելու ենք, որովհետև ընդունված որոշումը վերաբերում է 2023-2024 թթ. ուսումնական տարվա առաջին կիսամյակին: Հաջորդ տարվա փոխհատուցման համար ևս համապատասխան միջոցներ են նախատեսված բյուջեում»:

Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև մասնագիտական աշխատանքի շարունակության հնարավորությունը ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների համար:

«Շուրջ 400 ուսուցիչներ` ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների 1/3–ը, արդեն աշխատում է ՀՀ կրթական համակարգում։ Նրանցից ավելի քան 200-ը գործուղվել են մարզեր, որոնց հատկացվում է աշխատավարձի 30 %-ի չափով հավելավճար: Որոշ մարզերում (Սյունիքում, Վայոց ձորում, ինչպես նաև Տավուշի, Գեղարքունիքի մի շարք համայնքներում) բացի հավելավճարից՝ գործուղված ուսուցիչները ստանում են նաև ամսական 50.000 դրամ հավելավճար՝ ի լրումն իրենց վարձատրության: Հույս ունեմ, որ մյուսներն էլ իրենց բնակության վայրերը վերջնական հստակեցնելուց հետո մասնագիտական աշխատանքը կշարունակեն դպրոցներում: Մենք սիրով պատրաստ ենք բոլորին ընդգրկել»,– ընդգծել է նախարարը։

Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է, որ գործուղման նպատակով ուսուցիչները կարող են օգտվել https://kadrer.emis.am/ հարթակից, որտեղ հասանելի են բոլոր թափուր տեղերը:

Մամուլի ասուլիսի ընթացքում ԶԼՄ ներկայացուցիչները նաև տարատեսակ հարցեր են ուղղել ԿԳՄՍ նախարարին, որոնք վերաբերել են նոր դասագրքերին, հանրակրթության նոր չափորոշչի տեղայնացմանը, գնահատման և քննությունների անցկացման նոր համակարգին, «Գոյ» թատրոնին և այլն:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…