Հարգելի՛ գործընկերներ,
Շատ ուրախ եմ այս համաժողովի շրջանակներում մեր հանդիպման համար: Ուրախ եմ, որ այստեղ ներկա են կրթության, պաշտպանության, մեր հասարակական կյանքի կազմակերպման այլ բնագավառների աշխատողներ:
Հանրային կառավարման բնագավառում երկար տարիների մեր փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում չկա որևէ համակարգային հարց, որը հնարավոր լինի լուծել առանձին վերցրած ոլորտի շրջանակներում:
Արդի հասարակության պայմաններում այդպիսի հարցերը շաղկապված են, ուստի անհրաժեշտ են համալիր հարցադրումներ, մոտեցումներ և լուծումներ:
Այդպիսին է նաև հայրենասիրական դաստիարակության խնդիրը: Ամենալավ հայրենասիրական դաստիարակությունը օրինակն է:
Պաշտպանության նախարարի առաջարկած «Ազգ-բանակ» հայեցակարգն ուղղված է անվտանգության ոլորտում պահանջատեր քաղաքացու դաստիարակմանը մեր հասարակության մեջ: Այսօրվա համաժողովն էլ մի միջոց է՝ ավելի ամրացնելու մեր հասարակության, հատկապես երիտասարդության կապը մեր Զինված ուժերի հետ:
Առաջիկա օրերին այստեղ տեղակայված ցուցահանդես կայցելեն հազարավոր աշակերտներ, մանկավարժներ, ծնողներ` հասկանալու համար, թե այսօր մեր երկիրն ինչ ունի առաջարկելու այն երիտասարդներին, ովքեր ուզում են որակյալ կրթություն ստանալ, ունենալ մրցունակ և շատ հետաքրքիր մասնագիտություն:
Այսօր քննարկվելիք նոր նախաձեռնությունները, ինչպես նաև տարիների կուտակած ներուժը լուրջ հիմք կստեղծեն մեր նոր սերնդի հրամանատարների, մտավորական-սպաների ամուր առանցք ձևավորելու համար: Սեպտեմբերին Դիլիջանում նոր և լայն հնարավորություններով վերաբացվելիք «Մոնթե Մելքոնյան» վարժարանից մինչև մեր բարձրագույն ռազմական հաստատությունների նոր կրթական ծրագրեր, քաղաքացիական բուհերից մինչև առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող մեր ժամկետային զինծառայողներ` մենք պետք է վերանայված քաղաքականությամբ, հետևողական քայլերով շարունակենք ամրապնդել մեր հասարակության հարգանքն ու սերը դեպի Հայոց բանակը:
Պետությունը շարունակելու է գործնական քայլեր ձեռնարկել սպայական մասնագիտությունն ընտրած իր քաղաքացիների նկատմամբ: Ինչպես նաև շարունակելու է Հայրենիքի համար իրենց կյանքը զոհած կամ ծառայության արդյունքում հաշմանդամություն ստացած մեր զինծառայողների և նրանց ընտանիքների հանդեպ հատուկ հոգատարություն ցուցաբերելու իր քաղաքականությունը:
Ի դեպ, ես արդեն հանձնարարել եմ Պաշտպանության նախարարին, որպեսզի անհապաղ գործուն քայլեր ձեռնարկի զոհված և առաջին կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին բնակարանով ապահովելու համար: Այս խնդիրը վերջնականապես պետք է լուծվի և այս խնդիրը վերջնականապես պետք է լուծվի ամենաուշը մինչև 2019 թվականի ավարտը: Հանձնարարել եմ նաև անհապաղ ուսումնասիրել և լուծում տալ սեփականաշնորհման ենթակա՝ պաշտպանության նախարարության այն բնակարանային ֆոնդի օտարմանը, որը զբաղեցնում են սեփական բնակարանի փոխհատուցման իրավունք ձեռք բերած մեր զինծառայողները:
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Հայրենասիրական դաստիարակությունն ամրապնդելու համար առաջին հերթին պետք է ամրապնդել Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու մեջ տիրոջ զգացումը: Երկրի ամենալավ պաշտպանն այն մարդն է, ով գիտակցում է իր բաժին պատասխանատվությունը հայրենիքի համար:
Պատասխանատվությունը վերացական և վերամբարձ հասկացություն չէ: Պատասխանատու է այն մարդը, ով ունի գոնե իր սեփական անկյունը: Եթե անգամ չունի, վստահ է, որ իր ազնիվ աշխատանքով այդ անկյունը վաստակելու է: Այդ մարդը ոչ միայն ստեղծելու է իր անկյունը, այլև ընդլայնելու է այն, դարձնելու է իր ընտանեկան օջախը: Այդ բնակարանում, այդ միջավայրում նա դաստիարակելու է իր զավակներին, ովքեր տոգորվելու են այդ նույն սեփականատիրոջ զգացումով:
Սա, իմ խորին համոզմամբ, ամենալավ հայրենասիրական դաստիարակությունն է:
Թող ոչ ոք չմոլորեցնի իրեն և ուրիշներին. առանց վճռական տիրոջ, առանց երկրի հայրենի հողին կառչած կանանց և տղամարդկանց հնարավոր չէ որևէ հայրենասիրական դաստիարակություն: Միայն այդպիսի սեփականատիրոջ զգացումով տոգորված կանայք ու տղամարդիկ են ունակ դաստիարակել զավակներ, ովքեր նվիրված են իրենց հայրենիքին, իրենց հողին ու իրենց ջրին:
Նման մարդկանց հայրենասիրության կոչեր ու քարոզներ կարդալ պետք չէ: Նրանք անմիջապես զգում են վտանգը և անհրաժեշտության դեպքում ոտքի են կանգնում՝ իրենց տունը, իրենց երկիրը պաշտպանելու նպատակով:
Նման վերաբերմունքի խրախուսման և ամրապնդման նպատակին են ուղղված այն բարեփոխումները, որ իրականացվում են մեր երկրում: Գալիք մի քանի տարիները որոշիչ են լինելու այդ ճանապարհին:
Փոփոխություններն արմատական են, և նրանք զգալի ու շոշափելի են լինելու Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար:
Հարգելի՛ գործընկերներ,
Կարծում եմ, որ նման տիրոջ զգացումն էր, որ հաջողության ու հաղթանակի ճանապարհ հարթեց Արցախյան ազատամարտում:
Վազգենն ասում էր՝ տեղական հայրենասերների ցավը տանեմ: Ամեն մի գյուղում, ավանում, քաղաքում կան այդպիսի տեղական հայրենասերներ, որ գիտեն իրենց բնակավայրի պատմությունը, այդտեղից դուրս եկած մարդկանց անուններն ու կենսագրությունները: Նրանք միշտ պատրաստ են պատմել իրենց այդ հարազատ տան մասին և հպարտ են դրանով:
Տարիներ շարունակ աշխատանքի բերումով մեր երկրի տարբեր մարզեր ու համայնքներ այցելելով՝ ես ծանոթացել և շփվել եմ նման շատ մարդկանց հետ: Կարծում եմ, որ այդ մարդկանց նվիրումն ու աշխատանքը մենք մշտապես պետք է պահենք մեր ուշադրության և հոգածության կենտրոնում: Դրանից լավ հայրենասիրական դաստիարակություն լինել չի կարող:
Հայաստանը բազմաթիվ փոքր ու մեծ բնակավայրերի հանրագումարն է: Այդ հանրագումարի մեջ երբեք մենք չպիտի կորցնենք անգամ ամենափոքր միավորը: Մենք պետք է սիրենք, գուրգուրենք ու պահպանենք այդ միավորը: Ո՞վ կարող է դա ավելի լավ անել, քան սեփականատերը, իր ազնիվ աշխատանքով իր ընտանիքի հացը վաստակող տղամարդն ու կինը:
Դա է հայրենիքը ճանաչելու և սիրելու միակ ուղին: Այդ արժեքները մենք միշտ պետք է ամրապնդենք և փոխանցենք սերնդեսերունդ՝ առաջին հերթին մեր ընտանիքների միջոցով: Ընտանիքը մեր ազգապահպանության ամենակարևոր և ամենաամուր միավորն է, որտեղ յուրաքանչյուր մարդ ստանում է իր հիմնարար արժեքները:
Մենք պետք է ամրապնդենք մեր դպրոցական համակարգը: Արժանապատիվ քաղաքացի և հասարակության պատասխանատու անդամ դաստիարակելու գործում կարևոր դերակատարություն է, անշուշտ, վերապահված հենց դպրոցին: Հայրենասիրությունը, մարդասիրությունն ու պատվախնդրությունը բոլորիս մեջ ներարկել են մեր ուսուցիչները:
Ո՞վ է խնամում այգին, սիրելի՛ գործընկերներ: Այգին խնամում է տերը: Ո՞վ է, գիշերներ լուսացնելով, փորձում այգին փրկել ցրտահարությունից, ոռոգում, սրսկում, պաշտպանում այգին: Միայն ու միայն տե՛րը:
Մեր հայրենիքը հենց այդ այգին է, որտեղ տերը միաժամանակ մշակ է և ծառա: Հայրենասերը նա է, ով և՛,տեր է, և՛ մշակ՝ միաժամանակ, առանց զատելու:
Տեր լինել սեփական վաստակին, տեր լինել սեփական երկրին, տեր լինել սեփական իրավունքներին՝ նշանակում է լինել ազատ:
Ազատասիրությունը և հայրենասիրությունը նույն մեդալի երկու երեսներն են: Մենք արժանի լինենք այդ մեդալին: Պաշտպանե՛նք մեր ազատությունը, ինչպես կպաշտպանեինք մեր այգին, քանի որ առանց այդ այգու չենք ունենա ո՛չ վաստակ և ո՛չ էլ որևէ այլ բան:
Վերահաս վտանգի առաջ համախմբվում են շատերը: Դա կոչվում է, ինչպես գիտեք, ինքնապաշտպանության բնազդ: Այդ բնազդը հատուկ է նույնիսկ կենդանիներին: Մեր ազգային համախմբումը հիմնված չէ և չպետք է հիմնված լինի ինքնապաշտպանական բնազդների վրա: Այն խորապես գիտակցված ընտրություն է և կոչվում է ազատություն. տիրո՛ջ ազատություն և տիրո՛ջ պատասխանատվություն: Այն մեր ինքնության և ինքնագիտակցության կարևոր բաղադրիչն է եղել հազարամյակներ և լինելու է այսուհետ ևս:
Երբ մենք ասում ենք, որ հարգում ենք և հարգելու ենք մարդու հիմնարար ազատությունները, դա մենք չենք անում ինչ-որ մեկին դուր գալու համար: Մենք դա ասում ենք և անում ենք, քանի որ մարդն առանց հիմնարար ազատությունների լիարժեք չէ:
Մեզ պետք են լիարժեք մարդիկ, մեզ պետք են երկրի տերեր, որ պատրաստ են մշակելու և պաշտպանելու իրենց վաստակը, իրենց այգին՝ մեր Հայաստանը:
Խաղաղ պայմաններում մենք ազգ-այգեպան ենք, իսկ վտանգի պահին դառնում ենք ազգ-բանակ: Ահա սա է մեր երկրի տերերի, երկրի մշակների և երկրի պաշտպանների հայեցակարգը:
Շնորհակալություն:
Հաջողություն եմ մաղթում բոլորին:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Ողջո՛ւյն, սիրելի գործընկերներ: Այսօր նախագծային ուսուցումը դարձել է մեր աշխատանքի կարևորագույն մասը: Ուզում եմ կիսվել 4-րդ դասարանում իմ իրականացրած փոքրիկ փորձով. Թեման. Ընտրեցինք միջառարկայական թեմա (օրինակ՝ «Մեր համայնքի էկոլոգիան»): Ընթացքը.…
Ողջո՛ւյն, հարգելի գործընկերներ: Նոր չափորոշիչների ներդրմամբ ձևավորող գնահատումը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Ուզում եմ կիսվել մի քանի արդյունավետ գործիքներով, որոնք կիրառում եմ իմ դասարանում. «Ելքի քարտեր». Դասի վերջում…
Ողջո՛ւյն, հարգելի գործընկերներ: Ներկայացնում եմ «Բարդ բառերի կոնստրուկտոր» թվային խաղ-վարժությունը՝ ստեղծված LearningApps հարթակում: Ինչո՞ւ է սա արդյունավետ. Տեսողական բաժանում. Բառերը տրոհված են արմատների (օրինակ՝ Ջր-ա- և -ման): Ինքնաստուգում. Աշակերտը վայրկյանական…
Անդրադառնանք ևս մեկ թեմայի գործընկերների ցանկությամբ: Երեխաների ուշադրությունը գրավելն ու պահելը պահանջում է թե՛ հոգեբանական հնարքներ, թե՛ ճիշտ կառուցվածք: Քանի որ երեխաների ուշադրության կենտրոնացման տևողությունը սովորաբար սահմանափակ է, կարևոր է…
Հարգելի գործընկերներ, իմ դասարանում ունեմ 32 աշակերտ՝ նրանք սահուն կարդում են, բայց կան մի քանիսը,որոնք դժվարանում են պատմել,վերարտադրել տեքստի բովանդակությունը. ձեր դասարաններում ինչպե՞ս եք լուծում այս խնդիրը՝ քննարկենք միասին.
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց