ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Արաքսիա Սվաջյանը և Սարգիս Հայոցյանը ներկայացրել են Լեռնային Ղարաբաղից տեղահանված ուսուցիչների և ուսանողների աջակցության ծրագրերը

Հոկտեմբերի 12, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կառավարության «Հումանիտար կենտրոնում» ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված աշակերտների կրթության կազմակերպման գործընթացը և Կառավարության այսօրվա նիստում ընդունված ուսուցիչների աջակցության ծրագրի մանրամասները:

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների ուսումնառության կազմակերպման մասին

Հոկտեմբերի 12-ի տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 13320 երեխա հաճախում է ՀՀ դպրոցներ, որոնցից ավելի քան 4000-ը Երևանում, մյուսները՝ մարզերում:

«Քանի որ շատ ծնողների անհանգստացնում է երեխաներին դպրոցներում տեղավորելու հարցը, պարզաբանեմ, թե ինչպես պետք է վարվեն նրանք: Ծնողները պետք է դիմեն իրենց տեղակայման վայրի հարևանությամբ գործող դպրոցներից որևէ մեկը: Եթե դպրոցում լիցենզիոն տեղերն առկա են, ապա երեխան անմիջապես կընդունվի դպրոց՝ առանց փաստաթղթերի ներկայացման: Եթե տվյալ դպրոցում լիցենզիայով տեղերը սպառված են, ապա անհրաժեշտ է դիմել հարևանությամբ գործող մեկ այլ դպրոց, որն ունի լիցենզիայով սահմանված տեղեր: Քաղաքացիները կարող են դիմել նաև Երևանի քաղաքապետարան, իսկ մարզերի դեպքում՝ մարզպետարանի կրթության վարչություն, որտեղ հստակ վերլուծություն է իրականացվում, և ծնողին կուղղորդեն դպրոցի ընտրության հարցում»,-նշել է փոխնախարարը:

Ըստ Արաքսիա Սվաջյանի՝ եթե բնակավայրերում բոլոր դպրոցները ծանրաբեռնված են, ապա երեխաների ընդգրկումը կատարվում է անկախ լիցենզիայով սահմանված տեղերի քանակից «Այս պարագայում հնարավորություն է տրվում երեխաներին ընդգրկել նաև այն դպրոցներ, որոնցում լիցենզիայով սահմանված տեղերն արդեն սպառված են »:

Ուսուցիչների օժանդակության ծրագրի մասին

Փոխնախարարը տեղեկացրել է, որ Լեռնային Ղարաբաղից շուրջ 1500 ուսուցիչ բռնի տեղահանվել է ՀՀ: «ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնել է մի ծրագիր, որի շրջանակում ուսուցիչներին հնարավորություն կտրվի պարզեցված ընթացակարգերով ընդունվել աշխատանքի: Կարող են ընդունվել բոլոր այն անձինք, որոնք «Հանրակրթության մասին օրենքով» մանկավարժական պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն: Մեր կողմից հավաքագրվել են հանրապետության բոլոր դպրոցներում առկա թափուր հաստիքները, որոնք տեղադրված են Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում: Այդ համակարգում ստեղծված բազայի միջոցով, որը հոկտեմբերի 16-ից հետո կհրապարակվի, ուսուցիչները կարող են իրենց ընտրությամբ որոշել այն դպրոցը, որտեղ ցանկանում են որպես ուսուցիչ շարունակել իրենց գործունեությունը: Ընդ որում՝ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում մանրամասն տեղեկատվություն կլինի թե՛ դպրոցի, թե՛ առարկայի, թե՛ դասավանդվող ժամերի, թե՛ աշխատավարձի չափի մասին, և երբ ուսուցիչն ընտրությունը կատարի, ապա ինքնաշխատ եղանակով անմիջապես կձևավորվի հայտը: Եթե ուսուցիչն ունի իր փաստաթղթերը, ապա կարող է ներբեռնել դրանք, իսկ եթե ոչ՝ առանց ներբեռնման էլ հայտը կգրանցվի: Ուսուցիչն իրավունք ունի 10 օրվա ընթացքում չեղարկել հայտը և նոր հայտ գրանցել՝ հաշվի առնելով, որ այս փուլում հնարավոր են բնակավայրի փոփոխություններ, տեղաշարժեր: Գրանցվելուց հետո ԿԳՄՍ նախարարությունում ձևավորված հայտի հիման վրա ուսուցիչն ուղեգրվում է համապատասխան դպրոց, որտեղ նա արդեն կարող է սկսել իր աշխատանքային գործունեությունը»,-նշել է նախարարի տեղակալը:

Նրա խոսքով՝ ուսուցչի հետ պայմանագիրը կնքվում է 2 ուսումնական տարվա համար: Եթե այդ ընթացքում ուսուցիչը որոշի խզել պայմանագիրը, ապա այդ նույն պայմաններով նա աշխատանքն այլևս չի կարողանա շարունակել:

Հանրապետության բոլոր մարզերի դպրոցներում աշխատանքի անցնելիս ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները կստանան 30 տոկոս հավելավճար, իսկ որոշ մարզերում՝ Սյունիքի, Վայոց Ձորի հանրակրթական ուսհաստատություններում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Վարդենիս համայնքների, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան և Բերդ համայնքներում աշխատանքի անցնելու դեպքում 30 տոկոս հավելավճարից բացի կունենան նաև 50 հազար դրամ լրավճար:

«Ընդգծենք, որ ունենք լրացուցիչ գործող 2 այլ ծրագիր՝ գյուղական մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցներում 1 դրույքից պակաս ունեցող ուսուցիչների՝ ոչ ավելի, քան 0.5 դրույքի չափով հավելավճարի, ինչպես նաև ԲՏՃՄ առարկաներ դասավանդող ուսուցիչների ծրագիրը, որի շրջանակում ուսուցիչներն իրենց աշխատավարձի 30 տոկոսի չափով հավելավճար ստանալու հնարավորություն ունեն: Այս ծրագրերից ևս ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները կօգտվեն ՀՀ հանրակրթական դպրոցներում աշխատանքի անցնելու դեպքում: Մեր կողմից նաև հավաքագրվում է ուսուցիչների տվյալների բազա: Այս պահի դրությամբ շուրջ 500 ուսուցիչ արդեն իսկ հայտագրվել է, և մեր բազաներում նրանց մասին տվյալներն առկա են»,-տեղեկացրել է Արաքսիա Սվաջյանը՝ ընդգծելով, որ մինչ այս պահն արդեն աշխատանքի անցած ուսուցիչները, բնականաբար, ևս օգտվելու են այս արտոնյալ պայմաններից:

ԼՂ-ից տեղահանված ուսանողների աջակցության ծրագրի մասին

Ասուլիսի ընթացքում Բարձրագույն կրթության և գւիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը ներկայացրել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացած 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման ծրագիրը:

«Կարգով նախատեսվում է կրթաթոշակով ապահովել բռնի տեղահանված այն ուսանողներին, որոնք տեղահանվելուց առաջ սովորում էին Լեռնային Ղարաբաղի բարձրագույն ուսումնական հաստատություններում կամ նախնական և միջին մասնագիտական կրթություն իրականացնող հաստատություններում:

Կրթաթոշակից կօգտվեն այն ուսանողները, որոնք կտեղափոխվեն համապատասխան մասնագիտությամբ պետական ուսումնական հաստատություններ: Ուսանողը ուսումնական հաստատության հետ կնքելու է պայմանագիր, որով իրեն փոխանցվելիք, տվյալ մասնագիտության համար սահմանված չափը չգերազանցող կրթաթոշակի գումարը փոխանցվելու է որպես ուսման վարձի փոխհատուցում:

Առավելագույն չափերը սահմանված են տվյալ կարգի 2 հավելվածներով և հաշվարկված են հետևյալ կերպ՝ վերցվել են ՀՀ-ում գործող բոլոր պետական բուհերի և ՄԿՈՒ ուսհաստատությունների՝ տվյալ մասնագիտություններով հաստատված վարձավճարների միջին արժեքը: Այսինքն, որոշ պարագաներում կրթաթոշակը կբավականացնի ուսման վարձն ամբողջապես հոգալուն, որոշ դեպքերում հնարավոր է կարիք առաջանա հավելյալ լրացնելու:

Կառավարության նույն որոշմամբ սահմանված է նաև, որ ուսանողների տեղափոխությունը կատարվելու է գործող կարգերի համաձայն, բայց տվյալ իրավիճակից ելնելով, որոշակի սահմանափակումներ վերացվում են, մասնավորապես, առաջին և վերջին կուրսում տեղափոխման արգելքն է վերացվում, և կրեդիտների լրացման համար սահմանվում են ավելի ճկուն ժամկետներ: Նաև հնարավորություն է ընձեռվում փաստաթղթավորման գործընթացն իրականացնել ուսումնական պրոցեսում ներգրավվելուն զուգընթաց»:

Կարգով նախատեսված է փոխհատուցել 2023/24 ուստարվա վարձավճարները: Սրան զուգընթաց մենք կմշակենք նաև աջակցության այնպիսի մոդել, որն ավելի կնպաստի սովորողների ինտեգրմանը, և դրանից բացի նաև որոշակիորեն կխրախուսվի կրթության մեջ գերազանցությունը»:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…