ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ազատամուտի ԻՄՓԱՔԹ-ցիները հոգ են տանում իրենցից կրտսերների մասին

Մարտի 1, 2017
Լուրեր կազմակերպություններից

   Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ԻՄՓԱՔԹ երիտասարդական ակումբը, որն ունի գրեթե 2 տարվա պատմություն, հաջողված պատմությունների շարքը համալրեց ևս մեկով։ Ս.թ. փետրվարի 25-26-ը ակումբը  իրականացրեց համայնքային ծառայության թվով 4-րդ ծրագիրը «Հոգատար ԻՄՓԱՔԹ» անվամբ։ Ծրագիրն ընդգրկում էր կրթական, մարզական և ժամանցային բաղադրիչներ և  ուղղված էր համայնքի 9-12 տարեկան երեխաներին։ Քանի որ ակումբն ավարտել է  «Առաջնորդում» ուսումնական ձեռնարկի ուսումնասիրությունը, անդամները հանդես եկան որպես կրտսեր առաջնորդներ՝ խմբավարելով օրակարգով նախատեսված գործողությունները։

    Առաջին օրը ակումբականները շնորհանդեսի օգնությամբ ներկայացրին ակումբի ամփոփ գործունեությունը, ձեռագործության և նկարչության հմտություններ ուսանեցին երեխաներին, կազմակերպվեց շախմատի և շաշկիի մրցաշար, որի ավարտին ավագույն 3 խաղացողները պարգևատրվեցին համապատասխան  մեդալներով, պատվոգրերով և նվերներով։ Անցկացվեց նաև «Մաքուր ձեռքեր» խորագրով դասընթաց, որի ժամանակ երեխաներին ակումբականները բացատրեցին, թե ինչպես պետք է ճիշտ լվանալ ձեռքերը և հետևել հիգիենային, ինչպես նաև երեխաներն ստացան  <<Ինչպե՞ս լվանալ ձեռքերը>> թռուցիկներ։ Ամենն ուղեկցվեց ակտիվացնող խաղերով, իսկ օրը ամփոփվեց մուլտֆիլմի դիտումով։

    Ծրագրի երկրորդ օրը կազմակերպվեց սպորտլանդիա, որի արդյունքում հաղթող թիմի անդամները պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով։ Ապա ակումբականները և ծրագրի մասնակից երեխաները համատեղ ուժերով բարեկարգեցին համայնքի մանկական զբոսայգին՝ փոքրիկներին ուսուցանելով կամավորության կարևորությունը: Զբոսայգու բարեկարգմանը  միացան նաև համայնքի տարբեր տարիքի երեխաներ:

    Վերջում ծրագրին մասնակից երեխաները, որպես նվերներ, ստացան դպրոցական և գրենական պարագաներ։

   Տպավորություններով կիսվում է 11-ամյա Էրիկը. «Ուրախ եմ, որ մասնակցեցի ԻՄՓԱՔԹ ակումբի կողմից կազմակերպված այս  ծրագրին և շատ կարևոր բաներ սովորեցի, լավ խաղեր խաղացինք»։ Իսկ 10-ամյա Հասմիկը ոգևորությամբ նշեց. «Շատ շնորհակալ եմ, որ, բացի գիտելիքից, այսքան նվերներ ստացա, շնորհակալ եմ ԻՄՓԱՔԹ ակումբից»։  Ակումբի անդամ 16-ամյա Արսենը, ով վարում էր շախմատի մրցաշարը, նշում է. «Համայնքում չկա շախմատի խմբակ, և ծրագրով հնարավորություն ընձեռնվեց երեխաներին՝ շախմատ խաղալու և միմյանց մրցելու համար»։ «Շատ ողջունում եմ ծրագիրը, շնորհակալ եմ, որ երեխաս ևս մասնակցեց, բավականին տպավորված և ոգևորված է, կցանկանայի, որ նման միջոցառումները հաճախ լինեն». նշեց  11-ամյա  Թինայի մայրը՝ Անուշ Ղարդաշյանը:

Տավուշի մարզի մյուս համայնքներում գործող ԻՄՓԱՔԹ ակումբները ևս այս ընթացքում կիրականացնեն համայնքային ծրագրեր:

 ԻՄՓԱՔԹ  ծրագիրը մշակվել է Ռումինիայում «Նոր Հորիզոններ» հիմնադրամի կողմից և Հայաստանում իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի կողմից: 2016թ. դրությամբ մոտ 33 ակտիվ ԻՄՓԱՔԹ ակումբներ էին գործում  Հայաստանի 6 մարզերում, որոնք ունեն ավելի քան 500 անդամ: Նպատակն է համախմբել երիտասարդությանը  ԻՄՓԱՔԹ  խմբերում, աջակցել նրանց ձեռք բերել քաղաքացիական հասարակության և աշխատանքային շուկայում մրցունակ լինելու համար անհրաժեշտ կարողություններ: Այն ստեղծագործաբար միավորում է զվարճանքը, ուսուցումը և համայնքային ծառայությունը, նաև խրախուսում է երիտասարդներին` նրանց տրամադրելով սոցիալական, քաղաքական և տնտեսական կյանքում մասնակցելու անհրաժեշտ ունակություններ և կարողություններ:

 

Անի Միրզոյան
Ազատամուտի ԻՄՓԱՔԹ ակումբի առաջնորդ