ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Զարգացման տանող ցուցանիշներ. ԱԺ-ում քննարկվել է 2022 թվականի ԿԳՄՍՆ կատարողականը

Մայիսի 31, 2023
Պաշտոնական

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը: Նիստը վարել են հանձնաժողովների նախագահներ Սիսակ Գաբրիելյանը և Գևորգ Պապոյանը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը հայտնել է, որ 2022 թվականին ԿԳՄՍ նախարարությունն իրականացրել է 21 ծրագիր` 205 միջոցառումով: Նախապես պլանավորված է եղել իրականացնել 179 միջոցառում: Տարեկան պլանը կազմել է 226 մլրդ 801 մլն դրամ, սկզբնապես պլանավորված բյուջեի փաստացի կատարողականը կազմել է 202 մլրդ 606 մլն դրամ: Տարվա ընթացքում կատարվել են վերաբաշխումներ և փոփոխություններ: Ճշտված բյուջեն կազմել է 208 մլրդ 146 մլն դրամ: Ճշտված բյուջեի նկատմամբ կատարողականը կազմել է 97,3 տոկոս: Նախորդ տարվա համեմատ ոլորտում բյուջետային ծախսերն աճել են 15,9 տոկոսով կամ շուրջ 27 մլրդ 796 մլն դրամով:

Կապիտալ ծախսերն աճել են

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է իրականացված ծրագրերը՝ նշելով, որ այդ ընթացքում արձանագրվել են ինչպես ձեռքբերումներ, այնպես էլ խնդիրներ, որոնց կարգավորման ուղղությամբ քայլեր են իրականացվում: «Այս տարի 97,3 տոկոս փաստացի կատարողական ունենք բյուջեի նկատմամբ, և 2021 թվականի համեմատ 2022 թվականի փաստացի բյուջեն աճել է գրեթե 16 տոկոսով: Ընդ որում՝ կապիտալ ծախսերի մասով 2021 թվականի նկատմամբ ունենք փաստացի ծախսերի աճ շուրջ 9 մլրդ դրամով, և այստեղ կարևոր է հասկանալ՝ ինչպիսի դինամիկա կա: 2022 թվականի կապիտալ ծախսերի մասով կարողացել ենք կատարել 19 մլրդ 357 մլն դրամ, որը լուրջ առաջընթաց է 2021 թվականին իրականացված գործընթացների համեմատ»,-նշել է նախարարը:

Նրա խոսքով՝ ծախսերի գերակշիռ մասը՝ միջոցների շուրջ 75 տոկոսը հատկացվել է կրթության ոլորտին: «Այստեղ ունեցել ենք էական աճ կապիտալ ծախսերի գծով, մասնավորապես՝ կրթության ոլորտում 2021 թվականի համեմատ կապիտալ ծախսերն աճել են 104 տոկոսով, մշակույթի ոլորտում` 120,7 տոկոսով, սպորտի ոլորտում` աննախադեպ՝ 210,8 տոկոսով: Կարծում ենք` սրանք զարգացման տանող ցուցանիշներ են»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ կապիտալ ծախսերի մեծացման ուղղությամբ տարվող քաղաքականությունը շարունակական բնույթ է կրում: Անդրադառնալով «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրին՝ Ժաննա

Դպրոցներում բնագիտական լաբորատորիաների կբացվեն

Անդրեասյանը նշել է, որ այս տարի 107 հաստատության համար կայացվել են որոշումներ, որոնք վերաբերում են ավելի քան 30.000 երեխաների: Նախարարի խոսքով՝ նախագծային աշխատանքները հնարավորինս տիպային կամ մոդելային իրականացնելու ճանապարհն է ընտրվել, ինչը թույլ է տալիս էապես խնայել ժամանակը և կրճատել վարչարարությունը. «Կարևորում եմ Կառավարության ծրագրի մյուս թիրախ հանդիսացող՝ բոլոր դպրոցներում բնագիտական լաբորատորիաների բացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Տավուշի մարզի դպրոցներում ավարտվել է լաբորատորիաների ներդրման գործընթացը. այս տարի այդ աշխատանքներ կիրականացվեն Արմավիրի մարզում, բյուջետային գործընթացով մյուս մարզերում ևս պլանավորված են այդ աշխատանքները: Վստահ եմ, որ սա էական ազդեցություն կունենա կրթության որակի բարձրացման ուղղությամբ, որն արդեն իսկ տեսնում ենք նոր չափորոշիչների փորձնական ներդրման գործընթացի արտաքին գնահատման արդյունքներով»:

Ուսուցիչների վարձատրությանն ուղղված ծրագրեր

Ընթացիկ ծախսերին անդրադառնալով` Ժաննա Անդրեասյանը կարևորել է ուսուցիչների վարձատրությանն ուղղված ծրագրերը, մասնավորապես՝ ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը, որի շրջանակում 1565 ուսուցիչ կամ շահառու ուսուցիչների 5,5 տոկոսը կամավոր ատեստավորման արդյունքում վարձատրվում են արդեն իսկ բարձրացված դրույքաչափով և հավելավճարով: Ըստ նախարարի՝ ատեստավորված ուսուցիչների 28 տոկոսն արդեն ստանում է 300 հազար դրամ և ավելի աշխատավարձ՝ խրախուսելով մյուս ուսուցիչներին ևս ակտիվորեն մասնակցել գործընթացին:

Համընդհանուր ներառականություն նախադպրոցական կրթության ոլորտում

Ժաննա Անդրեասյանը փաստել է՝ նախադպրոցական կրթության ոլորտում կարևոր բարեփոխումներ են արվել. իրականացվել են մանկավարժների պարտադիր վերապատրաստման ու տնօրեն դառնալ ցանկացող անձանց հավաստագրման գործընթացները: Նա կարևորել է նաև այդ ոլորտում համընդհանուր ներառման գործընթացի ներդրման ու կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ֆինանսավորման գործընթացները, որոնք առաջին անգամ իրականացվել են նախորդ տարվանից:

Ըստ նախարարի՝ համապատասխան աշխատանքներ են տարվել նաև նախնական, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտներում:

Գիտնականների աշխատավարձի փուլային բարձրացում

Գիտության ոլորտում Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է գիտնականների աշխատավարձերի բարձրացման ծրագրին: «Գիտնականների ատեստավորման արդյունքում ունենք աշխատավարձերի փուլային բարձրացում, որը շարունակվելու է մինչև 2025 թվականը, և էական աճ ենք արձանագրելու գիտաշխատողների աշխատավարձերի մասով: Ֆինանսավորվել 86 դրամաշնորհային ծրագիր, որոնցում ներգրավված գիտնականների 73,7 տոկոսը մինչև 35 տարեկան են: Էական գումարներ են հատկացվել գիտական կազմակերպությունների հետազոտական հզորությունների համալրման և թարմացման նպատակով»,-նշել է նա՝ ընդգծելով, որ իրականացվել են մի շարք խոշորածավալ միջոցառումներ, այդ թվում՝ Սթարմուս փառատոնը:

Մշակութային ենթակառուցվածքները բարելավելու հնարավորություն

Ըստ նախարարի՝ մշակույթի ոլորտում ևս մի շարք նոր և շարունակական ծրագրեր են իրականացվել. «Կարևորում եմ իրականացված կապիտալ ծախսերը, օրինակ՝ հուշարձանների վերականգման մասով այն կազմել է 92 տոկոս նախնական բյուջեի նկատմամբ: Շուրջ 10 հուշարձան վերանորոգվել է պետություն-մասնավոր համագործակցության արդյունքում: Ռեկորդային՝ 1,3 մլրդ դրամ է հատկացվել մշակութային հաստատությունների ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ, որն էական ավելացում է: Մի շարք հաստատություններ ենթակառուցվածքները բարելավելու հնարավորություն են ունեցել, որի արդյունքում դրանց ավելի քան 90 տոկոսում սեփական եկամուտների աճ է գրանցվել»: Ըստ նախարարի՝ իրականացվել են 17 կրթամշակութային ծրագրեր, որոնց ներգրավվել են շուրջ 19 հազար սովորողներ: Անցկացվել է գրքի երևանյան փառատոնը, որի շրջանակում նախորդ տարի գրահրատարակիչները վաճառել են 10 հազար գիրք: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ միջազգային փառատոնը դարձել է գրահրատարակչության ոլորտի զարգացման և ընթերցանության խրախուսման յուրօրինակ միջավայր:

Կառուցվում են մարզադպրոցներ

«Սպորտի ոլորտում 307 մեդալ ենք ունեցել, որը 30 տոկոսով գերազանցում է մինչ այս գրանցված լավագույն արդյունքը»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ ընդլայնվել են ոլորտի կապիտալ ծախսերը. անվանի մարզիկների անուններով որակյալ և արդիական ենթակառուցվածքներով մի շարք մարզադպրոցներ են կառուցվում, որոնցում հնարավոր կլինի անցկացնել միջազգային մասշտաբի մրցաշարեր: Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև մասսայական սպորտի և առողջ ապրելակերպին ուղղված միջոցառումները:

Շարունակվում է «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագիրը

Անդրադառնալով երիտասարդության ոլորտին՝ նախարարը նշել է, որ շարունակվել է «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագիրը, որից մինչ այժմ օգտվել է 7407 երիտասարդ ընտանիք: Նախորդ տարվա դրությամբ 6087 ընտանիք շարունակում է սուբսիդավորման ընթացքում ստանալ պետական աջակցություն: Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև երիտասարդական կենտրոնների բացման ծրագիրը մարզերում. այս տարի Մեղրիում և Իջևանում կբացվեն այդպիսի կենտրոններ, այդ թվում՝ մասնավորի հետ համագործակցության սկզբունքով:

Նախարարը կարևորել է նաև սփյուռքի ուղղությամբ իրականացվող ծրագրերը՝ ուսուցիչների վերապատրաստման, դասագրքերի ապահովման և մի շարք այլ կարևոր նախագծերի շրջանակում:

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը հետաքրքրվել է մի շարք ծրագրերի իրականացման կոնկրետ արդյունքներով, որի մասով որոշ պարզաբանումներ է ներկայացրել Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

Պատգամավորները հետաքրքրվել են բուհերում դիմորդների թվի, ուսուցիչների ատեստավորման, դպրոցների ու մանկապարտեզների հիմնանորոգման գործընթացների, բյուջետային ծախսերի նպատակային օգտագործման և այլ խնդիրներով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…