ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
Նիստի օրակարգն այս անգամ ձևավորվել է խորհրդի անդամների առաջարկությունների հիման վրա:
Առաջին հարցը վերաբերում էր պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման նոր համակարգի գործարկման ընթացքում առաջացած խնդիրներին, նախորդ տարվա արդյունքներին և իրականացված փոփոխություններին: Հարցը զեկուցել է խորհրդի անդամ, «Համագործակցային կրթական ծրագրեր» կազմակերպության ներկայացուցիչ Լուսինե Թոփչյանը: Նա բարձրաձայնել է մի շարք հարցեր, որոնք, մասնավորապես, վերաբերել են պետական լիազոր մարմնի և հանրապետության բոլոր դպրոցների միջև հաղորդակցության մեխանիզմների արդյունավետության, կարգազանց կազմակերպություններին պատասխանատվության ենթարկելու մեխանիզմների, emis.am կայքում վերապատրաստումների վերաբերյալ համապատասխան էջի առկայության, վերապատրաստումների որակի և արդյունավետության մեխանիզմների ստուգման, մեկ ուսուցչի համար նախատեսված վերապատրաստումների արժեքի և վերահսկման գործառույթ իրականացնող կառույցի՝ ԿԶՆԱԿ հիմնադրամի գործունեության վերաբերյալ հարցերին: Հաշվի առնելով վերոնշյալ դիտարկումները՝ Լուսինե Թոփչյանն անդրադարձել է երաշխավորված կազմակերպությունների միջև մրցակցային պայմանների ապահովման խնդրին՝ նշելով, որ այն կարող է դրական փոփոխություններ և արդյունավետ մոտեցումներ բերել համակարգ՝ նպաստելով դրա զարգացմանը։
Հարակից զեկուցող, «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» ներկայացուցիչ Լուսինե Գրիգորյանը ներկայացրել է իր դիտարկումները պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման նոր համակարգի վերաբերյալ՝ նշելով, որ առկա է ֆինանսավորման մեխանիզմների, ժամկետների սղության, կազմակերպության ընտրության, բովանդակության վերանայման և արդյունքների վերլուծության խնդիր:
Զեկուցվող հարցի շուրջ պարզաբանումներ է ներկայացրել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով այն փաստը, որ հասարակական խորհրդի անդամներն ունեցել են լիարժեք հնարավորություն՝ ձևավորելու օրակարգ և քննարկելու իրենց հուզող հարցերը, ինչը վկայում է նախարարության բաց և թափանցիկ գործելաոճի մասին: Նա տեղեկացրել է, որ տարբեր կազմակերպությունների հետ բազում քննարկումներ են եղել պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման նոր համակարգի շուրջ, որոնց ընթացքում անդրադարձ է եղել ուսուցիչների մասնագիտական զարգացմանը՝ իբրև ուսուցիչների կարիքներին համապատասխան շարունակական գործընթաց: Փոխնախարարի հավաստմամբ՝ նոր մոտեցմամբ կիրառվելու է վերապատրաստման տարբերակված քաղաքականություն՝ սկսնակ և մեծ փորձառություն ունեցող ուսուցիչների համար՝ տարբեր մեխանիզմների, ժամկետների և բովանդակության առումով: Ժաննա Անդրեասյանը վստահեցրել է, որ զեկույցի ընթացքում բարձրաձայնված խնդիրների մեծ մասը նոր համակարգի կիրառման դեպքում դուրս են գալու օրակարգից: Անդրադառնալով կարգազանց կազմակերպություններին պատասխանատվության ենթարկելու մեխանիզմներին՝ նախարարի տեղակալը փաստել է, որ մի քանի անգամ շրջաբերական է ուղարկվել դպրոցներ, ինչպես նաև հանրային պահանջ է դրվել՝ բացառել որևէ ուղղորդում և ճնշում ուսուցիչների վրա՝ կազմակերպության ընտրության առումով: Ժաննա Անդրեասյանը հավաստիացրել է, որ կոնկրետ տեղեկատվության դեպքում այն անհետևանք չի մնա, և այս առումով պետք է զարգացնել հետադարձ կապի մշակույթը: Նրա խոսքով՝ կան կազմակերպություններ, որոնք չսպասելով մոդուլների հաստատմանը՝ արդեն ուսուցիչներ են հավաքագրում: Հավաստիացնելով, որ անբարեխիղճ կազմակերպությունները դուրս են գալու համապատասխան ցանկից՝ Ժաննա Անդրեասյանն այս հարցում կարևորել է համապատասխան էթիկայի և գործելաոճի ձևավորումը: Նա տեղեկացրել է նաև, որ մինչև տարեվերջ պատրաստ կլինի համապատասխան տեղեկատվական հարթակը, որպեսզի ապահովվի աշխատանքների ամբողջական թվայնացում, ինչպես նաև հասանելիություն և թափանցիկություն:
ԿԶՆԱԿ-ի տնօրեն Արտաշես Թորոսյանի խոսքով՝ վերապատրաստումների վերաբերյալ 1000-ից ավելի հարցումներ են իրականացվել ատեստավորված ուսուցիչների շրջանում, և կատարվել է տվյալների վերլուծություն՝ հետագա գործընթացները պլանավորելու նպատակով: Խորհրդի անդամ Յաշա Սահակյանը բարձրաձայնել է կրթական համակարգի մոնիթորնգի գործընթացում ծնողների ներգրավվածության, իսկ խորհրդի մեկ այլ անդամ՝ Արմեն Մարտիրոսյանն անդրադարձել է պետական և ոչ պետական կազմակերպությունների միջև մրցակցության ապահովման հարցերին:
Օրակարգի երկրորդ հարցը վերաբերել է դպրոցական գրադարանների կարևորության, նորացման, ուսումնաօժանդակ և գեղարվեստական գրքերով համալրման անհրաժեշտության, գրադարանավարների վերապատրաստման հարցերին, որը զեկուցել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա ներկայացրել է դպրոցական գրադարանների առկա վիճակը՝ փաստելով այդ ոլորտի հիմնական խնդիրները՝ միջավայր, բովանդակություն, գրադարանավար և ընթերցող: Արմեն Մարտիրոսյանը փաստել է վերջին տարիներին գրադարանավարների համար իրականացված վերապատրաստումները՝ նշելով, որ նրանք պետք է կենտրոնանան ընթերցանության խթանման, մեդիա և տեղեկատվական գրագիտության, քննադատական մտածողության, տեխնոլոգիաների ինտեգրման, ուսուցիչների մասնագիտական զարգացման և գրականության ու մշակույթի արժևորման վրա: Նա ընդգծել է, որ պետք է կարգավորել դպրոցական գրադարանների գործունեությունը՝ հանդես գալով մի շարք առաջարկներով, այն է՝ սահմանել գրադարանների նվազագույն հնարավորությունները, հստակ նկարագրել դպրոցի պարտավորություններն ու պահանջները գրադարանի հանդեպ և հակառակը: Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ դպրոցական գրադարանը պետք է դառնա համայնքի կրթական և մշակութային կենտրոն, լինի ՀՀ-ում գտնվող ռեսուրս կենտրոնների և այլ գրադարանների հետ մեկ ցանցում, ինչպես նաև հանդիսանա դպրոցի տնօրենի աշխատանքի գնահատականի բաղադրիչ:
Հարցի շուրջ իր դիտարկումներն է ներկայացրել խորհրդի նիստին հրավիրված Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը` համապատասխան միջավայրի, գործիքակազմի, գրադարանավարների վերապատրաստումների, աշակերտների ընթերցանության խթանման համար համապատասխան չափորոշիչների մշակման և այլ հարցերի վերաբերյալ:
Զեկուցվող երկրորդ հարցի շուրջ ևս պարզաբանումներ է ներկայացրել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով այդ ուղղությամբ իրականացվող մի շարք ծրագրեր: Մասնավորապես՝ համապատասխան միջավայրի ապահովման առումով նա շեշտել է ԿԶՆԱԿ-ի կողմից իրականացվող «Ընթերցանությունը տարրական դպրոցում» նախագիծը, որը կրելու է շարունակական բնույթ: Փոխնախարարը մատնանշել է նաև Կապան խոշորացված համայնքում իրականացվող ծրագիրը, որի շրջանակում ձևավորվող 13 կրթահամալիրներում հատուկ ուշադրություն է դարձվել գրադարաններին՝ դրանք ինտեգրելով տեղեկատվական տեխնալոգիաներին: Նրա խոսքով՝ էլեկտրոնային գրադարանից օգտվելու հնարավորությունից և համակարգչային հագեցվածությունից զատ՝ այն ծառայելու է որպես ուսւոմնական միջավայր՝ նախագծային աշխատանքներ իրականացնելու համար: Ըստ նախարարի տեղակալի՝ հանրապետությունում ձևավորվող բոլոր նոր ենթակառուցվածներն ունենալու են այս նույն տրամաբանությունը: Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է, որ ներկայում վերանայվում են դպրոցների կանոնադրությունները և գրադարանավարների պաշտոնի նկարագրերը, և նիստի ընթացքում հնչեցված առաջարկները կքննարկվեն և անհրաժեշտության դեպքում կներառվեն դրանց մեջ: Փոխնախարարը կարևորել է գրադարանավարների մասնագիտական զարգացումը՝ առանձին մոդուլների և մասնագիտացման ներդրման հնարավորության, ինչպես նաև պարտադիր վերապատրաստումների առումով: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է դեռևս դպրոցական տարիքից կարդալու մշակույթի ձևավորման և գրադարանների դերի վերաիմաստավորման հարցերը:
Ամփոփելով նիստը՝ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել խորհրդի անդամներին՝ ցուցաբերած նախաձեռնողականության, բաց և շահագրգիռ քննարկման համար: Նա վերահաստատել է, որ նախարարությունը միշտ պատրաստակամ է լսել և հաշվի առնել բոլոր դիտարկումները՝ միասին գտնելու առավել արդյունավետ տարբերակներ՝ ոլորտի քաղաքականությունն առաջ տանելու համար:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ՝ «Տվյալների վերլուծություն և վիճակագրություն» վերնագրով թեման և հուսով եմ, որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կկատարեք մեջբերումներ ու առաջարկություններ: Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է՝…
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան