ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կայացել է Ֆինանսական կրթման ազգային ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 20-րդ նիստը

Դեկտեմբերի 22, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կենտրոնական բանկում այսօր տեղի է ունեցել ՀՀ-ում ֆինանսական կրթման ազգային ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 20-րդ նիստը:

Ծրագիրը մեկնարկել է 2014 թվականից: Այն համակարգում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Կենտրոնական բանկը: Նիստին մասնակցել և ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Կարևոր է նշել այն ձեռքբերումները, որոնք այս տարիների ընթացքում գրանցել ենք, և դրանք քիչ չեն: ՀՀ-ում ձևավորվել է ֆինանսական կրթության մի մոդել, որը կարող է օրինակելի լինել նաև մյուս երկրների համար: Ես առիթ եմ ունեցել նաև նմանօրինակ արձագանքներ լսել միջազգային տարբեր հարթակներից: Այս ամենի վկայությունն են նիստին ներկա յուրաքանչյուր կառույցի և կազմակերպության ներդրած ջանքն ու իրականացրած աշխատանքները: Մեր ձեռքբերումներն իրոք շատ կարևոր են: Ինչպես գիտեք, 2015 թ. համատեղ ջանքերով «Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագիրը ներդրեցինք դպրոցներում, և չորս առարկաների շրջանակում արդեն ունենք բավականին որակյալ ու կարևոր ուսումնական նյութեր: Այսօր շուրջ 406 000 աշակերտներ ստանում են ֆինանսական անհրաժեշտ գիտելիքներ: Այս մասին փաստում են տարաբնույթ հետազոտությունները, որոնք իրականացրել են Կենտրոնական բանկի մեր գործընկերները և ներկայացրել հանձնաժողովի անդամներին»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

Ժաննա Անդրեասյանը նշել է նաև, որ ըստ հետազոտությունների՝ «Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագրի շրջանակում երեխաների ստացած գիտելիքները տարածվում են և դառնում նաև նրանց ընտանիքների իրազեկման ու գրագիտության բարձրացման միջոց, ինչը խիստ կարևոր է՝ հաշվի առնելով այսօրվա աշխարհն ու իրականությունը:

«Մենք նաև վերապատրաստումների մեծ շղթա ենք իրականացրել, ընդ որում՝ համավարակի պայմաններում ցուցաբերեցինք ճկունություն և դրանք նորարար մոտեցումներով տեղափոխեցինք հեռավար հարթակ: Այսօր արդեն քննարկում ենք հետագա քայլերը, որոնք ուսուցիչների համար էլեկտրոնային կրթական հարթակի ձևավորման և շարունակական կրթության, ինչպես նաև ծրագրի մշտադիտարկման հնարավորություն են ընձեռում: Մեր սեղաններին դրված է «Ֆինանսական կրթություն և մաթեմատիկա․ խնդիրների և առաջադրանքների» ժողովածուն, որն ուսուցիչների և աշակերտների համար դառնալու է ֆինանսական կրթության դասավանդման լավագույն ու որակյալ նյութերից մեկը»,- մանրամասնել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարը, կարևորելով գործընկերների հետ համագործակցությունը, այն նաև հեռանկարային է համարել: Մասնավորապես առանձնացրել է ուսուցիչներին քոուչինգի հմտություններ փոխանցելու փաստը. «Այս տարի առիթ ենք ունեցել այս թեմայով հանդիպումներ և քննարկումներ ունենալ Կենտրոնական բանկի մեր գործընկերների հետ և ունենք փորձարկման գործընթաց Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցում: Այս աշխատանքներն իրականացվում են ԿԲ-ի և Քոուչինգի միջազգային ֆեդերացիայի հետ, զուգահեռաբար նաև ստեղծվում է ուսուցիչների համար մեթոդական ձեռնարկ, և կարծում եմ, որ փորձարկման արդյունքներով մենք հնարավորություն կունենանք մեր դպրոցներում ներդնելու կարևորագույն հմտություններ, որոնց արդյունավետությունը փաստում են հետազոտությունները»:

Ժաննա Անդրեասյանը, ամփոփելով խոսքը, անդրադարձել է ծրագրի շրջանակում 100-ից ավելի դպրոցներում 2021 և 2022 թթ. իրականացված քանակական ու որակական հետազոտությունների արդյունքներին, ըստ որոնց՝ չափելի են դառնում ծրագրի շրջանակում արված աշխատանքները: ԿԳՄՍ նախարարը նաև կարևորել է այն, որ ծրագիրը մեկնարկել է դպրոցներից և այսօր ավելի շատ շահառուներ կարող են ընդգրկվել:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, ողջունելով նիստի մասնակիցներին, բարձր է գնահատել ներկաների ջանքերը և մեծ հաջողություն է մաղթել բոլոր նախաձեռնություններում:

Նա հավելել է, որ հատկապես կարևորվում է ֆինանսական կրթությունը դպրոցից սկսելը, քանի որ մարդիկ հասուն կյանք են մտնում կյանքի առաջին հատվածում ստացած գիտելիքներով ու հմտություններով. «Հատկապես այս հարցում մենք շատ դրական և արդյունավետ ենք գնահատում ԿԲ և ԿԳՄՍՆ համագործակցությունը»։

Նշենք, որ ծրագիրն իրականացվում է նախարարությունների, կրթական գերատեսչությունների, ֆինանսական միությունների, կառույցների, կազմակերպությունների ու ասոցիացիաների, կրթական կազմակերպությունների ու հիմնադրամների համագործակցությամբ, իսկ հանձնաժողովը ղեկավարում է Կենտրոնական բանկը։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…