ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին

Նոյեմբերի 5, 2021
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին (նստավայրը` ք. Թբիլիսի):

Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և փոխդեսպան Փիթեր Փալսը:

Ողջունելով դեսպանին՝ նախարար Վահրամ Դումանյանը մեծապես կարևորել է երկու բարեկամական երկրների համագործակցությունը և վստահություն հայտնել, որ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացումը կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը և ընդլայնմանը: Նախարարի խոսքով՝ երկու երկրների միջև առկա է հարաբերությունների զարգացման մեծ ներուժ, որը դեռևս ամբողջությամբ չի իրացվում, և անհրաժեշտ է ստեղծել համագործակցության իրական դաշտ՝ անցնելով կոնկրետ գործողությունների՝ հանդիպումներ, հուշագրերի ստորագրում և այլն:

Վահրամ Դումանյանը կարևորել է համագործակցությունը գիտության ոլորտում՝ համատեղ ծրագրեր իրականացնելու, ինչպես նաև գիտության և գիտատեխնիկական ոլորտում հայ-էստոնական կապերը զարգացնելու նպատակով: Նախարարի խոսքով՝ այս ուղղությամբ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն արդեն իսկ ձեռնարկել է առաջին քայլերը, մասնավորապես կապեր է հաստատել Էստոնիայի հետազոտությունների խորհրդի հետ՝ գիտության ոլորտի բարեփոխումների, գիտական կազմակերպությունների ֆինանսավորման մեխանիզմների արդյունավետության բարձրացման, գիտական նախագծերի փորձաքննության և մի շարք այլ ոլորտներում փորձի փոխանակման ծրագրեր իրականացնելու առաջարկությամբ: Առաջիկայում կստորագրվի համապատասխան փաստաթուղթ:

ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդն իր հերթին նշել է, որ կրթությունը նպատակային համագործակցության կարևոր ուղղություններից է: Նա կարևորել է և պատրաստակամություն հայտնել ընդլայնել համագործակցությունը բարձրագույն և հետբուհական կրթության ոլորտում՝ ընդգծելով, որ ներկայում Էստոնիայի բուհերում սովորում է ՀՀ 18 ուսանող: Դեսպանի խոսքով՝ Էստոնիայի հանրակրթական համակարգը Եվրոպայում լավագույններից է. այն երեխայակենտրոն և միջառարկայական մոդել է, որը թույլ է տալիս հետագա մասնագիտության վրա կենտրոնանալ դեռևս հանրակրթության մակարդակում: Ռինա Կալյուրանդը տեղեկացրել է, որ էստոնական մոդելը, օրինակ, կիրառվում է Վրաստանի 15 դպրոցներում՝ այն հարմարեցնելով տեղական առանձնահատկություններին: Դեսպանը պատրաստակամություն է հայտնել դիտարկել էստոնական մոդելով ՀՀ մի քանի դպրոցներում փորձնական ծրագիր իրականացնելու հնարավորությունը:

«ՀՀ կառավարությունը կարևորում է հանրակրթության ոլորտի բարեփոխումները, և ներկայում Տավուշի մարզում փորձարկվում են դպրոցական առարկայական նոր չափորոշիչները: Քանի որ դրանք փորձնական փուլում են, հետևաբար պետք է դեռևս կատարելագործվեն: Ադ պատճառով մենք դեռևս ժամանակ ունենք քննարկելու և հասկանալու աշխարհի լավագույն փորձը: Վստահ եմ, որ Էստոնիայի փորձը միանշանակ օգտակար կլինի՝ Հայաստանում փորձարկվող չափորոշիչների հետ համադրելու, այն ինտեգրելու և վերջնական արդյունքը լավագույն մոդելի հիման վրա ձևավորելու տեսանկյունից»,- նշել է Վահրամ Դումանյանը:

Նախարարն անդրադարձել է նաև բարձրագույն կրթության ոլորտում համագործակցությանը: Նա նշել է, որ, օրինակ, Տարտուի համալսարանն աշխարհի առաջատար բուհերից է, և կարելի է քննարկել միջբուհական համագործակցության հնարավորությունը, ինչն էլ իր հերթին կնպաստի երկու պետությունների բուհերի միջազգայնացման գործընթացի կատարելագործմանը և բարձրագույն կրթության ոլորտում կայուն զարգացման ապահովմանը:

Անդրադառնալով մշակույթի ոլորտին՝ Վահրամ Դումանյանը նշել է, որ երկու երկրների միջև լավագույն համագործակցությունը կառուցվում է մշակութային կապերի զարգացման միջոցով:

«Հարգելի՛ տիկին դեսպան, թո՛ւյլ տվեք Ձեր ուշադրությունը հրավիրել բավականին զգայուն մի խնդրի՝ պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանությանը: Այս հարցում մենք ակնկալում ենք առաջադեմ մարդկության աջակցությունը, որպեսզի այդ ժառանգությունը լինի պաշտպանված և չաղավաղվեն դրանց պատմությունն ու ծագումը, քանի որ այդ հուշարձանները ոչ միայն հայկական, այլև համամարդկային արժեքներ են: Խնդիրը քննարկել ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչների հետ. ամեն ինչ արվում է, որ մշակութային ժառանգությունը պահպանվի, սակայն լիահույս եմ, որ մեր բոլոր գործընկերների արձագանքման արդյունքում Ադրբեջանը զերծ կմնա տարածաշրջանում գտնվող շուրջ 4000 հայկական վանքերը և մշակութային հուշարձանները ոչնչացնելուց»,- շեշտել է ԿԳՄՍ նախարարը՝ հույս հայտնելով, որ երկու երկրների միջև բարեկամական և արդյունավետ համագործակցությունը կլինի շարունակական, և միասին հնարավոր կլինի հասնել շոշափելի արդյունքների, իսկ փոխհամագործակցությունը կբարձրանա որակապես նոր մակարդակի:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: