ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

Օգոստոսի 20-27-ը կանցկացվեն Բանակային խաղերը

Հուլիսի 20, 2023
Սպորտային լուրեր

ՀՀ կառավարության նիստում այսօր գործադիրը հավանության է արժանացրել 43 միլիոն դրամի չափով բյուջեում վերաբաշխում կատարելու որոշմանը՝ Բանակային խաղերի կազմակերպման և անցկացման նպատակով:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ այս տարվա մայիսի 11-ին Կառավարության որոշմամբ հաստատվել է ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող Բանակային խաղերի կանոնակարգը, կազմակերպման, անցկացման կազմկոմիտեի կազմը, հայտի ձևերը և այլ անհրաժեշտ մանրամասները: Ըստ այդմ՝ նախատեսված է, որ 2023 թվականի օգոստոսի 20-27-ն ընկած ժամանակահատվածում Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում և Պաշտպանության նախարարության մարզաբազաներում կանցկացվեն Բանակային խաղեր՝ մի քանի կառույցների մասնակցությամբ: Մասնավորապես, Բանակային խաղերին կմասնակցեն Պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Ներքին գործերի նախարարության, Փրկարար ծառայության, Պետական պահպանության ծառայության, Պետական եկամուտների կոմիտեի, Քննչական կոմիտեի և Գլխավոր դատախազության աշխատակիցները, ընդ որում՝ թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ: Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ յուրաքանչյուր կառույց կարող է ներկայացնել մեկական թիմ: Բանակային խաղերում ներառված են լինելու հետևյալ մարզաձևերը՝

  • բանակային քառամարտ, որն ընդգրկում է ձգումներ պտտաձողից (կանանց դեպքում՝ իրանի ծալում և տարածում), վազք՝ 100 մ և 3000 մ (կանանց համար՝ 1000 մ) և նռնակի նետում նշանակետին մրցաձևերը,
  • ռազմականացված կրոսավազք (փոխանցումավազք), որը կիրականացվի թե՛ անհատական, թե՛ թիմային ձևերով, այս պարագայում արդեն փոխանցումավազքով, ամեն կառույցից՝ 3-ական մասնակից: Մարզաձևի էությունը վազքն է, այնուհետև թիրախի խոցումն ավտոմատով, նորից վազք, ապա նռնակի նետում վարժությունների կատարումը,
  • կողմնորոշում, որն իրականացվելու է որոշակի տեղանքի համար տրվող քարտեզով, տեղանքում առանձնացվելու են ստուգողական կետեր, քարտեզով տրվելու են նաև դրանք գտնելու հերթականությունը, և էլեկտրոնային կրիչով գրանցվելու է յուրաքանչյուր կետին մոտենալու հանգամանքը: Մասնակիցները, ինչը կարևոր է, կարող են օգտագործել միայն ոչ էլեկտրոնային կողմնացույց,
  • 3 տարբեր հրաձգության ձևեր են տարբեր դիրքերով՝ հրաձգություն «ԱԿ 74» ինքնաձիգից,հրաձգություն «ՊՄ» ատրճանակից, հրաձգություն «ԴԴՀ» հրացանից:

Հրաձգությունը պետք է կազմակերպվի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի կողմից հաստատված հրաձգության ձեռնարկի համաձայն:

Նախարարը տեղեկացրել է, որ առաջին, երկրորդ, երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն հավաստագրերով, մեդալներով և դրամական պարգևներով, առաջին տեղը գրաված թիմերը՝ գավաթներով: Առաջին տեղի համար նախատեսված է 1 մլն դրամ պարգև, 2-րդ տեղի համար՝ 500 հազար դրամ, 3-րդ տեղի համար՝ 300 հազար դրամ:

Փոխանցումավազքի մրցանակակիր թիմերը կպարգևատրվեն համապատասխան գավաթով, իսկ յուրաքանչյուր մասնակից՝ մեդալներով, պատվոգրերով և դրամական պարգևներով: 1-ին տեղի համար յուրաքանչյուր մասնակից կստանա 300 հազար դրամ, 2-րդ տեղի համար՝ 200 հազար դրամ, 3-րդ տեղի համար՝ 150 հազար դրամ:

«Ակնկալվում է, որ Բանակային խաղերը կդառնան ամենամյա՝ ըստ անհրաժեշտության վերանայվելով և այս տարվա օգոստոսին վերջին առաջին անգամ կայանալիք մրցման արդյունքների հիման վրա: Մենք գիտենք, որ արդեն կառույցները լավ նախապատրաստվում են այս խաղերին»,-նշել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ Բանակային խաղերի մրցանակային ֆոնդը 30 միլիոն դրամ է կազմում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է խաղերի անցկացումը՝ նշելով. «Կարևոր եմ համարում, որ մեր ծառայողների համար նաև սոցիալական շփման որոշակի միջավայր ձևավորվի, որովհետև շատ դեպքերում մենք տեսնում ենք, որ այդ ծառայությունների մեջ ամենատարբեր առանձնահատկությունների և հանգամանքների բերումով մարդիկ շատ հաճախ սոցիալական կյանքի, սոցիալականացման հարթակներ չունեն: Եվ շատ կարևոր է, որ այս խաղերին նաև ընտանիքների անդամներին՝ որպես հանդիսատեսի, մասնակցելու հնարավորություն ստեղծենք: Հույս ունեմ, որ հետագայում խաղերն այնքան մասսայական կդառնան, որ հանդիսատեսի ավելի զանգվածային ներկայություն ապահովենք: Հաջորդ կարևոր հանգամանքը մրցակցության ոգին և հմտությունների շարունակական զարգացման ևս մի խթան ունենալն է»:

Նշենք, որ Բանակային խաղերի մասնակցության հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 1-ը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ինչպես արդյունավետ օգտագործել բժշկական բառապաշարը 11-րդ դասարանում

    Թեմայի հեղինակ՝ Հերմինե Հայրապետյան

    Հարգելի՛ գործընկերներ, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում 11-րդ դասարանի անգլերենի Մարի հրատարակչության (30-34 էջեր) հիման վրա մշակված ուսումնական նյութը, որը միտված է բժշկական մասնագիտությունների և բարդ տերմինների յուրացմանը: Այս ռեսուրսը ներառում…

  • «Հայկ և Բել » առասպելի ուսուցումը

    Թեմայի հեղինակ՝ Margarit Tangyan

    «Հայկ և Բել» առասպելը մեր ազգային ինքնության և ազատասիրական ոգու հիմնաքարերից է: Այս թեման աշակերտներին մատուցելիս կարևոր է ոչ միայն սյուժետային գծի փոխանցումը, այլև կերպարների խորքային հակադրության և գաղափարական շեշտադրումների…

  • Գիտակցված ընթերցանության ձևավորումը և որակական հատկանիշները տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    ​Տարրական դպրոցում Մայրենիի դասավանդման առանցքային ու գլխավոր խնդիրը սովորողներին կարդալ սովորեցնելն է: Սակայն «կարդալ» ասելով մենք չպետք է հասկանանք միայն տառաճանաչություն կամ տեքստի մեխանիկական վերարտադրություն: Իսկական ընթերցանությունը սկսվում է այն…

  • «Խոսում ենք ռուսերեն՝ «Լուսացույց» մեթոդով և Wordwall-ով»

    Թեմայի հեղինակ՝ animatinan@gmail.com

    🚦 «Խոսում ենք ռուսերեն՝ խաղալով». «Լուսացույց» մեթոդի և Wordwall-ի կիրառումը ռուսաց լեզվի դասերին Հարգելի՛ գործընկերներ, Ռուսաց լեզվի դասավանդման ընթացքում հաճախ նկատում ենք, որ սովորողները գիտեն բառերը, հասկանում են քերականական կանոնները,…

  • Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Armenuhi.72

    Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մոտեցումները 7–9-րդ դասարաններում․ սովորողից՝ գիտելիքի սպառողից դեպի ակտիվ հետազոտող Ներածություն Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից է սովորողների մաթեմատիկական մտածողության, տրամաբանական դատողության, խնդիրներ լուծելու և սեփական տեսակետը հիմնավորելու կարողությունների…