ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Արվեստի և մարզադպրոցների մանկավարժները և մարզիչները կամավոր ատեստավորմամբ հավելավճար ստանալու հնարավորություն կունենան

Հունվարի 12, 2023
Պաշտոնական

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել ««Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին և այն համարել անհետաձգելի:

Համաձայն առաջարկվող կարգավորման՝ հանրակրթության ոլորտում ներդրված ուսուցչի կամավոր ատեստավորման համակարգը կներդրվի նաև արտադպրոցական կրթության ոլորտում, որի արդյունքում հավելավճար ստանալու հնարավորություն կունենան նաև արվեստի և մարզադպրոցների մանկավարժներն ու մարզիչները:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նա ընդգծել է, որ այս որոշմամբ իրագործվում է արտադպրոցական կրթության ոլորտում էական փոփոխություններ կատարելու
Կառավարության քաղաքական հանձնառությունը, որով այս ոլորտում նույնպես ներդրվելու է մասնագիտական զարգացման և վարձատրության բարձրացման փոխկապակցված մեխանիզմ:

«Ոլորտում, ըստ էության, կարիք ունենք օրենսդրական զգալի փոփոխությունների, որոնք կկարգավորեն քաղաքականությունը՝ մասնագիտական զարգացման ծրագրերի, ֆինանսավորման և այլ տեսանկյուններից: Բայց այս փուլում հարմար ենք գտել անդրադառնալ մի քանի հրատապ հարցերի. մասնավորապես՝ «Կրթության մասին» օրենքի առաջարկվող փոփոխություններով նախատեսում ենք, որ արվեստի դպրոցների մանկավարժներն ու մարզադպրոցների մարզիչները կկարողանան անցնել կամավոր ատեստավորում և հաջող արդյունք ցուցաբերելու դեպքում ստանալ հավելավճար: Այստեղ խնդիրը մի փոքր բարդ է, որովհետև արտադպրոցական կազմակերպությունների գերակշիռ մասը համայնքային է, և այստեղ վարձատրությունը համայնքից համայնք խիստ տարբերվում է: Ուստի, նախատեսում ենք, որ պետական քաղաքականության միջոցով պետք է կարողանանք համահարթեցնել վարձատրության այս տարբերությունները և, հետևաբար, նախատեսում ենք, որ հավելավճարները կլինեն ֆիքսված գումարների միջոցով»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Օրենքի նախագծով նաև նախատեսվել են ֆինանսավորման կարգի փոփոխության և ատեստավորման բովանդակային չափորոշիչների սահմանման լիազորող նորմեր: Օրենքի փոփոխությանը զուգահեռ, ինչպես նախարարն է նշել, իրականացվում են ատեստավորման կարգի և թեստավորման առաջադրանքների մշակման աշխատանքները:

ԿԳՄՍ նախարարը նաև տեղեկացրել է՝ հաշվի առնելով, որ գործընթացն իրականացվելու է առաջին անգամ, առաջին փուլով դիմելու հնարավորություն կունենան արվեստի և մարզաձևերի կոնկրետ ուղղությունների ներկայացուցիչներ.

«Արվեստի պարագայում առաջարկելու ենք, որ առաջին փուլով դիմեն դաշնամուրի, սոլֆեջիոյի և երաժշտական գրականության ուսուցիչները, իսկ մարզաձևերից՝ ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի,ինչպես նաև սամբոյի և ձյուդոյի մարզիչները: Մանկավարժներն ու մարզիչները կամավոր ատեստավորմանը դիմելու հնարավորություն կունենան արդեն մարտին: Ապրիլին կանցկացվի ատեստավորումը, իսկ մայիսից սկսած՝ հաջող արդյունքներ ցույց տված մասնագետները կստանան հավելավճարները, որոնք կհաշվարկվեն նաև ապրիլ ամսվա համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ շեշտելով նախագծի աննախադեպ կարևորությունը ոլորտի համար:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ի սկզբանե արվեստի և մարզադպրոցների ուսուցիչների աշխատավարձերը կրկնապատկելու խնդիր է դրվել, սակայն նախաձեռնության իրագործման փուլում բախվել են խնդրի՝ կապված այս ոլորտում ֆիքսված դրույքաչափերի բացակայության հետ. «Մարզադպրոցների մեծ մասը համայնքային ենթակայության է, և համայնքներն իրենց բյուջեից բխող տարբեր աշխատավարձեր են սահմանել, այնպես որ աշխատավարձերի՝ մեխանիկորեն կրկնապատկման պարագայում այդ խզումներն ավելի կընդգծվեին: Իսկ մենք խնդիր ունենք և՛ մասնագիտական, և՛ բովանդակային առումով կրթության հասանելիությունը համահարթ դարձնել: Նախնական փուլում ընտրել ենք ոլորտի ամենաշատ մասնագետներ ունեցող ուղղությունները»:

Արտադպրոցական հաստատությունների ցանցը ձևավորվել է դեռևս խորհրդային ժամանակահատվածում, իսկ այս պահին հանրապետությունում գործում են երաժշտական, արվեստի, գեղարվեստի և մանկապատանեկան ստեղծագործական 240 դպրոց և կենտրոն, որոնցից 50-ը՝ Երևանում, իսկ մնացած 190-ը՝ ՀՀ մարզերում: Այդ դպրոցներում իրենց ուսումը ստանում են ավելի քան 50 հազար երեխաներ:

Բացի դրանից՝ գործում են 174 սպորտային կազմակերպություններ, որտեղ սովորում են 42 հազարից մի փոքր ավելի մարզիկներ: Երաժշտական, արվեստի, գեղարվեստի և մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններում դասավանդում է 5099 ուսուցիչ, իսկ սպորտային կազմակերպություններում իրենց աշխատանքն իրականացնում են 2100-ից մի փոքր ավելի մարզիչ-մանկավարժներ:

Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետի անմիջական հանձնարարությամբ քննարկվել է նաև Հայաստանում արվեստների ավագ դպրոց և սպայական ավագ դպրոց հիմնելու հարցը, որոնք պետք է ստեղծվեն զրոյից և ունենան կրթական հատուկ ծրագրեր: Սպայական ավագ դպրոցի պարագայում նախատեսվում է սերտ համագործակցություն ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և սպայական ծառայության բաղադրիչ ունեցող այլ կառույցների հետ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ստեղծվելիք նոր ավագ դպրոցների համար կառուցվելու են նոր շենքեր՝ նորակառույց ենթակառուցվածքներով և գերժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցած:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…