ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մեկնարկել է «Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» կրթամշակութային ծրագիրը՝ հանրապետության դպրոցականների համար

Մայիսի 17, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեկնարկել է «Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» հանրապետական ծրագիրը, որն իրականացնում է «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը»: Ծրագիրը միտված է երեխաների մասնագիտական կողմնորոշմանը, հոգևոր զարգացմանը, արվեստի ճյուղերի ճանաչմանը և հայ արվեստագետների հանրային ճանաչելիության բարձրացմանը:

Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցում այսօր տեղի է ունեցել ծրագրին նվիրված մամուլի ասուլիս, որին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը և Արա Խզմալյանը, «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աննա Կարապետյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը խոսել է մշակութային կրթության կարևորության մասին, և հատուկ ընդգծել, որ ընթացքի մեջ է հանրակրթության բարեփոխումների փուլը, և դրա ուղղություններից մեկն էլ հանրակրթությունը արտադպրոցական կրթությանը փոխկապակցելն է:

«Դպրոցը չի կարող իր առջև դրված խնդիրը լուծել միայնակ, և մենք պետք է կարողանանք մեր բոլոր ջանքերը միավորել՝ ամբողջականացնելու կրթական միջավայրը, որտեղ իր յուրահատուկ տեղը պետք է ունենա մշակույթը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Ըստ նախարարի տեղակալի՝ հանրակրթության պետական չափորոշչով որպես կարևոր խնդիր դրվել է այն, որ դպրոցն ավարտելիս երեխաները լինեն ակտիվ, նախաձեռնող, ստեղծարար քաղաքացիներ. «Այս արդյունքին կարող ենք հասնել՝ պարտադիր բաղադրիչով ունենալով արվեստային կրթություն, կապ հաստատելով արվեստի տարբեր ճյուղերի հետ: Երեխաներին մշտապես պետք է ընձեռենք ամենաբազմազան հնարավորությունները՝ զարգացնելու նրանց նախասիրությունները և արվեստի բնագավառը դիտելու որպես մասնագիտական կողմնորոշման հնարավոր ուղի»:

Ժ. Անդրեասյանն իրազեկել է, որ նոր չափորոշչով պարտադիր կդառնան մասնագիտական կողմնորոշման ակումբները: Նա փաստել է, որ «Քո արվեստը դպրոցում» ծրագիրը, որն արդեն 3-րդ տարին է իրականացվում, հիանալի հնարավորություն է տալիս այս բազմազան խնդիրներին արձագանքելու և դրանք հասցեագրելու: Երեք տարիների ընթացքում ծրագիրը դինամիկ զարգացում է ապրել, նոր մոտեցումների փնտրտուքը եղել է այս գործընթացում սովորելու և երեխաներին ծրագրի մասնակիցը դարձնելու արդյունավետ ճանապարհ:

«Մենք այժմ մի փուլում ենք, որտեղ գտել ենք այն լավագույն տարբերակը, որով կարող ենք երեխաներին առնչել արվեստին: Շատ ուրախ եմ, որ կարողանում ենք դա իրականացնել՝ ունենալով հրաշալի համագործակցություն մշակույթի ոլորտի կառույցների, անհատ արվեստագետների հետ: Վերջին տարիներին ԿԳՄՍ նախարարության տարաբնույթ ծրագրերը, որտեղ մեկտեղվում են կրթությունը և մշակույթը, հավելյալ արժեք են, որոնց գումարային արդյունքում մենք, իրոք, կարողանալու ենք իրագործել չափորոշչով սահմանված կարևոր վերջնարդյունքները»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի տեղակալն ընդգծել է, որ առաջիկայում պլանավորվում է սերտ համագործակցություն՝ հասկանալու, թե ինչպես կարող են մշակութային կրթության բոլոր ծրագրերը դիտվել իբրև մեկ համակարգի մաս՝ տեսնելու թե դրանք ինչպես են միմյանց հետ աշխատում՝ հնարավորինս մեծացնելով դպրոցների ներգրավվածությունը: Նա նաև կարևորել է համագործակցությունը «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնի» հետ, որի միջոցով տրվել է ծրագրի մեկնարկը:

«Վստահ եմ՝ տարեվերջին լավագույն արդյունքը կունենանք, և ամփոփիչ ասուլիսին կմասնակցեն նաև երեխաները ու կպատմեն իրենց ձեռքբերումների մասին»,- եզրափակել է Ժ. Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, մինչ ծրագրին անդրադառնալը, որպես ձեռքբերում՝ նշել է նախարարության աջակցությամբ իրականացվող կրթական-մշակութային ծրագրերը, որոնք գեղարվեստական կրթության, գեղագիտական դաստիարակության, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշիչ առաքելության դերակատարում ունեն երեխաների համար:

«Այս ծրագրերով մենք փորձում ենք ստեղծել այն հենքը, որը վերաբերմունքի, մտածողության, աշխարհայացքի, արժեհամակարգի միջոցով ձևավորելու է վաղվա քաղաքացուն: Եվ պատահական չէ, որ ծրագրի շրջանակում երեխաների հետ հանդիպումների համար մենք ընտրում ենք այնպիսի անուններ և դեմքեր, լավագույն ստեղծագործող արվեստագետներ, մտավորականներ, որոնք իրենց անցած ճանապարհով, գործունեությամբ այդ հաջողության և արժեքների հաստատողն են»,- շեշտել է Արա Խզմալյանը և հավելել, որ այս ճանապարհով առաջին հերթին կարգավորվում է մշակութային ժամանցի, մշակութային գիտելիքի, կրթության խնդիրը, այնուհետև՝ մեր արվեստագետների ճանաչելիության և հանրային վարկանիշի հարցը:

««Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» հանրապետական ծրագրին զուգահեռ ունենք «Դաս Ա», «Դասարան+Դասական», «Զարդագիր» նախագծերը, և ուրախությամբ պետք է նշեմ, որ բոլոր այս ծրագրերում լայնորեն ընդգրկված են մարզերում սովորող աշակերտները, որոնցից ոչ պակաս հետաքրքրությամբ մասնակցում են նաև ուսուցիչները: Շփման և մշակութային հաղորդակցման այն դաշտը, որ այս նախագծերով ձևավորում ենք, դեռ իր խոսքն ասելու է: Նախագիծն իրականացվում է արդեն երրորդ տարին, և այս տարի նախագծի մեջ ունենք նորություն. ծրագիրն իրականացվում է ոչ միայն բանախոսության, երկխոսության և բանավոր շփումների միջոցով, այլև ներառական, ակտիվ շփումների, ինտերակտիվ բնույթ է կրում: Բավականին երիտասարդացրել ենք բանախոս-արվեստագետների խումբը, այն արվեստագետների, որոնք մեծ հաջողություններ են գրանցել նաև միջազգային ասպարեզում՝ դրանով շեշտելով այն կարևոր միտքը, որ հաջողության հասած քո սերնդակիցը, քո կողքին ապրող և ստեղծագործող արվեստագետն իր ընտրած ճանապարհով և աշխատանքով ուղենիշն է հաջողության»,- եզրափակել է Արա Խզմալյանը:

«Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնի» տնօրեն Աննա Կարապետյանն էլ ուրախությամբ տեղեկացրել է, որ մայիսի 16-ին մեկնարկել է «Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» հանրապետական ծրագիրը, որը մեծ խանդավառությամբ է ընդունվել երեխաների կողմից: Ծրագրի շրջանակում երեխաները կհանդիպեն 50 մշակույթի գործչի, և կիրականացվեն արվեստագետի կյանքի ու գործունեության ճանաչելիության բարձրացմանն ուղղված միջոցառումներ:

«Շուրջ 50 արվեստագետներ կմասնակցեն հանդիպում-քննարկումներին, որոնք երեխաներին կբացահայտեն արվեստի ճյուղերը՝ կերպարվեստ, երգարվեստ, պար, դեկորատիվ-կիրառական արվեստ, գարականություն: Մենք համոզված ենք, որ ծրագիրը կունենա շարունակականություն և կընդլայնվի արվեստագետների շարքը: Ինչպես նշվեց՝ ծրագրում ընդգրկված են երիտասարդ արվեստագետներ, որոնք մեծ հաջողություններ են գրանցել իրենց ոլորտներում, և հատկանշական է, որ այս շփումները, հանդիպում-քննարկումները կարևոր խթան կհանդիսանան երեխաների համար»,- ասել է Աննա Կարապետյանը:

Կենտրոնի տնօրենի տեղեկացմամբ՝ ծրագրում ընդգրկված է Երևանից և մարզերից շուրջ 3500 աշակերտ՝ 450 դպրոցից։ Ինտերակտիվ հանդիպումները հնարավորություն կընձեռեն, որպեսզի երեխաները ոչ միայն տեսական գիտելիքներ ստանան, այլև անմիջականորեն դիտեն տվյալ արվեստագետի ներկայացումը, համերգային կատարումը, մասնակցություն ունենան արվեստագետի կողմից տեղում անցկացվող վարպետության դասին, արվեստի նմուշների ցուցադրմանը, ինչը հետագայում կարող է օգնել նրանց մասնագիտական կողմնորոշման հարցում: Յուրաքանչյուր հանդիպման ընթացքում կլինի հարցուպատասխանին նվիրված հատված, որը կնպաստի աշակերտ-արվեստագետ առավել անմիջական շփմանը և երեխաներին հետաքրքրող հարցերի պարզաբանմանը: Բոլոր հանդիպումները կնկարահանվեն, կպատրաստվեն հեռուստահաղորդումներ, որոնք կընդգրկեն նաև տվյալ արվեստագետի մասին պատմող ճանաչողական տեսահոլովակ:

Նշենք, որ «Քո արվեստը դպրոցումմասնագիտության որոնումներում» հանրապետական ծրագրին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում ելույթ են ունեցել նաև «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամներ, միջազգային մրցույթների դափնեկիրներ, դաշնակահարներ Արթուր Գրիգորյանը և Արմեն Պուչինյանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…