ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրել է 2023 թ. բյուջետային հայտը. ոլորտային հատկացումները կավելանան 23,5 մլրդ դրամով

Նոյեմբերի 8, 2022
Պաշտոնական

Ազգային ժողովում կայացել է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որի ընթացքում քննարկվել է 2023 թվականի պետական բյուջեի հայտը:

2023 թվականի բյուջեով ԿԳՄՍ նախարարության համար նախատեսվել է 250.03 միլիարդ դրամ, որը 23,5 միլիարդ դրամով ավելին է, քան 2022 թվականի հաստատված բյուջեն: Կրթության ոլորտին բաժին է ընկնում նախարարության բյուջեի 77 տոկոսը, գիտությանը՝ 12 տոկոսը, մշակույթին՝ 7 տոկոսը, սպորտին՝ 3 տոկոսը, երիտասարդությանը՝ 1 տոկոսը:

Կապիտալ ծախսերը 2022 թվականի համեմատ աճել են 8 մլրդ դրամով, որը պայմանավորված է կրթության և սպորտի ոլորտներում իրականացվող ներդրումային ծրագրերով, իսկ ընթացիկ ծախսերի գծով նախատեսվում է 15 մլրդ դրամի ավելացում:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրել է նախարարության 2023 թվականի բյուջեի նկարագիրը և ընդգծել, որ մարդկային կապիտալը մեր ազգային հիմնական հարստությունն է, և պետության ջանքերն ուղղված են դրա զարգացմանն ու բազմապատկմանը. «ԿԳՄՍ նախարարությունը մարդկային կապիտալի զարգացման կարևոր դերակատարներից մեկն է: Մեր համակարգում առկա խնդիրները բազմազան են և բազմաշերտ, սակայն մենք հաստատակամ ենք արդյունավետ լուծումներ գտնելու և առաջ շարժվելու առումով: Ուղղորդվելով Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի առաջնահերթություններով՝ նախարարության համակարգման ոլորտներում իրականացվում են մի շարք լայնամասշտաբ նախաձեռնություններ, ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված գործողություններ»:

Վահրամ Դումանյանի տեղեկացմամբ` ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ 2023 թվականի պետական բյուջեում ներառված են բյուջետային 20 ծրագրեր, որոնք ընդգրկում են կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սփյուռքի ոլորտները:

«Կրթության ոլորտին հատկացված միջոցների աճը 2022 թվականի նկատմամբ կազմում է շուրջ 10% կամ 16 մլրդ դրամ, որն առաջնահերթ ուղղվելու է հանրակրթության ոլորտին: Շարունակվելու է ուսուցիչների մասնագիտական առաջխաղացումը խթանող քաղաքականությունը՝ ապահովելով դրան համապատասխան վարձատրություն»,- նշել է Վահրամ Դումանյանը:

2023 թվականի պետական բյուջեով նախատեսվում է՝

  • Ուսուցիչների վարձատրության բարձրացման քաղաքականության շրջանակում հավելավճարներ տրամադրել գյուղական համայնքներում մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների 4418 ուսուցիչներին՝ նրանց վարձատրությունը հասցնելով 1 դրույքաչափի:
  • Լրացուցիչ հավելավճարներ տրամադրել հանրապետության բոլոր բնագիտական առարկաների 8135 ուսուցիչներին:
  • Վերանայել բազմահամակազմ դպրոցների սկզբունքը. տարբեր դասարանների երեխաների ուսումնառությունը միավորելով միայն արվեստի և ֆիզիկական կուլտուրայի դասաժամերին: Այդ դեպքում ուսուցիչներին 1 դասաժամի համար կտրամադրվի 50 կամ 70 տոկոսի չափ հավելավճար՝ կախված նրանից, թե քանի դասարան է միավորվում: Ծրագիրը կմեկնարկի Սյունիքի մարզից:
  • 4 մլրդ դրամ հատկացնել կամավոր ատեստավորման արդյունքների հիման վրա ուսուցիչների հավելյալ վարձատրության համար:
  • Շարունակել ուսուցիչների վերապատրաստումը՝ նոր չափորոշիչների համապատասխան. ևս 100 դպրոցների 2,07 մլրդ դրամ արժողությամբ ժամանակակից լաբորատորիաներ տրամադրել:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ 2023 թվականին 70-ից ավելի հանրակրթական դպրոցներ կլինեն կառուցման, հիմնանորոգման և վերանորոգման փուլում, որից 4-ը՝ Համաշխարհային բանկի օժանդակությամբ: Նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ոլորտում մինչև 2025 թ. նախատեսվում է ևս 5 նոր մասնագիտության ներդրում՝ աշխատաշուկայի պահանջներից ելնելով:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հետաքրքրվել է ըմբիշ Արթուր Ալեքսանյանի անվան սպորտային համալիրի և Արթուր Աբրահամի անվան մարզադպրոցի կառուցմամբ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը պարզաբանել է, որ ըմբշամարտի աշխարհի քառակի, Եվրոպայի հնգակի, օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրում երեխաները մարզվելու են 9 տեսակի մարզաձևերով: Ավարտից հետո այնտեղ որոշ մարզաձևերից նույնիսկ աշխարհի առաջնություններ կարող են անցկացվել: Կառույցը նախատեսված էր շահագործման հանձնել 2025 թ.-ին, սակայն արվում է ամեն ինչ՝ այն ավելի վաղ ավարտելու նպատակով: 2023 թ.-ին կառույցի աշխատանքների իրականացման նպատակով նախատեսված է հատկացնել 1,3 մլրդ դրամ: Ակնկալվում է, որ այն վերջնական տեսքի կբերվի 2024 թ.-ին:

Ինչ վերաբերում է Արթուր Աբրահամի անվան մարզադպրոցին, այստեղ նույնպես որոշակի աշխատանքներ արդեն սկսվել են: Լինելու է մարզապալատ, որտեղ գործելու է նաև երեխաների համար նախատեսված ժամանցի կենտրոն: Նախարարի տեղակալի խոսքով՝ հողի սեփականատերը պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամն է: Մարզապալատի կառուցման նպատակով մարզիկը հողը նվիրելու է պետությանը: Կառույցի նախագծային աշխատանքներն իրականացնում է «Արթուր Աբրահամ» հիմնադրամը: Կարեն Գիլոյանի տեղեկացմամբ՝ այժմ աշխատանքներ են տարվում նաև բռնցքամարտի աշխարհի բազմակի չեմպիոն Վիկ Դարչինյանի անվան մարզադպրոց հիմնելու ուղղությամբ:

Նախարար Վահրամ Դումանյանը, ի պատասխան հնչած հարցի, թե արդյոք նշվելո՞ւ է հայ կինոյի 100-ամյակը, ասել է, որ հայ կինոյի հիմնադրման 100-ամյակը հաջորդ տարի նշելու նպատակով ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով: Առաջիկայում կքննարկվեն միջոցառումների ծրագրերը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: