Անսովոր էր ֆիզիկայի դասը Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի 8-րդ դասարանում: Դասի թեման էր` «Ֆիզիկան և պոեզիան», ուսուցիչ` Սուսաննա Եղշատյան: Նպատակն էր ցույց տալ, որ գիտությունն ու արվեստը պահանջում են նմանատիպ մտածողության պրոցես, սակայն տարբեր են արտահայտչամիջոցները, ձևավորել բնության ներդաշնակություն զգալու, նկարագրելու և դրանք գնահատելու կարողություններ, բացահայտել ֆիզիկայի կապը մյուս գիտությունների հետ: Աշակերտները ներկայացնում էին տվյալ երևույթը տեսականորեն, ապա կատարում համապատասխան փորձեր, այնուհետև երևույթը նկարագրվում էր գրական ստեղծագործության միջոցով: Ալիքային շարժումը բացատրելիս հնչեց Դանիել Վարուժանի «Ցորյանի ծովեր» բանաստեղծությունը, Սևակի «Գժվում եմ» բանաստեղծության միջոցով իմացան, որ ամեն մի փոփոխություն առաջացնում է նոր որակ և դիտեցին մակածման հոսանքի առաջացումը, իսկ Կռիլովի առակը հնչեց մարմնի հավասարակշռության պայմանները քննարկելիս: Աշակերտները համոզվեցին, որ կան պոետներ, որոնք բարձր գիտական մտածողություն ունեն և կան արվեստագետներ, որոնց իրավամբ կարելի է գիտնական կոչել, իսկ յուրաքանչյուր հայտնագործության մեջ առկա է պոեզիայի տարրը: