ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նախարարին կից հասարակական խորհրդում քննարկվել է նոր չափորոշչի ներդրման մեկնարկը

Սեպտեմբերի 28, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Նիստի օրակարգում ներառված էր երկու հարց՝ հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման մեկնարկը 2-րդ, 5-րդ և 7–րդ դասարաններում և պետական ուսումնական հաստատությունների տարածքների նպատակային օգտագործման խնդիրը։

Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ողջունելի է համարել այն փաստը, որ նիստի օրակարգն այս անգամ ձևավորվել է խորհրդի անդամների առաջարկությունների հիման վրա՝ ներկաներին մաղթելով արդյունավետ քննարկում:

2-րդ, 5-րդ և 7–րդ դասարաններում hանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման վերաբերյալ հարցը զեկուցել է խորհրդի անդամ Գայանե Մադաթյանը։ Նրա խոսքով՝ օգոստոսյան խորհրդակցությունների ընթացքում հանգամանալից ներկայացվել է 2023-2024 ուստարվանից բոլոր դպրոցներում հանրակրթության նոր չափորոշչի ներդրման սահուն ընթացակարգը, սակայն դպրոցները դեռևս պատրաստ չեն դրա լիարժեք ներդրմանը։ Ըստ նրա՝ չկան համապատասխան սարքավորումներով հագեցած լաբորատորիաներ՝ բնագիտական առարկաների փորձարարական մասն ապահովելու համար, և նման հնարավորություն ունեն հիմնականում մայրաքաղաքի սակավաթիվ դպրոցներ։ Գայանե Մադաթյանը նաև նշել է, որ՝ 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարանների սովորողներն իրենց ուստարին սկսել են առանց դասագրքերի, որոնք դպրոց են հասել ուշացումով։ «Հուսանք, որ այս տարի արդեն հայտարարված մրցույթում ավելի շատ և բովանդակությամբ որակապես առավել բարձր մակարդակի դասագրքեր կհայտնվեն գնահատող փորձագետների սեղանին»,-նշել է Գայանե Մադաթյանը՝ առաջարկելով, որ դասագրքերի հետ գնահատվեն և երաշխավորվեն նաև համապատասխան մեթոդական ձեռնարկները, աշխատանքային տետրերը, ուսումնաօժանդակ նյութերը և այլն։ «Կարծում եմ՝ սովորողին պետք է տրամադրվեն ոչ միայն դասագիրքը, այլև ամբողջ փաթեթը՝ աշխատանքային տետր, թեմատիկ պլանավորում՝ իր նպատակով և վերջնաարդյունքով։ Եվ այս ամենը պետք է հասանելի լինի նաև էլեկտրոնային տարբերակով»,- նշել է Գայանե Մադաթյանը՝ իր առաջարկներն անելով նաև ուսումնական նախագծերի, ուսուցիչների վերապատրաստման, անհատական բաղադրիչի բաշխման, կամավոր ատեստավորման, ուսումնական նյութերի համապատասխանության, խմբակների գործունեության և այլ հարցերի շուրջ։

«Խմբակների մասով առաջարկում եմ առողջ ապրելակերպ և մասնագիտական կողմնորոշում պարտադիր խմբակների շարքում ձևավորել նաև ռազմահայրենասիրական և առաջին բուժօգնություն պարտադիր խմբակներ։ Առաջարկում եմ համահավասար բարձրացնել բոլոր մանկավարժների աշխատավարձը, թեթևացնել թղթաբանությունը, ավելորդ գրագրությունից ազատել ուսուցիչներին»,-նշել է նա։

Ի պատասխան՝ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ լաբորատորիաներով վերազինվել են Տավուշի և Արմավիրի մարզերի ավագ դպրոցները, առաջիկայում լաբորատորիաներ կստանան Արագածոտնի դպրոցները, իսկ մինչև 2026 թվականը՝ հանրապետության բոլոր ուսումնական հաստատությունները:

«Դասագրքերի հետ կապված. բնականաբար, առաջին տարին էր, և այս ընթացքում շատ խնդիրներ բացահայտվեցին։ Դասագրքերի ստեղծման մոտեցումն այս տարի կտրականապես փոխվել է. նախկինում եթե դասագրքի ստեղծման և տպագրության ամբողջ փաթեթն է ձեռք բերվել, ապա ներկայում մենք առանձնացրել ենք այդ գործընթացները։ Մրցույթները հայտարարվել էին, սակայն դասագրքաստեղծ մեր գործընկերները պարբերաբար ահազանգում էին, որ չեն հասցնում դասագիրք գրել: Հետևաբար, մենք ստիպված եղանք 2 անգամ ժամկետները երկարաձգել: Մյուս տարվա դասագրքերի մրցույթներն արդեն իսկ հայտարարված են. փորձում ենք անել հնարավորը, որ ամռանը դասագրքերի տպագրությունն արդեն իսկ իրականացված լինի։ Ինչ վերաբերում է մեթոդական ձեռնարկներին, ուղեցույցներին, ուսումնաօժանդակ գրականությանը, ապա դասագիրքը չի փորձարկվել առանձին։ Այն իրականացվել է ամբողջ փաթեթով, և բնականաբար որևէ ուսումնական նյութ չի կարող մտնել դպրոց՝ առանց երաշխավորման»,-նշել է փոխնախարարը՝ ընդգծելով, որ նոր դասագրքերը երաշխավորվել են ավելի կարճ ժամկետով. տարրականի համար 4, մյուս դասարանների համար՝ 3 տարով։ Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է նաև զեկուցողի մյուս առաջարկներին՝ տալով համապատասխան պարզաբանումներ:

Օրակարգի երկրորդ հարցը՝ պետական ուսումնական հաստատությունների տարածքների նպատակային օգտագործման վերաբերյալ, զեկուցել է խորհրդի անդամ Էռնեստ Ավանեսովը: Նրա խոսքով՝ հանդիսանալով Վ. Բրյուսովի պետական համալսարանի ֆիզիկական կուլտուրայի և քաղաքացիական պաշտպանության ամբիոնի վարիչ՝ այս հարցն իրեն մտահոգում է մի քանի տեսանկյունից: Ըստ Էռնեստ Ավանեսովի՝ գործող օրենքով «Ֆիզիկական կուլտուրա» առարկան պարտադիր է բոլոր ուսումնական հաստատություններում, սակայն մեծ դժվարություններ են առաջանում՝ հատկապես դահլիճային սուղ պայմանները հաշվի առնելով։ Նա նշել է, որ հատկապես քաղաքի կենտրոնում մի շարք ուսհաստատությունների նկուղային հատվածներ, որոնք կարող են օգտագործվել մարզական պարապմունքները կազմակերպելու համար, ժամանակին օտարվել կամ տրվել են երկարաժամկետ վարձակալության և ծառայում են այլ նպատակների համար:

«Այս խնդիրը կարևորում եմ երեք տեսանկյունից՝ գեղագիտական, ուսումնական գործընթացի խաթարման և անվտանգային՝ նկատի ունենալով ապաստարանների խնդիրը։ Դրանք Կառավարության որոշման մակարդակի հարցեր են, որովհետև տարածքները տրվել են գործադիրի որոշումներով՝ 30, 40, 90 տարի ժամկետներով: Ընդ որում՝ որոշ նման տարածքներ վերավարձակալվել են»,-իր զեկույցում նշել է Էռնեստ Ավանեսովը։

Նա անդրադարձել է նաև դպրոցների մարզադահլիճների խնդիրներին՝ ընդգծելով, որ դրանք չեն համապատասխանում հանրակրթության նոր չափորոշչի պայմաններին։ «Դահլիճային և գույքային պայմաններն այսօր լուրջ խնդիր են հանդիսանում հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունների համար»,-նշել է Էռնեստ Ավանեսովը։

Ի պատասխան՝ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ զեկուցողի հարցերը վերաբերում են ենթակառուցվածքների առկայությանը՝ ուսումնական գործընթացի կազմակերպման և անվտանգության տեսակետից։ «Երկու մասով էլ ուսհաստատություններում ունենք տարբեր իրավիճակներ։ Այո՛, ունենք տարածքներ, հատկապես կենտրոն համայնքում, որոնք սեփականաշնորհվել են, երկարատև ժամկետներով տրվել վարձակալության, հետևաբար այդ հարցին միջամտելը բավականին խնդրահարույց է։ Իրավական կարգավորումները, բնականաբար, ուսումնասիրման կարիք ունեն, և այդ հարցերը պետական այլ գերատեսչությունների տիրույթում են գտնվում։ Ունենք շատ ավելի խորքային խնդիր․ կան դեպքեր, երբ սեփականաշնորհված տարածքներում տարբեր տեսակի գործունեություն են ծավալում, և մենք չունենք որոշակի իրավական կարգավորումներ՝ թույլ չտալու այդ գործունեությունն ուսհաստատության հարևանությամբ»,-նշել է նախարարի տեղակալը:

Ա․ Սվաջյանի խոսքով՝ անհերքելի է «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի դերը երեխաների ֆիզիկական զարգացման և առողջության տեսանկյունից, սակայն դպրոցներում շատ հաճախ համապատասխան ենթակառուցվածքները բավարար վիճակում չեն։ Ըստ փոխնախարարի՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ստացվել են տարբեր տվյալներ։ «Ունենք ուսհաստատություններ, որոնք բացարձակապես մարզական ենթակառուցվածք, դահլիճ, հանդիսությունների սրահ չունեն, այսինքն՝ կառուցվել են ոչ տիպային դպրոցներ։ Ունենք հաստատություններ, որոնց մարզադահլիճները վթարային են, և անհնար է դասեր անցկացնել։ Այս ամենը գույքագրվել է, և փորձում ենք լուծումներ գտնել։ Այս տարի միայն շուրջ 30 մարզադահլիճներ են կառուցվում. այն դպրոցները, որոնց մարզադահլիճները, հանդիսությունների սրահները նորմալ վիճակում չեն, դպրոցին կից տարածքում կառուցվում են հարմարավետ, ժամանակակից բոլոր պայմաններին բավարարող նոր ենթակառուցվածքներ։ Զուգահեռ՝ բոլոր նոր կառուցվող դպրոցներն ունենալու են այս բոլոր ենթակառուցվածքները։ Նոր նախագծերում չկա որևէ հաստատություն, որն առանց այս ենթակառուցվածքների է նախագծվում և կառուցվում։ Սա մեր կողմից դրված հստակ պահանջ է. հատկապես, գյուղական համայնքներում, որտեղ պետության կողմից մեծ միջոցներ են ներդրվում կամ ներդրվելու առաջիկա տարիներին, դրանք ծառայելու են ոչ միայն որպես դպրոցի տարածքներ, այլև լինելու են համայնքային կենտրոններ՝ արտադպրոցական, մեծահասակների կրթության կազմակերպման, երիտասարդական, սպորտային միջոցառումների անցկացման նպատակով։ Ցանկանում եմ շեշտադրել նաև, որ որևէ նոր կառուցված դպրոց առանց գույք չի հանձնվում։ Մենք ունենք հստակ չափանիշ․ ուսումնական հաստատությունը համարվում է ավարտված և շահագործման հանձնված, եթե այն ապահովվել է ամբողջական գույքով»,-նշել է նախարարի տեղակալը՝ ընդգծելով, որ բոլոր նոր կառուցվող սահմանամերձ դպրոցներն ունենալու են նաև ապաստարաններ:

Զեկույցներից հետո հասարակական խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիրքորոշումը օրակարգի հարցերի շուրջ, ինչպես նաև մի շարք հարցեր ուղղել Արաքսիա Սվաջյանին, որոնք, մասնավորապես, վերաբերել են դպրոցական գրադարանների, դասագրքերի ստեղծման գործընթացի, ուսհաստատությունների ապաստարանների և այլ խնդիրների:

Ամփոփելով նիստը՝ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ և շահագրգիռ քննարկման համար՝ վստահեցնելով, որ հնչած բովանդակային և օգտակար առաջարկները, ըստ անհրաժեշտության, կքննարկվեն և կներառվեն ընթացող բարեփոխումների գործընթացում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…