ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կրթության ոլորտի պատասխանատուները մասնակցել են Հայաստանի ու Արցախի համանման հանձնաժողովների համատեղ նիստին

Մարտի 17, 2022
Պաշտոնական

Ազգային ժողովում մարտի 16-ին մեկնարկել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի ու ԱՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովների երկրորդ համատեղ նիստը:

Երկօրյա նիստի ընթացքում խորհրդարանականները կքննարկեն կրթության զարգացման ռազմավարությանն ու օրենսդրական բարեփոխումների ուղղություններին, պատերազմի հետևանքով Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում պատմամշակութային և հոգևոր արժեքների պաշտպանությանը, Արցախում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում իրականացվող կրթական ծրագրերին վերաբերող հարցեր:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը և ԱՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի ու երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը համոզմունք են հայտնել, որ համատեղ երկրորդ նիստն արդյունավետ կլինի հանձնաժողովների հետագա համագործակցության ընդլայնման և ոլորտային խնդիրները մանրամասն քննարկելու համատեքստում:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն անդրադարձել է կրթության զարգացման ռազմավարությանն ու օրենսդրական բարեփոխումների ուղղություններին՝ հանրակրթության, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտներում: Նախարարը վստահեցրել է, որ փաստաթղթում նախանշվել են կրթական համակարգի զարգացման հստակ թիրախները: Նրա խոսքով՝ կրթական գործընթացի հիմքում պետք է լինեն մարդկային ներուժի բացահայտման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը, որակյալ, բովանդակային ու մրցունակ կրթությունը՝ համահունչ ազգային ու համամարդկային արժեքներին:

«ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագծի գործողությունների շրջանակում իրենց համակարգման ոլորտներին անդրադարձել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը, Արթուր Մարտիրոսյանը և Կարեն Թռչունյանը:

Փոխնախարարները մանրամասնել են նախագծի կառուցվածքային առանձնահատկությունները, թիրախային ոլորտները, գործողությունների պլանը, խոսել ակնկալվող արդյունքների ու ծրագրային հիմնադրույթների մասին: Նրանք նշել են, որ 2030 թ. կրթության ոլորտի հիմնական թիրախներից է նախադպրոցական կրթությունը բոլոր բնակավայրերի համար հասանելի դարձնելը: Ընդգծվել է միջին մասնագիտական կրթության կարևորությունը, որը կարող է սպասարկել տնտեսության փոփոխվող կարիքները, և այստեղ հավակնոտ թիրախային պլան է մշակված: Անդրադարձ է եղել մարդկային ներուժի զարգացման, ատեստավորման ու տարակարգի մեխանիզմների ներդրմանը, ըստ տարածաշրջանների՝ մասնագիտությունների վերանայման խնդիրներին:

Պատգամավորները կրթական ծրագրերը կազմելիս կարևորել են անվտանգության բաղադրիչի ներառումը, խոսել առարկայական գիտելիքների բարելավմանը և ուսուցիչների կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումներից, ուսուցիչների պարտադիր և կամավոր ատեստավորման գործընթացից ու խրախուսման մեխանիզմներից:

Օրակարգային հարցերի շրջանակում է եղել պատերազմի հետևանքով Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում պատմամշակութային և հոգևոր արժեքների պաշտպանության հարցը: Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո մոտ 2000 պատմաճարտարապետական հուշարձաններ մնացել են այդ տարածքներում, այդ թվում՝ 187 եկեղեցի, վանական համալիր և մատուռ, մոնումենտալ արվեստի բազմաթիվ հուշարձաններ, խաչքարեր ու տապանաքարեր, շուրջ 52-ից ավելի բերդ-ամրոցներ:

Արցախի ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանի բռնազավթման քաղաքականությանն ու վանդալիզմի դրսևորումներին ականատես ենք եղել բազմիցս: Նրա հավաստմամբ՝ այսօր Ադրբեջանը փոխել է քաղաքականությունը. հայկական վիմագիր արձանագրությունների հետքն է փորձում ջնջել պատմաճարտարապետական հուշարձաններից: Լեռնիկ Հովհաննիսյանի գնահատմամբ՝ այս խնդիրը պետք է լինի ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլև համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում, քանի որ հստակ էթնիկ ինքնության դրսևորումներ ունեցող պատմամշակութային ժառանգությունն այսօր կործանման եզրին է: Փոխնախարարը համոզված է, որ պետք է հատուկ ուշադրության արժանանա նաև ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման հարցը. վտանգված են արցախյան բարբառի համապատասխան ենթաբարբառները, ավանդական արհեստների ճյուղեր կան, որոնք յուրահատուկ են այդ տարածաշրջանին:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանի համոզմամբ՝ համաքրիստոնեական մշակութային ժառանգության պահպանման խնդիր կա այսօր:

«Մշակութային ժառանգության պահպանություն» հիմնադրամի տնօրեն Սերգեյ Շահվերդյանը կարևորել է արվեստի գործերի շտեմարանների արագ հավաքագրումն ու քարոզչական նպատակով օգտագործումը: Նա բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից քրիստոնեական մշակութային ժառանգության ապահայկականացման փորձերը. Ադրբեջանն այդ ժառանգությանը վերագրում է աղվանական կամ ուղղափառ ծագում:

Սիսակ Գաբրիելյանը հայկական մշակութային արժեքների պահպանման մասով անդրադարձել է առաջիկա քայլերին, կարևորել միջազգային գործընկերների հետ շփումներում խնդրի բարձրաձայնումը: Այս առումով քննարկվել է միասնական հարթակի ձևաչափը, որը համատեղ աշխատանքն առավել արդյունավետ ու արագ իրականացնելու հնարավորություն կտա:

Հանձնաժողովների համատեղ նիստի աշխատանքը կշարունակվի այսօր:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: