ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մեկնարկել է ընդունելության քննությունների լրացուցիչ փուլը. ասուլիս

Հուլիսի 20, 2023
Հարցազրույցներ, ելույթներ

«Արմենպրես» լրատվական գործակալությունում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված 2023/24 ուսումնական տարվա ընդունելության քննությունների արդյունքներին:

Ասուլիսի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը և Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը:

Կարո Նասիբյանը տեղեկացրել է, որ ընդհանուր առմամբ՝ 2023 թվականին բարձրագույն ուսումնական հաստատություններ դիմած քաղաքացիների թիվը կազմել է 13314. նրանցից 10966-ը մասնակցել է միասնական քննություններին: Բուհ է ընդունվել 9147 դիմորդ: Բուհերին տրամադրված 2128 անվճար տեղերից համալրվել է 1778-ը, իսկ 15984 վճարովի տեղերից՝ 7242-ը:

Հուլիսի 19-ից մեկնարկել է ընդունելության քննությունների լրացուցիչ փուլը

Միասնական քննությունների մրցույթի արդյունքում բուհ ընդունվողների թիվը 7355 է, որոնցից անվճար հիմունքներով ընդունվել է 1451 քաղաքացի:

«Միասնական քննություններից երկու դրական գնահատական ստացած, բայց մրցույթից դուրս մնացած շրջանավարտների թիվը կազմում է 1260: Ունենք նաև դիմորդներ, որոնք մասնակցել են քննություններին, սակայն մասնագիտություններ չեն հայտագրել. նրանց թիվը 366 է»,- ասել է Կարո Նասիբյանը և տեղեկացրել, որ հուլիսի 19-ից սկսվել է լրացուցիչ մրցույթի հայտագրման փուլը:

Հուլիսի 19-ից 26-ը բոլոր այն դիմորդները, որոնք ունեն երկու դրական գնահատական, սակայն դուրս են մնացել մրցույթից, կարող են հայտագրվել թափուր տեղերի համար՝ մասնակցելով լրացուցիչ մրցույթին:

«Թափուր տեղերի մրցույթին մասնակցելիս պետք է հաշվի առնել, որ անհրաժեշտ է նշել մեկ կամ մեկից ավելի բուհ, որոնք ներառում են մինչև 6 մասնագիտություն, եթե դիմորդների դրական միավորները համապատասխանում են այդ մասնագիտությունների պահանջած առարկաներին»,- ընդգծել է Կարո Նասիբյանը:

212 դիմորդ բուհ է ընդունվել հունվարին հանձնած միասնական քննության արդյունքներով

Այս տարի ընդունելության քննությունները կազմակերպվել են նոր կարգի համաձայն. 2021 թվականից ներդրվել է մեկ բուհ՝ մեկ մասնագիտություն համակարգը, իսկ 2022 թվականին դիմորդին թույլատրվել է հանձնել երկու միասնական քննություն:

«Արդեն ստացել ենք թվանշանները, որոնք խոսում են այս համակարգի օգտին: Եթե համեմատում ենք այս և նախորդ տարվա գնահատականները, ապա տեսնում ենք, որ պահանջված մասնագիտություններով դիմորդները մրցույթը հաղթահարել են ավելի բարձր միավորով: Սա խոսում է այն մասին, որ դիմորդները հունվարին հանձնած քննությունների գնահատականներից դժգոհ լինելով՝ կարողացել են աշխատել իրենց բացթողումների վրա և հունիսին առավել բարձր միավոր են հավաքել: Այդուհանդերձ, 212 դիմորդ բուհ է ընդունվել հունվարին հանձնած միասնական քննության արդյունքներով և հունիսին այլևս քննություն չի հանձնել»,- ասել է Կարո Նասիբյանն ու տեղեկացրել, որ 6758 դիմորդ էլ մասնակցել է միասնական քննությունների թե՛ առաջին, և թե՛ երկրորդ փուլերին:

ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը, անդրադառնալով արդեն երկու տարի գործող մեկ բուհ՝ մեկ մասնագիտություն սկզբունքին, նշել է՝ դիմորդներն արդեն կողմնորոշված ու հստակ դիմում են իրենց նախընտրած մասնագիտության վճարովի և անվճար տեղերի համար:

«Այս տարվա նորամուծություններից մեկն էլ բխում է ոլորտում իրականացվող քաղաքականությունից, այն է՝ բնագիտամաթեմատիկական և ճարտարագիտական ուղղություններով պետության համար առաջնային ու կարևորություն ներկայացնող մասնագիտություններով մասնագետների պահանջը համալրելը: Այդ քաղաքականությանն ուղղված՝ այս տարի նաև պարտադիր զինվորական ծառայության տարկետման իրավունքի զուգակցմամբ ԵՊՀ-ին ու Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանին 10 մասնագիտություններով հատկացվել են անվճար տեղեր, ու այդ մասնագիտությունների մասով ունենք գրեթե ամբողջական համալրում: Չի համալրվել միայն քիմիայի գծով տրամադրված մեկ անվճար տեղը: Վճարովի ուղղությամբ ևս շատ քիչ թափուր տեղեր ունենք»,- ասել է Լուսինե Գրիգորյանը:

Վարչության պետի խոսքով՝ ագրարային ոլորտի մասնագիտությունների մրցունակությունը և դիմելիությունը բարձրացնելու նպատակով սահմանված կարգով շրջանառվում է կրթաթոշակների էական բարձրացման նախագիծ. «Նախկին 5-6 հազար դրամի փոխարեն՝ նախագծով նախատեսում ենք 70-77 հազար դրամ կրթաթոշակի տրամադրում, որը կնպաստի կոնկրետ մասնագիտությունների դիմելիության աճին»:

Տարկետման իրավունքով տեղերը զբաղեցրած ուսանողների հետ կնքվելու է պայմանագիր

Հիշեցնելով տարկետման իրավունքով տեղերի ընդհանուր թիվը՝ Լուսինե Գրիգորյանը ներկայացրել է, թե ինչպիսին է եղել մրցույթը:

«Կառավարության որոշմամբ հատկացված տարկետման իրավունքով տեղերը 134-ն էին, որոնք համալրվել են՝ բացի մեկ տեղից՝ քիմիա մասնագիտությամբ: Դրանցից 6-ը Երևանի պետական համալսարանում էին՝ ֆիզիկայի և քիմիայի ուղղությամբ (նանոֆիզիկա, երկակի նշանակության ֆիզիկա, ռադիոֆիզիկա) և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում (ատոմային էներգետիկա, հեռահաղորդակցություն և ազդանշանների մշակում, մեքենաշինություն և նյութերի մշակում, թռչող ապարատների ավիացիոն սարքավորումներ): Օրենքով տարկետման իրավունքի հավակնում են արական սեռի այն քաղաքացիները, որոնք պետք է հաղթահարեն այս մասնագիտություններով նշված անվճար տեղերի մրցույթը: Դիմորդների քանակը նույնիսկ կրկնակի է եղել. անցել է 134 ուսանող, որոնց մեջ նաև աղջիկներ կան», - ասել է Լուսինե Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ տղաները կփորձեն իրենց ուղին հարթել մինչև ասպիրանտուրա, գիտական աստիճանի ստացում, և սա շարունակական գործընթաց է լինելու. «Օրենքի տրամաբանության մեջ այդպես է դրված, որ բակալավրից մինչև ասպիրանտական կրթություն հնարավորություն տրվի քաղաքացիներին Հայաստանի Հանրապետությունում ստանալու կրթություն և համալրելու գիտական կադրերի՝ տնտեսության մեջ պահանջվող մասնագետների շարքերը»:

Լուսինե Գրիգորյանը նաև մեկնաբանել է, որ տարկետման իրավունքով տեղերը զբաղեցրած ուսանողների հետ կնքվելու է պայմանագիր, ըստ որի՝ նրանք հետագայում պետք է իրենց աշխատանքը շարունակեն Կառավարության սահմանած մասնագիտություններով կամ պաշտոններում: Ասպիրանտների համար սահմանվում է, որ նրանք պարտավոր են ուսումն ավարտելուց հետո առնվազն 3 տարի լինել նախանշված աշխատավայրում:

Ասուլիսի ընթացքում բանախոսներն անդրադարձել են նաև ինչպես մեծ պահանջարկ ունեցող, այնպես էլ դիմորդների շրջանում քիչ հետաքրքրություն վայելող մասնագիտություններին: Լուսինե Գրիգորյանն ընդգծել է՝ նախորդ տարվա համեմատ պատկերն էական փոփոխություն չի կրել:

«Ինֆորմատիկա, կիրառական մաթեմատիկա, իրավագիտություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ֆինանսներ, կառավարում մասնագիտությունները վերջին 3 տարում շարունակում են պահանջված մնալ: Այդուհանդերձ, բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով համապատասխան մասնագիտությունները, որոնց համար սահմանել էինք պարտադիր զինվորական ծառայության տարկետման իրավունք, ամբողջությամբ համալրվել են»,- ասել է Լուսինե Գրիգորյանը:

ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի գնահատմամբ՝ շարունակում է ցածր ու մտահոգիչ մնալ ընդունելությունը Ագրարային համալսարանում: Լուսինե Գրիգորյանը հույս է հայտնել՝ լրացուցիչ փուլի արդյունքներով Ագրարային համալսարանում թափուր տեղերը որոշակիորեն կհամալրվեն:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…