ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՌԴ պատվիրակությունն այցելել է Ռուսական արվեստի թանգարան

Հունիսի 14, 2023
Մշակութային լուրեր

Հունիսի 13-14-ը Երևանում տեղի ունեցող «Գիտության, կրթության և արտադրության ինտեգրումը` տնտեսության արդիականացման շարժիչ ուժ» հայ-ռուսական գիտակրթական համաժողովի մասնակիցները ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի ուղեկցությամբ այցելել են Ռուսական արվեստի թանգարան (պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածու): Վերանորոգումից հետո պատվիրակության անդամները դիտել են թանգարանի նորացված մշտական ցուցադրությունը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ողջունել է ներկաներին՝ ԽՍՀՄ պետական ​​մրցանակի դափնեկիր, թանգարանի հիմնադիր Արամ Աբրահամյանի 125-ամյակին նվիրված նորացված մշտական ​​ցուցադրության բացման կապակցությամբ. «Հայ-ռուսական մշակութային, գիտակրթական կապերը երկար տարիների պատմություն ունեն։ Բոլոր ժամանակներում, ցանկացած քաղաքական պայմաններում և իրողություններում հայ և ռուսական մշակույթները փոխկապակցված են եղել, ինչը հաստատում է հայ և ռուս ժողովուրդների հոգևոր նկրտումների մտերմության և ներդաշնակության անվիճելի ճշմարտությունը։ Մշակույթը, կրթությունը և գիտությունը միավորում են մարդկանց, հասարակություններին և ազգերին՝ անկախ սեռից, տարիքից, կրոնական պատկանելությունից, իրողություններից և հակասություններից։ Հայ-ռուսական հարաբերությունները մշակույթի, կրթության և գիտության ոլորտում շարունակում են զարգանալ․ դրա վկայությունն է հայ-ռուսական գիտակրթական ֆորումը, որի շրջանակում էլ անցկացվում է Արամ Աբրահամյանի ծննդյան 125-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացումը»:

Ալֆրեդ Քոչարյանը նշել է, որ վերանորոգումից հետո թանգարանը կրկին բացել է իր դռներն արվեստասերների առջև: Նա շնորհակալություն է հայտնել գործընկերներին, միջոցառման կազմակերպիչներին, թանգարանի վերանորոգման հովանավորներին, մասնավորապես՝ «DС Partners» ընկերությանը և «Наследие и прогресс» հիմնադրամին՝ ի դեմս Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական ​​համալսարանի բժշկական գիտահետազոտական ​​և կրթական կենտրոնի նախագահ, տնօրեն Արմայիս Կամալովի:

«Վստահ եմ, որ վերանորոգված սրահներում ցուցադրությունն արժանի հարգանքի տուրք կհանդիսանա մեր հայրենակցի հիշատակին: Այն նոր խթան է Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև լրացուցիչ հնարավորություն երկու ժողովուրդների ու մշակույթների մերձեցման համար»,- եզրափակել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը։

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի նշմամբ՝ Ռուսական արվեստի թանգարանը հանդիսանում է ոչ միայն ռուսական արվեստը ներկայացնող հարթակ, այլև երկու ժողովուրդների հոգևոր կապի խորհրդանիշ, ինչի վառ ապացույցն է թանգարանում ցուցադրվող՝ Արամ Աբրահամյանի՝ ռուս նկարիչների ստեղծագործությունների հավաքածուն: Դեսպանն անդրադարձել է նաև Ռուսական արվեստի թանգարանի և ՌԴ թանգարանների միջև սերտ համագործակցությանը և գոհունակությամբ նկատել, որ այդ գործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: Դեսպանը շնորհավորել է միջոցառման կապակցությամբ և մաղթել թանգարանին հագեցած և արդյունավետ գործունեություն:

ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի ընդգծմամբ՝ լինելով անվանի բժիշկ՝ Արամ Աբրահամյանն առանձնացել է նաև բացառիկ ճաշակով, ինչի վառ ապացույցը ռուս նկարիչների նրա արժեքավոր հավաքածուն է, որտեղ ընդգրկված են 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի անվանի ռուս նկարիչների բացառիկ աշխատանքների բնօրինակները: Միխայիլ Շվիդկոյի խոսքով՝ սա զուտ հավաքածու չէ, և յուրաքանչյուր նկար արժանի է արվեստաբանական, հետազոտական նյութի, իսկ այցելուների համար արվեստի հետ հաղորդակցվելու հիանալի հնարավորություն է: Միխայիլ Շվիդկոյի դիտարկմամբ՝ պատահական չէ, որ Ռուսական արվեստի թանգարանի վերանորոգմանն իր աջակցությունն է բերել մեկ այլ անվանի բժիշկ՝ Արմայիս Կամալովը:

Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի բժշկական գիտահետազոտական և կրթական կենտրոնի նախագահ, տնօրեն Արմայիս Կամալովի տեղեկացմամբ՝ առաջին անգամ Արամ Աբրահամյանի մասին լսել է իր ուսուցչից. «Արամ Աբրահամյանը մեծ բժիշկ և մեծ արվեստասեր էր, և արվեստի նկատմամբ նրա մեծ սերը արտահատվել է առավելապես այն պահին, երբ որոշել է իր արժեքավոր հավաքածուն նվիրաբերել Հայաստանին: Արամ Աբրահամյանն այս առիթով գրել է՝ որպես նվեր այս նկարները ես փոխանցում եմ Հայաստանին, որպեսզի հայ ժողովուրդը ռուսական գեղանկարչությունը սիրի այնպես, ինչպես ամբողջ կյանքում ես եմ սիրել: Սա մեծ հայրենասերի խոսք է, նրա հավաքածուն նվեր է սերունդներին»,- նշել է Արմայիս Կամալովը և շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց աջակցությունն ու նպաստն են բերել թանգարանի զարգացման գործում:

Տրետյակովյան պատկերասրահի գիտական քարտուղար Տատյանա Յուդկևիչն իր խոսքում անդրադարձել է երկու թանգարանների միջև սերտ համագործակցությանը և գոհունակությամբ նշել, որ այն բավականին արդյունավետ է ընթանում: Նա կարևորել է այն նախաձեռնողականությունը, որը ցուցաբերում է Ռուսական արվեստի թանգարանը և նշել, որ առաջիկայում Ռուսական արվեստի թանգարանի և Տրետյակովյան պատկերասրահի համագործակցությամբ կնշանավորվի ևս մեկ համատեղ մեծ ձեռնարկ:

Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը ողջունել է ներկաներին և նշել, որ Երևանի սրտում գտնվող թանգարանի առաքելությունը ոչ միայն Արամ Աբրահամյանի հավաքածուն ներկայացնելն է, այլև արժեքավոր ստեղծագործությունները ռուսական մշակույթի կենտրոնի ստեղծման հիմք դարձնելը: Տնօրենի տեղեկացմամբ՝ յուրաքանչյուր տարի թանգարանն ընդունում է ավելի քան 15.000 այցելու: Թանգարանը կազմակերպում է բազմաթիվ և բազմաբնույթ միջոցառումներ, կրթական ծրագրեր՝ տարբեր տարիքային խմբերի համար, բացվում են ժամանակավոր ցուցադրություններ, իրականացվում է միջթանգարանային համագործակցություն հայաստանյան մյուս թանգարանների հետ: Ռուսական արվեստի թանգարանն ակտիվորեն համագործակցում է նաև ռուսաստանյան թանգարանների և մշակութային հաստատությունների հետ, մասնավորապես՝ Տրետյակովյան պատկերասրահի, որտեղ 2024 թվականին կբացվի Արամ Աբրահամյանի հոբելյանին նվիրված ցուցահանդես:

Նշենք, որ Երևանի Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) հիմնադրվել է պրոֆեսոր Արամ Աբրահամյանի անձնական հավաքածուի հիման վրա։ Թանգարանի հավաքածուն ներկայացնում է ռուսական, ինչպես նաև համաշխարհային արվեստի պատմության համար չափազանց կարևոր և առանձնահատուկ ժամանակաշրջանի՝ 19-րդ դարի վերջի, 20-րդ դարասկզբի գեղանկարչության, գրաֆիկայի, դեկորատիվ կիրառական արվեստի և բեմանկարչության վարպետների գործերը։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…