«Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում» ամփոփվել է «Կինոդպրոց՝ առանց սահմանների» կրթական նախագիծը, որն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍՆ հայտարարած «Աջակցություն մարտական գործողությունների ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած և այդ գործողություններից ներազդված երիտասարդներին՝ ուղղված մասնագիտական կողմնորոշմանը, լրացուցիչ և շարունակական կրթությանը, առողջության վերականգնմանն ու պահպանմանը, սոցիալականացմանը և հանրային կյանքին ինտեգրմանը» դրամաշնորհային ծրագրի շրջանակում:
Ծրագրի արդյունքների ամփոփմանը մասնակցել է ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը: Ողջունելով ծրագրի մասնակից զինվորներին՝ նա նշել է, որ շատ ոգևորիչ է եղել դրամաշնորհային ծրագրերի փաթեթում նման նախագծի ներկայացումը:
«Երբ բացահայտեցինք, որ նման ծրագիր կա ներկայացված, հանձնաժողովի բոլոր անդամներն այն միաձայն շատ բարձր գնահատեցին: Այս ծրագիրը հնարավորություն է տալիս արվեստի միջոցով մասնագիտական հմտություններ ձևավորելու, աջակցելու հաշմանդամություն ունեցող անձանց՝ արվեստի դրական ազդեցության շնորհիվ ավելի հեշտ և արագ վերադառնալու բնականոն կյանքի, որի կարիքն ունեն և՛ հասարակությունը, և՛ զինվորները: Բոլորս հետևում ենք «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում» կատարվող իրադարձություններին, թե մեր զինվորները գործունեության ինչպիսի հետաքրքիր տեսակներ են իրենց համար բացահայտում և ինչ դասընթացների մասնակցում»,- նշել է Գոհար Մամիկոնյանը՝ ընդգծելով, որ ծրագրի արդյունքներն իրապես շատ ոգևորիչ են, և հետագայում այն, վստահաբար, կունենա շարունակություն:
«Երիտասարդների շրջանում պետք է մեծացնել նախաձեռնողականությունը և քաղաքացիական ակտիվությունը. կարևորն առաջին քայլն անելն է, որին անպայման կհետևի արդյունքը: Երիտասարդական քաղաքականության մեջ ամրագրված քաղաքացիական կրթության շրջանակում ոչ ֆորմալ ձևաչափով անցկացվող նման դասընթացները նպաստում են նոր հմտությունների ձևավորմանը»,- փաստել է Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետը:
Երկամսյա ծրագիրն իրականացրել է «Արմ ֆիլմ ինդասթրի դևելոփմենթ» մշակութային հիմնադրամը, որի համահիմնադիր Գուժ Թադևոսյանը ներկայացրել է ծրագրի մանրամասները՝ նշելով, որ այն ներառել է ուսուցում, պրակտիկ դասընթացներ, ժամանակակից ֆիլմերի դիտում-քննարկումներ, հանդիպումներ ֆիլմերի ստեղծագործական կազմերի, անվանի արվեստագետների հետ և ավարտական համատեղ ֆիլմի նկարահանում:
Նրա խոսքով՝ դասընթացի մասնակիցները ֆիլմի հերոսներն են, քանի որ այն պատերազմի, կյանքի և սիրո մասին է: Գուժ Թադևոսյանի հավաստմամբ՝ կինոդպրոցում ուսուցանվել են սցենարիստի, ռեժիսորի և մոնտաժի ռեժիսորի մասնագիտությունները, և մինչ դասընթացին միանալը մասնակիցներից մի քանիսն արդեն որոշակի գիտելիքների պաշար ունեին, հետևաբար ծրագիրն այդ առումով ավելի շատ ուղղված էր մասնագիտական կողմնորոշմանը և ոլորտի նկատմամբ լրացուցիչ հետաքրքություն առաջացնելուն: Այս համատեքստում, ըստ Գուժ Թադևոսյանի, մի քանի մասնակիցների հետ հետաքրքիր համագործակցություն է ծավալվել, և նրանք ներգրավվել են որոշ նախագծերում:
«Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի» տնօրեն Հայկուհի Մինասյանի խոսքով՝ կենտրոնում իրականացված 604 կրթական ծրագրերը նպաստել են զինվորների նոր հմտությունների ձևավորմանը և խրախուսմանը: Նա նշել է, որ 2022 թվականին նախատեսվում են լրացուցիչ մասնագիտական հմտությունների ձևավորմանն ուղղված տարբեր ծրագրեր, և ցանկալի կլինի, որ պետությունը դրամաշնորհային ծրագրերի միջոցով դրանց աջակցի:
Գոհար Մարտիրոսյանը պարզաբանել է, որ հաջորդ տարի նախարարությունը երիտասարդության ոլորտում նախատեսում է իրականացնել բավականին թվով ծրագրեր: Նրա խոսքով՝ այդ նպատակով կկազմակերպվեն դրամաշնորհներին դիմելու հայտեր ներկայացնելու հմտությունների ձևավորմանն ուղղված իրազեկման աշխատանքներ, և բոլոր հետաքրքրվողները կարող են դիմել: Ըստ Գոհար Մարտիրոսյանի՝ այդ հարցում ԿԳՄՍ նախարարությունը պատրաստակամ է աջակցելու բոլորին:
Հանդիպման ավարտին դասընթացի մասնակից զինվորները արտահայտել են իրենց տպավորությունները և փաստել, որ ծրագրի շնորհիվ նրանք նոր հմտություններ են բացահայտել, և իրենց ապագա գործունեության մեջ արվեստի ոլորտը, վստահաբար, տեղ ունի:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի՛ գործընկերներ, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում 11-րդ դասարանի անգլերենի Մարի հրատարակչության (30-34 էջեր) հիման վրա մշակված ուսումնական նյութը, որը միտված է բժշկական մասնագիտությունների և բարդ տերմինների յուրացմանը: Այս ռեսուրսը ներառում…
«Հայկ և Բել» առասպելը մեր ազգային ինքնության և ազատասիրական ոգու հիմնաքարերից է: Այս թեման աշակերտներին մատուցելիս կարևոր է ոչ միայն սյուժետային գծի փոխանցումը, այլև կերպարների խորքային հակադրության և գաղափարական շեշտադրումների…
​Տարրական դպրոցում Մայրենիի դասավանդման առանցքային ու գլխավոր խնդիրը սովորողներին կարդալ սովորեցնելն է: Սակայն «կարդալ» ասելով մենք չպետք է հասկանանք միայն տառաճանաչություն կամ տեքստի մեխանիկական վերարտադրություն: Իսկական ընթերցանությունը սկսվում է այն…
🚦 «Խոսում ենք ռուսերեն՝ խաղալով». «Լուսացույց» մեթոդի և Wordwall-ի կիրառումը ռուսաց լեզվի դասերին Հարգելի՛ գործընկերներ, Ռուսաց լեզվի դասավանդման ընթացքում հաճախ նկատում ենք, որ սովորողները գիտեն բառերը, հասկանում են քերականական կանոնները,…
Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մոտեցումները 7–9-րդ դասարաններում․ սովորողից՝ գիտելիքի սպառողից դեպի ակտիվ հետազոտող Ներածություն Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից է սովորողների մաթեմատիկական մտածողության, տրամաբանական դատողության, խնդիրներ լուծելու և սեփական տեսակետը հիմնավորելու կարողությունների…