ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հանրային քննարկման է դրվել «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նախագիծը

Հոկտեմբերի 17, 2022
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի, ինչպես նաև հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը:

Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում կլուծվեն ՄԿՈՒ ոլորտում առկա մի շարք հիմնարար խնդիրներ, ինչը կնպաստի աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կադրերի մասնագիտական զարգացմանը, սովորողների մոտ համապատասխան կարողությունների և հմտությունների ձևավորմանը, գործատուների ներգրավմանը և սոցիալական գործընկերության ընդլայնմանը, եվրոպական կրթական տարածքին ինտեգրմանը և որակավորումների փոխճանաչմանը:

Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունները ներառում են հետևյալ առանցքային ուղղությունները՝

ՄԿՈՒ օրենքում օգտագործվող հասկացությունների և դրանց սահմանումների ներդաշնակեցում

Նախագծով ոչ միայն ճշգրտվել և ներդաշնակեցվել են օգտագործվող սահմանումները, այլև տրվել են ՄԿՈՒ համակարգում լայնորեն կիրառող մի շարք այլ հասկացությունների սահմանումներ, ինչպիսիք են՝ ԱՀՈՒ, սոցիալական գործընկերություն, մասնագիտական ուսուցման հրահանգիչ, վարպետ, ուսումնական մոդուլ և այլն։ Վերացվել է գործող օրենքի տարբերակումը մասնագիտական ուսումնական հաստատությունների երկու տեսակների միջև՝ «քոլեջ» և «ուսումնարան», որը գործնական որևէ խնդիր չէր լուծում։ Փոխարենը՝ մասնագիտական կրթության համակարգում սահմանվել է ուսհաստատության միայն «քոլեջ» տեսակը՝ տարբերակելով վերջիններիս կողմից ըստ լիցենզիայի իրականացվող կրթական ծրագրերի մակարդակները՝ արհեստագործական և միջին մասնագիտական։

ԱՀՈՒ համակարգի կատարելագործում

Դուալ ԱՀՈՒ-ի արդյունավետ իրականացման համար սահմանվել են ներգրավված գործընկերների (ուսանողների, ընկերությունների և ՄԿՈՒ հաստատությունների) իրավունքներն ու պարտականությունները, կարգավորվել են վճարման, աշխատաժամանակի, ապահովագրության, ռիսկերի բաշխման և աշխատանքային իրավահարաբերություններից բխող այլ հարցեր։ Գործատուի մոտ աշխատանքի վրա հիմնված ուսուցման կազմակերպումը կնպաստի աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կադրերի մասնագիտական զարգացմանը, սովորողների մոտ համապատասխան կարողությունների և հմտությունների ձևավորմանը, գործատուների ներգրավմանը և սոցիալական գործընկերության ընդլայնմանը, եվրոպական կրթական տարածքին ինտեգրմանը և որակավորումների փոխճանաչմանը և այլն:

Կրթության կառավարման ու կազմակերպման համագործակցային մոդելի ներդրում՝ սոցիալական գործընկերության պատասխանատվություն

Սահմանվել է սոցիալական գործընկերության նոր եզրույթ, համաձայն որի՝ համագործակցության հիմքում ընդհանուր նպատակներն ու շահեկան համագործակցությունն է։ Նախագծով գործընկերության կողմերին տրվել են գործառույթներ, իրավունքներ, պարտականություններ, ամրապնդվել են ՄԿՈՒ կազմակերպման փուլերում սոցիալական գործընկերների և գործատուների ներգրավման մեխանիզմները՝ սկսած կրթական ծրագրերի մշակումից մինչև պետական ամփոփիչ ստուգմանը մասնակցություն, սոցիալական գործընկերոջ ակտիվ ներգրավվածությունը ՄԿՈՒ հաստատությունների կառավարման խորհուրդներում: Հստակեցվել են ՄԿՈՒ շահագրգիռ կողմերի դերն ու պարտականությունները, նախատեսվել է դուալ ՄԿՈՒ ոլորտը համակարգելու համար պատասխանատու մարմին։

ՄԿՈՒ ոլորտում անցում ՈԱՇ-ին, ՈՈՇ-ին և կրեդիտային համակարգի

Նախագծով արմատապես վերանայվել են ՄԿՈՒ կրթական ծրագրերի իրականացման մեթոդաբանական հիմքերը, որակի ապահովման ու վերահսկողության կառուցակարգերը՝ նախատեսելով նաև ՄԿՈՒ ոլորտում անցում որակավորումների ազգային շրջանակի և որակավորումների ոլորտային շրջանակի։ Նախատեսվել են ՄԿՈՒ-ում կրեդիտային համակարգի ներդրում և դրա կիրառման կարգավորումներ՝ ապահովելով կրեդիտների համադրելիությունը, փոխանցելիությունը, ուսանողների սահուն շարժունությունը, ուսումնառությունը հաջորդ մակարդակի կրթական ծրագրով շարունակելու հնարավորությունը։

ՄԿՈՒ հաստատությունների կառավարման բարելավում

ՄՈՒՀ-երի կառավարման արդյունավետության բարձրացման տեսանկյունից, մասնավորապես՝

  • Վերանայվել է կառավարման խորհուրդների կազմը՝ դրանցում առանձնահատուկ տեղ հատկացնելով ՄՈՒՀ-ի հետ տվյալ ոլորտում առավել ակտիվ համագործակցող կամ կրթական ծրագիր իրականացնող գործընկեր կազմակերպություններից, մասնավոր հատվածի շահերը ներկայացնող կառույցներից անդամակցությանը:
  • Հստակեցվել են ՄՈՒՀ-ի տնօրենին և կառավարման խորհրդի անդամին ներկայացվող պահանջները, նրանց լիազորությունների դադարեցումը և դադարումը:
  • Ներդրվել է ՄԿՈՒ տնօրենի զարգացման ծրագրի և տարեկան ծրագրի կատարման հաշվետվություն ներկայացնելու մեխանիզմ, որոնցում հաշվի են առնված հաստատությունների զարգացման ծրագրերի ու բիզնես պլանների իրականացումը, ինչը թույլ է տալիս գնահատել հաստատությունների կատարողականը (մասնավորապես՝ ոչ ֆիսկալ ցուցանիշների համար)։ Ընդ որում՝ նախատեսված է ՄՈՒՀ կառավարման խորհրդի կողմից տնօրենին անվստահություն հայտնելու գործընթացի հնարավորություն՝ ՄՈՒՀ-ի գործունեության տարեկան ծրագրի և զարգացման ծրագրի կատարման տնօրենի տարեկան հաշվետվությունը կառավարման խորհրդի կողմից երկու անգամ անընդմեջ չընդունվելու դեպքում։
  • Հանվել է ՄՈՒՀ-ի տնօրենի հավաստագրման համար նախատեսված պարտադիր վերապատրաստման պահանջը՝ փոխարենը նախատեսելով, որ տնօրենը առնվազն երեք տարին մեկ անգամ պետական միջոցների հաշվին անցնում է պարտադիր վերապատրասում՝ լիազոր մարմնի գնահատած կարիքներին համապատասխան սահմանված ծրագրով։

Մասնագիտական կրթական ծրագրերին ներկայացվող պահանջների վերանայում

Նախագծով հստակեցվել են կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից կազմվող և հաստատվող կրթական ծրագրին ներկայացվող պահանջները։ Սահմանվել է, որ ՄՈՒՀ-ը կազմում է համապատասխան մակարդակի որակավորման կրթական ծրագրի կազմակերպման նախահաշիվը՝ ըստ լիազոր մարմնի սահմանած չափանիշների։ Դա թույլ է տալիս ի սկզբանե հաշվարկել, գնահատել ու կանխատեսել կրթական ծրագրի իրականացման հետ կապված անհրաժեշտ ռեսուրսները՝ դրանով իսկ ապահովելով ծրագրի որակյալ ընթացքը, ինչպես նաև մասնավոր սեկտորի հետ համագործակցությամբ ռեսուրսների ներգրավումը։ Վերանայվել են կրթական ծրագրերի կազմակերպման մոդելները՝ նախատեսելով առկա, հեռավար և դրսեկության ձևերի մեթոդաբանական համադրությամբ կրթական ծրագրի իրականացման հնարավորություն։

Մասնագիտական կրթական ծրագրի իրականացման իրավունքի և որակավորումների լիցենզավորում

Նախագծով նախատեսվել է կրթական ծրագրի իրականացումն արտոնելու երկաստիճան համակարգ՝ մասնագիտական կրթության համապատասխան մակարդակի որակավորման կրթական ծրագրի իրականացման իրավունքի լիցենզավորում և յուրաքանչյուր որակավորման լիցենզավորում։ Այսպես՝ կրթական ծրագրի իրականացման իրավունքի տրամադրման համար գնահատման առարկա են հիմնականում ենթակառուցվածքների առկայությունը՝ շենքային, լսարանային, լաբորատոր, սպորտային և գրադարանային պայմանների, ՄՈՒՀ-ի հինգ տարվա ռազմավարական ծրագիր։ Մինչդեռ որակավորման համար լիցենզիայի տրամադրման պայմանները նախատեսում են, ըստ որակավորումների ուղղվածության, համապատասխան գույքի և սարքավորումների, ԱՀՈՒ ապահովող գործընկեր կազմակերպությունների հետ համապատասխան պայմանագրային բազայի, անհրաժեշտ մանկավարժական և ուսումնաօժանդակ աշխատողների առկայություն։

ՄԿՈՒ-ի ֆինանսավորման համակարգի վերանայում և ձեռնարկատիրական գործունեության խթանում

Նախագծով բարեփոխվել է ՄՈՒՀ-երի ֆինանսավորման մեխանիզմը՝ հիմքում նախատեսելով կրթական ծրագրի ապահովման արժեքը, նպատակային ֆինանսավորման մեխանիզմը, ինչպես նաև հստակեցվել են պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորման հնարավորությունները և մեխանիզմները։ Կմշակվի մեկ ուսանողի համար ծախսերի բանաձև, որը հնարավորություն կտա հաշվարկել և նախատեսել ՄԿՈՒ-ի տրամադրման ծախսերը և այդպիսով բարձրացնել մասնավոր հատվածի կողմից պետական ​​ֆինանսավորման և համաֆինանսավորման արդյունավետությունը: Տարանջատվել են ուսանողների առաջադիմության՝ կրթաթոշակ և սոցիալական հիմքով փոխհատուցումները՝ նպաստները։

Նախագծով կանոնակարգվել են նաև ՄՈՒՀ-ի ֆինանսավորման աղբյուրները և ձեռնարկատիրական գործունեության իրականացման հնարավորություններն ու կառուցակարգերը, որոնք գործող օրենսդրության պայմաններում գործնականում չէին գործում։ Օրինակ՝ ՄԿՈՒ հաստատությունները կարող են ունենալ իրենց մասնագիտությունների գծով ծառայությունների մատուցման, ապրանքների արտադրության և վաճառքի ընդլայնման հնարավորություններ, տարբեր նպատակներով ստեղծել բազմաշահակից աշխատանքային ծրագրեր։ Ձեռնարկատիրական գործունեության խթանումը ՄՈՒՀ-երի նյութական ապահովման, ԱՀՈՒ կազմակերպման և արդյունավետ գործունության կարևորագույն երաշխիք է։

ՄՈՒՀ-երի վարչական և մանկավարժական անձնակազմի բարեփոխում. վերապատրաստում, ատեստավորում, տարակարգի ու կոչումների շնորհում

Նախագծով հստակեցվել են ՄՈՒՀ-ի մանկավարժական աշխատողների ընտրության կառուցակարգերը՝ նախատեսելով մրցույթային կարգ և խստացված պահանջներ մանկավարժական աշխատողի թեկնածուների համար։ Միաժամանակ, հստակեցվել են մանկավարժական աշխատողների ատեստավորման չափանիշները և ընթացակարգերը՝ որպես զբաղեցված պաշտոնին համապատասխանության ստուգման մեխանիզմ։ Նախատեսվել է, որ մանկավարժական աշխատողը ՄՈՒՀ-ի միջոցների հաշվին նախապես անցնում է վերապատրաստում։ Ատեստավորումը անհրաժեշտ պայման է մանկավարժական աշխատողի կողմից որակավորման տարակարգի շնորհման գործընթացին մասնակցելու համար։ Տարակարգերը սահմանվում են մանկավարժական, մասնագիտական (ոլորտային), կազմակերպչական և առաջնորդման գործառույթների և դրանց ապահովման չափանիշների հիման վրա։ Ընդ որում՝ տարակարգի շնորհումը առաջ է բերում նաև ֆինանսական առավելություններ մանկավարժական աշխատողի համար՝ հավելավճարի ձևով։ Մանկավարժական աշխատողների շարունակական կատարելագործման գործընթացը խթանելու համար նախատեսվում է, որ որակավորման տարակարգը շնորհվում է երեք տարի ժամկետով։ Աեստավորման և որակավորման տարակարգի շնորհման համար նախատեսվում է փաստաթղթային եղանակ և գործընթացների օբյեկտիվություն ու թափանցիկություն ապահովող կառուցակարգ։

ՄԿՈՒ համակարգի ուսանողների և ունկնդիրների իրավունքների ու պարտականությունների կարգավորում

Նախագծով օրենքի մակարդակ են բարձրացվել ՄՈՒՀ ուսանողների իրավունքների ու պարտականությունների հարցերը, սահմանվել է ՄՈՒՀ-ի պարտավորությունը՝ ապահովել ուսումնառության անվտանգ և ապահով պայմաններ, բնականոն աշխատանքային ռեժիմ, բժշկական օգնություն և սպասարկում, ուսանողների ֆիզիկական զարգացման ու առողջության ամրապնդման համար անհրաժեշտ պայմաններ։ Նախագծով լեգիտիմացվել են ուսանողական ինքնակառավարման մարմինների գոյությունն ու գործունեությունը՝ որպես ուսանողական նախաձեռնություններին աջակցող և նպաստող կառույցներ։

Հավասար հնարավորությունների ապահովում՝ կրթության առանձնահատուկ պայմանների ապահովման և ներառման միջոցով

Նախագծով համընդհանուր ներառական կրթությունը հռչակվում է որպես յուրաքանչյուր ուսանողի կրթության իրավունքի ապահովման երաշխիք՝ կրթության մատչելիության, հավասար մասնակցության հնարավորության և որակի ապահովման միջոցով։ Սահմանվել է, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ուսանողների ուսումնառությունը կազմակերպվում է նրանց կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման, դրան համապատասխան մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների սահմանման, իսկ անհրաժեշտության դեպքում՝ անհատական ուսուցման պլանի հիման վրա։

Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև հոկտեմբերի 29-ը կարող են նախագծերի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: