ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Ձեր հաղթանակները ոգևորում են երեխաներին». Ժաննա Անդրեասյանն ընդունել է Համաշխարհային ուսանողական խաղերի մեդալակիր մարզիկներին

Օգոստոսի 29, 2023
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Չինաստանի Չենդու քաղաքում անցկացված Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերի մեդալակիր մարզիկներին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանը, Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Ռուստամ Ալավերդյանը:

Հիշեցնենք՝ Հայաստանի պատվիրակությունը 31-րդ ամառային ուսանողական խաղերից վերադարձել է 2 բրոնզե մեդալով: Լավագույն երրորդ արդյունքը ցույց են տվել ուշուիստ Ժիրայր Պետրոսյանն ու վազորդ Երվանդ Մկրտչյանը: Վերջինս, ի դեպ, անկախ Հայաստանի աթլետիկայի առաջին մեդալն է նվաճել Համաշխարհային ուսանողական խաղերի վազքային մրցաձևերում:

Ողջունելով մարզիկներին և շնորհավորելով նրանց գրանցած արդյունքների համար՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը փաստել է՝ ամենատարբեր միջազգային հարթակներում մեր մարզիկների հաղթանակներն աստիճանաբար ավելանում են:

«Ձեր հաղթանակներն են, որ մեր երեխաներին ոգևորելու են զբաղվել սպորտով ու առողջ ապրելակերպ վարել: Կարևորում ենք նաև այն, որ աստիճանաբար ընդլայնվում է այն մարզաձևերի թիվը, որոնցում մենք հաջողություններ ենք գրանցում: Գնահատում ենք այն ջանքը, որ դուք ներդնում եք. արդյունքները տեսանելի են: Հավաստիացնում եմ՝ պետությունն իր կողմից ամեն ինչ անելու է սպորտի շարունակական զարգացումն ապահովելու համար: Պետությունն ինչպես գիտեք ոլորտին աջակցում է թե՛ դրամական խրախուսանքի միջոցների տեսքով, թե՛ ենթակառուցվածքների զարգացմամբ: Կդժվարանամ նույնիսկ հաշվել, թե քանի մարզում ու համայնքում մենք ունենք վերակառուցվող, վերանորոգվող, կառուցվող մարզադպրոցներ: Վստահ եմ՝ այս բոլոր գործընթացները կապված են միմյանց հետ: Համատեղ աշխատանքը պետք է շարունակենք ու վստահ եմ՝ կունենանք ավելի մեծ հաղթանակներ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Մարզիկներին շնորհավորել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը. «Երվանդն իսկապես շատ լավ ու արդեն սպասելի ելույթ ունեցավ: Հաջորդաբար բարելավելով արդյունքը՝ նա սկսել է միջամտել ուժեղների պայքարին ու բարձր պահել մեր երկրի պատիվը: Ինչ վերաբերում է ուշուին, ապա պետք է նշել՝ ֆեդերացիայի նախագահ Ռուստամ Ալավերդյանը շատ պատվախնդրորեն է վերաբերում իր աշխատանքին և այդ ջանքերը տալիս են իրենց արդյունքը: Նախ բրոնզե մեդալակիր ունեցան Համաշխարհային ուսանողական խաղերում, ապա բացառիկ ելույթներ ունեցան ուշու-կունգֆուի աշխարհի առաջնությունում և ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ նվաճեցին: Սա, իսկապես, շատ գնահատելի է»:

Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, անդրադարձել է համալսարանական սպորտի համաշխարհային ավանդույթներին և Հայաստանի՝ դրա մասը կազմելուն. նա նաև տեղեկացրել է, որ 2025 թվականին Հայաստանը կընդունի շախմատի Եվրոպայի համալսարանական առաջնությունը:

«Առաջնությանը, նախնական տվյալներով, շուրջ 30 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն: Բացի այդ, Եվրոպական ասոցիացիան առաջարկել է հաջորդ տարի մեր երկրում անցկացնել իր նախագահության նիստերից մեկը: Առհասարակ, կարծում եմ՝ մեր երկիրն ունի ներուժ՝ ավելի մեծ կազմով ու ներկայացուցչական ձևաչափով մասնակցելու Համալսարանական խաղերին, ինչպես նաև հյուրընկալելու համալսարական սպորտի հետ կապված տարբեր միջոցառումներ»,- ասել է Հովհաննես Գաբրիելյանը:

Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Ռուստամ Ալավերդյանը ևս շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով, որ մարզաձևում գրանցած վերջին հաջողությունները պատմական են, իսկ պետության աջակցությունն օլիմպիական ընտանիքում ընդգրկված, բայց Օլիմպիական խաղերի ծրագրում դեռևս չներառված մարզաձևին շատ կարևոր է.

«Ուշուի զարգացման ուղղությամբ սերտ համագործակցում ենք նախարարության հետ և դա մեզ համար առանձնակի կարևորություն ունի: Մեր ցանկությունը մեկն է. ունենալ ոչ միայն նվաճումներ, այլև՝ սպորտային հասարակություն, իսկ ուշուն այն մարզաձևն է, որը տալիս է այդ հնարավորությունը՝ երիտասարդների շրջանում բարձրացնելով մարտունակությունն ու ֆիզիկական պատրաստվածությունը», -ասել է Ռուստամ Ալավերդյանը՝ տեղեկացնելով, որ իր ղեկավարության 3 տարիների ընթացքում ֆեդերացիան կարողացել է միջազգային կարգի 3 մրցավար պատրաստել, ինչն աննախադեպ է մեր տարածաշրջանում: Ալավերդյանի խոսքով՝ իրենց քաղաքականության հիմքում կարևոր տեղ է հատկացվում կրթությանը, ինչի շնորհիվ էլ բարձրացել է մարզիկների արդյունավետությունը:

Համաշխարհային ուսանողական խաղերի մեդալակիր մարզիկները ևս շնորհակալություն են հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ պետության աջակցությունն իրենք մշտապես զգում են:

Հանդիպման ընթացքում ոլորտի ներկայացուցիչները քննարկել են նաև հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: