ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կառավարությունը գումար է հատկացրել 96 դպրոցի շենքային պայմանների, 114 դպրոցի և 8 մանկապարտեզի գույքային բարելավման համար

Նոյեմբերի 25, 2022
Պաշտոնական

Կառավարության նոյեմբերի 24-ի նիստի մի շարք որոշումներով փոփոխություն է կատարվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թվականի բյուջեով հաստատված ծրագրերում: Վերաբաշխման արդյունքում գումար է հատկացվել 96 դպրոցի շենքային պայմանների, ինչպես նաև 114 դպրոցի և 8 մանկապարտեզի գույքային հագեցվածության բարելավումը ապահովելու նպատակով:

Դպրոցների շենքային պայմանների հրատապ խնդիրների լուծում և գույքային հագեցվածություն

2022 թվականի պետական բյուջեով կապիտալ ծրագրերին հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում 1 մլրդ 933 մլն դրամ գումարի շրջանակում, որից 1 մլրդ 843 մլնը՝ 96 դպրոցի շենքային պայմանների և 101 դպրոցի գույքային հագեցվածության բարելավման նպատակով:

Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ նշելով, որ մարզպետարանների կողմից արդեն կնքվել են կապալային աշխատանքների և տեխնիկական հսկողության ծառայության գնման պայմանագրերը՝ «Գնումների մասին» օրենքին համապատասխան պայմանով հայտարարված մրցույթի արդյունքում։ Ըստ նախագծի՝ գումարները հատկացվում են կնքված պայմանագրերին համապատասխան։

Վահրամ Դումանյանը նաև փաստել է, որ նախագծով գումար է հատկացվում Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի 101 դպրոցի՝ գույքի ապահովման նպատակով. «Այս աշխատանքները հնարավորություն են տալիս լուծելու մարզպետարանների կողմից գույքագրված դպրոցներում առկա հրատապ խնդիրները՝ ջեռուցման, տանիքի և սանհանգույցների վերանորոգման տեսանկյունից, որը խիստ անհրաժեշտ է ուսումնական բնականոն գործընթացն ապահովելու համար: Մյուս կողմից՝ սա նաև հնարավորություն է այն դպրոցներում, որոնց շենքերն ամրացման կարիք չունեն և բավարար վիճակում են, իրականացնելու անհրաժեշտ վերանորոգման և գույքով համալրման աշխատանքներ՝ այդ դպրոցների միջավայրը համապատասխանեցնելով Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի համար նախատեսված չափանիշներին»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով դպրոցների շենքային պայմանների և գույքային հագեցվածության բարելավման խնդրին, իր հերթին նշել է, որ նմանատիպ որոշումները մեծ էներգիա են տալիս. «Հանրակրթության ոլորտում ռազմավարական ներդրումներ իրականացնելու մեր որոշման թափանիվը սկսել է շարժվել, և շարունակում ենք խոշոր ներդրումներ ապահովել նախադպրոցական և հանրակրթության ոլորտներում»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի և Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ դպրոցներում և մանկապարտեզներում շինարարարությունը և գույքի համալրումը պետք է տեղի ունենան նոր չափանիշներով և բարձր որակով:

Նշենք, որ Կառավարության որոշմամբ՝ 96 դպրոցի շենքային պայմանները բարելավվում են հետևյալ համամասնությամբ՝ 15-ը՝ Արագածոտնի, 7-ը՝ Արարատի, 13-ը՝ Արմավիրի, 6-ը՝ Գեղարքունիքի, 17-ը՝ Լոռու, 6-ը՝ Կոտայքի, 21-ը՝ Շիրակի և 11-ը՝ Տավուշի մարզերում:

Հատկացումներն արվում են դպրոցների մասնակի նորոգման համար, մասնավորապես՝

  • 20 դպրոցում կիրականացվեն ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքներ,

  • 12 դպրոցում կիրականացվեն տանիքի նորոգման աշխատանքներ,

  • 33 դպրոցում կփոխարինվեն պատուհանները և դռները, և կիրականացվեն դասասենյակների ներքին հարդարման աշխատանքներ,

  • 9 դպրոցում կիրականացվեն սանհանգույցների նորոգման աշխատանքներ,

  • 3 դպրոցում կիրականացվեն ֆոտովոլտային համակարգի կառուցման աշխատանքներ,

  • 19 դպրոցում կիրականացվեն մարզադահլիճի կամ ճաշարանի նորոգման կամ բակի բարեկարգման աշխատանքներ:

13 դպրոցների գույքի ձեռքբերում

ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ՝ 2022 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում 353 մլն 830.7 հազար դրամ գումարի չափով՝ 13 դպրոց գույքով ապահովելու համար: Այդ դպրոցներն են՝

  • Երևանի Տ. Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոց

  • Երևանի Ա. Ղարիբյանի անվան թիվ 142 ավագ դպրոց

  • Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոց

  • Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոց

  • Տաշիրի Արտակ Խաչատրյանի անվան ավագ դպրոց

  • Արթիկի թիվ 3 ավագ դպրոց

  • Գյումրու Ակադեմիական վարժարան

  • Մ. Խորենացու անվան թիվ 143 հիմնական դպրոց

  • Գետաշենի միջնակարգ դպրոց

  • Աղավնատան Ղ. Աբգարյանի անվան միջնակարգ դպրոց

  • Ախպրաձոր գյուղի միջնակարգ դպրոց

  • Մեծ Մասրիկ գյուղի միջնակարգ դպրոց

  • Սիսիանի թիվ 1 հիմնական դպրոց

Նշենք, որ 2018 թվականից ի վեր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Համաշխարհային բանկի աջակցությամբ և պետական բյուջեից համաֆինանսավորմամբ (համապատասխանաբար 80 % և 20 % հարաբերակցությամբ) իրականացնում է «Կրթության բարելավում» ծրագիրը։ Համաշխարհային բանկի կողմից իրականացվող ծրագրով չի նախատեսվել հիմնանորոգվող դպրոցների համապատասխան գույքով ապահովումը։ Ուստի առաջացել է անհրաժեշտություն պետական բյուջեից հատկացնել լրացուցիչ միջոցներ՝ ժամանակի և կրթական չափորոշիչների պահանջներին համապատասխան՝ դպրոցական գույքի ձեռքբերման համար։ Դպրոցների մի մասն էլ նորոգվել են, սակայն նոր գույքով չեն ապահովվել բարերաների կողմից:

8 մանկապարտեզի գույքի ձեռքբերում

ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թվականի հաստատված բյուջեով նախատեսված ելքային ծրագրերի շրջանակում կատարվել է վերաբաշխում՝ 154 մլն 674 հազար դրամի չափով: Վերաբաշխվող գումարն ուղղվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից 8 մանկապարտեզի համար գույքի ձեռքբերմանը:

Գույքով կապահովվեն հետևյալ մանկապարտեզները.

  • Արարատի մարզի Դաշտավան համայնքի մանկապարտեզ,

  • Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Արագածոտն բնակավայրի մանկապարտեզ,

  • Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Զովք բնակավայրի մանկապարտեզ,

  • Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի մանկապարտեզ,

  • Կոտայքի մարզի Արամուս համայնքի մանկապարտեզ,

  • Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Հացիկ բնակավայրի մանկապարտեզ,

  • Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Ջաջուռավան բնակավայրի մանկապարտեզ,

  • Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Լեռնուտ բնակավայրի մանկապարտեզ:

Վերոնշյալ աշխատանքները կատարվում են ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի շրջանակում, որով նախատեսվում է մինչև 2026 թվականը կառուցել, հիմնանորոգել կամ վերանորոգել առնվազն 300 դպրոց և 500 մանկապարտեզ՝ ապահովելով դրանց ամբողջական հագեցումը գույքով և սարքավորումներով:


 

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…