ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Վահրամ Դումանյանն ընդունել է միջազգային առարկայական օլիմպիադաներում մեդալներ նվաճած աշակերտներին

Նոյեմբերի 22, 2022
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է 2022 թվականին 7 առարկայի գծով միջազգային օլիմպիադաներում մեդալներ նվաճած աշակերտներին։

Այս տարի հայ աշակերտները ռեկորդային՝ 21 մեդալ են նվաճել տարբեր առարկաների միջազգային օլիմպիադաներում։

Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի գիտատեխնիկական աշխատանքների գծով փոխտնօրեն Հայկազ Նավասարդյանը, Հայաստանում կայացած Կենսաբանության միջազգային օլիմպիադայի ծրագրի ղեկավար Գայանե Ղուկասյանը, նախարարության այլ ներկայացուցիչներ, աշակերտներ։

Նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորել է հաջող ելույթների և արդյունքների համար՝ ընդգծելով, որ առարկայական օլիմպիադաներում մեր դպրոցականների նվաճած յուրաքանչյուր մեդալ կարևոր է:

«Ձեր մասնակցությունը միջազգային առարկայական օլիմպիադաներին ու գրանցած հաջողությունները շատ կարևոր են պետության համար, քանի որ դրանով ընդգծվում է մեր կրթության մրցունակությունը միջազգային չափանիշներով»,- նշել է Վահրամ Դումանյանը՝ կոչ անելով օլիմպիական ակտիվությունը շարունակել ավելի մեծ եռանդով:

Վահրամ Դումանյանն անդրադարձել է նաև ամռանը Երևանում անցկացված Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադային․ «Այն բացառիկ իրադարձություն էր։ Մենք պետք է ավելացնենք նմանօրինակ միջազգային օլիմպիադաները մեր երկրում անցկացնելու հաճախականությունը և ընդլայնենք առարկաների ցանկը։ Իհարկե, սա բավական պատասխանատու և աշխատատար գործընթաց է, բայց մենք գնալու ենք այդ ճանապարհով»։

Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է բոլոր 21 մեդալակիրներին, շնորհավորել և զրուցել նրանց հետ։

Երևանում անցկացված Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադայում «Հերացի» ավագ դպրոցի սովորող Արման Հայրապետյանը բրոնզե մեդալ էր նվաճել։ Հայաստանի թիմերը միջազգային օլիմպիադայում նաև 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել «Մաթեմատիկա», 3 բրոնզե մեդալ՝ «Ֆիզիկա», 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ «Քիմիա», 2-ական բրոնզե մեդալ՝ «Աշխարհագրություն» և «Ինֆորմատիկա», ևս 3 բրոնզե մեդալ՝ «Աստղագիտություն» առարկաներից:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱՅԲ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Արմինե Քեշիշյանը, որը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 1-ն Իտալիայի մայրաքաղաք Հռոմում մասնակցել է Hippo «English Without Borders» անգլերենի միջազգային օլիմպիադային և զբաղեցրել առաջին հորիզոնականը։ 10-րդ անգամ անցկացվող այս օլիմպիադային 54 երկրի 184 ներկայացուցիչ է մասնակցել։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ևս շնորհավորել է աշակերտներին ու շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի և ունեցած ձեռքբերումների համար․ «Մենք, կարծես, սովորել ենք ամեն տարի միջազգային օլիմպիադաներից նվազագույնը 20 մեդալ ունենալ։ Իհարկե, տարբեր կարգի մեդալների մասին է խոսքը, բայց նման ցուցանիշների առկայությունը խոսում է այն մասին, որ մենք օլիմպիադայի հանրապետական փուլերում կարողանում ենք ձևավորել մրցունակ թիմեր, որոնք պատշաճ հանդես են գալիս նաև միջազգային օլիմպիադաներում։ Այս մեդալները մեր աշակերտների անձնական ձեռքբերումներն են, բայց սա նաև թիմային աշխատանքի արդյունք է»։

Նշենք, որ միջազգային օլիմպիադաների մրցանակակիրներին պետության կողմից կրթաթոշակ է հատկացվում. առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 25 հազար դրամ, երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 20, իսկ երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 15 հազար դրամ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև առարկայական օլիմպիադաներում ավելի մեծ թվով դպրոցների ներգրավվածության, հնարավորինս շատ դպրոցականների արդյունավետ մասնակցության հարցերը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…