ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կարեն Գիլոյանը ներկայացրել է սպորտի զարգացման ռազմավարության հիմնական ուղղությունները

Դեկտեմբերի 12, 2023
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների ռազմավարությունը, անդրադարձել առանցքային թիրախներին ու նպատակներին:

«Ռազմավարությունը հաստատվեց երկարատև աշխատանքից հետո. այն հիմք է ծառայելու մինչև 2050 թվականի մեր գործունեության համար: Ընդ որում՝ ռազմավարությամբ սահմանված որոշ կետեր մենք արդեն կատարել ենք, օրինակ՝ Եվրոպայի 15 չեմպիոն ունենալու առումով: Աշխարհի չեմպիոնների քանակը բավականին լրացրել ենք. գնում ենք դեպի Օլիմպիական խաղեր»,- ասել է Կարեն Գիլոյանը:

Մասսայական սպորտի զարգացումը՝ ռազմավարության առանցքային թիրախ

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների ռազմավարությամբ մեծ ուշադրություն է հատկացված մասսայական սպորտի զարգացմանը:

«Վերջին տարիներին զանգվածային նմանօրինակ մեծ միջոցառումներ են «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական մրցաշարերը, որոնք հաջորդ տարվանից մի փոքր փոփոխված ձևաչափով են անցկացվելու»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարի տեղակալն ու տեղեկացրել, որ հաջորդ տարվանից սեղանի թենիսի և հեծանվավազքի մրցաշարերը կդառնան դպրոցական, կավելանա նաև նոր մրցաշար՝ խճուղային հեծանվավազք՝ բազմօրյա ռեժիմով:

Կարեն Գիլոյանի տեղեկացմամբ՝ խճուղային հեծանվավազքի իրականացման ու մրցակցայնության ապահովման նպատակով ձեռք են բերվելու մեծաքանակ հեծանիվներ և տրամադրվելու հանրակրթական դպրոցներին, որպեսզի վերջիններս թիմեր ձևավորեն և մասնակցեն մրցաշարին. «Սա հազարավոր երեխաների թույլ կտա սովորելու հեծանիվ քշել և, ինչու ոչ, այն դարձնելու առօրյա փոխադրամիջոց: Սա կլուծի էկոլոգիայի, առողջ ապրելակերպի բազում խնդիրներ: Եթե կարողանանք առողջ հասարակություն ձևավորել, շատ ավելի լավ կլինի»:

Շարունակվելու է մարզական ենթակառուցվածքների շինարարությունը

ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ շարունակվելու են մարզական ենթակառուցվածքների նորոգումը, հիմնանորոգումն ու կառուցումը:

«Այն, ինչ այսօր անում են մեր մարզիկները՝ բազմափորձ մարզիչների գլխավորությամբ, պարզապես հերոսություն կարելի է համարել: Երբ նախորդ տարի 307 մեդալ ունեցանք, մտածում էինք, որ այն հաճելի պատահականության արդյունք է, և դժվար թե նորից կարողանանք այդ քանակի մեդալներ ապահովել: Փորձը ցույց տվեց, որ Հայաստանի մարզական ներուժն ավելին է, քան 307 մեդալը, և այսօր մենք ունենք 435 մեդալ, ընդ որում՝ կան մրցումներ, որոնք դեռևս ընթացքում են: Այդուհանդերձ, ենթակառուցվածքների առումով դեռ շատ անելիքներ ունենք: Այս առումով անհրաժեշտ է նշել՝ Հայաստանի կառավարությունը մարզական ենթակառուցվածքների շինարարության հսկայածավալ աշխատանքներ է իրականացնում»,- ասել է Կարեն Գիլոյանը:

Նրա տեղեկացմամբ՝ Արմավիրի մարզում շուտով շահագործման կհանձնվի Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մասնագիտացված մարզադպրոցը, իսկ արդեն հաջորդ տարի Շենգավիթ վարչական շրջանում շահագործման կհանձնվեն գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցն ու հեծանվային սպորտի մարզադպրոցը: Մեկ տարի անց էլ Գյումրիում շահագործման կհանձնվի Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրը, որտեղ նաև ամենաբարձր կարգի մրցումներ ընդունելու հնարավորություն կլինի:

Կարեն Գիլոյանն ընդգծել է՝ յուրաքանչյուր խոշորացված համայնքում նախատեսվում է ունենալ տիպային մարզական կառույց՝ լողավազանի, ֆիթնես դահլիճի, խաղային մարզաձևերի և այլ հնարավորություններով. եկող տարվա համար արդեն նախատեսված է նման կառույցների նախագծում Եղեգնաձորում և Բերդում:

«Բավականին լուրջ կառույց ենք նախատեսում: Վստահ ենք՝ կգա ժամանակ, երբ Հայաստանի բոլոր մարզերում մարդիկ հնարավորություն կունենան զբաղվելու թե՛ պրոֆեսիոնալ սպորտով, թե՛ ֆիթնեսով, թե՛ առհասարակ առողջ ապրելակերպով: Սա նոր թափ կհաղորդի մասսայական սպորտին, միաժամանակ մեծ նվաճումների սպորտով զբաղվողների թիվը կավելանա, որը հետագայում կհանգեցնի որակի»,- ասել է Կարեն Գիլոյանը:

Միջազգային մրցաշարերի ընդունում Հայաստանում

Նախարարի տեղակալի խոսքով՝ ռազմավարության առանձին և կարևոր ուղղություն է Հայաստանի Հանրապետությունում միջազգային խոշոր մրցաշարերի հյուրընկալումը՝ տարին առնվազն մեկ անգամ: ԿԳՄՍ նախարարի տեղակալի ընդգծմամբ՝ վերջին տարիներին այն իրականացվում է բավականին մեծ հաջողությամբ և արդեն իսկ հանգեցրել է միջազգային սպորտային քարտեզի վրա Հայաստանի դիրքի ամրապնդմանը. «Մոտավոր հաշվարկներով շուրջ 220 մլն հեռուստադիտող տարբեր հարթակներով հետևել է այդ մրցումների ընթացքին, իսկ Մարզահամերգային համալիրին է վերադարձվել «մարզական» բաղադրիչը: Վերջին 2 տարում 6 խոշոր մրցում ենք անցկացրել: Եվ այս քաղաքականությունը լինելու է շարունակական, քանի որ բանակցում ենք մի շարք մարզաձևերից միջազգային մրցումներ հյուրընկալելու վերաբերյալ»:

Կարեն Գիլոյանն անդրադարձել է նաև մարզիչների կամավոր ատեստավորման գործընթացին՝ տեղեկացնելով, որ հաջորդ տարվանից դրան մասնակցելու և ըստ այդմ աշխատավարձերի բարձրացման հնարավորություն են ունենալու 10-ից ավելի մարզաձևերի մարզիչներ: ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև նշել է՝ շարունակելու են գործել բարձր նվաճումներ ունեցող մարզիկների, նրանց մարզիչների խրախուսման գործիքները, որը թե՛ միանվագ, թե՛ ամսական կտրվածքով դրամական շոշափելի աջակցություն է:

2024-ը՝ Օլիմպիական տարի

Անդրադառնալով Փարիզի 2024 թվականի ամառային օլիմպիական խաղերին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը կարևորել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հետ համագործակցությունը:

«Միասին պետք է գնանք դեպի Փարիզ-2024: Կարծում ենք՝ 20-25 օլիմպիական ուղեգիր ունենալը միանգամայն իրատեսական է, թեև կարևորը մասնակցության որակն է: ՕԽ-ին մասնակցությունը, իհարկե, արդեն իսկ մեծ նվաճում է, բայց պետք է իրատես լինել ու հասկանալ, թե ինչ արդյունքներ կարող ենք գրանցել: Կարծում եմ՝ այն մարզիկները, որոնք մեդալներ նվաճեցին ընթացիկ տարում, ի զորու են նաև Օլիմպիական խաղերում մրցանակային տեղեր զբաղեցնելու և, ինչու ոչ, չեմպիոն հռչակվելու: Իհարկե, շատ կարևոր է, թե ինչպես կմոտենանք Փարիզ-2024-ին: Հնարավոր է՝ որոշ թիմեր վերջին ուսումնամարզական հավաքները անցկացնեն հենց Ֆրանսիայի մայրաքաղաքում»,- ասել է Կարեն Գիլոյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ մեծ են սպասելիքները հրաձգությունից, հատկապես որ առաջիկայում հավաքականի մյուս առաջատարի՝ Բենիկ Խլղաթյանի մասնակցությունը Փարիզի Օլիմպիական խաղերին ևս կհաստատվի:

«Հավատացած եմ, որ շատ լուրջ ակնկալիքներ պետք է ունենանք հրաձգությունից: Էլմիրա Կարապետյանն առաջինը նվաճեց Փարիզ-2024-ի ուղեգիրն ու ըստ իս՝ մեծ հավակնություններ ունի: Ամենայն հավանականությամբ, առաջիկայում կհաստատվի նաև Բենիկ Խլղաթյանի վարկանիշը, իսկ սա նշանակում է, որ Փարիզ-2024-ի հրաձգության մրցումներին կմասնակցենք նաև զույգով»,- նշել է Կարեն Գիլոյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է ազգային մարզադաշտի կառուցմանը, դպրոցներում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դասավանդման բարելավման ուղղությամբ նախարարության կողմից իրականացվող ծրագրերին, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մարզիկներին և մարզիչներին սպորտային կյանքում ներգրավմանը և մի շարք ոլորտային այլ խնդիրների:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…