ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

Արա Խզմալյան. «Ներառականությունը հռչակվել է որպես կենտրոնի գերակա ուղղություններից մեկը»

Հոկտեմբերի 22, 2021
Մշակութային լուրեր

«Գեղագիտության ազգային կենտրոնը» և Բրիտանական խորհուրդը երեկ ազդարարել են Հայաստանում առաջին ներառական մասնագիտական կենտրոնի բացումը, որը ծառայելու է որպես ներառական արվեստի զարգացման և այլընտրանքային կրթության նոր, բազմաֆունկցիոնալ հարթակ: Կենտրոնը հնարավորություն կընձեռի հաշմանդամություն ունեցող անձանց՝ կատարողական արվեստի ոլորտում իրացնելու սեփական ներուժը, և առանց խոչընդոտների՝ իրագործելու մինչ այժմ անհնարին թվացող գաղափարները։ Այն նաև կստեղծի զբաղվածության ապահովման նոր հնարավորություններ:

Ներառական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Հայաստանում ՄԹ դեսպան Ջոն Գալլագերը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Վահան Բադալյանը, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

Կենտրոնը գործելու է «Մետրո» թատրոնի հարևանությամբ, ինչի վերաբերյալ ներառական առաջին մասնագիտական կենտրոնի տնօրեն Վահան Բադալյանը նշել է. «Դառնալով «Գեղագիտության ազգային կենտրոնի» տնօրեն՝ որոշել էի քաղաքի կենտրոնից դուրս՝ «Մետրո» թատրոնին կից, այս տարածքը ոգեշնչող միջավայր դարձնել արվեստի տարբեր ուղղություններով հետաքրքրված մարդկանց համար, որոնք հնարավորություն կունենան այստեղ ձեռք բերել գիտելիք և փորձ»:

Վահան Բադալյանը նշել է, որ կենտրոնի ստեղծումը բարդ և երկար ճանապարհ էր, որը հաղթահարվել է, և այսօր արդեն տարածաշրջանում գործող այս կենտրոնը նաև վերապատրաստման աշխատանքներ է իրականացնում: Վահան Բադալյանը շնորհակալություն է հայտնել բոլոր աջակիցներին՝ Բրիտանական խորհրդին, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանությանը, «Կանդուկո» պարային կենտրոնին, ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ կենտրոնի բացման կապակցությամբ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի խոսքով՝ այս կենտրոնի բացումը մի կողմից իրադարձություն է, մյուս կողմից՝ արդեն նախընտրած շատ կարևոր գործընթացների մեկնակետ:

««Գեղագիտության ազգային կենտրոնն» ապացուցել է իր գրագետ, արդյունավետ գործելաոճը ներառական ծրագրերի իրականացման գործում: Մենք վաղուց ունենք ռազմավարական որոշում, ըստ որի՝ հասարակությունների և ազգերի քաղաքակրթական և մշակութային զարգացման աստիճանը որոշվում է նաև այն ներառական քաղաքականությամբ, որն իրականացնում է այդ երկիրը: Բարեբախտաբար, վերջին շրջանում գործուն քայլեր են ձեռնարկվում այս ուղղությամբ. իրականացված բոլոր ծրագրերը բավականին հաջողված են ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային համագործակցության տեսակետից»,- ընդգծել է Արա Խզմալյանը և հավելել, որ կանոնադրական փոփոխությունների միջոցով ներառականությունը հռչակվել է որպես կենտրոնի գերակա ուղղություններից մեկը:

Արա Խզմալյանը հույս է հայտնել, որ «Գեղագիտության ազգային կենտրոնը» կդառնա մշակութային այլ կառույցներին ներառականության մեթոդաբանություն հուշող, թելադրող և կողմնորոշիչներ տրամադրող կառույց:

«Միացյալ Թագավորությունը մեծ ջանքեր է գործադրում՝ հաշմանդամություն ունեցող մարդկանց՝ հասարակության անդամ դարձնելու համար: Լավ է, որ մենք կարողացանք մեր փորձը ներդնել Հայաստանում և այս ոլորտն առավելապես զարգացնել մշակույթի, սպորտի, կրթության ասպարեզներում»,- շեշտել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալլագերին և իր ուրախությունը հայտնել Բրիտանական խորհրդի կարևոր դերակատարության համար այս հրաշալի նախաձեռնության իրականացման գործում, որը միտված է հաշմանդամություն ունեցող մարդկանց տաղանդը ոգևորելուն և զարգացնելուն:

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը ներկայացրել է ծրագրի իրականացման նախապատմությունն ու ընթացքը, որի սկիզբը դրվել է 2013 թվականին ՄԲ «Կանդուկո» ներառական պարային խմբի Հայաստան այցելությամբ: Արևիկ Սարիբեկյանի խոսքով՝ ներառական պարային խումբն էլ գաղափարի իրականացման խթան է հանդիսացել, որն իրականացվել է քայլ առ քայլ՝ անցնելով երկար ու ոչ դյուրին ճանապարհ: Արևիկ Սարիբեկյանը շնորհակալություն է հայտնել Վահան Բադալյանին և ողջ անձնակազմին, ինչպես նաև վերապատրաստված մասնագետներին՝ նվիրվածության և նպատակասլացության համար:

Կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանն ու ողջույնի խոսքերին հաջորդել է «Փոքր թատրոնի» ներառական խմբի պարային ներկայացումը:

Նշենք, որ կենտրոնի ստեղծմանն ընդառաջ՝ դասավանդողները հեռավար վերապատրաստումներ են անցել համաշխարհային առաջատար, պրոֆեսիոնալ պարային ընկերության՝ ՄԹ «Կանդուկո» ներառական պարային խմբի մասնագետների կողմից։

Ներառական կենտրոնի բացման հիմքում «Գեղագիտության ազգային կենտրոնի» և Բրիտանական խորհրդի երկարամյա արդյունավետ համագործակցությունն է՝ դեռևս յոթ տարի առաջ մեկնարկած «Պար առանց սահմանների» նախագծի շրջանակում, որը արվեստի և հաշմանդամության ներառական ծրագիր է՝ հիմքում ունենալով այն գաղափարը, որ անկախ ծագումից կամ ֆիզիկական կարողություններից՝ մեծ երազանքներ ունեցողների համար գոյություն չունեն սահմաններ։

Այս նախագծով Երևանի «Փոքր թատրոնին» կից 2014 թվականին հիմնվել է առաջին պրոֆեսիոնալ ներառական պարային խումբը, որը բաղկացած է հաշմանդամություն ունեցող և չունեցող անդամներից։ Հիմնադրումից մինչ օրս պարային խումբը ստեղծել է վեց տարբեր ներառական բեմադրություններ, որոնք ավելի քան 100 անգամ ներկայացվել են Հայաստանում և արտերկրում։ Խումբը հանդես է եկել ընդհանուր թվով շուրջ 15.000 հանդիսատեսի առջև։

Կենդանի ներկայացումներից բացի՝ ծրագիրը ներառում է սեմինարներ և կրթական ֆորումներ Հայաստանի տարբեր մարզերում, ինչը զգալի ազդեցություն է ունեցել արվեստի և թատրոնի ասպարեզում, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակի վրա։

Իր գործունեության տարբեր տարիներին խմբին աջակցություն է ցուցաբերել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Երևանում բրիտանական դեսպանատունը, «Սուրբ Սարգիս» բարեգործական հիմնադրամը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ինչպես արդյունավետ օգտագործել բժշկական բառապաշարը 11-րդ դասարանում

    Թեմայի հեղինակ՝ Հերմինե Հայրապետյան

    Հարգելի՛ գործընկերներ, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում 11-րդ դասարանի անգլերենի Մարի հրատարակչության (30-34 էջեր) հիման վրա մշակված ուսումնական նյութը, որը միտված է բժշկական մասնագիտությունների և բարդ տերմինների յուրացմանը: Այս ռեսուրսը ներառում…

  • «Հայկ և Բել » առասպելի ուսուցումը

    Թեմայի հեղինակ՝ Margarit Tangyan

    «Հայկ և Բել» առասպելը մեր ազգային ինքնության և ազատասիրական ոգու հիմնաքարերից է: Այս թեման աշակերտներին մատուցելիս կարևոր է ոչ միայն սյուժետային գծի փոխանցումը, այլև կերպարների խորքային հակադրության և գաղափարական շեշտադրումների…

  • Գիտակցված ընթերցանության ձևավորումը և որակական հատկանիշները տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    ​Տարրական դպրոցում Մայրենիի դասավանդման առանցքային ու գլխավոր խնդիրը սովորողներին կարդալ սովորեցնելն է: Սակայն «կարդալ» ասելով մենք չպետք է հասկանանք միայն տառաճանաչություն կամ տեքստի մեխանիկական վերարտադրություն: Իսկական ընթերցանությունը սկսվում է այն…

  • «Խոսում ենք ռուսերեն՝ «Լուսացույց» մեթոդով և Wordwall-ով»

    Թեմայի հեղինակ՝ animatinan@gmail.com

    🚦 «Խոսում ենք ռուսերեն՝ խաղալով». «Լուսացույց» մեթոդի և Wordwall-ի կիրառումը ռուսաց լեզվի դասերին Հարգելի՛ գործընկերներ, Ռուսաց լեզվի դասավանդման ընթացքում հաճախ նկատում ենք, որ սովորողները գիտեն բառերը, հասկանում են քերականական կանոնները,…

  • Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Armenuhi.72

    Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մոտեցումները 7–9-րդ դասարաններում․ սովորողից՝ գիտելիքի սպառողից դեպի ակտիվ հետազոտող Ներածություն Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից է սովորողների մաթեմատիկական մտածողության, տրամաբանական դատողության, խնդիրներ լուծելու և սեփական տեսակետը հիմնավորելու կարողությունների…