ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

‹‹Որակավորման տարակարգի դիմելուց առաջ ուսուցիչները պետք է անցնեն կամավոր ատեստավորում››. Ժաննա Անդրեասյան

Հունվարի 20, 2022

‹‹Հանրակրթության մասին›› օրենքի փոփոխության լրամշակված տարբերակի քննարկման նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կրթական խնդիրներով զբաղվող հասարակական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը և վարչության այլ ներկայացուցիչներ:

Գլխավոր նպատակը հանրակրթության ոլորտում կուտակված խնդիրների արդյունավետ և ամբողջական լուծումն է

Ժաննա Անդրեասյանը նախ անդրադարձել է Ազգային ժողովում նախագծի՝ առաջին ընթերցմամբ ընդունումից հետո նրանում կատարված խմբագրումներին: Նախարարի տեղակալի տեղեկացմամբ` ‹‹Հանրակրթության մասին›› օրենքի փոփոխությունները 4 հիմնական ուղղությամբ են իրականացվում` հանրակրթության բովանդակություն, ուսուցիչների մասնագիտական զարգացում և կատարելագործում` աշխատավարձի հետ փոխկապակցված, համընդհանուր ներառականություն, կառավարման արդյունավետության բարձրացում: Նկատելով, որ հանդիպման նպատակը լրամշակված տարբերակի վերաբերյալ հանրային կառույցների ներկայացուցիչների կարծիքներն ու դիտողությունները լսելն է, Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ առանցքային հարցը հանրակրթության ոլորտում կուտակված խնդիրների հնարավորինս արդյունավետ և ամբողջական լուծումն է:

«Փոփոխությունները պահանջելու են երկար ժամանակ, քանի որ դրանց իրագործման արդյունավետությունը կախված է նաև զուգահեռաբար մշակվող ենթաօրենսդրական ակտերով ներդրվող մեխանիզմներից: Համոզված ենք, որ եթե լինի ընդհանուր ընկալում առ այն, որ գնում ենք ճիշտ ճանապարհով, ապա գործիքակազմերի և մեխանիզմների մշակումը կդառնա զուտ աշխատանքային գործընթաց, որը կարող է անընդհատ կատարելագործվել»,- նշել է փոխնախարարը:

Հանրակրթության բովանդակային փոփոխություն

‹‹Հանրակրթության մասին›› օրենքի փոփոխության նախագծում հանրակրթության բովանդակային փոփոխության անհրաժեշտությունը բխում է ՀՀ Տավուշի մարզում 2021 թվականի սեպտեմբերից փորձարկվող նոր չափորոշչի տրամաբանությունից: Օրենքի նոր նախագծում վերանայվել են չափորոշչի սահմանումը, դրա բաղադրիչն ու կառուցվածքի նկարագրերը: Անդրադարձ է արված նաև գնահատման համակարգի փոփոխությանը` նախատեսելով գնահատման կարգին առնչվող նոր լիազորող նորմեր:

Որակավորման տարակարգի դիմելուց առաջ ուսուցիչները պետք է անցնեն կամավոր ատեստավորում

Ուսուցիչների մասնագիտական զարգացմանը և կատարելագործմանն առնչվող դրույթներում մի շարք կարևոր խմբագրումներ են արվել: Փոխվել է տարակարգի սահմանումը ` այն փոխկապակցելով ուսուցչի մասնագիտական չափանիշների հետ: Առաջարկվում է փոխել տարակարգի և ատեստավորման գործող մեխանիզմները: Դպրոցից դպրոց տեղափոխվելու դեպքում ուսուցիչը կկարողանա պահպանել տարակարգի իրավունքը:

Ժաննա Անդրեասյանի խոսքով, ըստ լրամշակված նախագծի` որակավորման տարակարգի դիմելու իրավունք կունենան միայն այն ուսուցիչները, որոնք անցել են կամավոր ատեստավորում և հավաքել անցողիկ միավորներ: Կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների համար կսահմանվի ուսուցչի նվազագույն աշխատավարձ, որի դրույքաչափը գործող 108.800 դրամի փոխարեն առաջարկվում է սահմանել մոտ 200.000 ՀՀ դրամ: Տարակարգի հավելավճարը կհաշվարկվի այս դրույքաչափի նկատմամբ:

«Կամավոր ատեստավորումն ուսուցչի առարկայական գիտելիքի հավաստումն է: Եթե կա վստահություն, որ ուսուցիչն ունի բավարար մասնագիտական գիտելիքներ, որը նվազագույն պայման է, ապա դրանից հետո միայն կարելի է խոսել նրա մանկավարժական այլ հմտությունների մասին: Հետևաբար, տրամաբանական ենք համարում, որ տարակարգ ստանալուց առաջ ուսուցիչն անցնի նաև կամավոր ատեստավորում, որը նաև աշխատավարձի զգալի աճի հնարավորություն կտա»,- նշել է Ժաննա Անդրեասյանը` ավելացնելով, որ տարակարգի և կամավոր ատեստավորման նախատեսվող մեխանիզմներն ուսուցչին մինչև 400 հազար դրամ աշխատավարձ ստանալու հնարավորություն կընձեռեն:

Հատուկ դպրոցները կվերածվեն ռեսուրս կենտրոնների

Համընդհանուր ներառականության ուղղությամբ կատարված ամենամեծ փոփոխությունն այն է, որ կրթության առանձնահատուկ կարիք է դիտարկվել ոչ միայն սահմանափակ կարողություններ և դժվարություններ ունեցողների, այլև բարձր ընդունակությամբ երեխաների կրթության կազմակերպումը: Ըստ Ժաննա Անդրեասյանի` ներկայում գործող էքստեռնի կարգը հնարավորություն է տալիս բարձր ընդունակությամբ երեխաների ուսուցումը կազմակերպելու թռիչքային եղանակով, սակայն իրավական գործիքակազմի հստակեցումների անհրաժեշտություն կար: Օրենքի նախագծից հանվել է «հակասոցիալական վարք» հասկացությունը, փոխարենը ներմուծվել է նոր գաղափար, ըստ որի՝ դեռևս պահպանվող հատուկ դպրոցները կվերածվեն ռեսուրս կենտրոնների: Կփոխվի նաև ֆինանսավորման մոդելը. յուրաքանչյուր դպրոց փոփոխված հաստիքացուցակով կստանա համապատասխան կադրային ներուժ` մասնագիտական աջակցության համար, ինչպես նաև կապահովվի միջավայրի հարմարեցում:

Հստակեցվել են դպրոցի տնօրենի և վարչատնտեսական համակարգողի գործառույթները

Հանրակրթության կառավարմանն առնչվող փոփոխությունների վերաբերյալ դրույթները, ինչպես քննարկման ընթացքում նշել է փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, առաջին ընթերցումից հետո էականորեն խմբագրվել են: Առաջին հերթին հստակեցվել և մանրամասն թվարկվել են դպրոցի տնօրենի և վարչատնտեսական համակարգողի գործառույթները: Ամրագրվել է նաև, որ դպրոցների խորհուրդները խոշորացվելու են: Նախատեսվում է, որ կենտրոնացված վարչատնտեսական համակարգումը կիրականացվի այն հաստատությունների համար, որտեղ կգործեն խոշորացված խորհուրդներ:

Խորհուրդների խոշորացման գործընթացի հիմքում դրվում է ‹‹Տեղական ինքնակառավարման մասին›› օրենքը, ըստ որի՝ մինչև 3000 բնակչություն ունեցող բնակավայրերի համար նախատեսվում է խորհուրդների խոշորացում:

Քննարկման մասնակիցներից «Մասնակցային դպրոց» հիմնադրամի ներկայացուցիչներ Վահրամ Սողոմոնյանն ու Սերոբ Խաչատրյանը, կրթության փորձագետ Վիգեն Շիրվանյանը, ինչպես նաև մյուս ներկաներն իրենց նկատառումներն ու մտահոգություններն են ներկայացրել ‹‹Հանրակրթության մասին›› օրենքի փոփոխության վերաբերյալ: Առաջարկվել է կառավարման խորհուրդների անդամների համար սահմանել ինչպես պարտականություններ, այնպես էլ իրավունքներ: Առաջարկներ են արվել նաև դպրոցների վարչատնտեսական համակարգման, տնօրենի աշխատանքի արդյունավետության գնահատման և այլ հարցերի վերաբերյալ:

Ժաննա Անդրեասյանը քննարկման մասնակիցներին տեղեկացրել է, որ հունվարի 25-ին Ազգային ժողովում նախատեսված են ‹‹Հանրակրթության մասին›› օրենքի փոփոխության լսումները, որոնց հանրային կառույցների, հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները ևս կարող են մասնակցել:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: