ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թ. կատարողականը զեկուցվել է վարչապետին

Հունվարի 12, 2023
Պաշտոնական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ գերատեսչության 2022 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, ԿԳՄՍՆ ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:

ԿԳՄՍ նախարարը և նախարարի տեղակալները զեկուցել են ոլորտային բարեփոխումների, գերակա ծրագրերի և կատարված աշխատանքների վերաբերյալ:

Նշվել է, որ Երևանի և մարզերի նախադպրոցական 60 հաստատությունում մեկնարկել է նոր չափորոշչի փորձարկման գործընթացը: Առաջին անգամ իրականացվել են մասնագիտական զարգացման ծրագրեր, նախատեսվում է ներդնել հավելավճարի մեխանիզմ: Մարզերից մի քանիսում մեկնարկել է համընդհանուր ներառական կրթությանն անցման գործընթացը, որի շրջանակում 2022 թ. սեպտեմբերից իրականացվում է կրթության առանձահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության շարունակական ֆինանսավորում: Հանրակրթության ոլորտում ևս փորձարկման փուլում է նոր չափորոշիչը, 2023 թ. սեպտեմբերից այն փուլային սկզբունքով կներդրվի ՀՀ բոլոր մարզերում, ամբողջական ներդրումը նախատեսվում է ավարտել 2026 թ.: Ներկայում մեկնարկել են նոր դասագրքերի ստեղծման աշխատանքները: Մեկնարկել է տարածաշրջանային լեզուների ուսուցման ծրագիրը, որն արդեն իրականացվում է 25 դպրոցում: Ներդրվել են ուսուցչի մասնագիտական զարգացման և վարձատրության փոխկապակցված մեխանիզմներ, հաստատվել է դպրոցների ֆինանսավորման նոր կարգը, առանձնացվել են վարչատնտեսական և ուսումնական գործընթացները. առաջիկայում կներկայացվի Կառավարության որոշման նախագիծ: Էլեկտրոնային ուսուցման ծրագիրն իրականացվում է ՀՀ 9 մարզում, շահառու աշակերտների թիվը 6500 է, թվայնացվել է ավարտական վկայականների տրամադրման գործընթացը: Նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում փորձարկվել են պետություն-մասնավոր համագործակցության մի շարք մոդելներ, որի դրսևորումներից է Տավուշի մարզում Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջի ստեղծումը: Ներկայացվել են նաև արտադպրոցական դաստիարակության ծրագրերը, նշվել է, որ այս տարի նախատեսվում է մեկնարկել գիտության թանգարանի ստեղծման աշխատանքները:

Զեկուցվել է «300 դպրոց և 500 մանկապարտեզ» պետական ծրագրի ընթացքի մասին: Նշվել է, որ մարզերում կրթահամալիրների քարտեզագրման և նախագծման աշխատանքներն ավարտվել են, ընթանում են միջգերատեսչական քննարկումներ հետագա քայլերի շուրջ:

Բարձրագույն կրթության ոլորտում վերանայվել են կրթական ծրագրերը, հաստատվել է որակավորումների 21 ոլորտային շրջանակ, մշակվում է բուհերի ֆինանսավորման նոր բանաձև՝ կատարողականի բաղադրիչի ներդրմամբ: Իրականացվել են կրթության կազմակերպման ու կառավարման արդյունավետության բարձրացման աշխատանքներ, թվայնացման միջոցառումներ, ստեղծվել են նոր ենթակառուցվածքներ: Շարունակվում են ակադեմիական քաղաքի հիմնման շուրջ քննարկումները:

Զեկուցվել է սփյուռքի հետ կրթամշակութային համագործակցության, միջազգային գործընկերության, երիտասարդական ծրագրերի մասին: Նշվել է, որ երկկողմ ու բազմակողմ համագործակցության շրջանակում ընդլայնվել է իրավապայմանագրային դաշտը, միջպետական համաձայնագրերով հաջողությամբ իրականացվում են օտարերկրյա և ՀՀ ուսանողների փոխանակության ծրագրերը: 2022 թ. հուշագրեր են կնքվել հայագիտական հետազոտությունների ևս 2 կենտրոնի ստեղծման վերաբերյալ: Երիտասարդության ոլորտի պետական քաղաքականության շրջանակում բարելավվում է օրենսդրական դաշտը, ընթացքի մեջ են Տավուշի և Սյունիքի մարզերում երիտասարդական 2 կենտրոնի ստեղծման աշխատանքները: 2022թ. տեղի է ունեցել «Սթարմուս 6» փառատոնը:

Իրականացվել են պատմության և մշակույթի հուշարձանների ուսումնասիրման, վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքներ, այդ թվում՝ Լոռիի և Տավուշի բերդերի, Դաշտադեմի և Ամբերդի ամրոցների: Ազգային ժողով է ներկայացվել հուշարձանների ոլորտը կարգավորող օրենսդրական փաթեթը: Աշխատանք է տարվում թանգարանների կառավարման համակարգի արդիականացման ուղղությամբ, մշակվում է միասնական տոմսային էլեկտրոնային համակարգի տեխնիկական առաջադրանքը: Միջազգային մշակութային համագործակցության շրջանակում Հայաստանը մասնակցել է ցուցահանդեսների և փառատոնների, գեղարվեստական կրթության շրջանակում իրականացվում է 17 կրթամշակութային նախագիծ, նախաձեռնվել են կառավարման համակարգի բարեփոխումներ և այլն:

Սպորտի բնագավառում իրականացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական 5 մրցաշար՝ շուրջ 5300 մասնակցով: ՀՀ հավաքականների մարզիկները միջազգային մրցումներում և առաջնություններում նվաճել են 307 մեդալ, աջակցություն է տրամադրվել մարզական ֆեդերացիաներին: Կրկնապատկվել է պետական միանվագ աջակցությունը սպորտային մեծ նվաճումներ ունեցող մարզիկներին և մարզիչներին: 2022 թ. Հայաստանում անցկացվել է բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնությունը և սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը, 2023 թ. ևս նախատեսվում է մի շարք առաջնությունների անցկացում: Վարչապետին զեկուցվել է նոր սպորտային համալիրների կառուցման, նաև գործող մարզական հաստատությունների վերանորոգման ընթացքի մասին:

Հաշվետության ներկայացումից հետո ծավալվել է մտքերի փոխանակություն: Վարչապետին մանրամասներ են ներկայացվել «300 դպրոց և 500 մանկապարտեզ» պետական ծրագրի ճանապարհային քարտեզի վերաբերյալ: Կառավարության ղեկավարը նշել է, որ ծրագիրը ռազմավարական առաջնահերթություն է, և հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել գործընթացը՝ պարբերական մոնիթորինգ իրականացնելով շինարարության ընթացքի և որակական չափանիշների նկատմամբ:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կրթության նոր չափորոշիչների ներդրման կարևորությանը՝ ներառյալ ատեստավորման բաղադրիչին, դասագրքերի տպագրության և բաշխման քաղաքականությանը, և նշել, որ թղթային տարբերակին զուգահեռ պետք է աշխատել նաև էլեկտրոնային կրթական հարթակների զարգացման ուղղությամբ: Վարչապետը կարևորել է մշակութային և գեղարվեստական կրթության ծրագրերը այդ թվում դպրոցականների համար ներդրված՝ թանգարան, համերգասրահ, թատրոն տարեկան մեկ անգամ անվճար այցելելու պետական ծրագիրը և հանձնարարել ուշադրության կենտրոնում պահել դրանց պատշաճ իրականացումը, և անհրաժեշտության կատարել լրամշակում ու բարելավում:

Նշելով նախնական և միջին մասնագիտական կրթական բարեփոխման կարևորությունը՝ Կառավարության ղեկավարը հանձնարարել է ըստ ոլորտային ուղղությունների քննարկել պետություն-մասնավոր գործընկերությամբ նոր ծրագրերի հնարավորությունները և ներկայացնել առաջարկներ: Անդրադառնալով հանրակրթության ու բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող կրթաթոշակային քաղաքականությանը՝ վարչապետը հանձնարարել է մշակել և ներկայացնել դրանք լավարկելու առաջարկներ ի շահ բարձր առաջադիմություն ունեցող աշակերտների և ուսանողների:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: