«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում հունիսի 21-23-ն անցկացվում է «Ներսես Շնորհալի՝ բազմաշնորհ հայրապետը» խորագրով հայագիտական միջազգային գիտաժողովը: Այն նվիրված է միջնադարի մեծ մտածող, բանաստեղծ, աստվածաբան Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մահվան 850-րդ տարելիցին:
«Ներսես Շնորհալի՝ բազմաշնորհ հայրապետը» խորագրով հայագիտական միջազգային գիտաժողովը կազմակերպել է Մատենադարանը՝ որպես միջնադարյան հայ գրավոր մշակույթի կարևորագույն կենտրոն:
Հունիսի 21-ին գիտաժողովի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես է եկել Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մաթևոսյանը: Մայր Աթոռի թանգարանների և արխիվի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Ասողիկ աբեղա Կարապետյանը գիտաժողովի մասնակիցներին փոխանցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի, իսկ Բերիո թեմի առաջնորդ Տեր Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի օրհնության գրերը:
Սուրբ Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին նվիրված միջազգային գիտաժողովի շրջանակում ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանն ընթերցել է նախարար Ժաննա Անդրեասյանի ուղերձը. «Հայաստանի Հանրապետության անմիջական նախաձեռնությամբ և Կիպրոսի, Իտալիայի, Հունաստանի և Սիրիայի աջակցությամբ 2021 թվականի նոյեմբերի 23-ին՝ Փարիզում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի ժամանակ, Հայաստանի կողմից ներկայացված Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի (Կաթողիկոս Ներսես Դ Կլայեցի) մահվան 850-րդ տարելիցը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների օրացույցում»: Հոբելյանական տարին լավ առիթ է վերաիմաստավորելու և վերարժևորելու միջնադարի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության հանգուցային ներկայացուցչի կյանքն ու գործունեությունը, որը կարևոր նշանակություն է ունեցել մեր ազգային դիմագծի, մշակույթի և լեզվի ամրապնդման համար: Հատկապես ուզում եմ ընդգծել Շնորհալու քաղաքական և հասարակական գործունեության կարևորությունը, գործունեություն, որը բացառիկ, որոշ առումներով շրջադարձային նշանակություն է ունեցել ազգային կարևոր նպատակների և արժեքների հաստատման ու արմատավորման համար, դարձել ուղենշային ազգային համախմբվածության, կենտրոնացված պետականության ստեղծման խոսույթի շրջանակում: Այսօր էլ՝ շուրջ 9 դար անց, Շնորհալու «Թուղթ ընդհանրականը» և «Ողբ Եդեսիոյ» ստեղծագործությունները, որոնք մեր միջնադարի լավագույն գրական նմուշներից են, չեն կորցրել իրենց արդիականությունը և խտացնում են հզոր պետականություն ունենալու հայ ժողովրդի պատմական ազգային իղձերը:
Այսօր, երբ հայկական հոգևոր-մշակութային ժառանգությունը կրկին վտանգված է, պետական մշակութային քաղաքականության տեսանկյունից չափազանց կարևորվում է հայկական մշակութային ժառանգության միջազգայնացումը, միջազգային տարբեր հարթակներում մեր ժառանգության պատշաճ ներկայացումը: ՀՀ կառավարության աջակցությամբ հունիսի 27-28-ին աննախադեպ միջոցառումներ են նախատեսված նաև Ֆրանսիայում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, որի շրջանակում համաշխարհային մշակույթի մայրաքաղաք Փարիզում կկազմակերպվեն Շնորհալուն նվիրված ցուցահանդես և գիտաժողով, որոնք կամփոփվեն «Հովեր» կամերային երգչախմբի հոգևոր երաժշտության համերգով:
Ներսես Շնորհալու տարելիցի միջոցառումների շրջանակում նախորդ տարի ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի» նախաձեռնությամբ լույս է տեսել նաև Ներսես Շնորհալու «Մատենագիրք Հայոց» ԻԲ հատորը:
Ուզում եմ վստահություն հայտնել, որ ինչպես Մաշտոցյան Մատենադարանում կազմակերպված գիտաժողովը, այնպես էլ Ֆրանսիայում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում նախատեսվելիք միջոցառումներն ուղենշային կդառնան Ներսես Շնորհալու բազմաշերտ և հարուստ ժառանգության վերաբերյալ նոր ուսումնասիրությունների նախաձեռնության, միջազգային ակադեմիական հարթակներում մեր ժառանգության հանդեպ նոր գիտական հետաքրքրության ձևավորման և միջազգայնացման համար: Շնորհավորում եմ գիտաժողովի մեկնարկի կապակցությամբ, մաղթում եմ հագեցած քննարկումներ»:
Գիտաժողովի առաջին լիագումար նիստում հանդես են եկել Կարեն Մաթևոսյանը՝ «Ներսես Շնորհալու ծննդյան թվականն ըստ իր եղբորորդի Գրիգորի հիշատակարանի», Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը՝ «Ս. Ներսէս Շնորհալի Մեկնիչը», Լեւոն արքեպիսկոպոս Զէքիեանը՝ «Շնորհալիի Էկումենական աստուածաբանութեան հիմնարար սկզբունքներն ու ընթացակարգը», Թեո Մաարտըն Վան Լինտը՝ «Աղօթք եւ բանաստեղծութիւն Ներսէս Շնորհալու գրուածքների մէջ «Յիսուս Որդի»-ի օրինակով, Կլոդ-Արմեն Մութաֆյանը՝ «Մլեհ, հաջողակ հայ իշխան մը», Ազատ Բոզոյանը՝ «ԺԲ դարի հասարակության կառուցվածքը ըստ Ներսես Շնորհալու թղթերի», Նազենի Ղարիբյանը՝ «Ներսես Շնորհալու հայրենասիրական գաղափարների արտացոլումը հայկական Ճաշոցում» թեմաներով:
Գիտաժողովի շրջանակում Մատենադարանի թանգարանային մասնաշենքում բացվել է «Ներսես Շնորհալու ժառանգությունը» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են բազմաշնորհ հայրապետի գրական ժառանգությունը և գործունեությունը։ Ցուցադրված ձեռագրերն անդրադառնում են վերջինիս ստեղծագործության տարբեր ոլորտներին` վիպասանական, բանաստեղծական, ինչպես նաև ներկայացնում են Շնորհալուն՝ որպես երգահան, աստվածաբան, տեսաբան, քարոզիչ և եկեղեցական մեծ գործիչ։ Ներկայացված են Մատենադարանում պահվող ձեռագրերը, ինչպես նաև Շնորհալու ամենահայտնի գործերից մեկի` «Հավատով խոստովանիմ» աղոթքի ձեռագիր և տպագիր օրինակ հմայիլներն ու հնատիպ գրքերը` տարբեր լեզուներով (անգլերեն, չինարեն, եբրայերեն և այլն): Ցուցադրությունը կգործի մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը։
Ցուցահանդեսի ընթացքում ելույթով հանդես է եկել «Գեղարդ» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Մհեր Նավոյան, խմբավար՝ Անահիտ Պապայան): Հնչել են Ներսես Շնորհալու ստեղծագործությունները:
Ներսես Շնորհալու տարելիցի առթիվ իրականացվում են մի շարք միջոցառումներ: Համերգային ծրագրերով հանդես կգան Արմեն Հյուսնունցը և Հայաստանի պետական ջազ քառյակը. նրանք կներկայացնեն հայ ջազային երաժշտություն՝ միջնադարյան մոտիվներով: Ելույթ կունենա նաև «Հովել» ստեղծագործական խումբը. կկատարվի ժամանակակից հոգևոր երաժշտություն՝ Շնորհալու պոեզիայով:
Միջոցառումների ժամանակացույցը՝ կից ծրագրում:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ընտանիք–դպրոց փոխգործակցություն․ ազդեցությունը երեխայի սոցիալական և կրթական առաջընթացի վրա Կրթության ամենաբարձր արդյունքը հանդուրժողականությունն ու համագործակցությունն է... Հելլեն Երեխայի դաստիարակության և կրթության ձեռք բերման կարևոր օղակներից մեկը` դպրոցն է:Դպրոցն ահռելի աշխատանք…
Բանավոր հարցումը արդյո՞ք արդյունավետ մեթոդ է ուսումնառության գործընթացում, և ինչպե՞ս է այն նպաստում երեխայի գիտելիքների ամրապնդմանը և քննադատական մտածողության զարգացմանը Բանավոր հարցումը հանդիսանում է դասի ամենահին, բայց միաժամանակ ամենաարդյունավետ ուսումնական…
Թեմա՝ Թվային էթիկա և հուզական բանականություն. ինչպես կերտել ստեղծարար անհատ տարրական դպրոցում Ողջույն, հարգելի՛ գործընկերներ, կրթության նվիրյալներ: Որպես տարրական դասարանների մանկավարժներ՝ մենք այսօր կանգնած ենք մի կարևոր շեմին, որտեղ ավանդական…
Հարգելի գործընկերներ, այսօր ուզում եմ ներկայացնել մաթեմատիկայի կապը մյուս ուսումնական առարկաների հետ: Չկա ուսումնական որևէ առարկա, որ դասավանդվի մյուս ուսումնական առարկաներից առանձնացված:Բոլոր գիտություններն էլ կապված են միմյանց հետ և փոխադարձ…
Սիրելի գործընկերներ, իմ փորձը ցույց է տալիս, որ 1-ից 4-րդ դասարանում հաջողակ ուսումնառությունը կախված է ոչ միայն ուսուցողական մեթոդներից կամ գիտելիքի բովանդակությունից, այլև այն միջավայրից, որտեղ երեխան զգում է անվտանգություն,…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան