ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կապան խոշորացված համայնքի գյուղական բնակավայրերում կներդրվի կրթության նոր մոդել՝ 9 մլրդ դրամ արժեքով

Նոյեմբերի 11, 2021

Սյունիքի մարզում ՀՀ կառավարությունը կիրականացնի կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագիր, որի իրականացման համար կպահանջվի 9 մլրդ դրամ:

ՀՀ կառավարության՝ նոյեմբերի 11-ի նիստում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրել է ծրագրի հիմնական դրույթները:

Ըստ նախարարի ներկայացրած զեկույցի` Հայաստանի Հանրապետությունում փոքրաքանակ աշակերտական համակազմ ունեցող գյուղական դպրոցները, որոնք ունեն մինչև 100 աշակերտ, կազմում են դպրոցների ընդհանուր թվի շուրջ 31,5 տոկոսը:

Այս խնդիրը հատկապես զգալի է Սյունիքի մարզում, որտեղ գործող 117 հանրակրթական ուսումնական հաստատությունների երկու երրորդը (78 դպրոց կամ հաստատությունների 66,7 տոկոսը) ունի մինչև 100 սովորող, որը, որպես ոչ դրական ցուցանիշ, ամենամեծն է հանրապետությունում: Ընդ որում` մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցներն այստեղ հիմնականում ունեն միջինը երեք տասնյակ սովորող:

Սյունիքում գործում է ընդամենը 51 նախադպրոցական հաստատություն, որտեղ ընդգրկված են շուրջ 4621 երեխաներ կամ նախադպրոցական կրթության շահառու երեխաների շուրջ 5,6 տոկոսը:

Հաշվի առնելով ՀՀ կառավարության ծրագրով ամրագրված կրթության որակի բարձրացման և կրթական ծառայությունների հասանելիության գերակայությունը` Կապան խոշորացված համայնքի 31 գյուղական բնակավայրերի համար ՀՀ վարչապետի՝ նոյեմբերի 4-ի որոշմամբ հաստատվել է կրթական ծառայությունների ապահովման ծրագիրը, որով նախատեսվում է կրթական նոր մոդելի գործարկում:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի զեկուցմամբ` Կապան խոշորացված համայնքում կրթական գործընթացը պետք է կազմակերպվի 13 կրթական հանգույցներում:

«Ուսումնասիրությունների և տեղազննությունների հիման վրա առաջարկվել է 31 բնակավայրերից 6-ում ունենալ նախադպրոցական և դպրոցական ծառայություններ ներառող առանձին հաստատություններ` զարգացնելով ենթակառուցվածքներն ու կրթության մատուցման որակը։ Մնացյալ բնակավայրերը կարող են միավորվել 7 կլաստերներում՝ ձևավորելով կրթահամալիրներ, որտեղ կիրականացվեն թե՛ հանրակրթական, թե՛ նախադպրոցական, թե՛ այլ կրթական ծրագրեր՝ ըստ անհրաժեշտության։

Ընտրված 13 բնակավայրերից 2-ի դեպքում առկա դպրոցների շենքերի փոխարեն կկառուցվեն նորերը՝ դրանցում նախատեսելով մարզադահլիճներ և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ: 8-ի դեպքում առկա դպրոցների շենքերը կվերակառուցվեն, իսկ 3-ի դեպքում, ելնելով շենքային անբարենպաստ պայմաններից, վերակառուցման տեսանկյունից տնտեսապես անարդյունավետությունից, առկա դպրոցների շենքերի փոխարեն կկառուցվեն փոքր թվով երեխաներով համալրված մոդուլային ուսումնական հաստատություններ: Կրթահամալիրների գործունեության համար նախագծվել և ծրագրվել են 8 տրանսպորտային ուղիներ, որոնք պետք է ապահովեն երեխաների անվտանգ տեղափոխումը բնակավայրից բնակավայր՝ ներառելով նաև ուղեկցորդի ծառայությունը։ Ե՛վ առանձին գործող հաստատությունները, և՛ կրթահամալիրները պետք է ունենան վերանորոգված շենքեր` հագեցած նոր ուսումնական գույքով և առարկայական լաբորատորիաներով»,- նշել է Վահրամ Դումանյանը: Նրա խոսքով` իրականացվելու է մանկավարժների վերապատրաստում:

Հատկանշական է, որ Կապան խոշորացված համայնքի 31 գյուղական բնակավայրերից միայն 6-ում են առկա նախադպրոցական ծառայություններ: Նշված գյուղերում ներկայում գործում է 18 հանրակրթական ուսումնական հաստատություն:

«Մյուս բնակավայրերի դպրոցահասակ երեխաները հաճախում են մոտակա բնակավայրի դպրոց։ 31 բնակավայրերում շահառու երեխաների թիվը հասնում է շուրջ 1000-ի` ներառյալ դպրոցականները և նախադպրոցական տարիքի 3-6 տարեկան երեխաները»,- գործադիրի նիստում տեղեկացրել է ԿԳՄՍ նախարարի՝ հանրակրթության ոլորտը համակարգող տեղակալ Ժաննա Անդրեասյանը` ամբողջացնելով ծրագրի վերլուծությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Սյունիքի մարզում կրթական որակյալ ծառայությունների ծրագրին, նշել է, որ այդ օրինակով քարտեզագրվելու են ողջ հանրապետության կրթական կարիքները` որպես առաջնային նպատակ ունենալով որակյալ կրթության հասանելիությունը ՀՀ բոլոր բնակավայրերում: Վարչապետի խոսքով` ուղենշային է համարվում նախադպրոցական կրթության ընդլայնումը, արդյունավետ և որակյալ հանրակրթության կազմակերպումը և որպես վերջնարդյունք՝ մարդկային կապիտալի ինդեքսի ցուցանիշների բարելավումը, որն այսօր մտահոգիչ է:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: