ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կարեն Թռչունյան․ «Ամենակարևորը որակյալ կրթությունն է, ոչ թե ռեկտորի ընտրությունը»

Հոկտեմբերի 7, 2021
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն այցելել է Շիրակի մարզ` տեղում ծանոթանալու մարզային բարձրագույն ուսումնական հաստատությունների խնդիրներին: Այցին մասնակցել է Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Էդգար Ալեքսանյանը։

Նախարարի տեղակալը շրջել է մարզկենտրոն Գյումրիում գործող պետական բուհերում` Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանում (ՇՊՀ), Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղերում, ծանոթացել ուսումնական ենթակառուցվածքներին, հանդիպումներ ունեցել պրոֆեսորադասախոսական անձնակազմերի և ուսանողների հետ:

Շիրակի պետական համալսարանում կառավարման ճգնաժամը կհանգուցալուծվի

Փոխնախարար Կարեն Թռչունյանը Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի դասախոսական անձնակազմի և ուսանողական խորհրդի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում` արձագանքելով նրանց այն մտահոգությանը, թե արդեն ավելի քան 11 ամիս բուհը չունի հոգաբարձուների խորհուրդ, այդ պատճառով չի կատարվում նաև ռեկտորի ընտրություն, նշել է, որ բուհի կառավարման ճգնաժամն առաջիկայում կհանգուցալուծվի: Կառավարության հաստատած հոգաբարձուների խորհուրդների ձևավորման նոր կարգով բոլոր բուհերը պետք է ունենան 20-հոգանոց խորհուրդներ, որտեղ բոլոր կողմերը` պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողությունը, բուհի հիմնադիրը և լիազորված մարմինը, 25-ական տոկոս ներկայացվածություն ունեն: ՇՊՀ-ն պետք է խորհրդի անդամներ ընտրի ուսանողական և դասախոսական կազմի ներկայացուցիչներից, որոնց անունները ԿԳՄՍ նախարարություն ներկայացվելուց հետո հնարավորինս արագ ՇՊՀ խորհրդի նոր կազմը կներկայացվի Կառավարության հաստատմանը:

Սոցիալական երաշխիքներ դասախոսին պետք է տա բուհը

«Ակադեմիական ազատությունը և բուհական ինքնավարությունը պետք է ունենան սահմաններ․ դրանք անսահման չեն: Այդ սահմանն ավարտվում է այնտեղ, որտեղից սկսվում է կրթության որակը, որը բուհի ամենակարևոր խնդիրն է: Ամենակարևորը որակյալ կրթությունն է, ոչ թե ռեկտորի ընտրությունը»,- հանդիպման ընթացքում նշել է Կարեն Թռչունյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու դասախոսները, ինչպես նաև բուհերին կից ավագ դպրոցները չունեն սոցիալական փաթեթ, նախարարի տեղակալը նշել է, որ պետությունը սոցիալական փաթեթներ է ապահովում ամբողջությամբ պետության կողմից ֆինանսավորվող կրթական, գիտական և մշակութային մի շարք ՊՈԱԿ-ների աշխատակիցների համար: Այն ներառում է առողջապահական ապահովագրություն, ինչպես նաև որոշակի գումար` տարվա կտրվածքով, որը շահառուն կարող է օգտագործել ուսման վարձավճարի, հիփոթեքային վարձի տոկոսավճարների և հանգստյան նպատակներով: Բուհերը հիմնականում ունեն հիմնադրամի իրավական կարգավիճակ, և օրենսդրությունը հնարավորություն է տալիս, որ բուհերն իրենց ինքնավարության շրջանակում սեփական միջոցներից ապահովեն առողջապահական ապահովագրություն և այլ սոցիալական երաշխիքներ: Կարեն Թռչունյանն առաջարկել է հարցը քննարկել ռեկտորների խորհրդում, ձևավորել միասնական առաջարկ և այն ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն:

Պետք է մտածել բուհերի ուսումնական պլանները փոփոխելու մասին դա իրական ակադեմիական ազատության հարց է

Դասախոսներից մեկը հարց է բարձրացրել, թե ծանրաբեռնված լինելով դասավանդմամբ՝ շատ դեպքերում իրենք ժամանակ և հնարավորություն չեն ունենում մասնակցել գիտական ծրագրերին, ինչն էլ իր հերթին չի նպաստում բուհերում հետազոտական բաղադրիչի մեծացմանը, որը պետությունը հռչակել է բուհական ոլորտի առաջնահերթություն:

Ի պատասխան` նախարարի տեղակալը նշել է, որ այդ խնդիրն առկա է բոլոր բուհերում, և ինքը խնդրին ծանոթ է նաև որպես ԵՊՀ դասախոս:

«Մենք` դասախոսներս, պետք է ինքներս մեզ հարց տանք` ո՞րն է ավելի կարևոր՝ դասախոսական ժա՞մը, թե՞ որակյալ կրթությունը: Եթե առաջնայինը համարում ենք որակյալ կրթությունը, ուրեմն պետք է մտածենք բուհերի ուսումնական պլանների վերակազմակերպման և փոփոխության մասին: Դասախոսի ծանրաբեռնվածության մեջ, բացի դասավանդման կրեդիտից, պետք է անպայման ներառել նաև հետազոտական բաղադրիչ, կրեդիտներ տալ շարժունության համար, սահմանել պահանջ արդյունավետ գիտական գործունեության համար, որի չափելիությունը սահմանված է Գիտության կոմիտեի կողմից»,- պարզաբանել է Կարեն Թռչունյանը` ընդգծելով, որ բուհական ուսումնական ծրագրերի փոփոխությունը լիովին տեղավորվում է բուհերի ակադեմիական ազատության և ինքնավարության տիրույթում:

Նա նաև հավելել է, որ Գիտության կոմիտեն տարբեր մրցույթներ է հայտարարում, և շատ լավ կլինի, որ բուհերի դասախոսները մասնակցեն դրանց, ստանան գիտական դրամաշնորհներ: ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև տեղեկացրել է, որ գիտության համար նախատեսված հատկացումները 2022 թվականի պետական բյուջեի նախագծով ավելի քան 80 տոկոսով ավելացել են:

Ուսանողներն ավելի լայն լիազորություններ ունեն, քան դասախոսները

Շիրակի պետական համալսարանի ուսանողական խորհուրդը ձևավորվել է 2020 թվականին: Նրանք արդեն ընտրել են, թե ուսխորհրդի որ անդամներն են ընդգրկվելու բուհի հոգաբարձուների խորհրդում: Կարեն Թռչունյանի հետ հանդիպմանը ՇՊՀ ուսխորհրդի նախագահ Գևորգ Ղուկասյանը նշել է, որ իրենք ունեն բազմաթիվ ծրագրած աշխատանքներ և սպասում են նոր խորհրդի ձևավորմանը` շեշտելով, որ արդեն 3 տարի շարունակվող կառավարման ճգնաժամը խոչընդոտում է նաև իրենց ծրագրերի իրականացմանը:

Արձագանքելով բուհերի խորհուրդների ձևավորման սկզբունքների մասին հարցին` փոխնախարարը փաստել է, որ ուսանողները բուհի կառավարմանը մասնակցելու ավելի շատ լծակներ ունեն, քան դասախոսները:

«Կառավարման խորհրդի անդամների 25 տոկոսին ընտրում են ուսանողները` ուսխորհրդի կազմից: Բացի դրանից` ուսխորհրդի ներկայացուցիչները գիտխորհրդի կազմում ընտրում են այն դասախոսներին, որոնք պետք է ընդգրկվեն կառավարման խորհրդի մեջ՝ որպես պրոֆեսորադասախոսական համակազմի ներկայացուցիչներ: Մինչդեռ դասախոսները որևէ կերպ չեն մասնակցում ուսխորհրդի անդամների ընտրությանը»,- նշել է նա:

Էրազմուս+ ծրագրի շրջանակում ՇՊՀ-ում գործում է կենսաբանության լաբորատորիա

Այցի ընթացքում Կարեն Թռչունյանը Շիրակի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի ուղեկցությամբ ծանոթացել է բուհի ուսումնական պայմաններին: Շիրակի պետական համալսարանն ունի շուրջ 2700 ուսանող, բուհում այժմ ընթանում են հեռակա բաժնի ընդունելության քննությունները:

Կարեն Թռչունյանը մասնավորապես հետաքրքրվել է գրադարանի, կենսաբանության և քիմիայի լաբորատորիաների հագեցվածությամբ: Փոխնախարարին ներկայացվել են երկու տարի առաջ Էրազմուս+ ծրագրի շրջանակում դրամաշնորհային աջակցությամբ բացված կենսաբանության լաբորատորիայում իրականացված հետազոտությունները:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…