ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Վանաձորում մեկնարկել է «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը

Մայիսի 25, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահը 2022 թ. մայիսից մինչև հոկտեմբեր իրականացնելու «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը:

Այսօր՝ մայիսի 25-ին, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Հովհ. Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում մեկնարկել է «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը, որին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը, ինչպես նաև Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը:

«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագրի հիմնական նպատակն է կամրջել թանգարաններն ու կրթական հաստատությունները, նպաստել արվեստ և կրթություն կապերի ամրապնդմանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ողջունելով ներկաներին և շնորհավորելով ծրագրի մեկնարկի կապակցությամբ, նշել է․ «Վանաձորը լուրջ ներուժ ունեցող քաղաք է, որտեղ, սակայն, մշակութային կյանքի աշխուժացման խնդիր ունենք: Ջանքեր պետք է գործադրենք՝ ունենալու մեր ակնկալած ակտիվությունը»։

Կարևորելով նախաձեռնությունը և ծրագիրը Լոռու մարզից մեկնարկելու գաղափարը՝ Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը և Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը նախարարի տեղակալ Արա Խզմալյանին, նախարարության և պատկերասրահի ներկայացուցիչներին շնորհակալություն են հայտնել մարզի դպրոցականներին բարձրագույն արվեստին հաղորդակցվելու հնարավորություն ընձեռելու համար:

Ծրագրի առաջին փուլով ՀՀ Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան քաղաքների և Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի և Չինար գյուղի հանրակրթական դպրոցի աշակերտներին հնարավորություն կընձեռվի ծանոթանալու ծրագրում ընդգրկված 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարի հայկական կերպարվեստի առանցքային հեղինակների հայտնի ստեղծագործություններին:

Տարբեր տարիքային՝ կրտսեր, միջին և ավագ խմբերի համար նախատեսված են մի քանի թեմատիկ ծրագրեր` «Հեքիաթների աշխարհում», «Ճարտարապետության գաղտնիքները», «Ազգային էպոս», «Փորագրանկարչության գաղտնիքները», «Բեմանկարչության արվեստը», «Ծովի տարերքը»: Յուրաքանչյուր թեմատիկ ծրագրի շրջանակում կներկայացվեն համապատասխան ստեղծագործություններ, կկազմակերպվեն կրթական ծրագրեր և դասախոսություններ, որոնք կվարեն Պատկերասրահի լավագույն մասնագետները:

«Մշակութային կյանքի ակտիվությունը պետք է գործադրել այն սերնդի շրջանում, որի գիտակցությունը նոր է ձևավորվում: Եվ թե մենք վաղն ինչ արժեհամակարգով քաղաքացի կունենանք, պայմանավորված է այն իրողությամբ, թե այդ գիտակցության մեջ մենք այսօր ինչ սերմեր ենք նետում՝ ատելության խոսք, քաղաքական բովանդակություն, չարախոսություն, թե գիտելիք, իմացություն, սեփական արժեքների հանդեպ վերաբերմունք»,- նշել է Ա. Խզմալյանը:

Ըստ նախարարի տեղակալի՝ «ԴասԱրվեստ» կրթամշակութային նախագծի նպատակն է ոչ միայն երեխաներին ներկայացնել մեր մեծանուն նկարիչներին, այլև տալ նրանց արժեքի կարևորության զգացումը: Ու նաև հենց այդ պատճառով է, որ ծրագրի մեկնարկը տրվում է պետական տարբեր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ ցույց տալու ծրագրի իրադարձային բովանդակությունը, այն է՝ Հայաստանի ազգային պատկերասրահից դուրս է բերվել կտավ և մուտք է գործել դպրոց: Այս կարևորությունը գիտակցելուց հետո տեղական աշխատանքով կզարգացվեն երեխաների գիտելիքը և իմացությունը:

Այսպիսով՝ «ԴասԱրվեստ» ծրագրի շրջանակում կազմակերպված թեմատիկ ցուցադրությունների, դրանց նվիրված կրթական ծրագրերի և դասախոսությունների միջոցով աշակերտները կճանաչեն հայկական կերպարվեստի խոշորագույն ներկայացուցիչներին, ձեռք կբերեն կերպարվեստին վերաբերող տարրական գիտելիքներ (այն է` կերպարվեստի տեսակներ ու ժանրեր, գեղանկարի և գրաֆիկայի տեխնիկաներ, նյութ և այլն), կծանոթանան թանգարանագետի և արվեստաբանի մասնագիտություններին, ինչը մեծապես կնպաստի կրթական համակարգում (ծրագրերում) լրջագույն բացի լրացմանը, ինչպես նաև տեղեկություն կստանան Հայաստանում կերպարվեստի և աշխարհում` հայկական կերպարվեստի հավաքածուով խոշորագույն թանգարանի պատմության մասին:

Վեցամսյա ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության մարզերի դպրոցների ավելի քան 1000 աշակերտների հնարավորություն կտրվի ծանոթանալու Հայաստանի ազգային պատկերասրահին և դրա գործունեությանը: Կներկայացվեն պատկերասրահի պատմությունը, կառուցվածքը, թանգարանային առարկա հասկացությունը, դրա անվտանգության ու պահպանման կանոնները:

Արա Խզմալյանը հակիրճ ներկայացրել է նաև մարզային մշակութային կյանքի զարգացմանն ուղղված ծրագրերը, որոնք արդեն իրականացվում են: Նա անդրադարձել է օրերս մեկնարկած «Քո արվեստը դպրոցում» ծրագրին (2022 թ.), «Զարկֆեստ» փառատոնին, որը կիրականացվի առաջիկայում՝ Դաշտադեմի ամրոցի տարածքում, մի շարք դրամաշնորհային ծրագրերի, որոնք մասամբ կամ ամբողջապես իրականացվում են համայնքներում:

«Կրթական, մշակութային և ներառական նախագծերը պետական քաղաքականության առաջնահերթություններն են, և մշակութային կյանքը չի կարելի համարել լիարժեք, եթե դրանց հասանելիություն չունեն ՀՀ բոլոր քաղաքացիները,- ասել է Ա. Խզմալյանը և հավելել,- մենք մշակույթի համաչափ բաշխվածության խնդիր ունենք: Սա տասնամյակների բացթողում է, որը մենք հետևողականորեն վերջին 3 տարիների ընթացքում փորձում ենք հաղթահարել և վստահ եմ՝ հաջողելու ենք: Մեր ամենակարևոր նախագծերն ու կոլեկտիվները պարբերաբար դուրս են գալիս Երևանից: «ԴասԱրվեստ» ծրագիրը ևս միտված է թանգարանային գործունեության ապակենտրոնացմանը և կրթական հաստատությունների ու թանգարանների միջև կապի ամրապնդմանը, ինչը, միանշանակ, կնպաստի առավել զարգացած ու մշակութային հասարակության ձևավորմանը»:

Նախարարի տեղակալն իրազեկել է, որ մայրաքաղաքի սահմանը հատող ծրագրերի վերաբերյալ դպրոցներից և քաղաքացիներից մշտապես դրական արձագանք են ստանում: Նա ընդգծել է, որ կրթամշակութային ծրագրերի իրականացմամբ պետությունը լուծում է ոչ միայն երեխայի գիտելիքի, այլև վաղվա հանդիսատեսի ճաշակի ու ընտրության հնարավորության հարցերը:

Միջոցառման ընթացքում Հայաստանի ազգային պատկերասրահի թանգարանային կրթության բաժնի վարիչ Հասմիկ Բադալյանը երեխաներին ներկայացրել է Պատկերասրահի պատմությունը, պահվող ստեղծագործությունների գեղարվեստական ժանրերը, վարել է ինտերակտիվ զրույց արվեստի շուրջ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…