ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Վահրամ Դումանյան. «Պատրաստ ենք անցնել գործնական դաշտ՝ քննարկելով համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները»

Օգոստոսի 9, 2022
Միջազգային լուրեր

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Իրաքյան Քուրդիստանի մշակույթի և երիտասարդության հարցերով նախարար Մուհամմադ Սաիդ Ալիի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը, Ալֆրեդ Քոչարյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ Իրաքյան Քուրդիստանի մշակույթի նախարարությունից:

Իրաքյան Քուրդիստանի մշակույթի և երիտասարդության հարցերով նախարարի գլխավորած պատվիրակությունն այս օրերին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, եղել է նաև Հայաստանի պատմության թանգարանում, Ազգային պատկերասրահում, Մատենադարանում, Գառնիի տաճարում և Գեղարդավանքում:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը ողջունել է հյուրերին և ընդգծել՝ հայ և քուրդ ժողովուրդների միջև պատմամշակութային առնչությունները սկիզբ են առնում հնագույն ժամանակներից, որը պայմանավորված է մեր երկու ժողովուրդների ավանդական և բարեկամական կապերով: Նախարարը պատրաստակամություն է հայտնել խորացնելու և ընդլայնելու Իրաքյան Քուրդիստանի ինքնավարության հետ փոխշահավետ և բազմաոլորտ համագործակցությունը:

«Ուրախ ենք ողջունել ձեզ և պատրաստ ենք անցնել գործնական դաշտ՝ քննարկելով համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները: Տեղյակ եմ, որ այցելել եք Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Շնորհակալ եմ արդարացի դիրքորոշման համար: Շնորհակալ եմ նաև այն աջակցության համար, որն Իրաքյան Քուրդիստանի ինքնավարությունը ցույց է տվել Հայաստանին Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում»,- ասել է Վահրամ Դումանյանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Իրաքյան Քուրդիստանի մշակույթի և երիտասարդության հարցերով նախարար Մուհամմադ Սաիդ Ալին ընդգծել է, որ երկու ժողովուրդներն ունեն մի շարք ընդհանրություններ, արժեքներ և համագործակցության ավելի մեծ ներուժ:

Կողմերը բարձր են գնահատել Իրաքյան Քուրդիստանի հայ համայնքի ներդրումն ինքնավարության հասարակական և մշակութային կյանքում, ինչպես նաև երկու ժողովուրդների բարեկամությունն առավել ամրապնդելու գործում։

Վահրամ Դումանյանը նաև բարձր է գնահատել Մատենադարանի և Էրբիլի Ասորական ժառանգության թանգարանի միջև ձեռագրերի արդիականացման և վերականգնման շուրջ համագործակցությունը. «Վստահ եմ, որ փոխհամագործակցության նախաձեռնություններ կարող են իրականացվել նաև հնագույն ձեռագրերի պահպանման և վերականգնման բնագավառում, որի մեկնարկն արդեն սկիզբ է առել 2021 թ. սեպտեմբերին Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում իրականացված վերապատրաստման ծրագրի շրջանակում, որին մասնակցել են Էրբիլում գործող Արևելյան ձեռագրերի թվայնացման կենտրոնի մասնագետները»:

Մուհամմադ Սաիդ Ալին նշել է՝ «Իսլամական պետության» կողմից վնասված, իսկ հետո փրկված ձեռագրերի վերականգնման գործում իրենց աջակցությունն են ցուցաբերելու Մատենադարանի մասնագետները:

ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել նաև Իրաքյան Քուրդիստանի իշխանություններին՝ Էրբիլի Միջնաբերդի վերածնունդ պատմական ամրոցում հայկական մշակութային կենտրոն հիմնելու նպատակով շենքի հատկացման համար. «Կարևորում եմ մշակութային կենտրոնի գործունեության մեկնարկը և վստահ եմ, որ այն մեծ դերակատարություն կունենա, կնպաստի քաղաքակրթությունների երկխոսությանը»:

Հայկական կողմը երկու ժողովուրդների միջև համագործակցությունը զարգացնելու և ճանաչողության մակարդակը բարձրացնելու նպատակով առաջարկել է դիտարկել Հայաստանում և Իրաքյան Քուրդիստանում սեմինարների ու կլոր սեղանների կազմակերպումը, ինչպես նաև երկու երկրներում անցկացվող մշակութային փառատոներին և ցուցահանդեսներին մասնակցության ապահովումը:

Կողմերը վստահություն են հայտնել՝ նմանօրինակ այցերը լրացուցիչ խթան կհանդիսանան մեր ժողովուրդների միջև բարեկամական կապն ամրապնդելու և խորացնելու համար:

 

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գրական տեքստը որպես ապրում

    Թեմայի հեղինակ՝ Poghosyan

    Հարգելի՛ գործընկերներ, 4-րդ դասարանում «Փոքրիկ իշխանը» թեման անցնելիս մի փոքր անսովոր քայլ արեցի․ առաջարկեցի երեխաներին դառնալ Փոքրիկ իշխանը և խոսել նրա «ձայնով»: Հանձնարարությունը պարզ էր, բայց մտածելու․ ✉️ «Գրի'ր նամակ՝…

  • 21-րդ դարի կրթության հիմնական առանձնահատկությունները

    Թեմայի հեղինակ՝ Սվետլանա Սիմոնյան

    Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ցանկանում եմ բարձրաձայնել մի հարցի մասին, որին հաճախ եմ բախվում իմ առօրյա աշխատանքում: Խոսքս վերաբերում է 21-րդ դարի կրթության հիմնական առանձնահատկություններին և մեր դերին՝ որպես մանկավարժներ: Մենք…

  • Գեղագիտական դաստիարակությունը և  մաթեմատիկան

    Թեմայի հեղինակ՝ Armenuhi.72

    Մաթեմատիկայի դասաժամերին հաճախ հարկ է լինում թեորեմներ ապացուցել , խնդիրներ կամ օրինակներ լուծել գրատախտակին: Կախված այն բանից, թե մենք ինչպես ենք օգտագործում գրատախտակը, ստանում ենք տարբեր արդյունք-ներ: Օրինակ՝ գրատախտակը խնայողաբար…

  • «Թվային քաղաքացիական կրթության կարևորությունը»

    Թեմայի հեղինակ՝ Վիոլետա Կոստանդյան

    Հարգելի՛ գործընկերներ, ողջունում եմ ձեզ և հրավիրում քննարկման «Թվային քաղաքացիական կրթության կարևորությունը» թեմայի շուրջ: Սիրով կլսեմ ձեր առաջարկներն ու կարծիքները: Արդի կրթական համակարգի անքակտելի մասն է կազմում թվային կրթությունը, քանզի…

  • Ուղղագրական կարողությունների զարգացումը

    Թեմայի հեղինակ՝ Լարիսա Մկրտչյան

    Հարգելի՛ գործընկերներ, ողջունում եմ բոլորիդ և հրավիրում քննարկման <<Ուղղագրական կարողությունների զարգացումը և սխալների կանխումը վարժությունների ճանապարհով>> թեմայի շուրջ: Տարրական դպրոցի հիմնական խնդիրներից մեկը կրտսեր դպրոցականների գրավոր և բանավոր խոսքի զարգացումն…