ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կրթության զարգացման պետական ծրագիրը քննարկվել է ռեկտորների խորհրդի նիստում

Փետրվարի 18, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել ռեկտորների խորհրդի նիստ, որը վարել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Կարեն Թռչունյանը և Արթուր Մարտիրոսյանը:

Նիստի օրակարգում ներառված էր երկու հարց՝ հանրային քննարկման ներկայացված 2022-2023 ուստարվա համար բուհերին հատկացվող ընդունելության անվճար տեղերի և ‹‹Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի› նախագծերը:

Անդրադառնալով ըստ մասնագիտությունների պետպատվերի տեղերի բաշխման հարցին՝ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ պետք է վերանայել պետական պատվերի քաղաքականությունը և հստակեցնել դրա հատկացման նպատակն ու ուղղությունները: Նրա խոսքով՝ այս բարդագույն հարցում էական են երկու շահագրգիռ կառույցների՝ Էկոնոմիկայի և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունների առաջարկները:

Նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը տեղեկացրել է, որ բուհերից ստացվել են համապատասխան առաջարկներ, որի արդյունքում այս տարի նախատեսվել է ավելացնել բակալավրի կրթական ծրագրով ընդունելության համար նախատեսվող անվճար տեղերի թիվը: Ըստ փոխնախարարի՝ ավելացված տեղերը հատկացվելու են բնագիտամաթեմատիկական, ճարտարագիտական և տեխնոլոգիական (STEM) ոլորտի մասնագիտություններին՝ հաշվի առնելով դրանց կարևորությունը պետության տնտեսության զարգացման համար։

Անդրադառնալով օրակարգի երկրորդ հարցին՝ ‹‹Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի› նախագծին՝ Կարեն Թռչունյանը ներկայացրել է բարձրագույն կրթության ոլորտում առաջարկվող հիմնական ռազմավարական ուղղությունները: Փոխնախարարի խոսքով՝ ծրագրում ամրագրվել է, որ պետական և ոչ պետական բուհերը պետք է գործեն մրցակցային նույն դաշտում: Երկրորդ ուղղությունն այն է, որ պետք է մշակվեն համապատասխան բուհական ստանդարտներ, այդ թվում՝ ըստ մասնագիտությունների, և այս առումով պետության կողմից բոլոր բուհերը պետք է ունենան նույն մոտեցումը:

Նախարարի տեղակալն ընդգծել է, որ ՀՀ բուհերը պետք է առնվազն գրանցվեն հայտնի ռեյտինգային համակարգերում, որտեղ սահմանված են հստակ միջազգային չափանիշներ: Նա նաև կարևորել է դասախոսների համալրման մեխանիզմների մշակումը, ինչպես նաև այն խնդիրը, որ ամեն բուհ հնարավորություն չունենա տրամադրելու երրորդ մակարդակի կրթություն: Այս հարցում, ըստ Կարեն Թռչունյանի, պետությունը կսահմանի հստակ ու խիստ չափանիշներ:

«Ծրագրում սահմանել ենք նաև հավակնոտ թիրախներ, այն է՝ մինչև 2030 թվականն առնվազն չորս բուհ ընդգրկված լինի միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի մեջ, ինչպես նաև բուհական համակարգում բոլոր մասնագիտություններով կրկնապատկվի օտարերկրյա ուսանողների քանակը»,- նշել է Կարեն Թռչունյանը՝ ընդգծելով, որ անելու են հնարավորը՝ հասնելու նախանշած թիրախներին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն իր հերթին շեշտել է, որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում, ՀՀ կառավարությունը պետք է հաստատի «Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրից» բխող գործողությունների ծրագիրը: Նա կարևորել է օրենքում ամրագրված մինչև 2030 թվականն արդյունքային շրջանակի ապահովման խնդիրը՝ այդ հարցում կարևորելով բոլոր շահագրգիռ կողմերի ակտիվ մասնակցությունը նախագծի քննարկման գործընթացում:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև բարձրագույն կրթության ոլորտում առկա մի շարք մարտահրավերներին և դրանց լուծման ուղիներին: Վահրամ Դումանյանը փաստել է, որ պետությունը պետք է չմիջամտի մասնագիտական կրթության ոլորտի գործընթացներին, այլ ձևավորի այնպիսի միջավայր, որպեսզի բուհերը համապատասխանեն միջազգային չափանիշներին: Նախարարը կարևորել է նաև պետական և ոչ պետական բուհերի՝ մրցակցային նույն դաշտում լինելու հանգամանքը:

Նիստին մասնակից ռեկտորները հանդես են եկել համապատասխան դիտարկումներով և բարձրաձայնել իրենց հուզող հարցերը, որոնց վերաբերյալ ոլորտի պատասխանատուները տվել են պարզաբանումներ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գրական տեքստը որպես ապրում

    Թեմայի հեղինակ՝ Poghosyan

    Հարգելի՛ գործընկերներ, 4-րդ դասարանում «Փոքրիկ իշխանը» թեման անցնելիս մի փոքր անսովոր քայլ արեցի․ առաջարկեցի երեխաներին դառնալ Փոքրիկ իշխանը և խոսել նրա «ձայնով»: Հանձնարարությունը պարզ էր, բայց մտածելու․ ✉️ «Գրի'ր նամակ՝…

  • 21-րդ դարի կրթության հիմնական առանձնահատկությունները

    Թեմայի հեղինակ՝ Սվետլանա Սիմոնյան

    Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ցանկանում եմ բարձրաձայնել մի հարցի մասին, որին հաճախ եմ բախվում իմ առօրյա աշխատանքում: Խոսքս վերաբերում է 21-րդ դարի կրթության հիմնական առանձնահատկություններին և մեր դերին՝ որպես մանկավարժներ: Մենք…

  • Գեղագիտական դաստիարակությունը և  մաթեմատիկան

    Թեմայի հեղինակ՝ Armenuhi.72

    Մաթեմատիկայի դասաժամերին հաճախ հարկ է լինում թեորեմներ ապացուցել , խնդիրներ կամ օրինակներ լուծել գրատախտակին: Կախված այն բանից, թե մենք ինչպես ենք օգտագործում գրատախտակը, ստանում ենք տարբեր արդյունք-ներ: Օրինակ՝ գրատախտակը խնայողաբար…

  • «Թվային քաղաքացիական կրթության կարևորությունը»

    Թեմայի հեղինակ՝ Վիոլետա Կոստանդյան

    Հարգելի՛ գործընկերներ, ողջունում եմ ձեզ և հրավիրում քննարկման «Թվային քաղաքացիական կրթության կարևորությունը» թեմայի շուրջ: Սիրով կլսեմ ձեր առաջարկներն ու կարծիքները: Արդի կրթական համակարգի անքակտելի մասն է կազմում թվային կրթությունը, քանզի…

  • Ուղղագրական կարողությունների զարգացումը

    Թեմայի հեղինակ՝ Լարիսա Մկրտչյան

    Հարգելի՛ գործընկերներ, ողջունում եմ բոլորիդ և հրավիրում քննարկման <<Ուղղագրական կարողությունների զարգացումը և սխալների կանխումը վարժությունների ճանապարհով>> թեմայի շուրջ: Տարրական դպրոցի հիմնական խնդիրներից մեկը կրտսեր դպրոցականների գրավոր և բանավոր խոսքի զարգացումն…