ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մարինե Օթարյան. «Շնորհակալություն Սպենդիարյանին, որ ապրում ենք իր աշխարհով և երաժշտությամբ»

Նոյեմբերի 2, 2021
Մշակութային լուրեր

Նոյեմբերի 1-ին լրացավ հայ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտական-հասարակական գործիչ Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակը: Հոբելյանական օրը նշանավորվել է նրա անունը կրող երեք մշակութային հաստատությունների՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի, տուն-թանգարանի և երաժշտական մասնագիտական դպրոցի նախաձեռնությամբ:
Օպերային թատրոնի հարակից պուրակում մի քանի սերնդի մշակութային գործիչներ և երաժշտասերներ ծաղիկներ են խոնարհել կոմպոզիտորի շիրիմին:
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը ողջունել է ներկաներին և ընդգծել, որ սա առաջին հերթին կոմպոզիտորների տոնն է:

«Այն երաժշտությունը, որը պատիվ է բերում մեր ազգին, պետք է հնչի նախ Հայաստանում` հայ կատարողների կողմից, նաև՝ աշխարհի տարբեր բեմերում: Այն, ինչ արել է Սպենդիարյանը, անգնահատելի է, և ես խոնարհվում եմ նրա առջև»,- նշել է կոմպոզիտորը:
Մեծ սպենդիարյանագետ, Սպենդիարյանի արվեստի հանրահռչակող Գեորգի Բուդաղյանի որդին` երաժշտագետ, ԵՊԿ պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Բուդաղյանը յուրօրինակ կերպով է շնորհավորել կոմպոզիտորի հոբելյանը: Նա Սպենդիարյանի տուն-թանգարանը համեմատել է անառիկ բերդի հետ և «Թմկաբերդի առումը» պոեմից մեջբերելով «Կինն ու գինին» հատվածը` իր կողմից գինի է նվիրել: Խորհրդանշական նվերից բացի՝ նա տուն-թանգարանին փոխանցել է Սպենդիարյանի երգերի լավագույն կատարողներից մեկի` Էդուարդ Բաղդասարյանի և Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնադիր, արվեստագետ Ռուբեն Դրամփյանի հուշերը, որոնցում Սպենդիարյանը ներկայացվում է իբրև արտակարգ համեստ, միևնույն ժամանակ՝ գործունյա անհատ:

Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մարինե Օթարյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին. «Այսօր՝ ուղիղ ժամը 13:00-ից, Հայաստան աշխարհը, Արցախ աշխարհը ապրում են սպենդիարյանական պահ, և ամենուր հնչում ու հնչելու են կոմպոզիտորի ստեղծագործությունները: Մեզ են միացել Արցախի հանրային ռադիոն, Հայաստանի հանրային ռադիոն, Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը և Մետրոպոլիտենը, մի շարք ուսումնական, մշակութային և ժամանցային հաստատություններ: «Վեմ» ռադիոն օրվա բոլոր հաղորդումները նվիրել է Սպենդիարյանին: 2021 թվականի հունվարից մեկնարկել ենք հոբելյանական միջոցառումները, և ի ուրախություն բոլորիս՝ շատ երկրներ են միացել մեզ` Ավստրիա, Անգլիա, Վրաստան, Ուկրաինա, Ռուսաստան, շուտով Իրանում կլինի սիմֆոնիկ համերգ»,- ասել է թանգարանի տնօրենը՝ շնորհավորելով բոլորին, և շնորհակալություն հայտնել Սպենդիարյանին, որ թույլ է տվել ապրել իր աշխարհով, իր երաժշտությամբ:

Հայաստանի պարի պետական անսամբլը (գեղարվեստական ղեկավար` Սուրեն Չանչուրյան) անակնկալ էր պատրաստել հյուրերի համար: Պարային ֆլեշմոբին ներկայացվել է Սպենդիարյանի նշանավոր «Էնզելին»՝ «Երևանյան էտյուդներ» սիմֆոնիկ սյուիտից:
Միջոցառման երկրորդ հատվածը կայացել է օպերային թատրոնի մեծ ճեմասրահում: Կենտրոնական բանկի կողմից Սպենդիարյանի տուն-թանգարանին է հանձնվել հայ մեծ դասականի 150-ամյա հոբելյանի առիթով թողարկված հուշադրամը:

Նշենք, որ միջոցառման համերգային բաժնում թատրոնի մեներգիչների կատարմամբ հնչել են Ա. Սպենդիարյանի, Ն. Ռիմսկի-Կորսակովի, Ս. Ռախմանինովի ռոմանսներից, ինչպես նաև մեներգեր Ռիմսկի-Կորսակովի «Ձյունանուշը» և Սպենդիարյանի «Ալմաստ» օպերաներից: Ելույթ են ունեցել մեներգիչներ Նարինե Անանիկյանը, Դիանա Հարությունյանը, Արծվիկ Դեմուրճյանը, Հայկ Թոնգուրյանը, Գրիգոր Աբրահամյանը և այլք:

Միջոցառումը վարել է երաժշտագետ, ԵՊԿ դասախոս, Երևանի պատվավոր մանկավարժ Նոնա Ոսկանյանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…