ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը և ՅՈՒՆԻՍԵՖ-ն այսօր կազմակերպել էին «Փոխակերպելով կրթությունը» ազգային խորհրդակցությունը։ Հանդիպման նպատակն էր մասնակցային և համակողմանի քննարկման եղանակով վերհանել ՀՀ կրթության ոլորտի առկա խնդիրները և դրանց լուծմանն ուղղված քայլերը:
Միջոցառմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Սիլվիա Մեստրոնին, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, միջազգային գործընկերների և դեսպանությունների, պետական և համայնքային գերատեսչությունների, երիտասարդական և հասարակական կառույցների, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, ուսուցիչներ, անկախ փորձագետներ:
Ողջունելով ներկաներին՝ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ Հայաստանը ևս անմասն չէ կրթության փոխակերպման հարցադրումների շուրջ գլոբալ երկխոսության գործընթացից։ Նրա խոսքով՝ սեպտեմբերին Նյու Յորքում կայանալիք Կրթության փոխակերպման գագաթնաժողովին ընդառաջ կազմակերպվող նմանօրինակ խորհրդակցությունները կնպաստեն մեր երկրում ընթացող բարեփոխումներին, կրթության զարգացման երկարաժամկետ ռազմավարական պլանավորման գործընթացին, ինչպես նաև կհստակեցնեն կրթության փոխակերպման առումով Հայաստանի հանձնառությունների շրջանակը:
«ՀՀ կառավարությունը վճռական է՝ մասնակցային ժողովրդավարության ողջ գործիքակազմով շարունակելու ակտիվ երկխոսությունը հիմնական շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ երիտասարդության հետ։ ՀՀ կառավարությունը կրթության ոլորտը հռչակել է առաջնահերթություն, և ներկայում ընթանում են արմատական բարեփոխումներ կրթության բոլոր մակարդակներում․ կատարվում են օրենսդրական լուրջ փոփոխություններ, իրականացվում լայնածավալ ներդրումային և զարգացման ծրագրեր՝ նպատակ ունենալով մեծացնել կրթության ներառականությունը, մատչելիությունն ու որակը։ Մի բան ակնհայտ է՝ կրթության զարգացումը պահանջում է մեր բոլորի ակտիվ ներգրավվածությունը և համագործակցությունը ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներում։ Այդ առումով այս միջոցառումն անչափ կարևոր նշանակություն ունի»,- նշել է նախարար Վահրամ Դումանյանը՝ շնորհակալություն հայտնելով միջոցառման բոլոր կազմակերպիչներին:
«Անասելի կարևոր է Հայաստանի հանձնառությունն ու առաջնորդությունը՝ իրականացնելու ազգային խորհրդակցություն՝ ուղղված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանից հետո կայանալիք Կրթության փոխակերպման գագաթնաժողովին մասնակցությանը: Այս համատեքստում կրթական համակարգերի փոխակերպումն առավել ընդգրկուն առաջընթացի բանալին է` միտված Օրակարգ-2030-ի և Կայուն զարգացման նպատակների միջոցով ավելի լավ ապագա ունենալուն»,- ընդգծել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան:
«Աշխարհը կրթական ճգնաժամի մեջ է, որն արդեն առկա էր մինչև Քովիդը, իսկ համավարակի հետևանքով էլ ավելի խորացավ: Այն առավել բացասական է ազդում ամենախոցելի երեխաների վրա՝ նպաստելով միջսերնդային աղքատությանն ու անհավասարություններին: Այդ իսկ պատճառով մենք պետք է արագ գործենք, որպեսզի յուրաքանչյուր երեխա վերադառնա դպրոց, որպեսզի նրանց ուսման և բարեկեցության վիճակը գնահատելու համակարգեր ունենանք, ինչպես նաև օգնենք, որպեսզի բաց թողածը լրացնեն»,- իր հերթին փաստել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Սիլվիա Մեստրոնին:
Նա հավելել է, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակելու է ազգային խորհրդակցությունների շարքը՝ երիտասարդների մասնակցությամբ. «Երիտասարդներն իրենց կարծիքն արտահայտելու իրավունք ունեն, և նրանց կարծիքը կարևոր է»:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է ‹‹Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի›› նախագծի հիմնական դրույթները: Նա ընդգծել է, որ կրթության փոխակերպմանն ուղղված միջազգային դիսկուրսում առաջադրվող հարցադրումներից շատերն արդեն իսկ տեղ են գտել Կրթության ռազմավարության նախագծում և այլ փաստաթղթերում: Այդ համատեքստում փոխնախարարն ընդգծել է կրթության ֆինանսավորման աճը, կրթության թվայնացումը, գիտելիքին զուգահեռ հմտությունների կարևորումը, աշխատաշուկայի հետ կապը, ինչպես նաև կրթական ծառայությունների հասանելիության ապահովումը:
«Այս միջոցառումը կարևոր է երկու առումով՝ առաջինը Նյու Յորքում կայանալիք Կրթության փոխակերպման գագաթնաժողովին ՀՀ հանձնառությունների ձևակերպման տեսանկյունից, և երկրորդը՝ որպես հերթական հարթակ՝ մասնակցային և ժողովրդավարական գործընթացներին համահունչ սնուցելու կրթության ոլորտում պետական քաղաքականության մշակումը»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը՝ հավելելով, որ Կրթության ռազմավարության ընդունումից հետո ՀՀ կառավարությունն առաջիկայում պետք է հաստատի նաև ռազմավարությունից բխող գործողությունների ծրագիրը, որի հանրային քննարկմանը կհրավիրվեն նաև այսօրվա հանդիպման մասնակիցները: Փոխնախարարը միաժամանակ կոչ է արել մինչ այդ հանդես գալ համապատասխան առաջարկություններով:
«Վերափոխելով կրթությունը» ազգային խորհրդակցության թիմի ղեկավար Միքայել Հովհաննիսյանն իր հերթին ներկայացրել է հանդիպման օրակարգը և նպատակները։ Խորհրդակցության մասնակիցները ներգրավվել են աշխատանքային տարբեր խմբերում, որոնցից յուրաքանչյուրն ունեցել է հարցերի իր շրջանակը՝ պայմանավորված հետևյալ թեմատիկ ուղղություններով՝ ներառական, արդար, անվտանգ և առողջ դպրոցներ, ուսուցիչներ, ուսումնառություն, կյանքի, աշխատանքի և կայուն զարգացման հմտություններ, թվային ուսումնառություն և փոխակերպում, կրթության ֆինանսավորում:
Խորհրդակցության արդյունքները կօգտագործվեն 2022 թվականի սեպտեմբերին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի ժամանակ նախատեսված Կրթության փոխակերպման գագաթնաժողովին ՀՀ մասնակցության նախապատրաստական նյութերում, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից կրթական քաղաքականության մշակման ընթացքում:
Հիշեցնենք, որ հունիսի 28-29-ը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Փարիզում մասնակցել է Կրթության փոխակերպման գագաթնաժողովի (Transforming Education Summit) նախապատրաստական համաժողովին:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ՝ «Տվյալների վերլուծություն և վիճակագրություն» վերնագրով թեման և հուսով եմ, որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կկատարեք մեջբերումներ ու առաջարկություններ: Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է՝…
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան