ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Աննախադեպ հատկացումներ, օրենսդրական բարեփոխումներ հուշարձանների պահպանության ոլորտում. մամուլի ասուլիս

Ապրիլի 13, 2023
Մշակութային լուրեր Հարցազրույցներ, ելույթներ

Հուշարձանների պահպանության և վերականգնման 2023 թվականի ծրագրերի վերաբերյալ այսօր «Արմենպրես» լրատվական գործակալությունում տեղի է ունեցել մամուլի ասուլիս:

Բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը և «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչիկ Հարությունյանը:

Ինչպես են ընտրվում վերականգնվող հուշարձանները

Ըստ Հարություն Վանյանի՝ այս տարի ոլորտում հատկացումներն աննախադեպ են. «Այս տարի հատկացված է 400 մլն դրամ, որի շրջանակում կիրականացվեն Այգեշատի Թարգմանչաց, Փարպիի Ծիրանավոր եկեղեցիների վերականգնման, Սանահինի Սբ Ամենափրկիչ եկեղեցու տանիքածածկերի նորոգման, Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի հիմնանորոգման, Սյունիքի Տեղ գյուղի Սբ Գևորգ եկեղեցու վերականգնման և նորոգման աշխատանքներ»:

Հուշարձանների ընտրությունը, ըստ Վանյանի, արվում է՝ առաջնորդվելով պետական ցանկերում ընդգրկված հրատապ վերականգնման կարիք ունեցող և աշխատակիցների մշտադիտարկման արդյունքում արձանագրված փաստերով: Հրատապ վերականգնման կարիք ունեցող հուշարձանները վերջին տվյալներով 550-ից ավելի են: Ընտրության մյուս չափանիշը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված լինելն է, ինչպիսին է՝ Սանահինը: Պետական առաջնահերթություն է նաև կիսատ մնացած վերականգնումներն ավարտելը և հուշարձաններն ամբողջացնելը, ինչպիսին՝ Այգեշատի Թարգմանչաց եկեղեցին է:

Խախտումներից մինչև այցելուների թվի աճ

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» տնօրեն Արմեն Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ հիմնական հանդիպող խախտումներ են գանձագողությունը և հուշարձանի տարածքում շինարարական աշխատանքները, որոնք համաձայնեցված չեն լիազոր մարմնի հետ. «Փորձը ցույց է տալիս, որ մենք զգալի անելիք ունենք հանրությանն իրազեկելու առնչությամբ: Շատերը տեղեկացված չեն, որ այս կամ այն տարածքը կամ շենքը հուշարձան է: Հիմա ակտիվորեն իրականացնում ենք կրթական, ճանաչողական ծրագրեր»:

Ըստ Արմեն Հովհաննիսյանի՝ ռեսուրսների պակասը լրացնելով, տեխնիկական հագեցվածությունն ապահովելով և այդպիսով դեպքերին արագ արձագանքելով՝ հնարավոր կլինի նշյալ խնդիրների ծավալը փոքրացնել: Այս ուղղությամբ իրականացվելու է պիլոտային ծրագիր:

2022 թ. վիճակագրությամբ՝ արձանագրվել է 74 իրավախախտում, այս տարի՝ 25, որոնք այս կամ այն ձևով վնաս են հասցրել պատմական հուշարձաններին:

Արմեն Հովհաննիսյանի խոսքով՝ վերջին մեկ տարում գրանցվել է 40 տոկոս այցելությունների աճ հայաստանցիների շրջանում և 39 տոկոս՝ զբոսաշրջիկների: Արգելոց թանգարաններում նախատեսվում է մոդուլային տեղեկատվական կենտրոնների ներդրում, որոնք կունենան տիպային տեսք:

Նախատեսվում են մի շարք օրենսդրական կարգավորումներ

Ոլորտի բարեփոխումներին ուղղված աշխատանքներից են օրենսդրական նախաձեռնությունները. ենթաօրենսդրական ակտերով պետք է որոշակի կարգեր մշակվեն:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանի իրազեկմամբ՝ առք ու վաճառքի պայմանագրերում, սեփականության վկայականներում պարտադիր պետք է կատարվի նշում՝ գույքի հուշարձան լինելու վերաբերյալ:

«Այս փոփոխությունը կկանխի սեփականատերերի՝ իրազեկ չլինելու հետ կապված հարցը: Դա նշանակում է, որ գնորդն այն չի կարողանալու քանդել, կամայական փոփոխություններ իրականացնել: Հաջորդ սպասվող փոփոխությունը սեփականատերերի հետ պահպանման պարտավորագրերի կնքումն իրավական դաշտ բերելն է»,-ասել է նա:

Բոլոր հուշարձաններն ունենալու են պետական գրանցման փաստաթղթեր. ներկայում բազմաթիվ հուշարձաններ պետական գրանցման վկայականներ չունեն: Դա բերում է տարածքների օտարումների, զավթումների, իրավախախտումների: Այժմ աշխատանք է տարվում Կադաստրի կոմիտեի հետ, որպեսզի պարզեցված մեխանիզմով պետական սեփականություն հանդիսացող պատմության և մշակութային կատեգորիայի հողերը, հուշարձանները գրանցվեն՝ առանց լրացուցիչ չափագրումների և այլ բարդությունների:

Մյուս փոփոխությունը վերաբերում է նորահայտ հուշարձանները պետական ցուցակներում ընտրելու չափորոշիչներին, որոնք ցայսօր սահմանված չեն: «Առաջիկա փորձագիտական հանձնաժողովի նիստում կլինի քննարկում: 10 տարի է՝ պետական ցուցակները չեն թարմացվել, և նորահայտ հուշարձանները, որոնք շուրջ 2000 են, պետք է տեղ գտնեն այդ ցուցակներում, բայց միայն ըստ չափորոշիչների ճիշտ գնահատումից հետո»,- ասել է Հ. Վանյանը:

Միջազգային համագործակցությունը՝ ի նպաստ հուշարձանների

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն»-ի տնօրեն Խաչիկ Հարությունյանը ևս ոլորտի առաջնային խնդիր է համարել հուշարձանների պահպանության վերաբերյալ քաղաքացիներին իրազեկելու հանգամանքը, ինչի նպատակով իրականացվում են գիտակրթական ծրագրեր: Բարեփոխումների համատեքստում բանախոսն ընդգծել է միջազգային ծրագրերի ակտիվ իրականացումը. «Համագործակցում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնագետների հետ, շուտով Շրի Լանկայից, Աթենքից փորձագետներ ենք հյուրընկալելու՝ հուշարձանների կառավարման պլանի մեր ստեղծած մոդելի տարբերակի շուրջ աշխատելու և համագործակցելու նպատակով»:

Թիրախում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ներառված հուշարձաններ են: Ըստ Հարությունյանի՝ հետագայում նոր մեթոդաբանությունը կտեղայնացվի և կկիրառվի մյուս հուշարձանների համար:

«Աշխատում ենք Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի, իտալացի, ճապոնացի գործընկերների հետ: Փորձում ենք առավելագույնը քաղել և հմտանալ այն բոլոր ոլորտներում, որտեղ ունենք բացեր»,- եզրափակել է Խաչիկ Հարությունյանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: