ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Այնտեղ, որտեղ Արմենն էր, բարություն էր

Փետրվարի 2, 2022
Դպրոցական անցուդարձ

Բարության հուշ է թևածում դպրոցում: Դպրոցի 2020 թվականի շրջանավարտ, 44 օրյա պատերազմում զոհված Արմեն Խաչատրյանի հիշատակին նվիրված միջոցառումն էր՝ «Փառքդ՝ հավերժ, հիշատակդ՝ անմար, մեր սիրելի Արմեն» խորագրով: Օրը հիշատակի էր, միջոցառումը՝ խորհրդանշական:

2002 թվականի մարտի 2-ին Լճաշեն գյուղում, Ավետիս և Հեղինե Խաչատրյանների ընտանիքում ծնվեց Արմենը: Ընդունվեց դպրոց, աչքիս առաջ մեծացավ ու հասուն մարդ դարձավ: Աչքերում միշտ խորիմաստ ժպիտ կար, խառնվածքով մեղմ էր ու հանգիստ, նուրբ հումոր ուներ, սիրում էր դասարանում ընկերներին ուրախացնել զվարճալի պատմություններով: Ուսումնառության ընթացքում Արմենն ակտիվ էր, սիրում էր լճում լողալ, ներգրավվում էր տարբեր միջոցառումների ու նախաձեռնությունների, հանրօգուտ աշխատանքների մեջ, ֆուտբոլի ու շախմատի մրցույթներում՝ լինելով վառ անհատականություն և իր մեջ կրելով հայրենասիրության բարձր արժեքներ: Սիրված էր դպրոցում, ընդունված ընկերների, ուսուցիչների կողմից, անփոխարինելի էր իր նուրբ ու վարակիչ ժպիտով, կայտառ ու խանդավառ կեցվածքով: Այնտեղ, որտեղ Արմենն էր, բարություն էր, առաջինն էր միշտ առաջ նետվում:

Դպրոցն ավարտելուց հետո 2020թ. հուլիսի 21-ին մեկնեց բանակ, ծառայության անցավ Ջրականում: Եվ՛ դպրոցում, և՛ ծառայության ընթացքում իր պարտականությունները կատարում էր բարեխղճորեն, ձգտում տիրապետել նոր հմտությունների: Նրա մեծագույն երազանքն էր հայրենիքի համար պիտանի մարդ ու արժանի զինվորական դառնալ: Ծառայության երեք ամիսների ընթացքում արժանացել էր հրամանատարների գովեստին: Գրեթե ամեն օր զանգահարում, վստահ, հուսադրող ձայնով համոզում էր ծնողներին ու հաճախակի կրկնում. «Մա՛մ ջան, պա՛պ ջան, հանգիստ քնե՛ք, տղերքը պահում են...»:

Օրեր շարունակ Արմենից ծնողները լուր չունեցան: Միայն հետո իմացան, որ Արմենը պատերազմի առաջին իսկ ժամերից թեժ մարտերի է մասնակցել ու գնացել սխրանքների: Ծնողներն զգացել էին, զգացել էին որ… մարեց նրանց արևը... ու երկինքը կանչեց նրան: Վերջին անգամ Արմենը ծնողներին զանգահարել էր 2020թ. հոկտեմբերի 9-ին առավոտյան: Հաջորդ օրը Հադրութում, անհավասար մարտում Արմենն անմահացավ ու գնաց, գնաց միացավ հերոս նահատակ ընկերների բանակին՝ վերցնելով իր անմահության խորհուրդը:

Միջոցառմանը մասնակցում էին Արմենի մայրը՝ Հեղինե Խաչատրյանը, հարազատները, Լճաշեն համայնքի աշխատակազմի աշխատակիցներ, Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Սևանի բաժանմունքի պետ Նաիրի Խաչատրյանը, տեսուչ Նաիրի Դուրգարյանը, ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ: Միջոցառումն սկսվեց Տերունական աղոթքով:

Դպրոցում Արմենին միշտ ենք հիշելու, չէ՞ որ դպրոցը ոչ միայն վառ է պահելու ու հավերժացնելու մեր շրջանավարտներ Արմեն Խաչատրյանի, Գևորգ Բաբայանի, Փայլակ Ղազարյանի,Հայկ Գասպարյանի, Վրույր Վարդանյանի և Ռաֆֆի Մանուկյանի հիշատակը, այլև նրանց օրինակով ուսուցանելու ու դաստիարակելու է գալիք սերունդներին, պահպանելու է նրանց լուսավոր հոգիները, նրանց կյանքի հավիտենական ճամփորդությունն ու անմահության խորհուրդը:

Կարևորը՝ մերօրյա և գալիք սերունդները հերոս տղաների անուններն անմար պահեն դարերով, ճանաչեն և ձգտեն լինել նրանց և հազարավոր հերոսների նման քաջ ու արի, որոնք ընկան վասն հայրենյաց՝ կիսատ թողնելով իրենց գարունները:

Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Սևանի բաժանմունքի պետ Նաիրի Խաչատրյանը Արմենի մայրիկին հանձնեց Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագիրը ու մեդալը՝ շարքային Արմեն Ավետիսի Խաչատրյանին ցուցաբերած արիության և խիզախության համար «Մարտական ծառայության» մեդալով հետմահու պարգևատրելու մասին:

Դպրոցի մանկավարժական խորհրդի որոշմամբ ՆԶՊ առարկայի դասասենյակն անվանակոչվել է պատերազմում զոհված դպրոցի շրջանավարտների անուններով, դպրոցի բակում տնկվել են ծառեր նրանց անուններով, պայծառ ու լուսավոր անուններ, որոնք հավերժացան ու գրվեցին դպրոցի հարուստ տարեգրության էջերում: Աշակերտական խորհուրդն Արմենի մայրիկին նվիրեց որդու դիմանկարը և սպիտակ վարդեր:

Խորհրդանշական օրն ամփոփեցին 9-րդԱ դասարանի աշակերտները, որոնց կատարմամբ հնչեցին Արմենի ու բոլոր սխրագործ տղաների սիրած «Կյանքս` կյանքիդ գնով», «Իմ հերոս», «Բալլադ զինվորի մասին», «Դեպի երկինք» հայրենասիրական երգերը` ի փառս հերոսացած քաջորդիների, քաջորդիներ, որոնք մատաղ սերնդի համար հերոսական խոսուն կերպարներ դարձան, որոնց թափած սուրբ արյամբ կանգուն մնաց մեր հող հայրենին, մեր արժանապատվությունը, սխրագործ քաջորդիներ, որոնք մեզ` ապրողներիս ու գալիք սերունդներին կարևոր, շատ կարևոր պատգամ տվեցին՝ ապրել, արարել ու հզոր պահել մայր Հայրենիքը: Խոնարհվենք զոհված նահատակների կենդանի հիշատակի առաջ, չէ՞ որ նրանք իրենց ամենաթանկը` կյանքը, նվիրեցին մեծագույն արժեքին` Հայրենիքին: Մեր քաջորդիների նվիրումը երբեք չի կորչելու, չէ՞ որ կյանքը հավիտենական ճամփորդություն է: Այս ամենը նշանն է շարունակվող կյանքի և ի մատնանշումն այն հանունի, որի համար իրենց կյանքը նվիրաբերեցին Արմենը, Գևորգը, Հայկը, Փայլակը, Վրույրը, Ռաֆֆին… և բոլոր սուրբ նահատակները:

Խունկ ու խոնարհում Ձեզ, մեր առյու՛ծ տղաներ:

Աիդա Մուրադյան
ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…