ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Անահիտ Միքայելյան. «Սերգեյ Փարաջանովի թանգարանը՝ անհատի ձևավորման և ստեղծագործական մտքի զարգացման միջավայր է»

Փետրվարի 25, 2022
Մշակութային լուրեր

Սերգեյ Փարաջանովի թանգարանի անցած ճանապարհի, 30-ամյա հոբելյանի, ինչպես նաև իրականացվելիք ծրագրերի մասին խոսել ենք թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանի հետ (Մաս 1):

Սերգեյ Փարաջանովի թանգարանը հայաստանյան ամենաշատ այցելուներ ունեցող մշակութային կենտրոններից է

Համաշխարհային հեղինակություն վայելող ֆիլմերի հեղինակ, կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ Սերգեյ Փարաջանովի թանգարանը հայաստանյան նշանակալի և ամենաշատ այցելուներ ունեցող մշակութային կենտրոններից է. յուրաքանչյուր տարի թանգարանի այցելուների թիվը հասնում է մինչև 20-22 հազարի: Այցելուներն այստեղ վայելում են արվեստագետի ինքնատիպ վերաբերմունքն ու պլաստիկ աշխարհընկալումը՝ արտահայտված իր իսկ ստեղծագործություններում:

Փարաջանովն իր ապագա տուն-թանգարան այցելել է մեկ անգամ՝ թանգարանի հիմնադիր-տնօրեն Զավեն Սարգսյանի ուղեկցմամբ, բուժման նպատակով Փարիզ մեկնելուց առաջ: Այստեղից հեռացել է՝ ապաքինված վերադառնալու մտքով, որ կապրի, կստեղծագործի ու կկազմակերպի իր թանգարանի ցուցադրությունը: Դժբախտաբար, Փարիզից վերադառնալուց մի քանի օր հետո Վարպետը կնքում է իր մահկանացուն:

Սերգեյ Փարաջանովի թանգարանը բացվել է 1991 թվականին՝ նրա մահվան տարելիցին: Այսօր թանգարանի հիմնական հավաքածուն բաղկացած է 1637 ցուցանմուշներից՝ հարթ և տարածական կոլաժներից, ասամբլյաժներից, ֆիլմերի համար արված էսքիզներից, գծանկարներից, գլխարկներից, տիկնիկներից և անձնական իրերից: Թանգարանի ֆոնդում պահպանվում է ռեժիսորի նամականին՝ ուղղված ընտանիքի անդամներին, Լ. Բրիկին, Ա. Տարկովսկուն, Յու. Նիկուլինին, Վ. Քաթանյանին և մշակույթի այլ գործիչների: Տարիների ընթացքում թանգարանի ֆոնդը համալրվել և այսօր էլ շարունակում է համալրվել ու հարստանալ նրա արվեստի նվիրյալների շնորհիվ: Թանգարանում կյանքի են կոչվել Ս. Փարաջանովի ցուցահանդեսների գեղարվեստական և ցուցադրական սկզբունքները: Օրինակ՝ ցուցադրությունը սկսվում է կենսագրական հատվածից, ճիշտ այնպես, ինչպես նա էր ներկայացնում իր ցուցահանդեսների ժամանակ: Հուշային երկու սենյակներում վերականգնվել են Փարաջանովի թիֆլիսյան տան ներքին հարդարանքի որոշ հատվածներ: Այս տարիների ընթացքում մշտական ցուցադրությունը հաճախ է փոփոխվել հասարակության լայն շրջանակներին առավել ընկալելի դարձնելու համար՝ պայմանավորված ժամանակի պահանջներով, ինչպես նաև նոր աշխատանքներով համալրվելու հանգամանքներով:

Բացման օրից մինչ այսօր Ս. Փարաջանովի թանգարանն ակտիվորեն մասնակցում է քաղաքի մշակութային, կրթական ու ժամանցային կյանքին: Ժառանգելով փարաջանովյան հյուրընկալության ավանդույթները՝ թանգարանի հյուրընկալ դռները բաց են այցելուների առջև ամեն օր, կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ ու հյուրասիրություններ: «Ոսկե Ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի ստեղծման առաջին իսկ օրից թանգարանը՝ որպես գործընկեր, իր գործուն մասնակցությունն ու ներդրումը ունի: Փառատոնի հյուրերը մի երեկո անց են կացնում Փարաջանովի հարկի տակ՝ վերստեղծելով թբիլիսյան տան գեղեցիկ տոնը: Ամեն տարի՝ հունվարի 9-ին՝ Փարաջանովի ծննդյան օրը, թանգարանի հարկի տակ հավաքվում են նրա ընկերներն ու արվեստի սիրահարները:

Փարաջանովյան տոնը չի սահմանափակվում միայն թանգարանային տարածքով, այլ ցուցահանդեսների շնորհիվ թևածում է աշխարհի հայտնի թանգարաններում և պատկերասրահներում: Ստեղծման 30 տարիների ընթացքում թանգարանը կազմակերպել է 65 ցուցահանդես, այդ թվում` Կաննում, Սալոնիկում, Մոսկվայում, Հռոմում, Լոնդոնում, Լոս Անջելեսում, Թեհրանում, Փարիզում, Մոնրեալում, Բրյուսելում և այլուր:

Սերգեյ Փարաջանովի թանգարանը 2021 թվականին նշել է ստեղծման 30-ամյակը

2021 թվականը Սերգեյ Փարաջանովի թանգարանում հոբելյանական էր. տարվա ընթացքում իրականացվել են բազմաթիվ և բազմաբնույթ ծրագրեր:

Խոշոր միջոցառումներից տնօրեն Անահիտ Միքայելյանն առանձնացրել է թանգարանի հոբելյանին նվիրված ժամանակավոր ցուցահանդեսի բացումը «Գրանդ հոթել» հյուրանոցում:

«Մեկ ամիս տևողությամբ այս ցուցադրության նպատակն էր ներկայացնել թանգարանի ֆոնդային 30 ստեղծագործությունները, որոնք մինչ այդ մի հարթակում երբևէ չէին ցուցադրվել: Մեր նպատակն էր թանգարանի՝ տարբեր բնագավառներում 30 տարիների ընթացքում իրականացրած աշխատանքների կողքին ներկայացնել նաև ֆոնդային հավաքածուն: Ցուցահանդեսին զուգահեռ՝ թանգարանի միջոցների հաշվին «Գրանդ հոթելում» բացվել է նաև «Սերգեյ Փարաջանովի սենյակը», որտեղ անվանի արվեստագետը ապրել է հայաստանյան այցելությունների ժամանակ: Սենյակը ձևավորված է փարաջանովյան հետաքրքիր ոճով և կերպարային յուրօրինակությամբ»,- նշել է Անահիտ Միքայելյանը և արձանագրել այն կարևոր փաստը, որ Փարաջանովի թանգարանի այցելուները մշտական ցուցադրության դիտումից հետո շտապել են «Գրանդ հոթել»՝ տեսնելու ֆոնդային ստեղծագործությունները, և հակառակը, այն այցելուները, որոնք «Գրանդ հոթելում» ծանոթացել են Փարաջանովի թանգարանի ֆոնդային նմուշներին, շտապել են թանգարան՝ հաղորդակցվելու փարաջանովյան ստեղծագործություններին:

Շարունակելի

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…