ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայեցակարգային առաջարկությունների հրավեր պետական բուհերին և գիտահետազոտական կազմակերպություններին

Հուլիսի 17, 2023
Լուրեր կազմակերպություններից

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրավիրում է ՀՀ պետական բուհերին և գիտահետազոտական կազմակերպություններին ներկայացնելու հայեցակարգային առաջարկություններ ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի[1] վերաբերյալ:

Բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման անհրաժեշտությունը պայմանավորված է`

  • գիտելիքի ազատ շրջապտույտի ապահովման, միջգիտակարգային կապերի խթանման և ստեղծարար միջավայրի ձևավորման նպատակով,
  • բարձրագույն կրթության և գիտահետազոտական աշխատանքի սիներգիայի ապահովման (ուսանողների ներգրավում գիտական և նորարարական գործընթացում, ինչպես նաև գիտնականների և հետազոտողների ներգրավում կրթական գործընթացներում) անհրաժեշտությամբ,
  • Հայաստանի բուհական և հետազոտական համակարգի միջազգային մրցունակության և գրավչության բարձրացման հրամայականով,
  • կրթության ժամանակակից ֆիզիկական և վարչաիրավական միջավայրի ձևավորման, ինչպես նաև կրթական ծրագրերի առկա կրկնորդումների բացառման անհրաժեշտությամբ,
  • ոլորտի ընդհանուր մրցունակության բարձրացման նպատակով բուհական կրթությանը վերաբերող պետական համընդհանուր նոր ստանդարտների ձևավորման անհրաժեշտությամբ,
  • բուհական և գիտահետազոտական համակարգի սոցիալ-տնտեսական ազդեցության բարձրացման հրամայականով, այդ թվում՝ առևտրայնացման և կիրառական մեծ պոտենցիալ ունեցող մշակումների իրականացմամբ, հավելյալ արժեք ստեղծելու ընդունակ մարդկային կապիտալի ձևավորմամբ ու զարգացմամբ, ինչը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության տնտեսության և հանրային կյանքի շարունակական ու առաջանցիկ զարգացման և պաշտպանունակության բարձրացման:

ՀՀ վարչապետի 2022 թ. 1314-Ա որոշմամբ ձևավորված աշխատանքային խմբի քննարկումների արդյունքում առանձնացվել են բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման հետևյալ ուղղությունները`

  • Դասական, որում ներառվելու են հիմնականում հիմնարար գիտությունների՝ ներառյալ բնագիտական, հասարակական և հումանիտար բնագավառների կրթական և գիտահետազոտական ծրագրեր:
  • Բժշկական, որում ներառվելու են բժշկական և կյանքի գիտությունների բնագավառների կրթական և գիտահետազոտական ծրագրեր:
  • Տեխնոլոգիական, որում ներառվելու են հիմնականում կիրառական գիտությունների և ճարտարագիտության բնագավառներում կրթական և գիտահետազոտական ծրագրեր՝ ներառյալ նյութագիտությունը, առաջատար սարքաշինությունը, ագրոտեխնոլոգիական ոլորտը, շինարարական տեխնոլոգիաները և այլն:
  • Կրթական, որում ներառվելու են կրթական և հարակից գիտությունների բնագավառներում կրթական և գիտահետազոտական ծրագրեր:
  • Արվեստների, որում ներառվելու են արվեստների ուղղություններով (ինչպես տեսական, այնպես էլ կիրառական), ինչպես նաև մշակութաբանության մասնագիտություններով կրթական և գիտահետազոտական ծրագրեր։
  • Սպայական, որում ներառվելու են ներքին և արտաքին անվտանգային համակարգին վերաբերող կրթական ծրագրեր, ինչպես նաև անվտանգային և պաշտպանական բնույթի գիտահետազոտական ծրագրեր:

Բուհերի խոշորացման գործընթացը սերտորեն առնչվում է Ակադեմիական քաղաք ծրագրին, որի շրջանակում նախատեսվում է խոշորացված բուհերի և միավորված գիտահետազոտական կազմակերպությունների համար ստեղծել նոր և ժամանակակից լավագույն չափանիշներին համապատասխան ֆիզիկական ենթակառուցվածքներ և միջավայր, որտեղ կլաստերների տեսքով կտեղակայվեն և կգործեն այդ հաստատությունների մեծ մասը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայեցակարգային առաջարկներն ընդունելու է մինչև 2024 թվականի փետրվարի 15-ը: Այս ընթացքում ակնկալվում է, որ բուհերն ու գիտահետազոտական կազմակերպությունները կծավալեն մասնագիտական քննարկումներ, որոնց ավարտին նախարարություն կներկայացվի վերոնշյալ ուղղություններին համապատասխան խոշորացված բուհի առաջարկ, որը կներառի խոշորացվող բուհերի և միացող գիտահետազոտական կազմակերպությունների ցանկը, դրանց կառուցվածքը, կառավարման համակարգը, իրականացվող կրթական ծրագրերն ու գիտահետազոտական ուղղությունները, ինչպես նաև պլան-ժամանակացույցը, կարողունակությունների զարգացման ծրագրերի անհրաժեշտ ցանկը և հնարավոր գործընկեր միջազգային կազմակերպությունների ցուցակը:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ գործընթացին աջակցելու նպատակով նախարարությունը կկազմակերպի մասնագիտական քննարկումներ, աշխատաժողովներ և փորձագիտական աջակցություն, այդ թվում, ըստ անհրաժեշտության, միջազգային փորձագետների ներգրավմամբ:

Նախատեսվում է, որ 2027 թվականից պետական ֆինանսավորում և աջակցություն կտրամադրվի միայն խոշորացված բուհերին և դրանց հետ միավորված գիտական կազմակերպություններին:

Խոշորացված բուհերում և դրանց հետ միավորված գիտահետազոտական կազմակերպություններում նախատեսվելու է աշխատավարձերի կրկնապատկում: Էականորեն վերանայվելու է դասախոսների աշխատանքի կառուցվածքը` էական շեշտադրում անելով հետազոտական բաղադրիչի ավելացման վրա, իսկ գիտական աշխատողների համար ստեղծվելու են մրցունակ հետազոտական աշխատանքներ և մշակումներ իրականացնելու անհրաժեշտ պայմաններ:

Առանձին պետական ֆինանսավորում է տրամադրվելու գիտական հետազոտությունների և մշակումների համալիր ծրագրերին, քանի որ խոշորացման արդյունքում համալսարանական կլաստերներն ունենալու են համապատասխան հետազոտությունների և մշակումների համար նյութատեխնիկական ամբողջական համալիր, ինչպես նաև փորձարկումների և նախատիպավորման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ` նպաստելով մշակումների տեխնոլոգիական պատրաստվածության առնվազն 6-րդ մակարդակի հաղթահարմանը:

Ենթակառուցվածքների համալրման և արդիականացման պետական ծրագրերի հիմնական մասն ուղղվելու է կլաստերների հզորությունների համալրմանը։

Կլաստերներում ուսանողների, ակադեմիական և օժանդակ անձնակազմի համար ապահովվելու են կեցության մատչելի և արժանապատիվ պայմաններ կամ բնակարանի ձեռք բերման արտոնություններ, ինչպես նաև կամպուսները հագեցած են լինելու կենցաղի, ինտելեկտուալ ու ֆիզիկական ակտիվ և առողջ ժամանցի ենթակառուցվածքներով և թիրախային խմբի համար դրանցից օգտվելու հատուկ պայմաններով:

Գործընթացի հետ կապված հարցերի դեպքում խնդրում ենք դիմել l.grigoryan@hesc.am հասցեով։

Առաջարկները անհրաժեշտ է ուղարկել consolidation@hesc.am հասցեով։

Ներկայացված հայեցակարգային առաջարկները կքննարկվեն այդ նպատակով ձևավորված գնահատող մասնագիտական հանձնաժողովում, այնուհետև յուրաքանչյուր ուղղությանը համապատասխանող բուհերի և միավորված գիտահետազոտական կազմակերպությունների համար կկազմվեն վերջնական հայեցակարգեր:

----------------------------------------------------------------

[1] Գործընթացի իրավական հիմքերը տրված են 2022 թվականի «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին ՀՕ-441-Ն օրենքում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի` «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին օրենքից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին N 351-L որոշմամբ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: