ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ներկայացվել են գրադարանային ոլորտում իրականացվող աշխատանքները

Հոկտեմբերի 7, 2022
Մշակութային լուրեր

Հոկտեմբերի 6-ին «Արմենպրես» գործակալությունում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված Գրադարանավարի օրվան: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Նազիկ Հովասափյանը, ՀՀ Շիրակի մարզային գրադարանի տնօրեն Գևորգ Ամիրյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզային գրադարանի տնօրեն Մարիամ Համբարձումյանը ներկայացրել են գրադարանային ոլորտում իրականացված ծրագրերն ու առաջիկա անելիքները:

Նազիկ Հովասափյանի տեղեկացմամբ՝ գրադարանների ոլորտում իրականացվող պետական քաղաքականության ուղղությամբ իրականացվում են մի շարք գործընթացներ:

Գրադարանային ոլորտի իրավական դաշտի կարգավորում

«Գրադարանների և գրադարանային գործի մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով՝ 2012-2017 թվականներին ընդունվել է 21 իրավական ակտ, որից 10-ը ՀՀ կառավարության որոշում է, 11-ը՝ ՀՀ մշակույթի նախարարի հրաման: Զգալի աշխատանքներ են իրականացվել գրադարանային հավաքածուների, հատկապես հնատիպ, հազվագյուտ և մշակութային նշանակության գրքերի, պարբերական մամուլի պահպանվածությունն ապահովելու ուղղությամբ:

«Գրադարանների և գրադարանային գործի մասին» ՀՀ օրենքից բխող կառավարության կողմից ընդունված կարգերն ու որոշումները նպաստել են գրադարանային ոլորտում հիմնական գործառույթների բարելավմանն, ինչպես նաև հանրությանը մատուցվող ծառայությունների` տեղեկատվական, մշակութային սպասարկման որակի բարձրացմանը:

ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայության գրադարանների տարեկան հիմնական ցուցանիշներ

Գրադարանները տարեկան սպասարկում են ավելի քան 100 հազար ընթերցողի: Տարեկան սպասարկվում է նաև շուրջ 3 միլիոն միավոր գիրք: Հաջողությամբ իրականացվում է գրադարանային հավաքածուների համալրման (շուրջ 70 հազար միավոր) գործընթացը, որի շրջանակում պետական դրամաշնորհով տրամադրված միջոցներով ձեռք է բերվում 11 հազար և ավելի միավոր գիրք ու պարբերական՝ համալրելով հավաքածուներն ընթերցողների կողմից պահանջված գրականությամբ, ինչպես նաև ձևավորում է նոր առաջարկ՝ գրքի շուկայում առկա լավագույն նոր հրատարակություններով, այդ թվում՝ ուսումնական, գիտահանրամատչելի և թարգմանական գրականության օրինակներով: Հայաստանի ազգային գրադարանի հնատիպ գրքի հավաքածուն պարբերաբար համալրվում է եզակի օրինակներով:

Ժա­մա­նա­կա­կից տե­ղե­կատ­վա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րի ներդր­ման և մա­տուցվող ծառայություն­նե­րի արդ­յու­նա­վե­տութ­յան բարձ­րաց­ում

Հայաստանի ազգային գրադարանի, Խնկո Ապոր անվան ազգային մանկական, ինչպես նաև 10 մարզային գրադարանների գործուն աջակցությամբ թվայնացվում և «Հայ գիրք» ու «Հայ պարբերական մամուլ» շտեմարաններում տարեկան տեղադրվում է գրքի ու պարբերականի շուրջ 1 միլիոն 500 հազար էջ: Այս պահին շտեմարաններում թվայնացված էջերի ընդհանուր քանակը հասել է 12 միլիոնի, «Հայ գիրք» շտեմարանում գրքերի թվային պատճենների թիվը՝ 32 հազարի:

Հայաստանյան գրադարանների էլեկտրոնային համահավաք գրացուցակում

Նախարարության ենթակայության գրադարանների կողմից տարեկան մուտքագրվում է շուրջ 200 հազար միավոր գրառում, գրառումների ընդհանուր թիվը 3 միլիոն է:

Գրադարանային ծառայությունների մատուցման արդիականացում

Գրադարաններում ներդրվում է էլեկտրոնային սպասարկման ծրագիրը, որի շրջանակում Խնկո Ապոր անվան ազգային մանկական և Շիրակի մարզային գրադարաններում արդեն իսկ սկսվել են էլեկտրոնային սպասարկման աշխատանքները, առաջիկայում նախապատրաստական աշխատանքներ կտարվեն նաև 9 մարզային գրադարաններում:

Արևմտահայերենով գրականության և մշակույթի պահպանման ու հանրահռչակման նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Շիրակի մարզային գրադարանում ստեղծվել է https://arevmtahayeren-shmg.am/ կայքէջը, որի նպատակն է արևմտահայերենի պահպանումը, զարգացումը և հանրահռչակումը: Այն նպաստում է սփյուռքում բնակվող և հայրենիք ներգաղթած սփյուռքահայերի գրականության, կրթության, մշակութային, գրական ժառանգության ոլորտների ձեռքբերումների վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացմանը:

Գրադարանային ծառայությունների մատչելիության ապահովում

Սահմանափակ կարողություններով անձանց գիրքը հնարավորինս մոտեցնելու և տնային պայմաններում ընթերցանությունը կազմակերպելու, ինչպես նաև հանրության բոլոր շերտերի համար գրադարանային սպասարկման մատչելիությունն ապահովելու նպատակով՝ Լոռու և Շիրակի մարզային գրադարանների կողմից «Ընտանեկան գրադարանավար» ծրագրի շրջանակում 200 շահառուի տարեկան տրամադրվում է ավելի քան 5000 միավոր գիրք:

2023 թվականից ծրագիրն իրականացվելու է Հայաստանի 10 մարզերում. շուրջ 650 հենաշարժողական սահմանափակ հնարավորությամբ անհատների կմատուցվի տնային պայմաններում գրադարանային ծառայություններ:

«Գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ» ծրագիր

Խնկո Ապոր անվան ազգային մանկական և Հայաստանի ազգային գրադարաններում իրականացվում է «Գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ» ծրագիրը՝ ՀՀ մարզերի և համայնքների գրադարանների 85-100 աշխատակիցների համար: Ծրագրում ներառվում են գրադարանային գործի բոլոր գործառույթների վերաբերյալ գիտելիքներ և գործնական հմտություններ՝ համապատասխան թեմաներով: Դասընթացները վարում են հանրապետության փորձառու և առաջնակարգ մասնագետները: Ծրագրի շրջանակում վերապատրաստվել են 500-ից ավելի գրադարանավարներ:

Համայնքային (հանրային) գրադարանների պահպանումը և զարգացումը գրադարանային ոլորտի կարևորագույն ուղղություններից է: Այդ նպատակով իրականացվում են մի շարք ծրագրեր, որոնք միտված են համայնքային գրադարանների վերազինմանը, գրադարանավարների վերապատրաստմանը և գրքային հավաքածուների համալրմանը:

«Հանրային գրադարանների նյութատեխնիկական բազայի զարգացում» ծրագրի շրջանակում իրականացվում է հավատարմագրման վկայական ստացած համայնքային գրադարանների վերազինման աշխատանքները, որի արդյունքում ՀՀ մարզերի համայնքային գրադարանների հենքի վրա ստեղծվում են ժամանակակից տեղեկատվական կենտրոններ, ինչի արդյունքում ձևավորվում են արդիականացված գրադարաններ: ՀՀ մարզերում արդեն իրականացվել են հավատարմագրված 45 համայնքային գրադարանների արդիականացման և տեխնիկական վերազինման աշխատանքներ: Գրադարանները վերազինվել են ժամանակակից տեխնիկական միջոցներով, կահավորվել են մասնագիտական նոր կահույքով, իսկ գրադարանային հավաքածուները պարբերաբար համալրվել են պետական աջակցությամբ հրատարակված գրականությամբ: 2022 թվականին ծրագրի շրջանակում շուրջ 12 հանրային գրադարաններ ևս կհամալրվեն նոր համակարգիչներով: Արդիականացված ընթերցասրահներ են ձևավորվել Սպիտակի, Ջերմուկի, Ապարանի, Ստեփանավանի, Գյումրիի, Վանաձորի, Վայքի, Օձունի, Թալինի, Սիսիանի, Մեղրիի, Արթիկի և համայնքային ենթակայության շուրջ 45 մեծ և փոքր գրադարաններում: Ծրագիրը շարունակական է և շահառու կարող են դառնալ այն գրադարանները, որոնք ունեն իրավաբանական անձի կարգավիճակ:

Համայնքային գրադարանները գրականությամբ համալրելու նպատակով՝ Հայաստանի ազգային գրադարանն իրականացնում է «Շրջիկ գրադարան» ծրագիրը, որի շրջանակում ՀՀ մարզերի համայնքային գրադարաններին տարեկան տրամադրվում է ավելի քան 2000 միավոր գիրք:

«Լավագույն գրադարան» մրցույթ

2021 թվականին ՀՀ ԿԳՄՍՆ նախաձեռնությամբ և աջակցությամբ «Հայկական գրադարանային ասոցիացիա» ՀԿ-ն կազմակերպել է Հայաստանում 1-ին «Լավագույն գրադարան» մրցույթը՝ 5 անվանակարգերում: Մրցույթի նպատակն է ՀՀ գրադարանների լավագույն աշխատանքի խրախուսումը և հանրայնացումը, դիտարժան փորձի վերհանումը, օրեցօր զարգացող աշխարհում գրադարանի ու գրադարանավարի դերի ամրագրումը: Լավագույն գրադարաններ են ճանաչվել «Առողջապահության ազգային ինստիտուտի» հանրապետական գիտաբժշկական, ՀՀ ԳԱԱ «Հիմնարար գիտական», Լոռու մարզի Սպիտակի քաղաքային, «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի, Երևանի Ավետիք Իսահակյանի անվան համայնքային և Շիրակի մարզային գրադարանները: Հոկտեմբերի 7-ին կամփոփենք նաև «Լավագույն գրադարան-2022» մրցույթի արդյունքները:

Ասուլիսի ընթացքում Նազիկ Հովասափյանն անդրադարձել է նաև ոլորտի խնդիրներին՝ տեղեկացնելով, որ համայնքների հոգածության ներքո գործող գրադարանների թիվը համայնքների խոշորացման արդյունքում կրճատվել է:

Գեղարքունիքի մարզային գրադարանի տնօրեն Մարիամ Համբարձումյանը, խոսելով գրադարաններում իրականացվող կարևոր գործընթացներից, կարևորել է ժամանակակից տեխնոլոգիաներով գրադարանների համալրումը՝ ընթերցողների պահանջները ժամանակին համահունչ բավարարելու նպատակով: Բացի դրանից՝ առաջնային է նաև գրքային ֆոնդի համալրումը նոր գրականությամբ:

«Թյուր կարծիք է, որ գրադարաններում այցելությունների թիվը կրճատվել է: Գրադարաններն ամեն ինչ անում են, որ ընթերցողներին ներգրավեն: Միջոցառումները բազմազան են՝ գրքերի շնորհանդեսներ, գրողների հետ հանդիպումներ, բանավեճեր, քննարկումներ: Այսօր նաև մեր խնդիրն է գրապահոցները համալրել նոր, ժամանակակից գրականությամբ»,- նշել է Մարիամ Համբարձումյանը:

Շիրակի մարզային գրադարանի տնօրեն Գևորգ Ամիրյանը ևս անդրադարձել է գրադարանները գրքերով համալրելու հարցին և տեղեկացրել, որ պետության կողմից սուբսիդավորման գումարը կրկնապատկվել է, սակայն գրքերը համալրելու ուղղությամբ դիմում են նաև այլ միջոցների՝ բարեգործություն, նվիրատվություն. «Այստեղ նաև հրատարակիչներն անելիք ունեն: Պետք է հրատարակեն այնպիսի գրականություն, որն իսկապես հետաքրքրիր է ընթերցողներին, պահանջված է: Այդ թվում՝ կրթական ծրագրերին վերաբերող գրականություն, մասնագիտական գրքեր»:

Հավելելով թեման՝ Նազիկ Հովասափյանը տեղեկացրել է, որ նախարարության ենթակայությամբ գործող մարզային գրադարաններին հատկացվում է տարեկան 2 մլն դրամ՝ նոր գրականություն ձեռք բերելու համար: Համալրման նպատակով տարբեր ծրագրերի շրջանակում քայլեր են ձեռնարկվում նաև աջակցել համայնքային գրադարաններին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…